Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ի՞նչ է նշանակում` թույլ չտալ Հայաստանի ԵՄ ասոցացումը»

«Ի՞նչ է նշանակում` թույլ չտալ Հայաստանի ԵՄ ասոցացումը»
25.07.2017 | 09:27

Երբ ՌԴ Պետդումայի խոսնակը հայտարարեց, որ Հայաստանում ռուսերենը պետք է պաշտոնական լեզու ճանաչվի, Հայաստանի ընդդիմադիրները հակադարձեցին, թե հարկավոր է ԵԱՏՄ-ի անդամակցությունը չեղարկել: Սրան զուգահեռ առաջիկայում պետք է ստորագրվի ԵՄ ասոցացման համաձայնագիրը: Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻՑ մեկնաբանություն խնդրեցինք այս առնչությամբ։

-Պարոն Շիրինյան, ի՞նչ հեռանկար է սպասվում, եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից։
-Պարտադիր չէ ինչ-որ միության մեջ լինելը։ Եթե նման տեսակետ են հայտնել ընդդիմադիրները, շատ նորմալ է, որովհետև դրան նախորդել էր Պետդումայի խոսնակի ոչտեղին հայտարարությունը։ Իսկ Վոլոդինի հայտարարությունը էքսպանսիա է, ոչ թե լեզվի հարց։ Չեմ կասկածում, որ որոշ ժամանակ անց մեր եկեղեցուն էլ կասեն` դավանանքը փոխեք։ Ռուսները նման բան շատ են անում։ Հիմա ընդդիմադիրները դրան պատասխանում են ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտարարությամբ, ինչը նորմալ է։
-Սրան զուգահեռ Հայաստանը շուտով պետք է ստորագրի ԵՄ ասոցացման համաձայնագիրը։ Մեկը մյուսի հետ կապ ունի՞։
-ԵԱՏՄ-ից դուրս գալն ու ԵՄ ասոցացման համաձայնագիրը ստորագրելն իրար հետ կապ չունեն։ Հայ ժողովրդի շահերից է բխում Ռուսաստանի հետ բոլոր պայմանագրերի վերանայումը։ Ես շատ մեծ կասկածներ ունեմ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք արձանագրված իրողությունների հանդեպ, որովհետև ոչ թե Ռուսաստանի հպատակն ու «բարեկամը» պետք է լինել, այլ դաշնակիցը կամ գործընկերը։ Սա ավելի իրատեսական է։ Նրանք էլ պետք է իմանան, որ ճնշման չափ գոյություն ունի։ Նրանք պետք է իմանան, որ մեր պետական լեզուն միակն է։ Որպես այդպիսին, երկրորդ պետական լեզու լինել չի կարող, իսկ երրորդ լեզու կարող է լինել անգլերենը, չորրորդը` ռուսերենը։ Սակայն վերջիններս, իհարկե, ոչ պետական մակարդակով։
-Ինչո՞ւ երրորդը` անգլերեն և ոչ ռուսերեն։
-Երկրորդը միշտ լինելու է թափուր, որովհետև ոչ մի լեզու չի կարող մոտենալ մեր լեզվին։ Իսկ ինչու անգլերեն, որովհետև աշխարհում գիտատեխնիկական բոլոր նորույթների 80-90 տոկոսն անգլերենով է։ Ռուսերենով ոչինչ չի ստեղծվում, բայց մենք Ռուսաստանի հետ հարցեր ունենք։ Ես նաև մի առաջարկ ունեմ. եթե ռուսները շահագրգիռ են ԵԱՏՄ-ի կայացման հարցում, հայերենը պետք է դարձնեն ԵԱՏՄ-ի ընդհանուր լեզուն։ Նախ` հայերենը շատ հարուստ է, իր մեջ ունի մշակույթ ու քաղաքակրթություն, Հայաստանն իմպերիալիստական պետություն չէ, որ վախենան, թե իր կամքը կթելադրի։ Նաև կադրերի պակաս չունենք։ Էդ մեր խոպանչի վարորդները կդառնան հսկա տարածքներում ուսուցիչներ։ Վա՞տ է։ Մանավանդ նրանք հիմա այնքա՜ն ռուս աղջիկների են դաս տվել (ծիծաղում է- Ռ. Խ.)։ Ի դեպ, 1970-ականներին ՄԱԿ-ում քննարկվել է այն հարցը, որ հայոց լեզուն դիտվի որպես միջազգային լեզու։ Եվ պատկերացնո՞ւմ եք, այս նախաձեռնությանը դեմ է եղել Ռուսաստանը։ Դիտարկել են նաև այն, որ Հայաստանը աշխարհի տարբեր երկրներում գաղթօջախներ ունի, որոնք լավագույն ուսուցանող օրգանները կարող են լինել։
-Այսօր կարծիք կա, որ հնարավոր է նախորդի ճակատագրին արժանանա ԵՄ ասոցացման համաձայնագիրը, այսինքն` վերջին պահին չստորագրվի։ Դուք նման մտավախություն չունե՞ք։
-Դա պետք է հարցնել ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին, հատկապես դաշնակցությանը, եթե չստորագրվի, նրանք դուրս կգա՞ն կոալիցիայից։ Իսկ ժողովրդի շահը պահանջում է, որ այդ փաստաթուղթը ստորագրվի։ Մտավախություն էլ, բնականաբար, կա։ Ապրիլյան պատերազմի առաջին օրերին գիտե՞ք ինչու հաջողություն չունեցանք, որովհետև հարց էր` որտե՞ղ էին հայ գեներալները, արտգործնախարարը։ ՀՀԿ-ն ինչպես «տղամարդավարի» երկիրն է ղեկավարում, պետք է ասոցացման գաղափարն այդպես էլ պաշտպանի։ Չնայած նրանք մշտապես տղամարդկությունից են խոսում, բայց թե քաղաքականության մեջ դա ինչ է, անհասկանալի է։ Դաշնակցությանն առաջին հերթին պետք է հարցնել` որպես ազգային կուսակցություն, ի՞նչ է մտածում այս առնչությամբ։
-Հնարավո՞ր է այս անգամ էլ Ռուսաստանը խնդիրներ հարուցի։
-Անշուշտ, բայց եթե նման խնդիր լինի, «Ելքից» առաջարկ արդեն հնչել է` չեղարկել ԵԱՏՄ անդամակցությունը։ Ի՞նչ է նշանակում` թույլ չտալ Հայաստանի ԵՄ ասոցացումը, դա իրենց դեմ չի ուղղված, փոխլրացման քաղաքականության մաս է։ Եթե մի հարևանի հետ լավ ես, մյուսի հետ հարաբերություններդ վա՞տ պետք է լինեն։ Ռուսաստանն ընդամենը մեր գործընկերն է, մեր տերն Աստվածն է, իսկ տեղը` Հայաստանը։

Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 12550

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ