Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մարդու աչքերը բացահայտում են նրա հոգին

Մարդու աչքերը  բացահայտում են նրա հոգին
21.07.2017 | 00:02

Քրիստոնեական մեծագույն տոներից մեկը Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է: Նշանակալի է այն առումով, որ տեսանելի կերպով ազդարարում է Հովհաննես առաքյալի այն խոսքերը, թե այդ լույսն էր ճշմարիտ լույսը, որ լուսավորում է ամեն մարդու, որ գալու է աշխարհ (Հովհ. 1.9): Եվ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանություն տրվեց լինելու Աստծու որդիներ, նրանց, ովքեր իր անվանը կհավատան (Հովհ. 1.12):
Նոր կտակարանը պատմում է, որ Հիսուս վերցրեց իր աշակերտներից Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին և բարձրացավ լեռը, որտեղ տեղի ունեցավ գերբնական մի երևույթ, քանի որ նրանց առջև Հիսուս այլ կերպարանք և տեսք ստացավ: Նա պայծառակերպվեց, նրա դեմքը փայլեց, ինչպես արեգակը, և նրա զգեստները դարձան սպիտակ, ինչպես լույսը: Երևացին Մովսեսն ու Եղիան և խոսում էին նրա հետ: Աշակերտների համար անակնկալ և չսպասված այս հրաշագեղ պատկերը ևս մեկ անգամ բացահայտում էր Հիսուս Քրիստոսի աստվածությունը և ամենազորությունը (Մատթ. 17.1-13):


Կիրիլ պատրիարքը նշում է, որ Տիրոջ պայծառակերպությունը տեղի ունեցավ այն բանի համար, որ երբ աշակերտները Քրիստոսին տեսնեն խաչափայտի վրա տառապելիս, չգայթակղվեն, այլ ըմբռնեն, որ նրա չարչարանքները կամավոր են: Այլ կերպ ասած՝ պայծառակերպված Տերն իր առաքյալներին երևում է առանձնահատուկ, աստվածային փառքի մեջ, որպեսզի նրանց մեջ ամրապնդվի հավատը իր նկատմամբ որպես Աստծու Որդու: Որպեսզի խաչելության ճանապարհին ու տագնապած և դժվարին օրերին իրենց հավատն ու ոգին չկորցնեին, առաքյալները պետք է հիշեին, որ իրենց ՈՒսուցիչը ոչ թե պարզապես Հիսուս անունով մի մարդ է Նազարեթ քաղաքից, այլ Աստծո ճշմարիտ և սիրելի Որդին:
Սբ Գրիգոր Տաթևացին, խոսելով Պայծառակերպության մասին, ասում է, թե Հիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին և նրա եղբորը՝ Հովհաննեսին, որովհետև ավելի ուշիմ էին ու ազնիվ: Պետրոսը մյուսներից առավել էր սիրում Քրիստոսին, Հովհաննեսը Հիսուսի սիրելի աշակերտն էր, իսկ Հակոբոսը հանձն առավ ըմպել Քրիստոսի չարչարանքների բաժակը: Տերը գիտեր, որ Հակոբոսը բոլոր առաքյալներից ավելի է կամենում մեռնել Նրա քարոզության համար, և այդ պատճառով նրանց ընտրեց:


Երկրորդ՝ նրանք առավել պայծառ էին իրենց տեսողությամբ, քան մյուսները, ինչպես մեր զգայարաններից միայն աչքն է տեսնող, և երբեմն մի աչքը մյուսից ավելի պայծառ է լինում: Այդ պատճառով էլ միայն նրանց պայծառ տեսողությանը ցույց տվեց Իր աստվածային փառքը:
Երրորդ՝ որովհետև նրանց հետ էր Հուդան, ով արդեն օտարացել էր արքայությունից և արժանի չէր այդ տեսությանը, իսկ նրան միայնակ թողնել չէր պատշաճի, որովհետև մարդիկ նրան կատարյալ էին կարծում, և նրա չարությունը դեռևս հայտնի չէր մարդկանց: Իսկ եթե բոլորին տաներ և Հուդային թողներ, ապա նրա կատարած մատնությունը կարդարացվեր, քանի որ մարդիկ կասեին, թե չկարողացավ տանել արհամարհանքը և այդ պատճառով մատնիչ դարձավ: Դրա համար էլ մյուս առաքյալներին Հուդայի վրա պահապան կարգեց՝ ինչպես չար գազանի: Որովհետև այն ոտքերը, որոնք թաթախվել էին Կայիափայի տան փոշու պղծությամբ, արժանի չէին կոխելու սուրբ լեռը: Եվ այն լկտի աչքը, որը գրավված էր արծաթով, արժանի չէր տեսնելու աստվածային Լույսը:
Չորրորդ՝ որպեսզի կարգը պահպանվի. նախ առաջինները պետք է իմանային խորհուրդը, իսկ մյուսները՝ ավելի ուշ:
Հինգերորդ՝ Տերն օրենք դրեց, որ երկու կամ երեք վկաների բերանով հաստատվում է ամեն ինչ, այդ պատճառով էլ պետք էր, որ Իր հետ երեք վկաներ լինեին, որպեսզի հաստատեին Նրա Աստվածությունը:


Վեցերորդ՝ մեզ օրինակով ցույց տվեց, թե ինչպես պետք է մարդուն խորհրդակից դարձնել, որովհետև առանց ծերերին հայտնելու չի կարելի մանուկներին հայտնել մեծագույն խորհուրդները:
Յոթերորդ՝ պետք չէ փառքը հայտնել բազմության մեջ, այլ առանձին, և այն էլ գիտուն և անթերի մարդկանց:
ՈՒթերորդ՝ մյուս աշակերտներն արժանի չէին, բացի նրանցից, որոնց լեռը տարավ, տեսնելու Իր Աստվածության փառքը:


Իններորդ՝ խորհրդաբար ցույց տվեց Իրեն տեսնողներին Իր մյուս անգամ գալուստը, որովհետև Պետրոսին հարյուրավոր նշանակեց, քանի որ մեծահասակ էր, Հակոբոսին՝ վաթսունավոր, քանի որ միջահասակ էր, իսկ Հովհաննեսին՝ երեսնավոր, քանի որ երեսնամյա երիտասարդ էր:
Բյուզանդացի աստվածաբան Գրիգոր Պալաման, որն ապրել է 14-րդ դարում, խորհրդածելով Թաբոր լեռան վրա լուսապսակի մեջ Հիսուս Քրիստոսի ճառագման մասին, հաստատում է, որ այն արարված աշխարհի սովորական ֆիզիկական լույս չէր, այլ աննյութեղեն լույս էր, Աստվածային զորության, Աստվածային շնորհի տեսանելի հայտնություն:
Հետաքրքրական միտք է արտահայտում Կիրիլ պատրիարքը, թե երբեմն մարդու հետ հանդիպման ժամանակ, նայելով նրա աչքերի մեջ, ինքդ քեզ ասում ես՝ ինչ լուսավոր մարդ է: Բայց լինում են դեպքեր, երբ քեզ ուղղված հայացքի մեջ տեսնում ես դժոխային կրակի արտացոլանքը, խավար անդունդը, հանցագործության և չարության անողորմ զետեղարանը:
Մարդու աչքերը բացահայտում են նրա հոգին: Եվ երբ աստվածային շնորհը վերափոխում է մարդու ներքին, հոգևոր կյանքը, ապա այդպիսի մարդը վերափոխվում է նաև արտաքնապես, նրա դեմքը լույս է ճառագում, և նրա ողջ էությունը լուսազարդ է դառնում: Տիեզերքի Արարիչ Աստված իրենից բխող կյանքի էներգիան տարածում է բովանդակ տիեզերքի, մեր ողջ մոլորակի և նրա ամենահեռավոր անկյան վրա, մարդկանց հանրության և յուրաքանչյուր առանձին մարդու վրա: Եվ այն ամենը, ինչն ակտիվորեն չի հակառակվում Աստծուն, կարող է աստվածային շնորհի զորությամբ վերափոխվել դեպի գեղեցիկն ու լավը:


Հրապարակման պատրաստեց
Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Դիտվել է՝ 1979

Մեկնաբանություններ