Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Հայաստանը համայն ազգերի շտեմարանն է»

«Հայաստանը համայն ազգերի շտեմարանն է»
25.07.2017 | 00:25

Նախ հայորդիներիս, ապա համայն ազգերի համար հուլիսի 27-ի հիշարժան օրվա վերաբերյալ Աստվածաշնչում այսպես է գրված. «Եվ յոթերորդ ամսվա քսանյոթերորդ օրը տապանը Արարատ լեռան վրա նստեց» (Գիրք ծննդոց, 8.4): Սա այն տապանն է, որտեղ մնացել էր համայն մարդկության մի բուռ սերմացուն. ընդամենը ութ հոգի և բազում կենդանիներ: Աստված մարդկությանը նոր հնարավորություն տվեց արդարությամբ ապրելու, քանզի մեղքն ապականել էր հին աշխարհի մարդկությանը: Իսկ նոր մարդկության առաջին հետքերը, ուզեն, թե չուզեն, հավատան, թե չհավատան մնացած ազգերը, գտնվում են Հայաստան աշխարհում, քանզի Աստծո առջև ողջակիզման առաջին զոհասեղանը ջրհեղեղից հետո պատրաստվել է Հայաստանում՝ Նոյ նահապետի ձեռքով (Ծննդոց 8.20), երկրորդը` Հրեաստանում, երբ Աբրահամը Մորիա լեռան վրա Իսահակին պետք է զոհաբերեր, երրորդը՝ Սողոմոնի կառուցած Աստծո Տաճարում, իսկ հոգևոր իմաստով ամենավերջին Զոհասեղանը Հիսուսի սուրբ Խաչը դարձավ` որպես զոհասեղան Աստծո Գառան համար:


Ղևոնդ Ալիշանը ժամանակին բնորոշել է. «Հայաստանը համայն ազգերի շտեմարանն է»: Հարգարժան վարդապետ-գիտնականի պնդմամբ` աշխարհի չորս հինավուրց ազգերից են համարվում հայերը, որոնք, ըստ Աստվածաշնչի, սերում են Նոյի որդի Հաբեթի թոռից՝ Թորգոմից, հրեաները՝ Աբրահամից, որը Նոյից հետո տասներորդն էր, մյուս երկուսն էլ չինացիներն ու հնդկացիներն են համարվում: Աշխարհում քանի՞ ազգ գիտես, հարյուրավո՞ր, ճիշտ է: Քանի՞ մարդ կա հիմա երկրագնդի վրա. մոտ յոթ միլիա՞րդ, ճի՛շտ է: Եվ այդ բոլոր ազգերից ու ցեղերից Տերը հաճո գտավ մեր ազգին իրավունք շնորհել առաջինը կրելու Իր սիրելի ու Միածին Որդու անունը, մկրտելով Իր ընտիր ծառա Գրիգոր Լուսավորչի ձեռքով Իր իսկ տնկած Եդեմի դրախտի չորս գետերից մեկում` Եփրատում (Արածանիում, որ սրա վտակն է): Այդ պահին, որպես երկնային նշան, հորդահոս գետը դադարեց հոսելուց (ինչպես մի ժամանակ Հորդանանը` հրեաների համար), իսկ մկրտվողների գլխավերևում ամբողջ ժամանակ լուսեղեն Խաչն էր հուրհրատում՝ իբրև երկնային օրհնության կնիք: ՈՒրիշ էլ ի՞նչ ազգի համար ես լսել (Աստծո ժողովրդից բացի), որ այսքան բարիքների գոնե կեսը կատարված լինի: Դժվար թե լսած լինես, որովհետև չկա՛: Եվ ահա Արարիչ Տերը մի գործ է սկսել մեր մեջ ու արդեն քսան դար շարունակում է այն, ու պիտի շարունակի մինչև Իր երկրորդ գալուստը, քանզի Նա Իր իսկ սկսած գործը անավարտ չի թողնի:


Հիմա այս մասին մի դիպված կարդանք, որ տարիներ առաջ պատահել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում: Մի անգամ այստեղ հանդիպեցի տարօրինակ արտաքինով մի երիտասարդի, որը մի արաբի էր վարձել, որ սա ցույց տա Հիսուս Քրիստոսի հետ կապված սրբատեղերը: Արաբ «գիդն» էլ սրան բերել էր այստեղ, որ «լուսավորի» իր «գիտելիքներով»: Երբ հայ միաբանների հետ նստած էինք Սուրբ Հարության տաճարի մեր տեսչարանում, այս երկուսը մտան` գլխարկները գլխներին, ինչն այստեղ արգելվում է: Երբ մենք առաջարկեցինք գլխարկները հանել, քանի որ այստեղ սրբավայր է, երկուսն էլ չհնազանդվեցին, իսկ արաբը հանդգնաբար ասաց, որ սրբավայրը մզկիթն է, իսկ սա ընդամենը տուրիստական վայր է: Տաճարի հայ միաբանը, որ լավ գիտեր այդ անպատկառի հետ ինչպես խոսել, նրան վռնդեց դուրս, հետո անգլախոս զբոսաշրջիկին հարցրինք Երուսաղեմ գալու նպատակը և ինչով կարող ենք նրան օգտակար լինել, քանի որ համոզվեցինք, որ հավատից բոլորովին հեռու է: Նա պատասխանեց, թե ինչ-որ հեռավոր, մեզ անծանոթ երկրի մի խումբ մարդիկ են ուղարկել այստեղ, որպեսզի Աստծուն գտնի, եթե գոյություն ունի, որովհետև նրանք լսել են, որ Երուսաղեմում Աստված կա՝ Հիսուս անունով: Մենք զարմացած նայում էինք նրան ու մտածում` կա՛մ ցնորված է, կա՛մ էլ կատակում է: Այս դարում ի՞նչ ազգ պիտի լինի, որ լսած չլինի Հիսուսի Ավետարանի մասին, եթե միայն աֆրիկյան ինչ-որ վայրի ցեղից չէ: Բայց տեսանք, որ միանգամայն լուրջ, սպիտակամորթ մարդ է, խոսում է մաքուր անգլերենով, հետն էլ տեսախցիկ է բերել, որ Երուսաղեմից «վավերագրական ապացույց» տանի Աստծո մասին: Մենք էլ հարմար առիթը բաց չթողեցինք ու վկայեցինք Աստծո Որդու մասին: Ցույց տվեցինք Սուրբ Հարության տաճարում գտնվող սյան բեկորը, որին Պիղատոսի պալատի բակում Հիսուսին կապել ու գանահարել են, Գողգոթան, որտեղ խաչել են մեր Տիրոջը, և սուրբ Գերեզմանը, որտեղ ամփոփել էին Նրա անշնչացած մարմինը, որն այժմ դատարկ է, քանի որ Աստված չի կարող մահվան կապանքներում մնալ: «Աստծուն փնտրողը» մանրամասն նկարահանում և ձայնագրում էր մեր ասածները՝ որպես ապացույց, որ իսկապես Աստված կա, բոլորիս Արարիչը: Նա շատ ուրախ էր լսածների ու տեսածների համար ու վերջում խորին շնորհակալություն հայտնեց իրեն օգնելու համար: Երբ արդեն ուզում էր հեռանալ, նրան ասացինք, որ մենք՝ հայերս, որ իր հետ խոսում ենք, մարդկության մեջ առաջիններից մեկն ենք եղել, որ փնտրել ու գտել ենք ճշմարիտ Աստծուն, իսկ ազգերի մեջ անդրանիկն ենք, որ 17 դար առաջ Հիսուսին ընդունել ենք որպես Աստված: Նա, զարմանքից ապշած, մի քանի րոպե լուռ էր, հետո մի կողմ դնելով տեսախցիկը, հարգանքով խոնարհվեց մեր առաջ, ապա նորից ձեռքն առնելով այն՝ սկսեց նորից մեզ նկարահանել. այս անգամ արդեն ինքն էր խոսում ձայնագրելով. «Որպես ապացույց Հիսուս Աստծո գոյության, ահա ձեր առջև են հայերը, որոնք արդեն 1700 տարի է, ինչ գտել են կենդանի Աստծուն, ու մինչև հիմա այս ազգը կա և գոյություն ունի: Եվ հենց դա էլ ամենամեծ ապացույցն է, որ այդ Աստվածը ճշմարիտ ու միակ Աստվածն է»: Եվ ուրախությունից ու երջանկությունից խոնավացած աչքերով նա դուրս եկավ Սուրբ տաճարից:
Եվ զուր չէր, որ հենց մեր հողի վրա Նոյը մի նոր զոհասեղան սարքեց ու առաջին զոհը մատուցեց Արարիչ Աստծուն, ի նշան այն խորհրդի, որ դարեր անց այս հողի վրա ապրող ազգն առաջինը պետք է ընդունի Աստծո Գառան զոհաբերությունը ու կոչվի քրիստոնյա ազգերի անդրանիկ։ ՈՒ քանի որ Աստված Ինքն է անձամբ ընտրել մեր ազգը, որ նա բոլոր ազգերից առաջինը իրավունք ունենա Իր Որդու անունը կրելու, ուրեմն նա պիտի մնա մինչև Քրիստոսի Երկրորդ գալուստը, որպես առաջին դիմավորող ազգ, որովհետև, ըստ Սուրբ գրքի, Տերը արևելքից է գալու, ու մեզնից դեպի արևելք այդպես էլ քրիստոնեական երկիր չեղավ։
Որպես հետգրություն ավելացնենք, որ հուլիսի 27-ի մոտակա կիրակի օրը սովորաբար համընկնում է Վարդավառի տոնին (այս տարի` հուլիսի 23-ին) ու մարդիկ ջրում են միմյանց, ինչն էլ դարերից եկող այն արձագանքն է, որ Նոյը ջրհեղեղից փրկվածների իր ընտանիքով ոտք է դրել հենց այս երկրի վրա ու այդ վայրը կոչել Նախիջևան:


Եվ թող Արարիչ Տերը Հայաստան աշխարհը խաղաղության ու սիրո մեջ պահի` մինչև Իր Մեծ ու ահեղ գալուստը. ամեն:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5344

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ