Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Մեղավորությունը իմն է, կտավինն ու վրձնինը չէ»

«Մեղավորությունը իմն է, կտավինն ու վրձնինը չէ»
25.07.2017 | 10:42

Զրուցակիցս է գեղանկարիչ ՎԱՀԱԳՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ, Հայաստանի նկարիչների միության քարտուղարը, նախկին որսորդը, առհասարակ հետաքրքիր մի մարդ և ստեղծագործող: Նրա հետ խոսեցինք կերպարվեստից և բնությունից:

«ԵՍ ԳԻՏԱԿՑԵՑԻ, ՈՐ ՆԿԱՐԵԼԸ ՀՐԱՊՈՒՐԱՆՔ ՉԷ»


-Այս հարցն ինձ համար ավանդական է, և այն կուղղեմ նաև քեզ. հիշիր, խնդրում եմ, այն պահը, երբ գիտակցեցիր, որ նկարիչ ես դառնալու:
-Հավանաբար դպրոցում էր ճանապարհի ընտրության պահը: Որքան հիշում եմ՝ նկարել եմ միշտ և զգացել բանիմաց մարդկանց ուշադրությունը, որոնք խորհուրդ էին տալիս լրջորեն զբաղվել նկարչությամբ: Զբաղվեցի: Բայց մի օր եկավ, ու դուռս բախեց բախտորոշ ակնթարթը. կա՛մ պետք է ընդունվեի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, կա՛մ ավարտեի տասնամյակը և լքեի կերպարվեստը: Ես մեծացել եմ մանկավարժների ընտանիքում: Հայրս՝ Ռոբերտ Գալստյանը, աշխատում էր Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ֆիզկուլտուրայի ամբիոնում, սակայն ինձ համար կանխորոշում էր ճարտարապետի ապագա: Մայրս՝ Նազիկ Խանջյանը, կենսաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր էր և իմ ապագան վստահում էր իմ ընտրությանը: Բայց նկարիչը հաղթեց, և ընդունվեցի Թերլեմեզյանի անվան նշանավոր ուսումնարանը:
-Այնուամենայնիվ, այն աստեղային օրը և վայրը հիշիր, երբ առաջին անգամ նկարել ես:
-Առաջին նկարս հիշում եմ Թատերական հրապարակից, երբ մանկապարտեզի մանուկներիս տարել էին կավիճներով նկարելու: Հենրիկ Իգիթյանը, կավճանկարս տեսնելով, հորդորել էր ծնողներիս, որ ինձ իր ղեկավարած կենտրոնում ուսուցման բերեն: Սովորեցի այդ կենտրոնում, հետո սովորեցի Կոջոյանի անվան դպրոցում, Թերլեմեզյանն ավարտելուց հետո՝ Երևանի գեղարվեստի ակադեմիայում: Ամենուր գեղանկարչություն եմ սովորել:
-Երկրորդ հարցս ևս ավանդական է. հիշիր մանկավարժ-ուսուցիչներիդ, որոնց օգնությամբ քեզ ի վերուստ շնորհվածը վերածվեց մասնագիտության:
-Թերլեմեզյանում գծանկար էր դասավանդում գեղանկարիչ Հրայր Գրիգորյանը, իսկ գեղանկար էր ուսուցանում Ռազմիկ Հաջիկյանը: Ամենակարևորը՝ նրանք ինձ ուսուցանել են կերպարվեստի նկատմամբ մշտապես հանդես բերել պարտաճանաչություն և նվիրվածություն: Ես այն տարիներին գիտակցեցի, որ նկարելը հրապուրանք չէ, պետք է ապրել կերպարվեստով: Դա կյանքի գործ էր: Սա են նրանք իմ հոգում սերմանել: Գեղարվեստի ակադեմիայում ուսանել եմ Արամ Իսաբեկյանի կուրսում, Վոլոդյա Սահակյանի սանն եմ եղել, ավելի ավագ կուրսում դարձա Անատոլի Պապյանի արվեստանոցի սանը: Այնտեղ ուսանել եմ Անատոլի Պապյանի, Էդիկ Վարդանյանի և Արա Հովհաննիսյանի մոտ:

«ՆԵՐԿԱ ՍԵՐՈՒՆԴՆ ԱԶԱՏ ՏԱՐԵՐՔԻ ՍԵՐՈՒՆԴ Է»


-Քո ձեռագիրը տարբերվում է, և սա է, իմ համոզմամբ, նկարչի կայացման գրավականը:
-Ես կասեի՝ ոչ թե ձեռագիր, այլ ինքնություն: Եթե փորձում ես քայլ կատարել դեպի առաջ, ինքդ քեզ որոնելով, ապա ներաշխարհումդ պարփակված աստվածատուր հատիկը ծլարձակում է, քանի որ արվեստն ինքնին վերին շնորհ է: Սա կողքից դիտողի և հայեցողի համար գուցե կարող է համարվել ձեռագիր: Ինչո՛ւ եմ սա հատկանշում ոմանց մոտ. կան արհեստածին ձեռագրեր, ինչը, թերևս, անվանեմ ֆորմալիզմ: Բայց այս պարագայում բացակայում է ինքնության կնիքը:
-Վահագն, գործի բերումով հաճախ ես լինում նկարիչների միությունում, որտեղ բազում ցուցահանդեսներ են կազմակերպվում, որոնց մասնակցում են տակավին պատանի ստեղծագործողներ և իննսունամյա վարպետներ: Ինչպիսի՞ միտումներ կան արդի հայ կերպարվեստում: Հարցս, հասկանալի է, ենթադրում է համապարփակ վերլուծություն, սակայն այսօր բավարարվենք տեսակետիդ արտահայտմամբ:
-Այն, ինչ տեսնում եմ, ինձ շատ է հուսադրում, քանի որ մեր հետևից եկող սերունդը տաղանդավոր է: Տաղանդավոր՝ իրենց աստվածատուր շնորհքով, ներկա օրվան հարիր փնտրտուքով և ասելիքով: Սակայն այստեղ համեմատության խնդիր է ծագում: Իմ սերունդը դեռ խորհրդային տարիներին կյանք մտավ, հետո մեր առջև բացվեցին փակ վարագույրները, տեղեկատվական հոսքերը գրավեցին մեզ, և մենք դուրս եկանք լճացումից: Ներկա սերունդն ազատ տարերքի սերունդնէ, կաղապարված չէ, բայց... լճացման վտանգից պիտի խուսափի:
-Տարերք և լճացում, ինչ-որ չեմ կռահում խնդիրը:
-Խորհրդային տարիներին շնորհալի անհատը չէր լճանում, դեպի լույսն էր գնում՝ գտնելով ճշմարիտ ճանապարհը: Այսօր տեղեկատվական դաշտն ամբողջապես բաց է, այսինքն, հասանելի են և՛ դրականը, և՛ ստվերայինը, և՛ միջակ երևույթները, արդի երիտասարդ ստեղծագործողն ընտրության առջև է կանգնած, և երբեմն բավականին շնորհալի երիտասարդ նկարիչը տուրք է տալիս մակերեսայնությանը, շոուին: Եվ շեղվում է ճանապարհից:
-Նկարիչն այսօր ցավալիորեն անպաշտպան է: Համամի՞տ ես:
-Նկարիչն այսօր անպաշտպան է, ինչպես միշտ:
-Թույլ տուր չհամաձայնել: Խորհրդային շրջանում կերպարվեստագետները, ի դեմս Հայաստանի նկարիչների միության, գտնվում էին պետական հիմնավոր հոգածության ներքո: Ի մասնավորի, պետությունը պետպատվերի շրջանակում ապահովում էր նկարչի բարեկեցիկ կյանքը:
-Կենսապես՝ այո, գաղափարապես՝ ոչ այնքան:
-Այսօր նկարիչների միությունն ապրում է իր սուղ միջոցների հաշվին, հրաշալի ցուցահանդեսային համալիրում կազմակերպելով բազմաբնույթ ցուցահանդեսներ, վերականգնվում է Շորժայի հանրահայտ «Նկարիչ» ստեղծագործական տունը: Այս ամենը իրականանում է պետության անտարբերության և միության որոշ անդամների անհասկանալի խուլ դժգոհության պայմաններում: Այնուամենայնիվ, երիտասարդ սերունդը մշտապես ցանկանում է անդամագրվել ՀՆՄ-ին:
-Նկարիչը միշտ էլ ցանկացել է իր տեսակի միջավայրում հանգրվանել, ինչը միանգամայն բնական է: Դարեր առաջ նկարիչները ի մի էին գալիս այս ու այն արվեստանոցում: Այնուհետև, քաղաքակրթության զարգացմանը համընթաց, ձևավորվեցին միությունները: Առհասարակ, մարդկային տեսակին բնորոշ է իր միջավայրում ի մի գալն ու արտահայտվելը: Հիշենք թեկուզ միջնադարի համքարությունները:

«ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՍ ՈՐՈՆՈՒՄ ԵՄ ՄԱՐԴ ԱՐԱՐԱԾԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ»


-Քո արվեստանոցում ես փորձում եմ գտնել այն կարմիր գիծը, որը ժապավենում է ինքնությունդ: Այստեղ բնանկարներ են, ինքնադիմանկարներ և այլն: Բնաշխարհում ի՞նչն ես ինքդ հայտնաբերում, ի՞նչ խորհուրդ կա բնության անտեսանելի և անհայտ ծալքերում:
-Բնաշխարհում, բնապատկերում, ինչպես դասականներից մեկն է ասել, ես սիրում եմ մարդու բացակայությունը: Բնությունն ինքնին աստվածային երևույթ է և ես փորձում եմ շոշափել (գտնել) բնության ոչ տեսանելի, բայց մշտատրոփ տիեզերական զարկերակը: Դրա համար, կարծում եմ, անհրաժեշտ է, որ մարդն ինքը փորձի դառնալ բնության անբաժանելի մասը, ինչպիսին որ ստեղծել է նրան Արարիչը: Բնությունը միշտ գրկաբաց է մեզ ընդունում, և մեր մեղքն է, որ ոչ միշտ ենք արժանանում հավերժի հետ հաղորդակցվելու շնորհին:
-Մարդը բնության գրկում է, անբռնազբոս «գրկախառնվում» է նրա հետ, և արդեն իսկ տագնապալի է այս ամենը:
-Ժամանակին մարդիկ համահունչ են ապրել և ստեղծագործել բնության հետ, ինչի մասին փաստում են մեզ հասած բազմաթիվ պատմամշակութային կոթողներ:
-Հաճախ է բնությունը տարաբնույթ և անսպասելի տարերքների միջոցով պատժում մարդուն: Այսինքն՝ ուղղակի վրեժ է լուծում:
-Հաճախ բնությունն ստիպված ինքն է իրեն վերականգնում և կարծես ուղղում մարդկության սխալները: Բայց վստահ եմ, որ հնարավոր է և անհրաժեշտ է վերականգնել մարդ-բնություն ներդաշնակությունը, նրանց փոխառնչություններում գտնել ոսկի միջինը:
-Վերադառնանք նկարչությանդ: Գեղանկարչական գույներդ ավելի պաստելային են:
-Ես այլ կերպ կբնորոշեի՝ ներկապնակս մեղմ է: Եվ ահա այն, ինչը ցանկանում եմ հասցնել արվեստասերին, կարծում եմ, մասամբ ինձ հաջողվում է: Հենց նման գունապնակով:
-Կարողանում ես, անհոգ եղիր, քո կերպարվեստը «Մասիս-սիսային» չէ, և կարևորը հենց դա է: Վահագն, թույլ տուր դարձյալ հեռանալ կերպարվեստից և հիշել, որ եղել ես երդվյալ որսորդ: Հետո հանկարծ, խորհրդավոր մի օր, հրացանդ կախեցիր պատից:
-Որսի պահերին նկարում էի մտքում, ուղղակի մի օր, գուցե ենթագիտակցաբար, թողեցի որսորդությունը, զգացի, որ այլևս չեմ կարողանում վիրավոր թռչնին գետնից վերցնել, բնազդաբար չէի կամենում կենդանի արարածի կյանքը խլել, և հրացանս կախվեց պատից: Այսօր էլ բնության հետ շփումը, առանձնացումը ինձ համար չափազանց կարևոր են: Սակայն կան շփման տարբեր եղանակներ, մարդը պետք է նախ սեփական ներաշխարհում հասունանա, ձեռք բերի բնության հետ հաղորդակցվելու իմաստությունը և նոր միայն ներառվի բնաշխարհում: Ի վերջո, որսորդության շրջանում ես և ընկերներս որսագողեր չէինք, օրինավոր որսորդ էինք:
-Վերադառնանք արվեստանոց՝ Հրաչյա Քոչարի փողոց, թիվ 13 շենք: Շատ աշխատանքներ անավարտ են: Նրանք, կարծես, հասունացման փուլում են, ինչպես, ասենք, գինին կարասում կամ կոնյակը տակառում:
-Մեղավորությունն իմն է, կտավինն ու վրձնինը չէ: Հոգեվիճակս և բազմազբաղվածությունս հաճախ խանգարում են, որ ճիշտ պահին մոտենամ կտավին: Այնուամենայնիվ, կա մի խորհուրդ. ամեն նկար չէ, որ լույս աշխարհ է գալիս մի շնչով՝ անկախ նրա չափից և ասելիքից: Հաճախ ամառ ես սկսել նկարել, բայց այն ավարտում ես ձմռան ցրտի և մեգի տիրույթում, որովհետև ամռան կիզիչ հմայքը երբեմն շատ ավելի տեսանելի և հասանելի է հենց ձմռանը: Թերևս, նաև սա է գեղանկարչության անմեկնելի խորհուրդը:


Զրույցը՝
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 13320

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ