Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ադրբեջան-Ռուսաստան՝ ինչո՞ւ չի ստացվում բարեկամությունը

Ադրբեջան-Ռուսաստան՝ ինչո՞ւ չի ստացվում բարեկամությունը
23.07.2017 | 15:07

Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները վատանում են և քաղաքագետները զգուշանում են, որ դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ, քանի որ Բաքուն կախված է «ավագ եղբորից» քաղաքականության, տնտեսության, միգրացիայի ու էներգետիկայի հարցերում: Խոսքը ռազմաքաղաքական ոլորտի մասին է, որտեղ մեծ դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը: Ռուսաստանը ադրբեջանական մթերքների հիմնական սպառողն է, Ռուսաստանում մշտապես գտնվում են կես միլիոնից ավելի Ադրբեջանի քաղաքացիներ: Երկու երկրներն էլ էներգակիրներ են մատակարարում Եվրոպային: Ռուսաստանը կարող է ազդել ու ազդում է շուկայի պայմանների վրա:


Հուլիսի 20-ին Բաքվի դատարանը ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին երեք տարվա ազատազրկման դատապարտեց: Նա այցելել էր չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, հայտնվել էր Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում», որից հետո, այնուամենայնիվ, գնացել էր Ադրբեջան, բայց արդեն ուկրաինական անձնագրով, որտեղ անունը մի քիչ այլ կերպ է գրված: Նա պատիժը ստացավ սահմանը անօրինական հատելու համար:
Ընդհանրապես՝ այս տարին բացահայտորեն լավագույնը չէ երկու երկրների հարաբերություններում: Մայիսին Ռուսաստանում դատարանը փակեց սփյուռքի ամենահայտնի կազմակերպությունը Մոսկվայում՝ «Համառուսական ադրբեջանական կոնգրեսը», որ գոյություն ուներ 2001-ից: Մոսկվան ի պատասխան ստացավ Ադրբեջանի ԱԳՆ-ի ու նախագահի օգնական Նովրուզ Մամեդովի դժգոհ արձագանքը: ՌԴ ԱԳՆ-ն պատասխանեց. «...Մենք կասկածելի խորհուրդների կարիք չունենք, թե սեփական երկրում ինչպես կառուցենք միջէթնիկ հարաբերությունները»: Երկու երկրների ԱԳՆ-ները խայթոցներ էին փոխանակում և այլ առիթներով: Օրինակ՝ ՌԴ քաղաքացի Դիլհամ Ասկերովի գործով, ում Ղարաբաղում դատապարտել են ցմահ ազատազրկման իբրև ադրբեջանցի լրտեսի ու դիվերսանտի:
ՌԴ ԱԳՆ մամլո քարտուղար Մարիա Զախարովան ադրբեջանական ԶԼՄ-ների պահվածքն անվանեց լկտի, որին ի պատասխան Ադրբեջանի հիմնական կառավարամետ ռեսուրսներից մեկը՝ 1news.az-ը, նրան որակեց քուչի դիվանագետ: Իրավիճակը սրեց հերթական ռազմական լարումը հուլիսի 4-ին Ղարաբաղի շփման գծում, երբ ադրբեջանական կողմից երկու քաղաքացիական անձինք զոհվեցին, մեկը՝ երկու տարեկան երեխա: Հաջորդ օրը ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց՝ դատապարտելով Ադրբեջանին, որ արգելում է երկիր ՌԴ քաղաքացի էթնիկ հայերի մուտքը: Ադրբեջանում այդ հայտարարությունը ընդունեցին իբրև «սլաքների փոփոխություն»: «Այսօր մենք գործ ունենք յուրատեսակ սառը պատերազմի հետ,- ասում է ռուս իրավապաշտպան, լրագրող, "Кавказский узел"-ի գլխավոր խմբագիր Գրիգորի Շվեդովը:- Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները վաղուց վերելք չեն ունեցել: Մենք տեսնում ենք՝ ինչպես է ԱԳՆ-ն պաշտպանում Լապշինին, ինչ չի արել ՌԴ այլ քաղաքացիների համար»:


Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանի վրա ազդեցության ու ճնշման գործոն է և Ռուսաստանի մատակարարած զենքը՝ որոշ լարման դեպքում զենքը կարող է այլ որակի լինել: ՌԴ-ում Ադրբեջանի նախկին դեսպան Հիքմեթ Հաջիզադեն, խոսելով վերջին ամիսների իրադարձությունների մասին, հիշեցնում է, որ նախկինում էլ նման սկանդալներ եղել են, հետո ամեն ինչ ավարտվում էր թվացյալ հաշտությամբ: «Բայց իրականում մեր երկու կողմերի միջև բարեկանություն չի եղել ու չկա: Ամեն ինչ բախվում է կայսերական նկրտումներին, Ադրբեջանն իրեն ենթարկելու Ռուսաստանի ցանկությանը, այստեղ զորքեր մտցնելու ցանկությանը՝ խաղաղարար խմբավորման պատրվակի տակ», կարծում է դիվանագետը: Հաջիզադեի խոսքով՝ Ռուսաստանը բազում միջոցներ ունի Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու: Խնդիրը միայն ռազմական գերազանցությունը չէ, երկրները սերտ կապված են տնտեսությամբ:


Դաշնային միգրացիոն ծառայությունը հաստատում է, որ Ռուսաստանում տարեսկզբին եղել են Ադրբեջանի 523 հազար քաղաքացիներ, 2010-ի մարդահամարի տվյալներով՝ երկրում ապրում են 603 հազար էթնիկ ադրբեջանցիներ: ՌԴ Կենտրոնական բանկի տվյալներով՝ ամեն տարի Ադրբեջանը ստանում է 1,2 միլիարդ դոլար դրամական փոխանցումներ ՌԴ-ից:
Ռուսաստանն Ադրբեջանի համար ամենամեծ գնորդն է նավթային արտահանման համար: Անցած տարի Ադրբեջանի վիճպետկոմի տվյալներով Ռուսաստան է ուղղվել 409 միլիոն դոլարի ապրանք (հիմնականում՝ մրգեր ու բանջարեղեն):
«Ադրբեջանի ամբողջ արտահանման մեջ Ռուսաստանը 10 % ունի, այնտեղ է ուղղվում գյուղմթերքների 70 %-ը, այդ պատճառով, իհարկե, տնտեսական կախվածություն կա,-ասում է տնտեսագետ Նաթիկ Ջաֆարլին:- Ռուսաստանը հաճախ է օգտագործել տնտեսական լծակները այլ երկրների վրա ճնշում գործադրելու համար, երբ փակել է մթերքների ներմուծումը»: Փորձագետի խոսքով՝ թեպետ երկրի ղեկավարությունը դա լավ գիտի, Ադրբեջանը ոչինչ չի անում գյուղմթերքները եվրոպական շուկա հանելու համար, որը կնվազեցներ կախումը Ռուսաստանից:


«Ադրբեջանը երկար տարիներ ձգձգում է իր մուտքը Առևտրի համաշխարհային կազմակերպություն, իսկ ԱՀԿ-ին անդամակցությունը ԵՄ արտահանման հիմնական պայմաններից մեկն է,- ասում է տնտեսագետը:- Բայց երկիրը դա չի անում, որովհետև ԱՀԿ-ին անդամակցութան պայմանները պահանջում են բարելավել մթերքների որակի վերահսկողությունը և մաքսատների աշխատանքը: Հետևանքը՝ Ադրբեջանը տնտեսապես խոցելի է դառնում Ռուսաստանի առաջ»: Փորձագետի խոսքերը հաստատեցին մարտի վերջի, ապրիլի սկզբի իրադարձությունները, երբ բեռնավորված ադրբեջանցի վարորդները մի քանի շաբաթ չէին կարողանում հատել ռուսական սահմանը: Նրանց արգելակում էին ռուս հեռահար ուղերթերի վարորդները՝ փորձելով ստիպել, որ միանան բողոքի ակցիաներին «Պլատոն» համակարգով հարկահանության դեմ: Գործը ծեծկռտուքների ու մեքենաները փչացնելուն հասավ: «Մեծ հաշվով՝ Ռուսաստանին ու Ադրբեջանին տնտեսապես կապում են խաղի ընդհանուր կանոնները, որ հասկանում են ինչպես իշխանությունները, այնպես էլ ռուսական շուկայում կանաչի վաճառողները: Կողմերից ոչ մեկը Եվրոպա չի ձգտում»՝ ասում է Նաթիկ Ջաֆարլին: Բայց աշխատանքի ու մշտական բնակության համար Ռուսաստան են մեկնում ոչ միայն ցածր որակավորում ունեցողները (նույն՝ կանաչի վաճառողները): Ինտերնետ մարկետոլոգ Մարինա Ալիևան ծրագրում է ՌԴ մեկնել մինչև տարեվերջ: Նա մի քանի վճարովի ռուսական դասընթացներ է անցել: «Ես մեկնում եմ երկու պատճառով՝ այնտեղ երեք անգամ ավելի շատ են վճարում, քան այստեղ, բացի այդ՝ այստեղ չեն ընդունում բիզնես վարելու այն տեխնոլոգիաներն ու մեթոդները, որ կան այնտեղ,- ասում է նա:-Փաստացի՝ ես հեռանում եմ հանուն փող աշխատելու ու մասնագիտական առաջխաղացման»:


Ռուս-ադրբեջանական հարաբերությունների ևս մի կողմ է էներգետիկան, որտեղ երկու երկրները ոչ թե գործընկերներ, այլ մրցակիցներ են: Վերջին տարիներին Ադրբեջանի ամենահավակնոտ էներգետիկ նախագիծը կառուցվող «Հարավային գազային միջանցքն է», որի ընդհանուր արժեքը 45 միլիարդ դոլար է: Ծրագրվում է 2020-ին այդ գազատարով գազ մատարակարարել Եվրոպային՝ Վրաստանի ու Թուրքիայի տարածքով, այսինքն՝ շրջանցելով Ռուսաստանը: Գազատարը հեռանկարում պիտի միանա մյուս շրջանցիկ գազային նախագծին՝ ТАР-ին (Տրանսադրիատիկ գազատար), որը կնվազեցնի Եվրոպայի էներգետիկ կախումը ռուսական գազից: Սակայն այս նախագծերը խիստ զայրացնում են Ռուսաստանին: Եվրոպայում բողոքներ են կազմակերպվում գազատարի դեմ, որի նախաձեռնողներից մեկը Իտալիայի «Հինգ աստղի շարժումն է», որ չի թաքցնում իր ռուսամետ տրամադրությունները: Ռուսաստանն առաջ է մղում սեփական նախագիծը՝ «Թուրքական հոսքը», որն ուղղված է նույն շուկային, ինչ ТАР-ը, այսինքն` ստեղծում է այլընտրանքի այլընտրանք: Ընդհանուր առմամբ՝ Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում գազային նախագծին, որին մասնակցում է Ադրբեջանը: Անցած տարի «Գազպրոմի» փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը հայտարարեց, որ Ադրբեջանը հնարավորություն չունի խողովակաշարը գազով լցնել և Ռուսաստանը մնում է լավագույն այլընտրանքը Եվրոպայի համար:
BBC


Հ.Գ. Սա էլ է տեսակետ, որ արտացոլում է իրականության բազում շերտերից մի քանիսը և մոտ է ճշմարտությանը այնքանով, որքանով իրականության մեջ լինում են շահերի բախումներ ու համընկնումներ: Ադրբեջանը լավագույն հարթակն է, որտեղ Ռուսաստանը արտահանում է իր զենքը, իսկ դա շահերի համընկնում է, որի համադրությամբ գազային մրցակցությունը կարող է հետին պլան մղվել: Ի վերջո, եթե նույնիսկ Ադրբեջանը բավարար գազ չունի, որ լցնի Եվրոպա ուղղվող գազատարները, ունենալու է ենթակառուցվածք, որը ևս գին ունի և քաղաքական բանակցությունների թեմա է Իրանի, Իսրայելի ու Թուրքմենստանի հետ, որ ունեն գազ, իսկ խողովակաշարի հարցը չեն լուծել դեռ: ՈՒ Ռուսաստանը այս բոլոր խնդիրների մեջ կա իբրև շուկայի մասնակից, քանի դեռ ԱՄՆ-ը իր թերթաքարային էներգակիրները Եվրոպա չի հասցրել: Գործնականում բարեկամություն չկա ու չի լինելու ոչ մի երկրի միջև, կան շահեր, որոնց սպասարկումը ստեղծում է միություններ ու բաժանում: Սոչիում հանդիպման ժամանակ Պուտինն ու Ալիևը, առանց ժամացույցին նայելու, տնտեսական, էներգետիկ, ընթացիկ ու անվտանգության հարցեր են քննարկել՝ առանց անուններ տալու իրենց գործընկերությանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4978

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ