Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իսկ ո՞ւր են մեր «բիսմարկը», մեր «հիտլերը»...

Իսկ ո՞ւր են մեր «բիսմարկը»,  մեր «հիտլերը»...
25.07.2017 | 10:31

«Չի կարելի հայրենիքը փոխանակել մի կտոր հացի հետ». այս վերտառության տակ «Իրատեսի» թիվ 52-ում Մարի Բարսեղյան-Խանջյանի հեղինակած նյութը իսկապես լուրջ մտորումների առիթ է տալիս։
Հեղինակի գրիչը բեղուն է և առանց ճիգեր գործադրելու ներկայացնում է Հայաստան երկրի անցյալն ու ներկայիս իրավիճակը, փորձում համեմատական աղերսներ որոնել և այլ երկրների օրինակով մտահանգել՝ բավական է հեռանալ հայրենիքից, հայրենադարձություն կազմակերպելու ժամանակն է։
Լավ է ասված։
Հարգարժան հեղինակը, հորդորելով սոցիալական ծանր վիճակի ու անարդարության պատճառով չտարագրվել Հայաստանից, առաջարկում է խնդրի լուծման իր բանալիներից մեկը։ «Արտաքին դավադիր և կործանարար ազդակների դեմ պարտավոր ենք փակելու մեր հոգու և մտքի դռները,- գրում է նա։- Իսկ դրա համար պետք է սկսենք մանուկներին դաստիարակող ծնողներից, ուսուցիչներից, ինքներս մեզնից»։
Հետաքրքիր է ասված` սկսենք ծնողներից, ուսուցիչներից, ինքներս մեզնից։
Սկսենք, բայց ինչպե՞ս։ Մեծ հաշվով, վիրավորական չէ՞, արդյոք, երբ հեռացողներին վերագրվում է նյութական գայթակղությունը։


«Իսկ մենք մտածում ենք միայն կուշտ ուտելու և գեղեցիկ ու ճոխ հագնվելու մասին, ձևացնում, իբր անարդարությունից ենք փախչում,- շարունակում է հոդվածագիրը։- Հայրենիքին ու հայրենակիցներին ծանր վիճակում թողնելն ու հեռանալն էլ անարդարություն է։ Քայլ, որին արդարացում չկա»։
Այո, չի կարելի չնկատել, որ հեղինակի գրիչը բեղուն է, դրան հակառակ, ըստ իս, թերի են կամ թույլ նրա եզրահանգումները, խնդրի լուծման առաջարկները։
«Եթե Հայաստանում այսօր ապրի 5-6 միլիոն մարդ և պահանջի իշխանություններից սոցիալական արդարություն՝ աշխատատեղերի ստեղծում, բարձր աշխատավարձ, արժանապատիվ կենսաթոշակ և կրթաթոշակ, սոցիալական ապահովություն, արտաքին քաղաքականության հայաստանանպաստ հայեցակարգ և դրա իրականացում, ապա այս իշխանությունները չեն համարձակվի այսպես «ծուլանալ»։
Ա՛յ այսպիսի բացատրություն։
Եթե հոդվածագրի այս տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա կարելի է միայն երևակայել, թե, ասենք, ինչպիսի հրաշք երկիր պիտի լիներ այսօր Հնդկաստանը, որի միլիարդանոց ժողովրդի պահանջներին իշխանությունը ոչինչ չէր կարող հակադրել։


«Չի՛ կարելի հայրենիքը փոխանակել մի կտոր հացի հետ» հոդվածը իսկապես հարուստ է հետաքրքիր փաստերով, օրինակներով։ Մասնավորապես պետք է առանձնացնել Գերմանիայի միավորման, հզորացման գործում Բիսմարկի, այնուհետև՝ Հիտլերի ներդրումները, Իսրայելի ձևավորման և զարգացման օրինակները։ Հեղինակը չի շրջանցել, որ այդ երկրները միասնական և հզոր են դարձել «վերևից»։ Ահա այս փաստի վրա, կարծում ենք, Մարի Բարսեղյան-Խանջյանը հիմնականում պիտի ծանրանար՝ բարոյական դասեր տալու, մանուկներին դաստիարակող ծնողներից, ուսուցիչներից, ինքներս մեզնից սկսելու առաջարկի փոխարեն։


Ի վերջո, կունենա՞նք, արդյոք, մենք մեր «բիսմարկը», «հիտլերը», «պերեսը»... Այս մասին դատողությունները, և ոչ միայն, շատ ավելի շահեկան կլինեին։ Դրանից, երևի թե, պիտի բխեցվեին բարոյախոսական մյուս եզրույթները։
Եթե հեղինակը նախորդ հրապարակումներում այս հարցերին անդրադարձել է, որոնց, ցավոք, ծանոթ չեմ, հազար ներողություն։


Հովհաննես ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 11897

Մեկնաբանություններ