Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Առաջինը ճշտվեց Ալիևը

Առաջինը ճշտվեց Ալիևը
22.07.2017 | 22:25

Երեկ Սոչիում հանդիպեցին Պուտինն ու Ալիևը: Մանրամասներ դեռ չկան: Kremlin ru-ն փոխանցել է առաջին հինգ րոպեն: ՌԴ նախագահն ասել է. «Իլհամ Հեյդարովիչ, շատ ուրախ եմ տեսնել Ձեզ, այս անգամ Սոչիում: Երևի արդեն ուշադրություն դարձրել եք, ես հենց նոր հանդիպեցի մեր նոր «Սիրիուս» կրթական կենտրոնի երեխաների հետ: Շատ ուրախացել եմ, թե ինչպես է զարգանում այդ նախագիծը, Ձեզ էլ հաճույքով կպատմեմ: Բայց ուրախ եմ Ձեզ հետ նաև մեր երկկողմ հարաբերությունների մասին խոսելու հնարավորության համար, թե ինչպես է դասավորվում իրավիճակը տարածաշրջանում: Դյուրին չէ, բայց հուսով եմ, որ մեր այսօրվա հանդիպումը կնպաստի, որ մենք գտնենք բոլոր բարդ խնդիրների լուծման ճանապարհները: Բնականաբար կխոսենք, թե ինչպես են զարգանում Ադրբեջանի ու ՌԴ երկկողմ կապերը: Մենք աշխատանքի մեծ ծավալ ու ապագայի շատ համատեղ նախագծեր ունենք: ՈՒրախ եմ Ձեզ հետ հանդիպելու և բոլոր այդ ուղղություններով խոսելու հնարավորության համար, բոլոր այդ ուղղությունները քննարկելու համար»:

Ալիևը շնորհակալություն է հայտնել Պուտինին. «Մենք բավարարված ենք մեր հարաբերությունների բարձր մակարդակով», ասել է նա, նշելով, որ իրենց հարաբերությունները ներառում են կյանքի բոլոր ոլորտները: «Կա պարբերական խորհրդակցությունների անհրաժեշտություն տարածաշրջանային, համաշխարհային քաղաքականության հարցերի վերաբերյալ: Եվ, իհարկե, երկկողմ հարաբերությունների, մեր տարածաշրջանում անվտանգության ամրապնդման վերաբերյալ»՝ հայտարարել է Ալիևը:
Պուտինը, փաստացի, շատ ավելի խոստումնալից է եղել՝ նախ հույս է տվել, որ հանդիպումը կնպաստի, որ գտնեն բոլոր բարդ խնդիրների լուծման ճանապարհները, հետո հույս է տվել, որ ապագայի շատ համատեղ նախագծեր ունեն: Ալիևը, փաստացի բավարարված է հարաբերությունների բարձր մակարդակով և հույս ունի Պուտինի միջոցով տարածաշրջանում անվտանգությունն ամրապնդել: Հետո փակվել են դռները ու նրանք զբաղվել են իրենց շահերն առաջ մղելով:


Պուտին-Ալիև հանդիպումը Հայաստանին պիտի հետաքրքրի ոչ միայն ԼՂՀ-ի կտրվածքով, այլև բոլոր տեսանկյուններից: Առավել ևս նման խոստումնալից նախաբանից հետո:
Նախ՝ ի՞նչ խնդիր ունեն, որ հեռախոսով չէր լուծվում ու հանդիպում էր պետք, այն էլ՝ անակնկալ: Հետո՝ այդ ի՞նչ բարդ խնդիրներ են, որ նրանք պիտի երկուսով լուծման ճանապարհներ գտնեն ու ապագայի համատեղ ծրագրեր կազմեն:


1. Ալիևը Եվրոպա դուրս գալու խնդիր ունի իր էներգետիկ ծրագրերով, որոնք հակասում են «Գազպրոմի», «Թուրքական հոսքի» շահերին, ու սա չի կարող թեմա չլինել: Սա մշտական թեմա է, որ պարբերաբար սրվում է:
2. Ադրբեջանը պատրաստվում է ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքել, որ նույնպես չի կարող Պուտինի հետ խոսակցության թեմա չլինել՝ և քաղաքական, և տնտեսական, և տարածաշրջանային կտրվածքով: ՌԴ-ԵՄ և ՌԴ-Ադրբեջան հարաբերությունները կարող են ունենալ հակասություններ, որ պետք է նախապես հարթել, ու դա շատ կարևոր թեմա է հանդիպման համար, առավել ևս, եթե վերաբերում է Ղարաբաղի հարցին:
3. Եվ Ռուսաստանը, և Ադրբեջանը ունեն Թուրքիայի խնդիր: Իլհամ Ալիևը հայտնվել է փակուղում՝ այն պահին, երբ ինքը ձգտում է Արևմուտք, Անկարան հերթով փչացնում է արևմտյան կենտրոնների հետ հարաբերությունները՝ ԱՄՆ, Գերմանիա, ԵՄ: Նրա համար հիմա շատ կարևոր է հարաբերություններ հաստատել ԵՄ ծագող աստղ Մակրոնի հետ, բայց հանդիպել Մակրոնին՝ որ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է ու Ղարաբաղի հարց չքննարկել, նա չի կարող: Իսկ Մակրոնը, իբրև համանախագահ ԵԱՀԿ Մինսկի խմբի Վիեննայի համաձայնությունների կատարման խնդիր է դնելու, որը Բաքուն չի ընդունում:
4. Մոսկվայի հետ այդ հարցում նա խնդիր չունի՝ փաստացի Մոսկվայի համար մեկ է՝ շփման գոտում վերահսկողության մեխանիզմներ կտեղակայվեն, թե ոչ: ԵԱՀԿ ՄԽ ՌԴ համանախագահը միանում է խմբի հայտարարություններին, բայց Մոսկվային այդ մեխանիզմների փոխարեն ռուս խաղաղապահների տեղակայում է պետք: Վստահություն միմյանց նկատմամբ նրանք ապրիլյան պատերազմից հետո չունեն՝ Ալիևը չկարողացավ Ստեփանակերտ հասնել՝ Ռուսաստանից այդքան սպառազինություն գնելուց հետո, Պուտինը կասեցրեց «Լավրովի պլանը»:


5. Եթե նրանք տարածաշրջանային անվտանգություն են ուզում ապահովել, դա ինքնին նշանակում է՝ Բաքուն նորից զենք է գնելու Մոսկվայից: Նոր պայմանագրեր են կնքվելու: Պուտինն էլ հարց ունի Ալիևին, թե ինչ էր Զաքիրովն ասում «Իսկանդերից» ուժեղ զենքի մասին: Բլե՞ֆ էր, թե՞ ռազմական գաղտնիք է: Ո՞վ է արտադրում ու ումի՞ց է գնել:
6. Երկուսի համար էլ տարածաշրջանային անվտանգության համար ընդհանուր վտանգ է ԻՊ-ը, որ Իրաքից ու Սիրիայից դուրս մղվելով, շատ ավելի հեշտ կտարածվի տարածաշրջանի տարածքում, քան Եվրոպա ու ԱՄՆ կհասնի: Փաստ չէ, որ ԻՊ-ին զենք վաճառած Ալիևը նրա պաշտպանության տակ է, ԻՊ-ի զինյալները, հայտնվելով Ադրբեջանում, կարող են Ալիևի դեմ գործել: ՈՒ Պուտինը կարող է Ալիևին Ասադի ճակատագիրը օրինակ բերելով՝ որոշակի հարցերում զիջումներ կորզել:
7. Իհարկե, կա Ղարաբաղի հարցը: Նախօրեին՝ ռուսական թերթերը գրեցին, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հարցով Մոսկվան է զբաղվում: ՌԴ ԱԳՆ-ն հերքեց: Ինչի՞ համար էր ապատեղեկատվությունն ու տեղեկատվությունը՝ ո՞րն էր ճիշտ, ո՞րը՝ ոչ: Ֆրանսիայի նախագահը պատրաստ է Փարիզում կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, պայմանավորվածություն, որ եղել է դեռ Ֆրանսուա Օլանդի օրոք: Պուտինը փորձեց, բայց Մակրոնի՞ն զիջեց հանդիպման իրավունքը ու հիմա փորձում է օրակարգը ջնջել, որ Մակրոնը ևս հանդիպման ցանկություն չունենա՞: Ի վերջո, Ռուսաստանի ու Ադրբեջանի համատեղ գիծը ո՞րն է ԼՂ հարցում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Սոչիում երկու նախագահների հանդիպումն աշխատանքային էր: Ժանր, որ ենթադրում է որոշակի հարցի քննարկում, կամ՝ հարցերի, երբ պետք է որոշում ընդունել: Պուտինի ու Ալիևի հանդիպման տեղեկատվությունից անմիջապես հետո ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն ասաց, որ «ստեղծվել է իրավիճակ, որը պահանջում է Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների անմիջական միջամտությունը»: Ի՞նչ իրավիճակ, Իլգար Վելիզադեն ասել չէր կարող, իսկ նախագահները հանդիպումից հետո հայտարարություններ չարեցին: Բոլոր դեպքերում՝ այդ իրավիճակն Ալիևին ստիպեց առաջինը «ճշտվել» Պուտինի հետ՝ քայլեր ձեռնարկելուց կամ քայլերից ձեռնպահ մնալուց առաջ:

Դիտվել է՝ 4751

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ