Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Այս մրցաշրջանն էլ «հորով-մորով» արին

Այս մրցաշրջանն էլ «հորով-մորով» արին
21.07.2017 | 09:10

Տխուր ավանդույթի ուժով ֆուտբոլային Եվրոպայի խաղարկությունների այս մրցաշրջանն էլ հայկական ակումբային ֆուտբոլի համար անբարեբաստ եղավ: Եվրոպայի լիգայում մրցակցող «Շիրակը», «Գանձասար-Կապանն» ու «Փյունիկը» խաղարկությանը հրաժեշտ տվեցին առաջին փուլից: Եթե բացառենք երկրորդ դիմակայությունում Գյումրու «Շիրակի» քչից շատ թպրտալը, մեր մյուս երկու թիմերի մասնակցությունն ամբողջովին աննկատ կմնար, եթե չլիներ դրանցից մեկի մարզչի հայտարարությունն առ այն, որ իր թիմն ապագայի թիմ է: Խաղային նման որակներ ունեցող թիմը, ինչ խոսք, ապագայի թիմ լինելու հայտ կարող է ներկայացնել, եթե մարդկությունն իր պատմությունը սկսի քարե դարից, ինչը (նկատի ունենք, Աստված մի արասցե, քարի դարին վերադառնալու հեռանկարը) ակնհայտ մարդատյացության պատճառով անգամ ամենաոխերիմ թշնամուն չի կարելի ցանկալ, իսկ եթե այդ մարդը (նկատի ունենք մեր թիմի մարզչին) ակնհայտ հասուն տարիքում միանգամայն լուրջ է ապագայի իր նմանօրինակ տեսլականում, կամ ակնհայտորեն կրեմլյան երազող է, կամ ժամանակի մասին ամենատարրական պատկերացում չունեցող շարքային ժամավաճառ է, կամ էլ ինձնից հետո եկող առնվազն չորս-հինգ սերնդի լոթիաբար դեն է նետում կյանքի բնականոն ընթացքից, ինչը նույնպես պարկեշտ չէ:


Բարեբախտաբար, ֆուտբոլային Եվրոպան միայն աշխարհամասի լիգայի խաղարկությունից չէր կազմված: Այս թվարկության մեջ մեր չորրորդ, իրականում առաջին թիմը՝ երկրի չեմպիոն «Ալաշկերտը», գլխավոր մարզիչ, բիբլիական Աբրահամ անունով Խաշմանյանի գլխավորությամբ հավակնում էր պատմություն կերտելու՝ առհասարակ եվրոպական խաղարկությունների երկրորդ փուլը մեզ համար դարձնելով շրջանցելի:
Ցավոք, ժամանակային հոլովույթի մեջ մանր ժամանակների ու դրանց սազական մանր մարդկանց պատճառով (այստեղ բացառապես նկատի ունենք մեր ֆուտբոլի ամենահոտած մասը կազմածներին) երբեմնի փառքը կորցրած հայկական ֆուտբոլն իր ինքնաշեն գերանդիով դեմ առավ բելառուսական տրակտորին:
Ի տարբերություն առաջին խաղում ունեցած բարեբախտության, պատասխան հանդիպումում մենք մեր գոլը ամբողջովին մեր ուժերով խփեցինք՝ չապավինելով ոչ Ալեքսեյ Ռիոսի, ոչ էլ ԲԱՏԷ-ի մեկ այլ ֆուտբոլիստի աջակցությանը: Ցավն այն է, որ վերջնահաշվում առաջինի մեկի փոխարեն սեփական հարկի տակ երեքը բաց թողնելու, ամբողջության մեջ դիմակայությունը տանուլ տալու դժբախտությունն ունեցանք, բայց հիմա իրականությունը սա է, ու սրանից առանձնապես պետք չէ նեղվել: Ստեղծված իրավիճակում մեր միակ անելիքը կամ ունեցած միակ հնարավորությունը կոշկակապերից վեր չնայելն է:


Ինչ խոսք, որ սրտանց ցանկանում էինք բարձր տոնայնությունների մեջ անդրադառնալ հայկական ֆուտբոլին, սակայն ակումբային մակարդակով մեր ուրախությունների սահմանն այսքանն է, հավաքականի մակարդակով հույսի միակ շողը մնում են դրսի ակումբներում հասակ առնող, առած ու հանդես եկող մեր հայրենակիցները, նրանց օր առաջ քաղաքացիական գիտակցության հասնելը, եթե, իհարկե, նրանց այդ անհասությունը չի գալիս մեր տեղի զոռբաների խելքի ավելցուկից:
Ինչ վերաբերում է մեզանում մեկնարկելիք առաջնությանը՝ բարձրագույն խմբում ութ թիմ ունենալու մասին մտածելը միանգամայն ավելորդ է: Նախ` այս դեպքում շատ ավելի շեշտադրված կլինի «քանակ կա, որակ չկա» արտահայտությունը, երկրորդ՝ էականորեն կբարդանա ութի միջից մրցանակներին հավակնող երեքին գտնելը, երրորդ…


Կգրեի երրորդն էլ, չորրորդն էլ, եթե շատ եք ուզում իմանալ, մնացած րորդներն էլ կգրեի, բայց դրանից հայկական ֆուտբոլին օգուտ չկա, քանի որ իրավիճակն արմատապես շտկելու համար մեզանում նախ պիտի լիկբեզ կիրառել: ՈՒ քանի որ վստահություն չկա, թե կարող են իմանալ` ինչ ասել է լիկբեզ, տալիս եմ հապավման մեկնությունը՝ «ликвидация безграмотности»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4912

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ