Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«ԱՄՆ-ի գլխավորած «միջազգային կոալիցիան» դավադիր համաձայնության մեջ է ԻՊ-ի ահաբեկիչների հետ»

«ԱՄՆ-ի գլխավորած «միջազգային կոալիցիան» դավադիր համաձայնության մեջ է ԻՊ-ի ահաբեկիչների հետ»
25.07.2017 | 10:00

(սկիզբը՝ այստեղ)

Ի դեպ, այաթոլլահ Խամենեիի և գեներալ Էզոդիի հայտարարությունները շառաչուն ապտակ են Հայաստանի ու սփյուռքի այն հայերին, որոնք ոչ միայն իրենք են հավատում Իրանի ու ԱՄՆ-ի միջև «հարաբերությունների կարգավորման» ցնորքին և նույնիսկ քարոզում են Ռուսաստանի դեմ իրանա-ամերիկյան համատեղ «խաչակրաց արշավանքի» «գաղափարը», դեռ մի բան էլ ձգտում են ուղուց շեղել Հայաստանի ու սփյուռքի միլիոնավոր, ներեցեք արտահայտությանս համար, խելքը գլխին հայերի, ովքեր տեսնում են այն, ինչ հարկ է տեսնել, քանի որ դա հայտարարված է, այսինքն, Իրանի և Ռուսաստանի միջև անվտանգության հարցերի վերաբերյալ համապարփակ համաձայնագրերի ծրարի առկայությունն ու գործողությունը, ինչի մասին, վերջապես, 2017 թ. մայիսի 24-ին Զավիդովոյում բարձրագոչ հայտարարեցին ՌԴ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավար, ծովակալ Ալի Շամխանին: Իսկ հիմա, երբ մեր ձեռքին է նաև Պեկինի ու Մոսկվայի համապարփակ ռազմավարական գործընկերության մասին Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հայտարարությունը՝ արված G-20-ի շրջանակներում հանդիպումների նախօրեին Ռուսաստանի մայրաքաղաքում, այսինքն` ցուցադրաբար, ի ցույց ամբողջ Արևմուտքի, մենք, Երևանում հանգիստ նստած, ուղղակի պարտավոր ենք անսխալ տեսնելու մոտակա ռազմավարական հեռանկարն ու կոնյունկտուրան: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ ամբողջ հայությանը՝ սա պաշտպանության և անվտանգության հարցերում Թեհրանի, Մոսկվայի ու Պեկինի ամենալայն համագործակցության հետագա խորացում է, ինչն անպայման կընդգրկի ամբողջ Անդրկովկասը: Ով ուղեղ ունի՝ թող մտածի ու հետևություններ անի:


Եվ ի՞նչ տարօրինակ բան կա, որ ահաբեկիչներին ԱՄՆ-ի աջակցության մասին Մոսկվայի և Թեհրանի վերոհիշյալ հայտարարություններին զուգընթաց, հաղորդագրություններ ու լուսանկարներ տարածվեցին այն մասին, որ հունիսի 12-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կազմում գործող հատուկ նշանակության «Կոդս» զորախմբի գլխավոր հրամանատար, լեգենդար գեներալ-մայոր Քասեմ Սոլեյմանին սիրիական կառավարամետ «ֆաստիմիոն» խմբավորման մարտիկների հետ ժամանեց Իրաքի հետ սահմանակից սիրիական Աթ-Թանֆի շրջան, ի հաստատումն որի հրապարակվեցին լուսանկարներ իրանցի գեներալի հետ: Հիմա արդեն հասկանալի է, թե ամերիկյան ռազմաօդային ուժերը երեք անգամ ում են հարվածել այդ շրջանում, այդ թվում՝ հունիսի 6-ին: «Ֆաստիմիոն» խմբավորումը կազմված է Դամասկոսի կողմից կռվող աֆղան կամավորական շիաներից, այսինքն, Իրանի պաշտպանության և խնամակալության ներքո գտնվող աֆղանացի խազարներից:


Առավել ևս զարմանք չպատճառեցին հունիսի 13-ի երեկոյան լուրերը: Այսպիսով, ԱՄՆ-ը ևս մեկ պարտություն կրեց Սիրիայում: Բանն այն է, որ գեներալ-մայոր Սոլեյմանիի գալստյամբ (ի դեպ, ազգությամբ քուրդ է) սիրիական կառավարական զորքերն ու շիաները դուրս եկան Իրաքի սահմանագլուխ և խառնեցին Վաշինգտոնի բոլոր պլանները՝ Սիրիայի արևելքում ստեղծելու իր վերահսկողության տակ գտնվող խոշոր գոտի: Դա նաև կարող է փոխել ուժերի հարաբերակցությունը պատերազմում և երկրի ապագայի վերաբերյալ կայանալիք բանակցությունների ընթացքը: Սիրիական զորքերը, իրանցիներն ու շիա կամավորականները մի խորամանկ գործողություն իրականացրին. մի զորասյունը գնաց Աթ-Թանֆի կողմը, որը գտնվում է ամերիկացիների կողմից վերահսկվող «չափավոր» ընդդիմության զինյալների տիրապետության տակ՝ Իրաքի և Հորդանանի սահմանի մոտ, և հարվածն ընդունեց իր վրա, այդ թվում՝ կոալիցիայի օդային հարվածները: Միևնույն ժամանակ, մյուս զորասյունը գրոհեց զինյալների բազայից հյուսիս ընկած գոտին և դուրս եկավ Իրաքի սահմանի մոտ: Այսպիսով, Բաշար Ասադն ու Իրանը ամերիկացիներին և զինյալների խմբավորումը կտրեցին երկրի արևելքի հսկայական տարածքներից, որոնք հիմա գտնվում են «Իսլամական պետության» հսկողության տակ: Եվ հենց Դամասկոսը կարող է հույսեր փայփայել, որ ինքը երկրի արևելքը կազատագրի ծայրահեղականներից և, գլխավորը, ամբողջ տարածաշրջանը հսկողության տակ կառնի: Առաջ դա ծրագրում էին անել ամերիկացիները՝ իրենց վարժեցրած զինյալների օգնությամբ, բայց նրանք հիասթափեցրին Վաշինգտոնին:


«ԱՄՆ-ի կառավարական պաշտոնյաները Աթ-Թանֆի ապստամբներին նկարագրում են իբրև «թույլիկների»: Նրանք չեն կարողանա գրավել Աբու-Քեմալը, իսկ ԱՄՆ-ը չի կարողանա նրանց ընդմիշտ պաշտպանել»,-Twitter-ում գրել է Մերձավոր Արևելքի հետազոտությունների Օկլահոմայի կենտրոնի տնօրեն Ջոշուա Լանդիսը: «Մաղավիթ ալ-Թավրա» խմբավորման հրամանատար Մուհաննադ ալ-Թալլան «Foreighn Polisy» գործակալությանը հայտարարել է, որ ներկա պայմաններում իրենք չեն կարող կռվել ԻՊ-ի դեմ: Ավելին, կառավարական զորքերից և իրանցի կամավորականներից զինյալներին կարող են պաշտպանել կոալիցիայի օդային հարվածները միայն: «Աթ-Թանֆում գտնվող ամերիկամետ զինյալների շրջանցմամբ Իրաքի սահման դուրս գալը կարող է մեծ դեր խաղալ Սիրիայի արևելքում կառավարական զորքերի հետագա գործողությունների ընթացքում,- կարծում է ռուս ռազմական փորձագետ Յուրի Լյամինը:- Մինչ այդ սիրիական բանակը հետևից վազողի դեր էր խաղում Իրաքի հետ սահմանի վերահսկողության համար պայքարում, իսկ հիմա առաջ է պոկվել: Էլ-Բուդա բնակավայրի շրջակա ազատագրված տարածքները կարելի է օգտագործել որպես ռազմահենակետ Դեյր-էզ-Զորի նահանգում ԻՊ-ի դիրքերի վրա հետագա հարձակման համար՝ այսուհետ դրանց սպառնալով նաև հարավային կողմից»: ԱՄՆ-ն առաջին անգամ չէ, որ «չափավոր» ընդդիմության զինյալների հետ փորձանքի է գալիս, ասում է ռազմական փորձագետը: Նրանք մի կողմից ձգտում են խույս տալ իսլամիստ կրոնամոլներից, մյուս կողմից էլ՝ մնացած զինյալներն այնքան էլ պիտանի չեն լուրջ գործողությունների համար: «Զինյալների մարտունակության ցածր մակարդակը լիովին համապատասխանում է սիրիական պատերազմի ընթացքում հաստատված հարաբերակցությանը. որքան ցածր է զինյալների խմբավորման արմատականության մակարդակը, այնքան ցածր է նրա մարտունակությունը»,- ասում է Լյամինը: Նա վերհիշում է, որ անցած տարի ԱՄՆ-ը մի անգամ «վառվել է» նույն խմբավորման պատճառով. «Դեյր-էզ-Զորի նահանգի Աբու-Քեմալ բնակավայրի վրա անցյալ տարի ամերիկամետ զինյալների հարձակման ընթացքում նրանք վայրկենապես ցրիվ եկան ԻՊ-ի ուժերի առաջին իսկ հակահարվածից՝ նետելով ամերիկացիների ստացած զենք-զինամթերքը: Դրանից հետո ամերիկացիները գրեթե մի ամբողջ տարի զինյալներին վերստին Աթ-Թանֆում էին հավաքում նոր հարձակման համար»:


Ամերիկամետ զինյալների հետ նույն բանն էր կատարվում նաև երկրի հյուսիսում: Ավելին, նրանց մի մասն անցել էր սիրիական «Ալ-Քաիդայի»՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման՝ նախկին «Ջեբհաթ ան-Նուսրայի» կողմը: Օրինակ, «Ալ-Զինկին» խայտառակ համբավ ունի այն պատճառով, որ գլխատել է մի պաղեստինցի փախստական տղայի: Արդյունքում Վաշինգտոնը կարող է հույս դնել միայն «Սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) վրա, որի միջուկը քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) խումբն է: Իսկ սիրիական «Ալ-Քաիդային» և երկրի հյուսիսի կառավարական զորքերին դիմակայող խմբավորումների վերահսկողությունն այժմ գտնվում է Անկարայի ձեռքին: Նրանք ամեն կերպ խուսափում են «Ալ-Քաիդայի» հետ պատերազմ սկսելուց և նրա հետ մեկտեղ Դամասկոսի կողմից սեղմված են Իդլիբի նահանգում, ուստի և երկրի արևելքի վերահսկողության գոտեմարտի վրա ազդել չեն կարող: «Սիրիական պատերազմը մոտենում է եզրափակիչ փուլին, ինչը երևում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի բորբոքված մրցակցությունից՝ ամրապնդելու իրենց դիրքերն այն բանից առաջ, երբ ավարտվելու է պատերազմը, և լուրջ բանակցություններ են սկսվելու Ժնևում, որտեղ երկու կողմերը պայմանավորվածություն ձեռք կբերեն վերահսկվող տարածքների շուրջ»,- իր բլոգում գրել է Քուվեյթի «Al Rai»-ի միջազգային գործերի գծով խմբագիր Էլիյա Մագնիեն: Նրա կարծիքով, Ռաքքան կընկնի քրդական YPG-ի հարվածներից հետո, և ամերիկացիները կկարողանան հայտարարել իրենց հաղթանակի մասին: Սակայն վճռական ճակատամարտը «Իսլամական պետության» հետ, գրում է խմբագիրը, տեղի կունենա Դեյր էզ-Զորի շրջանում, որն ստացել է «Եփրատի բուֆեր» անվանումը: Իրաքում ու Սիրիայում կրած պարտություններից հետո հենց այնտեղ են հոսում ծայրահեղականների բոլոր ուժերը, մի քանի ուղղություններով հենց այդ շրջանի վրա է հիմա գրոհում կառավարական բանակը: Հենց նա պետք է Ռուսաստանի ու Իրանի աջակցությամբ ընդունի «վերջին մարտը» և դառնա իսկական հաղթող այս պատերազմում, ինչից հետո էլ բանակցություններ կսկսվեն Սիրիայի ապագայի շուրջ: Միայն թե դրանց Վաշինգտոնը կարող է մոտենալ համեստ հաղթաթղթերով՝ քրդերն ու զինյալները նրա համար կապահովեն երկրի հյուսիսի և հարավի մի մասը միայն: Իսկ ես հավելեմ՝ դա էլ է հարցականի տակ, քանի որ YPG-ի քրդերի ջոկատներն այս կամ այն չափով ընդունում են իրենց նկատմամբ «Ժողովրդավարական միություն» կուսակցության և նրա առաջնորդ Սալեհ ալ-Մուսլիմի գերակայությունը, որը սերտ կապերի մեջ է Ռուսաստանի և Իրանի հետ:


Սակայն հուլիսը որոշ ուղղումներ մտցրեց: Այսպես, YPG-ի ջոկատների քրդերը չկարողացան պահել դիրքերը Ռաքքայում և արդեն հեռացել են քաղաքից: Փոխարենը, «Ալ-Հաշիդ աշ Շաաբի»-ի իրանամետ շիա-քրիստոնեական պարտիզանական բանակը ազատագրել է իրաքյան Մոսուլը, և իրավիճակը ԻՊ-ի ահաբեկիչների համար ոչ թե սպառնալից է, այլ աղետալի: Նրա պարագլուխները հասցրել են փախչել Ռաքքա: Իսկ Ռաքքային ընդհուպ (քաղաքից ընդամենը 5-6 կմ վրա) մոտեցել են սիրիական բանակը, իրանցիներն ու իրանամետ շիա աշխարհազորայինները, առաջին հերթին՝ լիբանանյան «Հըզբոլլահը»: Ավելին, սիրիական բանակն ու իրանցիները մոտ են ճեղքելու քուրդ-հայկական Դեյր-էզ-Զոր քաղաքի շրջափակումը: Որոշ տվյալների համաձայն, սիրիական բանակի շրջափակված ստորաբաժանումները, հայկական ու քրդական աշխարհազորը նույնպես պատրաստվում են քաղաքից հարված հասցնելու, այն շրջափակումից ազատելու, սիրիական բանակի հարձակվող ստորաբաժանումների ու իրանցիների հետ միանալու գործողությանը:
Պատկերը գրեթե լիովին պարզ է: Իրանն ու Ռուսաստանը, ընդ որում՝ պետությունների ղեկավարների՝ այաթոլլահ Խամենեիի և նախագահ Պուտինի մակարդակով, գրեթե բաց տեքստով վերջնագիր են ներկայացրել Դոնալդ Թրամփին. ևս մեկ սխալ, միստր Թրամփ, և բոլոր ապացույցները, որ ունեն ՌԴ-ի և Իրանի հատուկ ծառայությունները Ռուսաստանում և Իրանում կատարված ահաբեկչություններին ԱՄՆ-ի մասնակցության վերաբերյալ, գործի կդրվեն: Պատրա՞ստ է, արդյոք, ԱՄՆ-ը իրադարձությունների նման շրջադարձին, թե՞, հանուն իր շահի, կսկսի «հանձնել» Իսրայելի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի իր գործընկերներին: Վերը արդեն նշել եմ. սաուդցիները, «վատ հոտ առնելով», արդեն նետվել են Մոսկվա: Հունիսի 12-ին ԻԻՀ-ի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Նորվեգիայի ԱԳՆ ղեկավար Բյորգե Բրենդեի հետ Օսլոյում տված համատեղ մամուլի ասուլիսում սպառնացել է ԱՄՆ-ին. Վաշինգտոնը վաղ թե ուշ պետք է ընդունի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի պայմանների կատարման անհրաժեշտությունը: «Ավաղ, Վաշինգտոնի նոր վարչակազմի գործողություններն առայժմ խոստումնալից չեն թվում, սակայն մենք համոզված ենք, որ, ի վերջո, կընդունեն գործարքի (միջուկային) պայմանների կատարման անհրաժեշտությունը: Մենք համոզված ենք նաև, որ միջազգային ընկերակցությունը, ինչպես արդեն արել է դա, նրան (ԱՄՆ-ին) պարզորոշ կմատնանշի, որ միջուկային գործարքը համարում է բազմակողմ պայմանավորվածություն, ոչ թե երկկողմ, այսինքն՝ ԱՄՆ-ի և Իրանի»,- նշել է իրանցի բարձրաստիճան դիվանագետը: Զարիֆն ավելացրել է, որ առայժմ ԱՄՆ-ը լրիվ չափով չի կատարում համաձայնագրի կնքման կապակցությամբ իր ստանձնած պարտավորությունները: Նա նաև ընդգծել է, որ Իրանը բազմիցս ապացուցել է իր նվիրվածությունը ստանձնած պարտավորությունների կատարմանը: Իսկ հունիսի 13-ին սաուդյան միապետ Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդն արդեն զանգահարեց Պուտինին ու խնդրեց չխզել կապերը Էր-Ռիադի հետ: Բա ո՞նց, չէ՞ որ եմենցի հուսիների զորքերն այնքան էլ հեռու չեն սաուդյան մայրաքաղաքից և հրամանի են սպասում:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4980

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ