Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կեսգիշերային այցի և ցերեկային նամակի հետքերով

Կեսգիշերային այցի և ցերեկային նամակի հետքերով
25.07.2017 | 09:28

Ամառն ստիպում է բացել պատուհանները: Ամառ է, և բաց պատուհաններից ներս են խուժում մայրաքաղաքի տարաբնույթ աղմուկը, բայքեր-արշավորդների մեքենաների և մոտոցիկլետների շարժիչների հռնդյունը, «Սանիթեքի» մեքենաների աղբահանմանը ուղեկցող դղրդյունը և, իհարկե, գիշերային ակումբների աղմուկը: Այս ամենը լրացվում է հրավառությունների կրակոցներով և թնդանոթաձգությամբ, մի բան, որ կախված է հրավառողի քսակի ծանրությունից և լկտիության աստիճանից. որքան ծանրաքսակ-լկտի է հրավառողը, նույնքան տպավորիչ է նրա կազմակերպած հրավառությունը և՛ ժամանակի, և՛ աղմուկի մեծության իմաստով: Աղմկարարության վերը նշված տեսակներից շուրջօրյա է միայն բայքերականը, սև ու անթափանց գլխարկ-դիմակներով դեմքերը գոցած այս երիտասարդ ելուզակները վաղ առավոտից են մայրաքաղաքը «պայթեցնում»:


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրահանգով այժմ մշակվում է օրենքի նախագիծ, որը բազմաբնակարան շենքերի տարածքից կհեռացնի հյուրատները, գիշերային ակումբները, առհասարակ, բնակիչների օրինական հանգիստը ոտնահարող օբյեկտները: Մնում է հուսալ, որ տիար Տարոնի օրինակը խանդավառությամբ կվարակի երկրի բարձրագույն կառույցներին, և «Սանիթեքի», բայքեր-արշավորդների ու հրավառողների հարցերը ոչ թե գեղական կարգով, այլ խստասիրտ հրամանագրով, որոշումներով և օրենքով կլուծվեն: Իսկ այժմ ծանոթացեք մի իրավիճակի, որը դաժանորեն եզակի չէ և պահանջում է, որ փութաջանորեն գործի անցնեն պատկան-պետական մարմինները:


2017-ի հունիսի 15-ին նամակ-առաջարկով դիմեցի ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին ¥նամակն ի պահ եմ հանձնել ԱԺ-ի ընդունարանի կաղնե փոստարկղին¤: Առաջարկս հետևյալն էր՝ օրենքի ընդունմամբ արգելել հրավառությունների գործածումը տարին բոլոր և պայթուցիկների օգտագործումը ամանորյա տոների ընթացքում: Կեցցեմ ես, զի մանրամասն նկարագրել էի պետական կառույցների ընդհատակյա համագործակցությունը հրավառապայթուցիկային մաֆիայի հետ, ամենատարբեր և անհեթեթ որոշումների և հրահանգների միջոցով: Նաև հուշել էի ՀՀ ԱԺ հարգարժան նախագահին, որ դեռ 2015-ի դեկտեմբեր ամսին ՀՕ-121-Ն օրենքով հրագործական ապրանքների արտադրությունը, ներմուծումը կամ առևտուրը, որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, հանված է աղյուսակից: Այսինքն, արգելված է, քանի որ հրագործական ապրանքատեսականին, ինչպես նաև թունաքիմիկատները և այլ վտանգահարույց ապրանքներ, ենթակա են պարտադիր լիցենզավորման:
Մինչ օրս սպասում եմ նամակ-առաջարկիս պատասխանին:


Հունիսի 14-ին, մի շոգ օր, 24.00-ին մոտ հրավառություն է կազմակերպվում Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում: Այս վարչական շրջանի բնակիչ, մասնագիտությամբ լրագրող տիար Հակոբ Կարապետյանը ահազանգում է ոստիկանություն: Կարճ ժամանակ անց ոստիկանության երկու սպա ժամանում են, հարց ու պատասխանով փորձում են ճշտել ինչ-ինչ հանգամանքներ և կեսգիշերից արդեն 1 ժամ անց ահազանգող քաղաքացուն հրավիրում են ոստիկանություն, գրավոր բացատրություն ներկայացնելու: Տիար Հակոբ Կարապետյանը ոստիկանների ուղեկցությամբ գնում է բաժին և գրավոր բացատրություն է ներկայացնում դեպքի կապակցությամբ: Մեկ շաբաթ անց նույն դեպքի կապակցությամբ արդեն ոստիկանությունն է բացատրություն ներկայացնում աննկուն քաղաքացուն առ այն, որ դեպքի վերաբերյալ չի հաջողվել հայտնաբերել ո՛չ հրավառության վայրը, ո՛չ էլ հրավառողներին:
Այս նյութով հերթական անգամ դիմում եմ մայրաքաղաքի զարհուրելի աղմուկից օրնիբուն դժգոհող քաղաքացիներին. հարգելիներս, եղեք տիար Հակոբ Կարապետյանի նման սկզբունքային և հարյուրավոր, անգամ հազարավոր գրավոր բացատրություններով հեղեղեք ՀՀ ոստիկանության բաժինները: Չէ՞ որ ակնհայտ է՝ ՀՀ ոստիկանությունն ակամա ներքաշվել է մայրաքաղաքը տարբեր ձևաչափերով ապականողներին սատարելու գործընթացում:
Այնպես որ, հանդես բերեք քաղաքացիական անհնազանդություն, մի՛ զլացեք հյուրընկալվել ոստիկանությանն ու ձեր միանգամայն արդար բողոքն ու ցասումը ներկայացնել գրավոր:
Հավատացեք՝ խնդիրը կլուծվի:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1916

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ