Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Եթե լինի, ամենաաղմկալից գործարքը կլինի

Եթե լինի, ամենաաղմկալից գործարքը կլինի
21.07.2017 | 09:07

Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը», որն անցած մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հաղթելու հայտ էր ներկայացրել, շատ է մոտ «Բարսելոնը» ներկայացնող Նեյմարին ձեռք բերելուն: Հիշատակվում է անգամ գումարի չափը՝ 222 միլիոն եվրո, սակայն ամեն ինչ այդքան միանշանակ հարթ չէ, ինչպես ներկայանում է առաջին հայացքից:

Սկսենք գումարի չափից:
Այն սկզբունքորեն այնքան էլ մեծ չէ, որ թիմի կատարցի միլիարդատերերը իրականանալիք հնարավոր գործարքից նեղվեն՝ թե, իբր գումար են ծախսել: 222 միլիոն եվրոն Հայաստանի նման մի բրդուճ երկրի համար է բյուջեկազմիկ գումար: Նավթին մուննաթ՝ գետնի տակից գալիս, ուղիղ ճանապարհով լցվում է ծնված օրից միլիոնատեր կատարցի մեր ախպեր-տղերքի գրպանները՝ քար ե՞ն գցել, որ մեջքները ցավի: Այ, ուրիշ բան, որ այդ գումարը ծախսելու դեպքում ֆրանսիական ակումբը խնդիրներ կունենա ՈՒԵՖԱ-ի հետ, քանզի fair play-ի ֆինանսական կանոնները դեռևս գործածության մեջ են ու օրենսդրական դաշտում կարգավորիչ ֆունկցիա ունեն (Հայաստանի մասին ո՞վ բան ասաց): Խնդիր չկա՝ ապացուցիր, որ այդքան եկամուտ ունեցել ես, գործարքդ արա: Սակայն եթե գործով հաստատված նման թղթաբանություն չունես, կներես, խնդիրներն անպակաս կլինեն:
Իսկ որ գործով հաստատված թղթաբանություն չունեն, սա անկասկած է:
ՈՒրեմն մնում է մի բան՝ Նեյմարի գինը գցեն:
Սակայն այստեղ էլ մեկ այլ հարց է առաջանում. վերջինս կհամաձայնի՞ ցածր գումարով վաճառքի հանվելուն կամ վաճառվելուն:
Մի խոսքով, խնդիրներ են, որոնք իսկապես միանշանակ ընկալում չունեն:
Աշխարհում լավ ֆուտբոլիստի պակաս կարծես թե այնքան էլ չկա, եթե խոսքը, վերջին ինը տարիների «Ոսկե գնդակները» բացառապես իրար մեջ կիսող հանճարեղ արգենտինացու` Լիոնել Մեսիի, ու տաղանդաշատ պորտուգալացու` Քրիշտիանու Ռոնալդուի, մասին չէ, ովքեր տիեզերական միանգամայն այլ չափումի մարզիկներ են:


Սակայն այս երկուսն էլ «զբաղեցված» են, վաճառքի ենթակա չեն:
Աշխարհը կավերվի, սակայն «Բարսելոնը» չի հրաժարվի Մեսիից, նույնը նաև «Ռեալ»-Ռոնալդու հարաբերությունների պարագայում է: Մեծությամբ այս մեգաաստղերին առավել մոտ կանգնածը Նեյմարն է, և միանգամայն բնական է, որ հենց նա է թիրախ ընտրվել:
Ինչ խոսք, այստեղ ֆրանսիական ակումբի սեփականատերերի խոցված ինքնասիրության պարագան էլ կա՝ ի դեմս Մարկո Վերատիին սեփական կազմում ունենալու «Բարսելոնի» ձգտման. ասել է թե՝ եթե դուք կարող եք մեզնից որևէ մեկին գնելու ցանկություն ունենալ, մեր փողի վրա էլ գերբ կա, մենք էլ կարող ենք գնումներ անել և, ընդ որում` ոչ թե համարժեք, այլ այդ համարժեքությունը մի քանի անգամ գերազանցող գումարի մեծությամբ: Որ շատ ավելի պարզ թե պարզեցված ասեմ, կատարցի սեփականատերերի պարագայում այս աղմուկի հետևում իրականում մասամբ նաև հետևյալն է՝ փող ունեն, ձեռքը կրակն են ընկել:
Լավ, գումարն էլ թողնենք մի կողմ՝ դառնալով ոչ պակաս կարևորության այլ հարցերի ու դրանցից, որպես առաջին, փորձենք պատասխանել՝ արդյո՞ք Նեյմարը կկամենա հեռանալ «Բարսելոնից»:


Սրան միանշանակ պատասխանելը դժվար է, ու ահա թե ինչու:
Կատալոնյան ակումբում բրազիլացին հասել է իսկապես փայլուն հաջողությունների, սակայն այնպես էլ չէ, որ դրանք դատարկ տեղից են գոյացել: «Բարսելոնի» կազմում խփած նրա գոլերի, արած գոլային փոխանցումների գոնե որոշ մասը չէր լինի, եթե կողքին չլինեին Մեսին ու Սուարեսը: Սա փաստ է ու անառարկելի է: Սակայն այս երկուսից, հատկապես Մեսիի առկայության պարագայում, կատալոնյան ակումբում Նեյմարը եթե ոչ ընդմիշտ, գոնե առժամանակ դատապարտված է երկրորդ ջութակի դերին:
Ճիշտ է, Մեսիի երեսունը բրազիլացուն որոշակի հույսեր ներշնչում է, սակայն, եթե չլինեն ֆորսմաժորային դեպքեր, արգենտինացին առնվազն մի երեք-չորս տարի էլ «Բարսելոնում» ու համաշխարհային ֆուտբոլում դոմինանտություն կանի, իսկ այդ երեք-չորս տարին 25-ամյա Նեյմարի համար նույն այդ «Բարսելոնում» կնշանակի ևս երեք-չորս կորցրած տարի:
Խնդի՞ր է:
Խնդիր է:


Դառնանք մեկ այլ հարցի:
«Պարի Սեն Ժերմենը» հրաժարվեց Մարկո Վերատիին «Բարսելոնին» զիջելուց ու դրա համար անգամ կուլ տվեց վերջինիս շարունակական ապստամբությունները, որոնք արտահայտվում էին խաղադուլների տեսքով ու շարունակվեցին այնքան ժամանակ, մինչև ֆուտբոլիստը հասկացավ, որ «Պարի Սեն Ժերմենից» պրծում չկա ու «Բարսելոն» տեղափոխվելու հարցում պարտադրված է սպասել (գոյություն ունեն պայմանագրային պարտավորություններ):
Ի՞նչ եք կարծում՝ որքան էլ փարիզյան ակումբի սեփականատերերը փողի ձեռքը խելագարված լինեն, «Բարսելոնի» նման համաշխարհային գրանդը չափի միավորի այդ կտրվածքով խեղճանալո՞ւ է փողի քսակատերերի առաջ:


Իհարկե ոչ: Գասպարն ավելի քան հստակ ասել է, որ Նեյմարը չի լքի «Բարսելոնը»: Իսկ Գասպարն անցյալում կատալոնյան ակումբի նախագահի ունեցած իր պաշտոնով այն անձն է, ով, ոչ ավել-ոչ պակաս, հավակնում է իսպանական ֆուտբոլի առաջին դեմքի պաշտոնին:
Ինչ խոսք, որ Նեյմարի անվան շուրջ ծավալված այս աղմուկում պակաս դերակատարություն չունի և «Յուվենտուսից» բոլորովին վերջերս «Պարի Սեն Ժերմեն» տեղափոխված Դանի Ալվեսը, բայց թե որքանո՞վ նա կարող է վճռական գործոն լինել, դժվար է ասել: Վերջինիս անվան կողքին լայնորեն շրջանառության մեջ է դրվել նաև Նեյմարի հոր անունը, բայց մի բան է ակնհայտ. քանի Նեյմարը կա, հոր անունը մշտապես առնչվելու է նրա անվան հետ ու ոչ միայն նրա համար, որ հայրը որդու ֆոտբոլային գործակալն է:


Ինչևէ: Փակվող տրանսֆերային պատուհանին ընդառաջ համաշխարհային ֆուտբոլում բռնկվել է մի նոր աղմկալից պատմություն, որտեղ ճշտի ու անճշտի հավանականությունը քաջածանոթ հիսունը հիսունի է: Ճիշտ է, դրանից մի քիչ քյավառյան բույրեր են տարածվում, բայց, մեր մեջ ասած, եթե կենաց խմելու անհրաժեշտություն առաջացավ, հիսունն ո՞ւմ է խանգարելու կամ ո՞ւմ տունն է քանդելու, եթե անգամ անտեսելու լինենք հիսունի առողջարար լինելու բժշկական հանձնարարականը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2769

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ