Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վիպասան Րաֆֆու օրինակով` մինչև ե՞րբ

Վիպասան Րաֆֆու օրինակով` մինչև ե՞րբ
25.07.2017 | 09:53

Վերնագրի առաջին մասում դրված կարծիքը կազմավորվել է մերօրյա Հայաստանի վերջին 10-15 տարիների իրադարձությունները ՀՀ շարքային քաղաքացուս պարզ ու հասարակ դիտարկումների արդյունքում: Ինչո՞ւ եմ հենց այս տարեհատվածը նշում. որովհետև այս հատվածում տարբեր երկրների անցած ուղին հաստատում է, որ նշված տարեժամկետը բավարար է միջին հայաստանցու կյանքում նվազագույնից մինչև որոշակի հույս ներշնչող բարելավում արձանագրելու համար, որի բացակայությունն էլ դրա համար պատասխանատուներին մեղքն ընդունելու պահանջի է հանգեցնում: Այսօրինակ մոտեցումը երկրի իշխանական համակարգի տարբեր աստիճանների պաշտոնյաները հիմնականում արդարացնում են «մենք գիտենք թերությունների ու թերացումների մասին» սովորական դարձած արտահայտություններով, երբևէ չփորձելով բացատրել դրանք կանխելու անհրաժեշտությունը: Շարքայիններիս շրջապատի հարյուրավոր, ոմանց պարագայում թերևս հազարավոր ներկայացուցիչները հոգնել ու հասցրել են հիասթափվել մերոնց այսօրինակ արդարացումներից, ուստի և ակնկալում են գոնե մեղքն ընդունելու տեսքով հանրությանը ներկայանալու պահը, անգամ այս դեպքում հույս չտածելով, որ իրենց կյանքում ինչ-որ բան կփոխվի, անշուշտ, դեպի լավը, քանզի հակառակը կա ու կա, և թվում է՝ անվերջ է ու անհատնում:


Այսօրինակ մտորումների տրվելիս հաճախ եմ ցանկանում հայտնվել այն քաղցր ստի միջավայրում, թե, ասենք, համազգային մտահոգության առաջնահերթ հարցերից արտագաղթում նվազելու երևույթ կարձանագրվի, տոկունության այս դրսևորումը կնպաստի մեր առօրյայի ինչ-որ ձևի ու տեսքի բարեփոխմանը, որպիսի օրինակներ ոմանք փորձում են տեսնել հենց թեկուզ սիրիահայերի` հայաստանյան միջավայրում հայտնվելու արդյունքում: Իմա՝ տեսեք, եկել գործ են դրել, իրենց կյանքը կազմակերպել: Չբացառելով առանձին անհատների ու ընտանիքների կողմից նման իրողությունը, որը մշտական գործընթաց է բոլոր ժամանակների ու համակարգերի պարագայում, այսուհանդերձ հնարավոր չէ չհնչեցնել այն հարցը, թե ինչու տասնյակ հազարավոր մեր հայրենակիցները նախընտրեցին այլ երկրներում ապաստանել, անտեսելով բազում խոչընդոտները՝ սկսած լեզվականից ու կրոնականից մինչև բարոյա-հոգեբանականը, որն արմատապես խորթ է արաբական միջավայրում ապրած մեր տեսակի համար: Թե երբ ամոթի զգացում կցուցաբերենք մեր այս պարտադրված անճարության համար, դժվար է ասել:


Նախորդ մտորումներից մեկում Հայաստանի տնտեսության պարագայում «տնտեսավերում» արտահայտչաձևն էի օգտագործել, որն անգամ շրջապատիս որոշ անդամներ խիստ համարեցին: Ընդունում եմ, որ այս ոլորտում որոշակի գիտելիքներ չունեմ, որպիսի գնահատական կարող եմ առանց խղճի խայթ զգալու հնչեցնել նաև ՀՀ ցանկացած ճյուղային նախարարության կամ մարզային պաշտոնյաների բացարձակ մեծամասնության մասին: Այնպես որ, մի բան է շարքային քաղաքացու մտահոգությունը, որի տառապանքը փորձ ունի, այլ բան՝ միլիոնավոր շարքայինների համեմատ շատ բարձր վճարվող պետական պաշտոնյան, որը հավելյալ օգտվում է ծառայողական ավտոմեքենայից, տարին մի քանի անգամ արտասահմանյան ճանապարհորդություններ է կատարում, իսկ տեղում հյուրեր ընդունելիս ճոխ ճաշկերույթների է մասնակցում: Արդյունքը շարունակվող ու ահագնացող արտագաղթն է, մնացողներիս էլ՝ անորոշությունն ու հուսալքության հերթական չափաբաժինը: Արդեն նշել եմ, որ նման վիճակներում հայտնվելու դեպքում պատասխաններ փորձում եմ փնտրել մեր ազգի մեծերի պահվածքում, խոսքի ու գործի մեջ: Տեսեք` ինչ է գրում Րաֆֆին 1880-ին իր «Մինչև ե՞րբ» հրապարակախոսականում: «Ժամանակը և ժամանակակից պահանջները հարուցում են ժողովրդի գործիչների մեջ նոր մտածումներ, նոր գաղափարներ: Դրանք կարող են խորթ, օտարոտի և մինչև անգամ վնասակար երևալ այն անձանց, որոնք ժամանակի պահանջներին չեն հետևում, որոնք անշարժ մնում են հին նախապաշարումների վրա»: Մի այլ առիթով էլ գրում է. «Հայը խղճմտաբար և ուժեղ աշխատող է, միայն նրա աշխատանքն ապարդյուն է մնում, որովհետև նրան պակասում է հմտություն, պակասում են հասկացող առաջնորդներ»:
Ժամանակի առումով գրեթե մեկ և կես դար է անցել, իսկ մեզանում «Մինչև ե՞րբ» հարցը հրատապությունը չի կորցրել, ծագող ու չլուծվող հիմնահարցեր դարձող խնդիրների պարագայում այն առավել մտահոգիչ դրսևորումներ է ստանում: Այս առումով անկարող եմ հիացմունքս չհայտնել մեծ վիպասանի հետևյալ մտքի հանդեպ. «Հայն աշխարհի ստեղծագործության մեջ մի առանձին արարած չէ և չի կարող լինել: Նա ազգերի պատմության մեջ բացառություն չի կարող կազմել: Նա ենթարկված է եղել և պետք է ենթարկվի միևնույն պատմական օրենքներին, որոնցով կառավարվել են մարդկությունը ներկայացնող ազգերը»:
Պարզ ու հասարակ խոսքեր և սթափեցնող եզրակացություն հենց մեր օրերի համար, քանզի մեզանում տիրապետող է «մերն ուրիշ է» գաղափարախոսությունը: Քառորդ դար է` առաջնորդվում ենք զուտ հայաստանյան այս դիրքորոշումով, որի արդյունքում ունենք անըմբռնելի, անհասկանալի, անբացատրելի իրողություն՝ վատթարագույն տնտեսության ու արտագաղթի տեսքով, որի արդյունք արտագաղթողների կողմից իրենց այստեղ մնացած ընտանիքի անդամներին ուղարկած ֆինանսական միջոցներով, վերցրած վարկերով, չնչին ու անպատվաբեր աշխատավարձով ու կենսաթոշակներով է գոյատևում նորօրյա Հայաստանը:

Հատկապես վերջին 10-ամյակում, 3 մլն պաշտոնական վիճակագրությամբ բնակչության պարագայում, ստեղծված հազիվ 10 մլրդ դոլար համախառն ներքին արդյունքը մեծ վիպասանի այն խոսքերի հաստատումն է, որ այսօր էլ մեզ պակասում են հասկացող առաջնորդներ: Նրանք կարող են շինարարությունը տնտեսության լոկոմոտիվ հայտարարել, հպարտանալ նոր ատոմակայան կառուցելու գաղափարով, խոսել Հայաստան-Իրան երկաթգիծ ունենալու մտահղացումից, անգամ կոնկրետ ժամկետ սահմանել արհեստական արև ստեղծելու մասին, խոսել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գերակայություններից, բաց երկնքի քաղաքականությունից, ներդրողների հանդեպ արտոնություններից, «մեկ պատուհան» աշխատաոճի գրավչությունից, անգամ Աֆրիկայում բիզնես ծավալելուց, միայն ոչ հայաստանաբնակի առօրյան նվազագույնս բարեփոխելուց, նրա հոգսերը կանոնավորելուց, որտեղ առաջնահերթը շարքային քաղաքացու և ընտանիքի ամենօրյա սննդակարգն է, որը հայրենական ու միջազգային հետազոտողների գնահատմամբ պարզ է և հասարակ՝ այսօր մակարոն կամ կարտոֆիլ, վաղը՝ կարտոֆիլ կամ մակարոն, մեկ-մեկ էլ որևէ հատիկաընդեղեն: Տարիներ առաջ հայտարարված այն մոտեցումը, թե՝ թող Զանգեզուրն աշխատի, միսն ու կաթը մենք արտերկրներից կգնենք-կբերենք, այսօր հաջողությամբ տնտեսական քաղաքականության հիմնական սկզբունք է դարձել, աշխատանքն օտարել հայաստանյան միջավայրից, գյուղաբնակի գործունեությունն անիմաստ դարձրել: Էլ ինչո՞ւ, ասենք, պահանջվող քանակի հավի կամ խոզի միս արտադրել, երբ դրանք կարելի է հեռավոր Բրազիլիայից խոր սառեցված վիճակում ներկրել ու այնպիսի գնով վաճառել, որ սակավ տեղական թարմ միսը հնարավոր լինի կրկնակի թանկ վաճառել: Արտառոց է ներմուծվող կարագի գնի հետ վերջին ամիսներին արձանագրվողը. նախորդ տարվա սեպտեմբերին Նոր Զելանդիայից ներկրվող 82,5 տոկոս յուղայնությամբ հիշյալ արտադրանքի կիլոգրամը վաճառվում էր 2720 դրամով, հուլիսի 10-ին՝ 3590 դրամով, թանկացումը մոտ 30 տոկոս, երբ ՀՀ ԱՎԾ-ի ղեկավարի խորհրդականն իր պարբերական ասուլիսներում խոսում է 0,1-0,5 տոկոս թանկացումների մասին: Ստացվում է, որ եթե ընտանիքն ամիսը 1 կգ կարագ օգտագործի, ֆինանսապես կորցնում է 870 դրամ, երբ նրա եկամուտն անգամ 8 դրամով չի ավելացել: Մեզանում համանման գործընթաց է ծավալվում տեղական արտադրության գրեթե բոլոր միս-կաթնամթերքների ուղղությամբ: Գերմանիայի և Ավստրիայի սուպերմարկետներում աղաջրի մեջ պահվող «Մոցարելայի» կիլոգրամը վաճառվում 4,5 եվրոյով, որը մեր 2300 դրամն է, մինչդեռ հայաստանյան առևտրային ցանցում այդ տեսակի տեղական արտադրանքի կգ-ի գինը 6000 դրամ է: Այսօրինակ պայմաններում ի՞նչ անի մեր հանրության այն հատվածը, որն ընտանիքի մեծերին ու փոքրերին, աճողին ու առողջական խնդիրներ ունեցողին ցանկանում է համեստ սննդակարգով ապահովել, որի համար հարկավոր է աշխատանքային պարտականություններում մի փոքր անցանկալի պահվածք դրսևորել և այդկերպ դիմացինին ինչ-որ քայլերի դրդել: Եթե վերադասը գուշակի ենթակայի զանցանքը, ուրեմն հարկ կլինի նաև նրա համար ինչ-որ բան ստեղծել, ի վերջո՝ մի տնից չեն, մի հալի են:


Անշուշտ, չեն բացառվում նաև վերադասի կողմից անհարկի միջամտություններն ու անուղղակի ցուցումները, որպիսի գործընթացների արդյունքում ցանկացած կամայականություն բացատրվում և արդարացվում է: Այնպես որ, հանրությունը հիմնավորապես է վրդովվում ու զայրանում, երբ լսում է շարքային ոստիկանի կամ բուժքրոջ, մանկապարտեզի դայակի կամ պետական հաստատության կրտսեր մասնագետի ինչ-ինչ զանցանքի համար կիրառված պատժի մասին, պահի տակ չհաշտվելով, որ ձուկը նաև պոչից է հոտում: Նկատենք, որ թվարկված անձինք նաև քեռի ու հորաքույր են, հորեղբայր ու մորաքույր, որոնք իրենց առավել սակավ ապահովված հարազատներին ու սանիկներին անգամ համեստ նվերներով այցելելու, այս պարագայում տեղին, գեներով հատուկ պարտավորություն ունեն: Հիմնականում այսկերպ է կազմավորվում այն միջավայրը, որը մեզանում շիլաշփոթ է հիշեցնում, մի վիճակ, որից հանրության բացարձակ մեծամասնության դժգոհության, աղքատության աճի ու արտագաղթի պայմաններում իշխանությունը տարօրինակորեն նաև հետագայում կառավարելու վստահություն է ստանում: Իսկ ովքեր են այդ իշխանավորները, եթե ոչ՝ հիմնականում պարեն ներմուծողները, այդկերպ հողի հայ մշակի աշխատանքին խոչընդոտողները, սկսած սոխ ու սխտորից, ստեպղինից ու սմբուկից մինչև հացահատիկ ու հատիկաընդեղեններ, կենդանական ու բուսական յուղեր, շաքարավազ ու միրգ-բանջարեղեն, կաթնա-մսամթերքներ ներկրելով երկրի տնտեսությունը տնօրինողները, «մերն ուրիշ է» գաղափարախոսությունը հաստատողները:


Իշխում է այն մտայնությունը, թե Հայաստանը երբեք ինքնաբավ լինել չի կարող, դա կրկնում են իրենց գյուղոլորտի ու պարենանվտանգության մասնագետներ համարողները, երբևէ չփորձելով բացատրել, թե ինչպես են գրեթե ինքնաբավության հասել ՀՀ-ի համեմատ առավել սակավահող տասնյակ երկրներ, ինչպես են հողազուրկ Սինգապուրում ու Իսրայելում կարողանում յուրաքանչյուր տարի համապատասխանաբար մոտ 100- և 600- հազարական տոննա հավի միս արտադրել, երբ ՀՀ ցուցանիշը հազիվ 5-6 հազար տոննա է: Այդկերպ պետք է վարվել, հայաստանաբնակին անհայտ պայմաններում խոր սառեցված մսատեսակներով ու դրանցից պատրաստված մսամթերքներով ու երշիկեղենով ապահովել, քանզի դա է առավելագույն շահ ու շահույթ երաշխավորում, գերշահույթներ բերում:
Տարիներ առաջ, երբ նշվեց մեզանում բանանի աննախադեպ բարձր գնի մասին, ոլորտի նախարարը Եվրոպայում ու Ռուսաստանում դրա համեմատաբար տրամաբանված գինը բացատրեց «հնարավոր է այդ առևտրի օբյեկտները փակվում են, ուստի և վերջնագին են սահմանել» խոսքերով: Նման պարզամտությունը ծիծաղ ու զայրույթ է առաջացնում, քանզի միջազգային շուկայում բանանի տոննայի գինը 250-300 դոլարի սահմաններում է, 1 կգ-ն ՀՀ դրամով ստացվում է առավելագույնը 130 դրամ: Այնպես որ հիշյալ ապրանքը ներմուծողները երբեմնի 1000-1200 դրամ գինը 700 դրամի իջեցնելով գնորդների հանդեպ իրենց պարտավորվածությունը դեռ լիարժեք չեն կատարել: Նույն վիճակն է առևտրային ցանցում «կես գին» ակցիաներով վաճառվող հայկական գինիների, երշիկեղենի, մակարոնեղենի, այլ պարենամթերքների առումով:


Պատահական չէ, որ շրջապատիս շատ ներկայացուցիչներ չեն օգտվում Հայաստանում արտադրված երշիկեղենից, դրանք փորձել են իրենց ընտանի կենդանիներին առաջարկել, անօգուտ է ստացվել: Շուրջ մեկ տասնյակ ընկեր-ծանոթներս, որոնց բնակարանային պայմանները թույլ են տալիս, տարիներ շարունակ աշնանը տասնյակ կիլոգրամներով խաղող են գնում և սեփական կարիքների համար գինի են պատրաստում: Անգամ 200 դրամով գնված խաղողից 1 շիշ մաճառ ու օրեր անց գինի է ստացվում, որն էլ զարդարում է նրանց ամենօրյա սեղանները, շրջապատին էլ ուրախություն պարգևելու առիթ է դառնում: Իսկ ահա արդյունաբերական եղանակով շշալցված մերոնց ամենամատչելի գինիները 8-10-ապատիկ թանկ են, թեև կան ավելի բարձր գներ: Հետո էլ ասում են հայերս գինի խմող մարդիկ չենք, ալկոհոլային այդ ըմպելիքը չենք վայելում: 4-5 հազար դրամ գնահատված 750 միլիլիտր գինին սեղանին ունենալը շարքային քաղաքացու համար շատ թանկ հաճույք է, որն աշխատանք ունեցողները մասամբ հաղթահարում են արդեն նշված ինչ-ինչ զանցանքների միջոցով: Ընդունենք, թե ոչ՝ հիմնականում այսկերպ է զանցանքը հանցանք դառնում, որը հարկ է մարդ-արարածի մեր տեսակին անպատվաբեր որակել: Թե որտեղից սկսեցինք այս վիճակին հասնելու քայլերը, վստահ եմ, հայտնի է յուրաքանչյուրիս՝ առօրյա խնդիրներն ու հոգսերը նվազագույնը հաղթահարելու անհրաժեշտությունից ու ցանկությունից, որը, թերևս, մարդկայնորեն բացատրելի պարզ ու հասարակ պահանջ է: Այստեղ մենթալիտետի շուրջ զրույցն անհարկի է:


ՈՒրեմն ինչպե՞ս առանց այդ զանցանքի և առավել ևս հանցանքի, իրականություն դարձնել ՀՀ քաղաքացու ակնկալած օրն ու առօրյան, որն սկսվում է նախաճաշի հավկիթով, մի կտոր պանրով կամ կարագով, մեկ բաժակ կաթով: Աստծո պարգևած օրը լավ ու բարի տրամադրությամբ սկսելու նվազագույն այս առաջնահերթությունները հասու չեն ոչ միայն աղքատության մեջ հայտնված հայաստանյան հարյուր հազարավոր ընտանիքներին, այլև աշխատանք ունեցող շատ շատերի, որոնց օրական վաստակը հազիվ 3-4 հազար դրամ է, ընդամենը գոյատևելու միջոց: Եվ հարցը՝ այդ ի՞նչ գերունակություններով են օժտված Երկիր մոլորակի չորս կողմերում բնակվող տասնյակ երկրների ժողովուրդները, որ կարողանում են իրենց համար բարեկեցիկ կենցաղ ապահովել, հետն էլ այլակրոն ու այլալեզու հարյուր հազարավոր ներգաղթյալներ ընդունել, հնչում է ինքնաբերաբար: Հարցն անտեղի է դառնում, երբ ծանոթանում ենք տարբեր աշխարհամասերում ու բնակլիմայական պայմաններում ապրող պետությունների վարած գյուղատնտեսական գործունեությանը, որը մեզանում գյուղքաղաքականություն վերամբարձ արտահայտությամբ են որակում: Իշխանությունները, պետության մակարդակով, նախ հոգում են բնակչության թվին համապատասխան որոշակի տեսակների անասնագլխաքանակներ ունենալու մասին, այնուհետև լուծում են դրանց լիարժեք կերերով ապահովելու խնդիրը, այդկերպ հասնում ոլորտի հնարավորինս առավելագույն մթերատվության, կաթնատվության պարագայում տարեկան մինչև 15000 լիտր, մսաճի դեպքում օրական 1,5 կգ, այսկերպ ապահովում են բնակչության հիմնական սննդակարգն ու երկրի պարենանվտանգությունը, բարերար միջավայր հաստատում իշխանություն-հանրություն հարաբերություններում: Այս ամենը ՀՀ-ում գլխիվայր է շրջված. առաջին պլանում այգեգործությունն ու բանջարաբոստանային ոլորտն է, վերամշակողների պահանջներն ու շահերը սպասարկելը բոլոր միջոցներով ու հնարավորություններով: Տեսնելով ու զգալով հանդերձ, որ բաց դաշտավարության պայմաններում բերքի հասունացումը ամիսներ է տևում, այդ ընթացքում տարաբնույթ աղետներ են արձանագրվում, որոնց հետևանքները նվազագույնս մեղմելու նպատակով ՀՀ աղքատիկ բյուջեից ֆինանսական հատկացումներ են իրականացվում, է՛լ ավելի աղքատացնելով երկիրը, այսուհանդերձ շարունակում ենք այլոց համար գինու, կոնյակի, ծխախոտի հումք մշակել, օտարների քմահաճույքները բավարարելու խնդիրը լուծել, մեր մարդկանց սննդակարգը կազմակերպելով չգիտես ում և ինչ պայմաններում արտադրած սննդահումքով: Այնպես որ, մեծ վիպասանի դարուկես առաջ հնչեցրած հարցը՝ մինչև ե՞րբ, առավել քան օրակարգում է:
Նախորդ տարվա սեպտեմբերին կազմավորված ՀՀ կառավարությունն ինչ-ինչ հույսեր արթնացրեց, որոնք տարօրինակորեն, մոտեցող մեկտարյա ժամանակահատվածում իրողություն դառնալու նախանշաններ չեն ցուցադրում: Բացառություն են թերևս անխնամ Գյումրին զբոսաշրջության կենտրոն դարձնելու, շինշիլաբուծությունը խթանելու և համանման ծրագրերը, որոնց կողքին հարյուր հազարավոր հայաստանաբնակները առօրեական պարզ ու հասարակ հոգսեր լուծելու խնդիրներ ունեն, որոնց թվում է մեր հիշատակած շարքային հայաստանցու սննդակարգը: ՀՀ անվտանգության խորհուրդը հունիսի 27-ի նիստում քննարկել է այս հարցը: Սակայն անգամ այն, որ խնդիր համարվեց 2020-ին երկրում հասնել 65 տոկոս պարենային ինքնաբավության, մտահոգությունը չի նվազեցնում, քանզի այսօրվա վիճակն ուղղակի տագնապալի է: ՀՀ-ում չեն արտադրվում բնակչության պարենային առաջնահերթություն համարվող սննդահումքի անգամ նվազագույն քանակներ, սկսած մրգերից ու բանջարեղենից մինչև միս-կաթը, հատիկաընդեղենները, բուսական ու կենդանական յուղերը, շաքարավազը, համեմունքները, սերմերը: Այսօրինակ մտահոգությամբ այս տարվա ապրիլի 14-ին ակտիվ լրագրությամբ զբաղվող ՀՀ քաղաքացիս «ՀՀ պարենապահովությունից մինչև տնտեսության լոկոմոտիվ» 10 հարցից կազմված հարցաշարով դիմել է ՀՀ վարչապետին, խնդրելով իր մոտեցումները ներկայացնել իրավիճակով հիմնավորապես անհանգիստ հայաստանյան և համասփյուռ հայությանը: Հուսամ, որ նման պարագաներում ավանդական դարձած 100 օրերի ընթացքում պատասխան կհնչի, հուսադրող խոսք կասվի, ՀՀ բարձրագույն գործադիր մարմինը այդկերպ տարիներով հասունացած մեղքի ընդունումը մեծարումի կվերածի և հարկ չի լինի հերթական անգամ դիմելու Արարչին մեզ օգնելու խնդրով, այլ շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ ի վերուստ տրվել է մեզ՝ հող, ջուր, արև և աշխատելու պատրաստ Աստծո զավակ:


Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 11833

Մեկնաբանություններ