Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ապոկալիպտիկ ամառ

Ապոկալիպտիկ ամառ
25.07.2017 | 09:22

Սովորաբար՝ ճշմարտությունը պետք է միայն մի խումբ մտածող մարդկանց, ամբոխը պետք է պարզապես «հավատա»: Ինչի՞ն: Մեծ նշանակություն չունի: Գլխավորը, որ մարդիկ հնազանդվեն: Թե ինչ կմատուցվի, երկրորդական է: Ճշմարտությունը վտանգավոր է, կասկածների տեղիք է տալիս, կասկածները մղում են պայքարի ու պատերազմի: Աշխարհը միշտ ապրել է սխալի ու ստի մեջ: Գլխավորը, որ սուտը հետաքրքրի ու ընդունվի: Եթե փորձեք ամբոխին ապացուցել ճշմարտությունը, որ հերքում է նրանց «հավատը»՝ հայտնի չէ, թե ինչի և ում նկատմամբ, ամբոխը ձեզ ոչ կլսի, ոչ կփորձի հասկանալ: Գուցե գրողի ծոցն էլ ուղարկի:
Տապ ու քամի: Թվում է՝ անհամատեղելի են, քամին պիտի տապը ցրի, չի ցրում, տաք քամի է, որ հոգնեցնում է աննպատակ պտույտներով, փոշիով ու աղմուկով: Բնությունը մարդուն վերադարձնում է նրանից ստացածը՝ վնաս ու ավեր:
Երկրաշարժեր ու անոմալ շոգ, անոմալ ցուրտ, հալվող սառույցներ բևեռներում, ջրի մակարդակի բարձրացում, արթնացող հրաբուխներ՝ բուռն կյանքով է ապրում Երկիրը՝ հեռացող ամռան մեջ:


Վատ գեներալը միշտ վերլուծում է անցած պատերազմի ճակատամարտերը:
Էկլեկտիկան հրաշալի ժանր է տապի մեջ մտածելու համար, անկապ թեմաներ են լողում հիշողությանդ մեջ ու հեռանում առանց հետք թողնելու, եզրակացության համար պիտի համադրես, իմաստը ինչ-որ տեղ խորքում է մնում կամ կորչում է, դու էլ լողում ես անկապության մեջ ու խարիսխ չես ուզում, ուզում ես անդորր: Իսկ անդորր չկա: Աշխարհում: Քո մեջ:


Մոսկվան հերքեց ռուսական մամուլի հրապարակումները, թե Կրեմլը փորձում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպել: «Դա իրականությանը չի համապատասխանում»,- ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Իսկ ինչո՞ւ էր հայտարարվել: Ինչ-որ մեկը խնդիր էր դրել՝ արձագանքները պարզել: Կամ չեղան, կամ բացասական էին: Տարօրինակ է, չէ՞, որ Մոսկվան չի ուզում առանցք դառնալ՝ իբր եթե հարցը լուծում ունի, բանալին իր ձեռքում է: ՈՒ ինչո՞ւ: Օրակարգ չկա: Ալիևը սուբստանցիոնալ տղա է՝ միայն տարածքային ամբողջականություն գիտի, Սարգսյանը՝ Վիեննայի պայմանավորվածություններ: Համբուրգից հետո Պուտինը չի ուզում միջազգային ասպարեզ փխրուն վերադարձը վտանգել: Կրեմլում գիտեն՝ շոշափելի արդյունք երկու նախագահների հանդիպումը չի տալու, ավելին՝ ըստ սովորության՝ Ալիևը հանդիպումից առաջ կամ հետո շփման գծում նոր սադրանքի է դիմելու ու մնալու է նստվածքը, որ Մոսկվան խառն էր: Մակրոնի հարցն էլ կա: Վերսալի հանդիպումը հանդիսավոր էր, բայց փշոտ, ԵՄ ծագող աստղի հետ հարաբերություններում նոր նեգատիվ պետք չէ, որ նրա անոնսած հանդիպումը Պուտինը ձեռքը վերցնի, փոխարենը կարող է խաղաղ չարախնդալ, որ Մակրոնն էլ հաջողության չհասավ: Իսկ ինքն այդ ընթացքում նոր զենքեր կվաճառի Ալիևին ու Սարգսյանին կասի՝ մի մտածիր, հավասարակշռությունը տարածաշրջանում չի խախտվում, ու կժպտա, որովհետև ստելիս ինչ-որ միմիկա պետք է՝ հավատ ներշնչելու համար: Փոխարենը ինչ-որ հարցեր կլուծի՝ Ռուսաստանում ավտոբուսի վթարի պատճառով բանտարկված հայ վարորդին Հայաստան կվերադարձնի, ռուս բլոգերին կփորձի Ադրբեջանի բանտից Ռուսաստան վերադարձնել, որ բանտարկված է Ղարաբաղ այցելելու համար: Հարցեր միշտ կան, որ կարելի է լուծել ու չլուծել: Իսկ նկատե՞լ եք, որ այս անկապ քննարկումների մեջ այլևս չի քննարկվում՝ կհանդիպե՞ն Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը մինչև տարեվերջ: Ի՞նչ օրակարգով ու ի՞նչ արդյունք կունենա հանդիպումը: Կարևորը բանակցություններն են, որոնց շուրջ աղմուկը տեղ չի թողնում բանականության ձայնին, որը լռում է, որովհետև իր թելադրանքը խելամիտ մարդկանց համար է: Իսկ խելամտությունը գին չունի 21-րդ դարում, երբ բոլորը, թվում է, խելագարված են իրենց գաղափարների ու գործերի ծանծաղուտում, որը ելք չունի դեպի ծով, որովհետև աշխարհը, այնուամենայնիվ, խելագարներինը չէ, որքան էլ նրանք հզոր լինեն՝ իրենց աստեղային պահի մեջ:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը վերադարձավ Երևան՝ Մոսկվա աղմկահարույց այցից հետո ու ընդունեց ԱՄՆ դեսպանին: Նրա բախտը կտրուկ բերեց՝ Ռիչարդ Միլսը չառաջարկեց, չասենք, ութ, բայց, օրինակ, չորս միլիարդի դիմաց անգլերենը դարձնել երկրորդ պետական լեզու: Արա Բաբլոյանի բախտը բերում է՝ մի հարց տվեց ու ստացավ պատասխան, որ Հայաստանում ազգային-ազատագրական-հայրենասիրական ալիք բարձրացրեց չեղած տեղում: Մինչ հախուռն դատափետում են ՌԴ Պետդումայի նախագահին, քչերն են հարցնում՝ ինչո՞ւ Վյաչեսլավ Վոլոդինն իրեն նման առաջարկ թույլ տվեց: Վստահ էր, որ սուզանավից Հայաստանը հեռանալու տեղ չունի՞, թե՞ հակառակը՝ չի ընդունի ու փոխարենը… Ի՞նչ փոխարենը: Վոլոդինը ճիշտ է՝ ինչպես իրենից առաջ ճիշտ են եղել իրենից բարձր ու ցածր պաշտոնյա նախորդները: Ռազմաբազա՞ են ուզել, ձրի ստացել են անցյալ դարում: Ժամկետը երկարացնել են ուզել՝ ձրի ստացել են այս դարում: Պարտքի դիմաց գո՞ւյք են ուզել՝ ստացել են: Առանց պարտավորությունների՝ արդյունաբերական համալիրներ, որ տնտեսության շարժիչ կարող էին դառնալ: Մինչև հիմա չդարձան: Եթե ուզեին մինչև չորրորդ հազարամյակ գազի պայմանագիր կնքել, էլի կստանային: Մոնոպոլ իրավունքով: ՈՒ՝ միջազգայինից բարձր, անփոփոխ գնով: Եթե ուզեին Հայաստանը Մաքսային չէ, Լոտոյի միություն էլ կմտներ՝ անխոտելի հիմնավորումով, որ այդ միությունը ստեղծվելու է աշխարհն անխուսափելի կործանումից փրկելու, և այդ առաքելությունը Հայաստանին է տրված: Նաև՝ անվտանգության խնդիր է լուծում: Հա, Իրանի հետ էլ գործ չունեք՝ վտանգավոր է, Վրաստանն էլ ձեր հարևանը չէ: ՈՒ ընդհանրապես՝ ՄԱԿ-ը ստում է՝ աշխարհում 196 պետություն չկա, կա միայն մեկը: Որ պահանջում է ու ստանում, հետո էլ կստանա՝ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ մերժել Ռուսաստանին: Ռիսկային է: Մինչև ո՞ւր: Չբերեք ՈՒկրաինայի և Վրաստանի օրինակը: Տարածքային կորուստներով չվախեցնեք: Ղարաբաղը ոչ Ղրիմ է, ոչ Աբխազիա ու Օսիա: Աբխազներն ու օսերը վրացիների հետ ուզենային նույն պետության մեջ ապրել՝ կապրեին: Ղրիմն էլ Խրուշչովի նվերն էր հայրենի ՈՒկրաինային: ԽՄԿԿ գլխավոր քարտուղարները սիրում էին տարածքներ նվիրել՝ Լենինի ու Ստալինի նվիրական ոտնահետքերով գնաց նաև Նիկիտա Սերգեևիչը: Ռուսաստանը միշտ էլ երկատված է եղել գաղափարական դաշտում սլավոնաֆիլների ու եվրոպամետների միջև: Մինչև այսօր էլ ռուսները չեն պատասխանել իրենց դասականների հարցին՝ ի՞նչ անել, մինչև այսօր էլ Ռուսաստանի պրոբլեմը մնում են հիմարներն ու ճանապարհները, մինչև այսօր էլ Ռուսաստանը գոյատևում է, որովհետև վատ օրենքները ավելի վատ են կատարվում: Չեռնիշևսկին, Գերցենը, Սալտիկով-Շչեդրինը՝ վկա: Իսկ եթե հանկարծ գտնվում է մի Էդմոն Մարուքյան կամ մի Արամ Սարգսյան, որ ասի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու ժամանակն է, ամբողջ հուսահատ խեղճությունը ասպարեզ է նետվում՝ իշխանական դաշտում, որ ասի՝ այլընտրանք չունենք, այլընտրանք ստեղծեք, հետո ազգակործան ու դավադիր առաջարկներ արեք: Շա՞տ մեծ խելք է պետք հասկանալու, որ խնձոր չէ այլընտրանքը, երկնքից չի ընկնում՝ իբրև պարգև հեքիաթներին հավատացողներին: Այլընտրանքը քայլ-քայլ ստեղծում է իշխանությունը: Այլընտրանքն է պետության անվտանգության գրավականը, որովհետև երբ բոլոր ձվերը նույն կողովում են, իսկ կողովը ճամփին ընկած է, կյանքում ձվածեղի համը չես իմանա, միշտ կգտնվի մի ճտքավոր կոշիկ, որ կողովը տրորելով ու սուլելով կանցնի և քեզ անձու կթողնի: Իսկ դու կընկնես փիլիսոփայական տվայտանքների մեջ՝ հա՞վն է ձվից, թե՞ ձուն հավից, որովհետև ոչ հավ ունես, ոչ ձու: Բայց՝ սոված ես:


Պետությունը պետք է արժանապատվություն ունենա, միայն այդ դեպքում է ապահովում իր անվտանգությունը: Իսկ արժանապատվությունը երկնքից ընկնող խնձորի հետ չի գալիս: Գործերով է գալիս: Նախ՝ երկրի ներսում, երբ ճանաչում ես ինքդ քեզ, գնահատում ես քո արժեքները, սահմանում ես քո տաբուները, որ որևէ դեպքում քննարկման ենթակա չեն ու չես մեկուսանում քո սահմանների ներսում՝ ինքնահավան տխմարի կամ վախեցած խեղճուկրակի կերպարի մեջ: Մենք պետության արժանապատվությունը փոխարինել ենք անվտանգություն հասկացությունով ու փոխարկել ենք պատերազմի ու խաղաղության երկընտրանքի: Նույնիսկ այդ երկընտրանքի միջև ընտրությունը մեզ չենք պահել: Մենք միշտ վերլուծում ենք անցյալ պատերազմները, մեզնից ի՞նչ գեներալ: Վերլուծելիս էլ՝ հակառակորդի գործողություններն ենք հաշվարկում, ոչ մերը: Միայն, ի սեր Աստծո, մենթալիտետի վրա չգցեք մեղքը: Մենթալիտետը կապ չունի: Դրեյֆում են բոլոր ազգերը, բայց ոչ ամբողջ պատմության մեջ: Չի վախենում միայն հիմարը, բայց ամբողջ կյանքը վախեցած ապրողն էլ խելոք չէ, պարզապես վախկոտ է:
Ստացվում է՝ մենք ազգային օրակարգ չունենք: Ընթացիկ հարցեր են, որ մնայուն են դառնում՝ լուծումներ չստանալով: Ղարաբաղից՝ արտագաղթ: Մենք անընդհատ քննարկում ենք այդ թեմաները ու բոլոր լուծումները հախուռն տանում փակուղի, այդպես հեշտ է՝ մեզնից ոչինչ կախված չէ, մենք այդ գործընթացներում օբյեկտի կարգավիճակում ենք, սուբյեկտները սահմանից դուրս են, իսկ սահմանից դուրս մեր ինքնիշխանության իրավասության տակ չէ: Սա չէ՞ հայկական փորձագիտական-ազգային-քաղաքական-տնտեսական-մշակութաբանական մտքի թռիչքը: Կրկնում եմ՝ մենթալիտետը կապ չունի: Պատճառը կարծրացած ելակետն է՝ պայմաններն են այսպիսին, մենք ի՞նչ անենք: Սկզբի համար ծառ տնկեք, հետո ջրեք ու թույլ մի տվեք՝ կտրեն: Ապոկալիպտիկ մտածողության առանցքում միշտ գլխավորը փակուղի հասնելն է: Ելքը որոնողները հասարակական գիտակցության մակարդակում բորոտներ են՝ վտանգավոր ու վարակիչ, նաև՝ անօգուտ, քանի չկա այլընտրանք, իսկ այլընտրանք չի լինելու ապոկալիպտիզմը առօրյա դարձրածների ու ընտելացածների համար: Երբ ապրում ես ծանծաղուտում, ծանծաղում են երազներդ: Գորտերն էլ թվում են մեծ ու հզոր գազաններ, մինչդեռ ծովում գորտեր չեն լինում: Ծանծաղությունը գաղափարների ու քաղաքականության մեջ ամենավտանգավորն է, որի առաջ նույնիսկ Ռուսաստանը ոչինչ է: Մենք քաղաքականությունը վերածել ենք բախտագուշակության ու հանգեցնում ենք ճակատագրապաշտության: Ո՞վ կլինի վարչապետ՝ այստեղ են սկսվում ու ավարտվում հարցերի հարցերը: Քայլ առաջ՝ ի՞նչ է անելու վարչապետը՝ արգելված թեմա է, անպատասխան հարց: Մինչդեռ ով էլ լինի, խնդիրները մնալու են՝ Ղարաբաղից՝ արտագաղթ: Ինչպե՞ս է լուծելու: Ռուսաստանում հայ վարորդներին աշխատանք ապահովելո՞վ: Փաստացի՝ Վոլոդինը ավելի մտահոգ է Հայաստանի ժողովրդագրական վիճակով՝ ուզում է հայերը տուն վերադառնան, քան հայ պաշտոնյաները, որ չգիտեն՝ գան, ի՞նչ են անելու: Ամեն տաքսիստի կես ուղևոր է մնացել Հայաստանում: Ի դեպ, ժողովրդագրության մասին կամ մինչև 2040-ը բնակչությունը մեկ միլիոնով ավելացնելու: Երեխա պիտի ծնվի, որ վիճակ փոխվի: Սոցիալական վիճակ պիտի փոխվի, որ տղամարդիկ վերադառնան տուն, կանայք էլ մեկից ավելի երեխա պահելու հնարավորություն տեսնեն: Ոչ թե մի քանի հարյուրը, այլ հազարները: Հազարամյակներ այդպես է եղել: Նախագա՞հն է մեղավոր, որ հեռանում են, վարչապե՞տը, ԱԺ նախագա՞հը, կարևոր չէ հեռացողի ու չվերադարձողի, չծնվողի տեսակետից: Ծառ տնկեք, ծառ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Պետական պարտք, ՀՆԱ, ժողովներ, վարկեր, ներդրումներ, ատկատ, կոռուպցիա, գետեր, առուներ, հրաժարականներ, պաշտոնանկություններ ու նոր նշանակումներ: Սուտ են: Աղբյուրի կողքին ծարավ ապրելը երկու պատճառ ունի՝ ջուրը պղտորված է կամ անկյալ ես: Ճշմարտությունը պետք է միայն մի խումբ մտածող մարդկանց, խնդիրը ամբոխին մտածող դարձնելն է, որ առաջնորդվի ոչ թե գերակա շահի ու «հավատի», այլ արժեքի ու համարժեք քաղաքականության սկզբունքով: Սուտը, նույնիսկ ճշմարտության հագուստների մեջ, պտուղ չի տալիս, զբաղմունք է ժամանակի մեջ: Սոսկ: Մտածելը ցավոտ է, բայց ելք է տալիս: Միշտ:

Դիտվել է՝ 11285

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ