Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ատկատի» գլուխգործոցի լպրծուն հետքերը

«Ատկատի» գլուխգործոցի լպրծուն հետքերը
21.07.2017 | 08:04

ՆԱԽԵՐԳ


3-րդ հանրապետությունում փողի ահռելի զանգված կա։ Խոսքս, անշուշտ, վերաբերում է փող-գողոնին։ Եվ եթե 5 հազար տարի (գուցե քիչ էլ ավելի) հայկազունք քարից են հաց քամել, ապա վերջին այս քառորդ դարում քարից, սարից և ամենաէականը` աննյութ օդից փող են կթում, այսինքն` հայկական շենշող քաղաքակրթությունը վերածվել է նորհայկական շնացող քաղաքակրտության։

ԴԱՐԻ ՀԱԿԱԳՈՐԾԱՐՔԻ ԶՐՆԳՈՑՆ ՈՒ ՏՆՔՈՑԸ
Այս տարվա հունիս ամսվա 2-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավար տիար Վ. Հարությունյանը վերջնագրային մի նամակ է հղում ՀՀ քաղաքացի Սուրեն Հակոբյանին։ Վերջինս տուժող կողմ է, սակայն հանդես է բերում մեր օրերի համար եզակի սկզբունքայնություն, այնպես որ ծանոթանանք կառավարական վերջնագիր-նամակին. «Քաղաքացի Սուրեն Հակոբյանին, ի պատասխան Ձեր` ՀՀ վարչապետին ուղղված 04.05.2017 թվականի դիմումի` տեղեկացնում եմ, որ Երևան քաղաքի Խորենացի թիվ 26ա հասցեում գտնվող անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանել է «ԵՐԱՌՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՓԲԸ-ին և ՀՀ կառավարության 08.09.2005 թվականի հ. 1468-Ա որոշմամբ, Երևանի քաղաքապետի 26.01.2006 թվականի հ. 98-Ա և 22.06.2007 թվականի հ. 1841-Ա որոշումների համաձայն առքուվաճառքի պայմանագրով վաճառվել է «ԳԻԼԻ» ՍՊԸ-ին»։
Երևանի Խորենացու 26ա հասցեի անշարժ գույքը հանրահայտ Առևտրի տունն էր, մայրաքաղաքի անկյունային հինգհարկանի շքեղ շենքերից մեկը։ Առևտրի տան մակերեսը 3 հազար 441,2 քառակուսի մետր է։ Վերոնշյալ գործարքից 1 տարի առաջ ՀՀ կառավարության 2005-ի սեպտեմբերի 8-ի թիվ 1468-Ա որոշումն է լույս ընծայվում, ըստ որի «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի «ը» ենթակետին և 68-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան ՀՀ կառավարությունը որոշում է.
«Թույլատրել «Երառսպասարկում» ՓԲԸ-ին իր սեփականություն հանդիսացող Երևանի Սովսես Խորենացու 26ա հասցեում գտնվող` 3441,2 քմ ընդհանուր մակերեսով, 77937 հազար դրամ հաշվեկշռային արժեքով շենքը (անկախ գնահատողի կողմից գնահատված 77435,0 հազ. դրամ) 92922,0 հազ. դրամով (ներառյալ ավելացված արժեքի հարկը) ուղղակի վաճառքի եղանակով օտարել «ԳԻԼԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը»։
Կարճ ժամանակ անց գործարքը կայանում է, 1 քմ տարածքի դիմաց մասնավոր ընկերությունը պետությանը վճարում է 27 հազար դրամ (մոտ 60 դոլար)։ 2005-ին մայրաքաղաքի գործարար կենտրոնում բնակարանի 1 քմ-ն արժեր շուրջ 1000 դոլար։ Վաճառքի հանված նախկին «Առևտրի տունը» կառուցիկ և ամրակուռ, հարդարված, բարձր առաստաղներով և լուսավոր պատուհաններով մի շինություն էր։ 2005-ին 77 միլիոն դրամի դիմաց անհնար էր Երևանի անգամ հեռավոր ծայրամասում հինգհարկանի գոմատարածք ձեռք բերել։ Այս պայմանագրով նշված գումարից 20 մլն ՀՀ դրամ է փոխանցվել վաճառողին։ Այսպիսով, մայրաքաղաքի սրտում ձեռք են բերում հինգհարկանի շենք` վճարելով խայտառակ մի գումար։ Պետք է ասել, որ եթե տեղի ունենար արդար գործարք, առնվազն 3 մլն դոլարի սահմաններում, ապա, որպես ԱԱՀ, պետք է պետբյուջե փոխանցվեր 600000 դոլարին համարժեք դրամ։ «Ինչո՞ւ» հարցի պատասխանը պետք է փնտրել այս գործարքի հետնախորշում։ Քիչ բացենք վարագույրը։ Ըստ այն ժամանակ մամուլում տպագրված տեղեկության, «ԳԻԼԻ» ընկերության հիմնադիրն այն տարիներին ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Բադալյանն էր, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամին։ Փաստորեն, կառավարության, նաև քաղաքապետարանի որոշումներով կանաչ լույս է վառվել պետական գույքի ֆինանսական փոշիացման ճանապարհին։ Եվ ահա այս փոթորկաբեր փոշիացումը քողածածկելու նպատակով «ԳԻԼԻ» ՍՊԸ-ն 2008 թ. հոկտեմբերի 13-ին գույքի անհատույց օգտագործման մասին կնքված պայմանագրով նույն «Երառսպասարկում» ՓԲԸ-ին 10 տարի ժամկետով հատկացնում է նույն գույքը։ Այսինքն` կեղծիք հանուն թալանի, քանզի այս դեպքում անհատույց վարձակալությունը բացառում է հարկերի վճարումը։ Կառավարությունը որոշում է (որոշում թիվ 1468 Ա) 2005-ի սեպտեմբերի 8-ին 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման հանձնել Խորենացու փողոցի 26ա հասցեում գտնվող 3436,9 քմ տարածքից սենյակներ, բազմաթիվ միջանցքներ, սանհանգույցներ և այլն։

Թշվա՜ռ Կորեյկո, անբախտ իմ Պանիկովսկի, մի՞թե նրանց հակասովետական խլրտուն մտքով նման բան կանցներ։ Նման բան դժվար թե անցներ նրանց ժամանակակից հռչակավոր գողապետուհի «Ոսկեձեռնիկ Սոնյայի» մտքով։ Կառավարությունը և քաղաքապետարանը գերհնարամիտ այս գործարքով պետական-ժողովրդական ունեցվածքը ոչ թե ջրի (ջուրը կենարար, այնուամենայնիվ, որոշակի գին ունի), այլ ցեխաջրի գնով վաճառում են ոմն մասնավորի, հետո էլ մասնավորը, դարձյալ կառավարության որոշմամբ, դռներն անհատույց բացում է պետական ձեռնարկության առջև։ Այժմ թողնենք հանգիստ ներկա կառավարությանը (որը, ինչպես հայտնի է, անդուլ պայքարում է պետական բյուջեի չարաշահումների դեմ) և խորհրդարանը (որը, ինչպես գիտենք, քուն ու հանգիստ կորցրած փորձում է շուտափույթ ստեղծել երկրի անվտանգությունն ու առաջընթացն ապահովող գերկայուն հիմքեր) և անցնենք «ԳԻԼԻ» ընկերության ասպատակության 2-րդ փուլին։

ԱՎՏՈՏՆԱԿՆԵՐԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ
Շոգ է, և հողմաղացը մի դեռևս չմասնավորեցված ծառ է գտել, Խորենացու 26ա շենքի բակում, ծառի տակ` մի անվճար նստարան, վայելում է հերթական գավաթ գարեջուրը և ունկնդրում աննկուն պոետ և գեղագիր Հարությունյանին Արտեմ, որն ահա թե ինչ է քարագրել տարիներ առաջ յուր «Հայաստան անկախ երկիր» բանաստեղծությունում.
Հայաստան, քո մաֆիոզ խմբերը (կարդա` պաշտոնյաները)
տանում են բյուջեի 70 տոկոսը։
Քո մաֆիան ավելի բազմազան է, քան
միջին դասն ու սովորական քաղաքացիներդ...

Է՜հ, պոետ բարեկամ, Հայաստանի մաֆիոզ խմբերն արդեն տանում են (կարդա` գրպանում են) բյուջեի 90 տոկոսը, բայց և այնպես ազնվաբար երկրին են թողնում իրենց գողոնի տասանորդը։ Այո՜։
Սակայն մենք դեռ անավարտ գործեր ունենք Խորենացի 26ա հասցեում, ավելի ստույգ` ձեզ արդեն ծանոթ շենքի բակում։
Իսկ շենքի բակում ավտոտնակներ կան, որոնք, միանգամայն օրինական հիմքերով և արդեն մի քանի տասնամյակ` պատկանում են տեղի բնակիչներ Սուրեն Հակոբյանին, Արշավիր Մարտիկյանին, Արթուր Վարդանյանին և այլոց։ Ինչ ավտոտնակներ են սրանք, որոնք ուղղակի կտրում են «ԳԻԼԻ» ընկերության սեփականատեր Վլադիմիր Բադալյանի քունը և նրան մղում նոր ասպատակության։ Նա իր կաթնեղբայր «Երառսպասարկում» ՓԲԸ-ին դրդում է դատի տալ վերոնշյալ բնակիչներին և ուղղակի խլել նրանց պատկանող ավտոտնակները։ Անսովոր է նշյալ ավտոտնակների ճակատագիրը։ Այսպես «Երառսպասարկում» ՓԲԸ-ն պահանջում է դատարանից` չեղյալ համարել արդեն իր բակում տասնամյակներ առաջ տեղադրված ավտոտնակների օրինականացման համար 2004 և 2005-ին Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի կողմից տրված որոշումները, ահա այս «ծանրակշիռ» հիմնավորմամբ. «2001-ի փետրվարի 11-ին տրված 669774 վկայականի համաձայն «Երառսպասարկում» ՓԲԸ-ի անվամբ Խորենացի 26ա հասցեում սեփականության իրավունքով գրանցվել են 3441,2 քմ մակերեսով շենք-շինություններ, 19,8 և 22 քմ-ներով ավտոտնակներ և 99 տարի ժամանակով 1847 քմ վարձակալության իրավունքով հողամաս»։
Եվ քանի որ արդեն պարզվեց, թե որտեղ է թաղված շան գլուխը, ապա այն պետք է հայտնաբերել, այսինքն` պատկան մարմիններն անհապաղ պետք է անդրադառնան «ԳԻԼԻ» ՍՊԸ-ի կողմից ակնհայտ ապօրինի ճանապարհով ձեռք բերված և նշված հասցեում գտնվող գույքի հարցին, այդ թվում` պարզեն այն «անկախ գնահատողին», որին վկայակոչել է պետգույքի կառավարման աշխատակազմի ղեկավարն իր տխրահռչակ գրության մեջ։

ՎԵՐՋԵՐԳ
Մի՞թե վերոնշյալը պետական ռեկետի, միաժամանակ համապետական ատկատի փայլուն դրսևորում չէ։
Եվ մի՞թե նման «ատկատառեկետային» գործարքները օրերից մի օր չեն բացահայտվելու։ (Գուցե հենց այսօր դրանց բացահայտողն էլ կկառուցի ապագա վարչապետության իր ամրոցը։ Սակայն ինձ հատկապես հուզում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավար Վ. Հարությունյանի` Սուրեն Հակոբյանին ուղղված պատասխանի այս հատվածը. «Ի պատասխան ՀՀ վարչապետին ուղղված Ձեր 05.06.2017 թվականի դիմումի` տեղեկացնում եմ, որ Երևան քաղաքի Խորենացու 26ա հասցեում գտնվող անշարժ գույքը սեփականության իրավունքով գրանցված է եղել (պատկանել է) «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերությանը և չի հանդիսացել պետական սեփականություն (սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետությանը չի պատկանել)»։
Իսկ, կներեք, սեփականության իրավունքով առհասարակ ո՞ւմ է պատկանում 3-րդ հանրապետությունը։
Իսկ, կներեք, բայց քանի՜-քանի նման գործարքներ են իրականացվել ՀՀ-ում։ Գուցե պատկան կառույցներն անցնեն գրոհի՞։
Զինչե՜ր ցուցանեցին առակներն այս Աստծո գառներին և մոլորյալներին։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 12521

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ