«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Մորուք Կարո և Մարթա

Մորուք Կարո  և Մարթա
25.07.2017 | 10:36

«Իրատեսի» թիվ 50-ում պրոֆեսոր Էդիկ Մինասյանի «Հայ հերոսուհի կանայք» գրքի դաստիարակչական և ճանաչողական նշանակությանը անդրադառնալուց հետո, ավելորդ չենք համարում անդրադառնալ հայ հերոս ընտանիքներից մեկին` ազգին և միմյանց անմնացորդ նվիրված առյուծասիրտ Մորուք Կարոյին և Մարթային։
Համոզված ենք, որ նրանց անցած մաքառումներով լի առասպելական կյանքի որոշ դրվագների լուսաբանումը հպարտությամբ կլցնի ընթերցողի սիրտը` հայրենասիրական ոգի և ուժ հաղորդելով նրան։

Հերոսական, միմյանց արժանի ընտանիք էին կազմել անվանի հայդուկ Մորուք Կարոն և քաջակորով հերոսուհի Մարթան:
Ֆիդայական երդման բոլոր օրենքներին համաձայն էր Մորուք Կարոն, բացի մեկից, այն, որ ֆիդային իրավունք չուներ ամուսնանալու: Ինչո՞ւ չամուսնանալ, ինչո՞ւ հայկական մի նոր ընտանիք չստեղծվի, ինչո՞ւ հայ ժողովուրդը չաճի ու չբազմանա: Չէ՞ որ այս անարդար աշխարհում կոտորվում է հայը: Ֆիդայիները հայ ժողովրդի ծոցից ելած այն կտրիճներն են, որ արդար են, ազատատենչ ու առյուծի սիրտ ունեն: Ինչո՞ւ նրանցից չծնվեն կորյուններ, որ ազգն իր պաշտպաններն ունենա և հարատևի ու զարգանա: Այո, պետք է ամուսնանալ, բայց ո՞ւմ հետ:
Սասունի Իշխնձոր գյուղի Ղազարը Մարթա անունով մի նրբագեղ գեղեցկուհի աղջիկ ուներ, որը գյուղի զարդն էր, փոքրամարմին էր, բայց և անսահման կտրուկ ու քաջ: Մի անգամ թուրք հարկահանները գալիս են Իշխնձոր և Ղազարից պահանջում այնքան, որ խեղճ գյուղացին միայն պարտքով կարող էր վճարել հարկը, Ղազարը հուզված բացատրում է.
-Աղա, քո պահանջածը խղճի մոտ բան չէ: Ընդամենը մի քանի օր առաջ քրդերը տարան իրենց հարկը, քանի որ սուլթանը քրդերին էլ է իրավունք տվել հայերից հարկ հավաքելու: Ես ունեմ երկու կով և չորս ոչխար: Մի կովը տար, որ գալիք տարում էլ կարողանամ հարկը վճարել:
-Ինչպե՞ս թե,- զայրանում է թուրք հարկահանը:- Դու ըմբոստանո՞ւմ ես սուլթանի դեմ: Եթե հարկը չվճարես, գլուխդ կտանեմ հարկի դիմաց:
Այդ լսելով, կատաղությունից արյունը ճակատին առած, Մարթան՝ թուրը ձեռքին, կանգնում է թուրքի դեմ դիմաց և մենամարտի է հրավիրում թուրք ավազակին:
Ամաչե՞ց թուրք փաշան, վախեցա՞վ հայ աղջկա ցասումնալից մարտահրավերից, թե՞ խոնարհվեց Մարթայի գեղեցկության առաջ, հայտնի չէր: Բայց հայտնի է, որ նա գլխիկոր, առանց հարկ վերցնելու դուրս է եկել Ղազարի տնից և իր բարբարոս թալանչիների հետ հեռացել Իշխնձորից…
Դրամատիկ պահերով լի է եղել Մորուք Կարոյի և Մարթայի ամուսնությունը:
Ղազարը խոստացել էր Մարթային կնության տալ գյուղի ռեսի տղային, չնայած խոսք-կապ չէր եղել: Մարթան չէր սիրում այդ տղային, չնայած հայրը պնդել էր. «Ես Իշխնձորի Ղազարն եմ, խոսքս գետին չեմ գցի»:


Մարթայի երազած ամուսինը պետք է լիներ քաջ, անողոք՝ բռնության դեմ: Պետք է վարժված լիներ զենքին, լիներ արդարամիտ, պաշտպանը լիներ կեղեքվող և օտարի լծի տակ տառապող իր ժողովրդի։ Այդ երազած երիտասարդը միջին հասակի, ժպտուն աչքերով, շեկ բեղերով անվախ ֆիդայի Մորուք Կարոն էր, նրանց սերը փոխադարձ էր:
Մարթայի գեղեցիկ դեմքը, նոճի ծառի պես բարակ մեջքը, քառասուն ճյուղ ծամերը, քաղցրանուշ ձայնը խելքահան էին արել Կարոյին: Նա խնամախոսության խնդրանքով դիմում է իր մանկության ընկերոջը՝ տեր Քաջի որդի Ադամին:
-Ադամ, քո մորաքրոջ աղջիկ Մարթան ինձ շանթահարեց, գնա Իշխնձոր, մորաքրոջդ ամուսին Ղազարին ասա, որ ֆիդայի Մորուք Կարոն աղջկադ ձեռքն է խնդրում:
-Կարո, Ղազարը քեզ աղջիկ չի տա, խոստացել է նրան տալ Իշխնձորի ռեսի որդուն:
-Մարթան համաձա՞յն է:
-Չէ, Կարո, համաձայն չէ, բայց ո՞վ է Մարթայի կարծիքը հաշվի առնողը, դու մեր օրենքները չգիտե՞ս:
Եվ Կարոն ճարահատյալ, Մարթայի համաձայնությունը ստանալուց հետո, փախցնում է նրան, և բարձրանում են իր սիրած Անդոկ լեռը:
Մորուք Կարոն հասել էր իր նպատակին, բազմապատկվել էին ուժն ու կորովը, Մարթայի հետ շրջում էր Սասնո լեռներում, երբեմն իջնում էին ցած, անցնում գյուղից գյուղ՝ բացի Իշխնձոր գյուղից:


Ի դեպ, շատերն են հետաքրքրվել, թե ինչո՞ւ են Կարոյին Մորուք կոչել, երբ նա մորուք չի ունեցել: Թիֆլիսում զենքի հայթայթման և ձեռքբերման ժամանակ, որպեսզի նմանվի տեղացիներին, մորուք է պահել, իսկ երբ վերադարձել է Սասուն, մորուքը սափրած չի եղել: Եվ հենց այդ պահից Կարոյին կոչել են Մորուք Կարո:
Շենիկցի առյուծասիրտ ֆիդայի Չոլոյի միջնորդությամբ, որը Մորուք Կարոյի մարտական անդավաճան ընկերն էր, Մարթայի հայր Ղազարը հաշտվեց Կարոյի հետ:
Այս հերոսական ամուսինների մարտական փառքի ուղին 1915-1916 թվականներին Անդոկ սարի բարձունքներում մի բուռ քաջերի հետ մղած հերոսական պայքարն էր, որտեղ Մորուք Կարոյի կողքին իր դիպուկ կրակոցներով աչքի է ընկել խիզախ Մարթան: Նա Կարոյի առաջարկով հագել է տղամարդու հագուստ, ուսին գցել է բերդանկա հրացան և ամուսնու հետ հավասար կռվել թուրքերի և քրդերի դեմ: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ Մարթան անվրեպ կրակոցներով վերահսկել է տարհանվող հայ բնակիչների ճանապարհի անվտանգությունը: Նա, գաղթականությանն ուղեկցելով, նրանց հետ կրելով նույն չարչարանքներն ու տանջանքները, Մորուք Կարոյի հետ, Անդրանիկի զորքի հետ մտել է Արևելյան Հայաստան: Հերոսուհի Մարթան Կարոյի հետ կողք կողքի մասնակցել է 1918 թ. մայիսի 5-ին Ներքին Թալինի բերդի գրավմանը և Սարդարապատի ճակատամարտին:
Մորուք Կարոն բնակություն հաստատեց Թալինի շրջանի Ահակչի (Զովասար) գյուղում, որի հարևանությամբ Ոսկեթաս գյուղում հաստատվել էր իր հավատարիմ մարտական ընկեր, առասպելական ֆիդայի Չոլոն:
Թվում էր, նոր պայմաններում նշանավոր ֆիդայիների կյանքը հանգիստ ու աշխատանքային ընթացք պետք է ունենար: Շատ ֆիդայիներ, այդ թվում` Չոլոն, Մորուք Կարոն և Մարթան, դժբախտաբար, մայր հողի վրա ևս հանգիստ չունեցան՝ հալածվելով բոլշևիկների կողմից:
Այդ անվերջանալի հալածանքներից ազատվելու համար Մորուք Կարոն, Պետո Ղազարի (Արծիվ Պետո) հետ 1930 թվականին անցնելով Մայր Արաքսը, բնակություն է հաստատում Պարսկաստանի Համադան քաղաքում:


Մորուք Կարոյի՝ Իրանում վարած ազգանպաստ գործունեությունը ներկայացնելու համար հարկ եմ համարում Աղանիկ Հեբոյանի 1998-ին հրատարակած «Մորուք Կարո (Հայ ընտանիքի իրապատում)» գրքից ամբողջովին մի հատված մեջբերել։
«1949 թ. գարնանը Արթիկից երկու անծանոթ մարդ էր եկել Ահակչի գյուղ՝ Մարթային տեսնելու:
-Մենք 1943 թվին ծառայում էինք Պարսկաստանում: 32 հայ բանակայիններիս Մորուք Կարոն վերցրել էր իր խնամակալության տակ: Նա Թավրիզ քաղաքի բարեգործական կոմիտեի նախագահն էր: Երբ զորացրվում էինք, Մորուք Կարոն այս ոսկե շղթան տվեց մեզ ու պատվիրեց հանձնել իր դուստր Լուսվարդին:
Մարթան հանգիստ վերցրեց ոսկե շղթան, համբուրեց: Տիրեց երկար լռություն: Ապա անհոգ տեսք ընդունելով՝ սկսեց ետ-առաջ քայլել՝ գեղեցիկ գլուխը բարձր պահած, հետո դիմեց շղթան բերողներին.
- Մորուք Կարոյի կինը շա՞տ էր գեղեցիկ:
- Ամուսնացած չէր, մենակ էր ապրում:
Ես առաջին անգամ Մարթայի վշտահար դեմքին ժպիտ տեսա:
Նորից համբուրեց շղթան, մոտեցավ Լուսվարդին ու իր ձեռքով ոսկյա շղթան կախեց իր մեծ աղջկա պարանոցին: Նորից դարձավ եկածներին՝ խեղդուկ ձայնով.
- Ես այդպես էլ գիտեի, որ Մորուքն ինձ չի դավաճանի, մենք Սուրբ Կարապետ վանքում երդում ենք տվել՝ մինչև մեր կյանքի վերջը հավատարիմ մնալ միմյանց, ես գիտեի, որ ֆիդայական երդում տված մարդը երբեք չի դրժի իր ամուսնական երդումը: Պատմեք, խնդրում եմ, մանրամասն պատմեք՝ ինչպե՞ս տեսաք նրան:


- Մեր գնդում 32 հայ էինք, ծառայում էինք Թավրիզ քաղաքում: Եթե ասեմ, որ լավ էինք սնվում, սխալ կլինի, բայց մի կերպ համակերպվում էինք ու շատ անգամ ձևացնում, թե իբր լավ ենք ապրում: Չէ՞ որ մենք սովետական զինվոր էինք: Հենց այդ օրերին էր, որ մի անծանոթ մարդ մեր գնդի հրամանատարին դիմել էր՝ գնդի բոլոր հայ զինվորների հետ ծանոթանալու խնդրանքով:
Մենք` 32 հայերս շարքով, կանգնեցինք անծանոթ մարդու առաջ՝ զինվորական ողջույն տալով: Այդպես էր կարգադրված մեզ: Հետո իմացանք, որ անծանոթը հոգալու է մեր բոլոր ծախսերը: Այդ մարդը Մորուք Կարոն էր: Ձեր այն հարցին՝ թե նա ոնց է ապրում, չափազանցություն չի լինի, որ ասենք՝ մեր ձիերին չամիչ էր կերցնում: Թե մեզ ոնց էր պահում, արդեն հասկանալի է: Հետո, 1943-ի գարնանը, զրկվեցինք մեր բարերարից:
Մարթան հանկարծակիի եկած՝ ձեռքը սեղմեց կրծքին:
-Մի վախեցիր, տիկին Մարթա, Մորուք Կարոն կենդանի է, ուղղակի ռեստորանում գնդակահարել էր մի անգլիացի սպայի, որը մասնակցել էր 26 կոմիսարների գնդակահարությանը, և այդ պատճառով հեռացել էր Թավրիզ քաղաքից, թե ո՞ւր էր գնացել՝ մենք չգիտեինք»:
Ըստ Կարո Սասունու պատմածի՝ այդ դեպքը պատահել է այսպես։
- Մորուքը Թավրիզում մի խումբ մարդկանց հետ նստել է ճաշելու: Սեղանի շուրջ եղել են երեք հայեր՝ Մորուք Կարոն, Պետո Ղազարը և Եղիազար անունով մի մարդ: Եղել են նաև երկու անգլիացի սպաներ և մի քանի պարսիկներ: Ճաշկերույթի ժամանակ խմում են այն սպայի կենացը, որն սպանել էր կոմունիստ Ստեփան Շահումյանին, իմանալով, որ Մորուքն ու Ղազարը փախել են կոմունիստների ձեռքից, որ նրանց ընտանիքները տանջվում են բոլշևիկների երկրում, նրանց թվում է, որ անգլիացի սպան ցանկալի ընկեր է բոլորի համար: Բոլորը խմում են նրա կենացը, վերջում Մորուք Կարոն է բարձրացնում բաժակը, դիմելով սպային, ասում է.
- Ես չեմ հավատում, որ դու իմ թշնամու սպանողն ես, խնդրում եմ՝ մանրամասն պատմիր:
Եվ սպան պատմում է.
-Ինչպես գիտեք, մենք կազմակերպեցինք 26 կոմիսարների սպանությունը, գիշերով տարանք ավազուտներ, առաջինը ես գնդակահարեցի Ստեփան Շահումյանին, հետո՝ մյուսներին…
Մորուք Կարոն հանում է ատրճանակը, զայրույթով դիմում անգլիացուն՝ ասելով. «Շան որդի, դու հայի դահիճ ես»,- և երկու գնդակ է արձակում Շահումյանին սպանողի ճակատին:
1972 թվականին Բեյրութից Հայաստան էր եկել Կարո Սասունին:
- Լաո,- դիմում է Մարթան Աղանիկ Հեբոյանին, որը Մորուք Կարոյի Օհան եղբոր տղան էր,- լսել եմ` Կարո Սասունին է եկել, կխնդրեմ ինձ տանես իր մոտ:
Այդ հանդիպումը և՛ սրտաճմլիկ էր, և՛ շատ զարմանալի:
Նկարագրեմ բառացիորեն.
- Բարև, եղբայր Կարո:
- Դո՞ւ ես, Մարթա:
Մարթան և Կարո Սասունին իրար չէին տեսել հիսուներկու տարի:
- Ես եմ, եղբայր, ինչպե՞ս է քո առողջությունը:
- Դո՞ւ ինչպես ես, Մարթա:
- Է, եղբայր Կարո, Մորուքի փախնելուց ընձի տանջեցին, մեկ տարի մնացի բանտի մեջ, դրանից հետո աքսորեցին, ունեցած-չունեցած բռնագրավեցին: Իմ մեղադրանքներից մեկն էն էր, որ ինձ ասում էին՝ Լենինական եղած ժամանակ դու Ալեքսանդրապոլի քաղաքագլուխ դաշնակցական Կարո Սասունուն յուղ ու պանիր ես տարել:
- Քանի՞ տարի աքսորեցին քեզ, Մարթա:
- Վեց տարի իմ էրեխեքի հետ մնացել եմ աքսորի մեջ:
Շատ կարճ տևեց Կարո Սասունու և Մարթայի հանդիպումը: Հետո պարզվեց, որ ՊԱԿ-ի աշխատակիցները քսանչորս ժամ ժամանակ էին տվել հայ ժողովրդի նվիրյալ զավակին՝ հեռանալու Հայաստանից:


1954 թվականին վախճանվել էր Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ-ն (Չորեքչյանը): Աշխարհի քրիստոնյա երկրներից պատգամավորներ էին եկել մասնակցելու հուղարկավորությանը: Եկել էին նաև հայ գաղթօջախների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Պարսկաստանից, որի պատվիրակներից մեկն իր կարծիքը հայտնում է այսպես.
- Համաձայն եմ, վեհափառի թաղումը արժանավորապես, պատշաճ կարգով կատարվեց, բայց դուք տեսնեիք Մորուք Կարոյի թաղումը…
Քաջ ֆիդայի Մորուք Կարոյի մահվան լուրը լսելով՝ մարդիկ հավաքվեցին բոթը հայտնողի շուրջը, և առաջացավ հարցերի տարափ:
Ե՞րբ մահացավ ժողովրդի նվիրյալը:
1949 թ. դեկտեմբերի 6-ին հավիտենապես փակեց իր աչքերը` սրտի շեշտակի կաթվածից:
Թաղումը կատարվել է դեկտեմբերի 7-ին` Համադան քաղաքի հայկական գերեզմանոցում:
- Ամուսնացե՞լ էր:
- Ոչ:
- Ո՞վ կազմակերպեց թաղումը:
- Դաշնակցությունը:
- Ո՞վ էր ղեկավարում թաղման արարողությունը:
- Կարո Սասունին:
- Քանի՞ երկրի պատվիրակություն էր մասնակցում թաղմանը:
- Բացի Հայաստանից՝ բոլոր երկրներից:
Մորուք Կարոն թաղված է Պարսկաստանի Համադան քաղաքի հայկական գերեզմանոցում, իսկ Մարթան՝ Թալինի շրջանի Ահակչի գյուղում:
Մեծ սիրո ուժով կապված, սակայն ճակատագրի դաժան հարվածով բաժանված Կարո և Մարթա… Ո՞վ պետք է Աստծո դատաստանի առջև պատասխան տա ձեզ բաժին հասած տառապալից կյանքի համար։
1993 թվականի սեպտեմբերի 16-ին Մորուք Կարոյի եղբայր Օհանի պատվախնդիր և երախտագետ որդի Աղանիկ Հեբոյանը, Մորուք Կարոյի մասունքի սափորը գրկած, դուրս եկավ Իրանի Թեհրան քաղաքից և ուղևորվեց դեպի Հայաստան:
1993 թվականի հոկտեմբերի 2-ին հայ ֆիդայիների հոգիները շրջում էին Թալինի շրջանի Զովասար գյուղի երկնակամարում, համակ ուշադրությամբ հետևում էին Մարթայի կողքին Մորուք Կարոյի թաղման արարողությանը և հանդերձյալ կյանքում նրանց միավորմանը։

Ռուբիկ ԹՈՎՄԱՍՅԱՆ
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու

Դիտվել է՝ 146682

Մեկնաբանություններ