Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հաստատ է մի բան, որ ոչինչ հաստատ չէ

Հաստատ է մի բան,  որ ոչինչ հաստատ չէ
25.07.2017 | 10:46

Շարունակելով հավատարիմ մնալ նախորդ համարի առաջատար նյութի ոգուն՝ մեր կամքից անկախ նորից պիտի խոսենք փակվող տրանսֆերային պատուհանից, նորից խոսք պիտի լինի Նեյմարից, որի «Պարի Սեն Ժերմեն» տեղափոխվել-չտեղափոխվելուն հավատ կարելի է ընծայել տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո միայն:

Եվ, այնուամենայնիվ, ի՞նչ կլինի, եթե Նեյմարի 222-միլիոնանոց տրանսֆերը կայանա:
«Ես չեմ հավատում, որ դա կարող է տեղի ունենալ: Սակայն եթե այդ տեղափոխությունը, այնուամենայնիվ, լինի, ամեն ինչ կփոխվի»,- «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն:
Կլոպի ասած «ամեն ինչը» բառացիորեն էլ պիտի հասկանալ, քանզի մինչ այս հնարավոր տեղափոխությունը համաշխարհային ֆուտբոլում նման գումար չի վճարվել և ոչ մի մարզիկի համար, երկրորդ՝ այդ 222 միլիոնն առաջին հայացքից է ընդամենը 222 միլիոն, քանզի այն հրաժարիմքի գումարն է միայն ցուցանում, իսկ մարզիկին դեռ պիտի աշխատավա՜րձ վճարել (համաձայն համառապնդումների՝ ակումբի ու Նեյմարի միջև գործարքը կայացել է, և անգամ հայտնի է աշխատավարձի տարեկան չափը՝ 40 միլիոն), այդ աշխատավարձի համարժեքության չափով գումարի արտահո՜սք պիտի նախատեսել զանազան բոնուսների համար, երրորդ՝ սա նշանակում է ակումբի կողմից fair play-ի արհամարհում, ինչը դեռ պիտի կարողանալ մարսել և այլն, և այլն:
Եվ այնուամենայնիվ այդ ի՞նչն է, որ «Բարսելոնում» չի գոհացնում Նեյմարին:
Հասկանալի է, որ առաջարկվող նոր աշխատավարձաչափն անհամեմատ ավելին է, քան եղածը, սակայն առկա է խնդրի երկրորդ, ոչ պակաս ծանրակշիռ կողմը:
Խոսքը վերաբերում է մարզիկի ոչ թե լավագույններից մեկը, այլ լավագույնը լինելուն, իսկ քանի դեռ Մեսին իր այս զորությամբ ու ընկալելիությամբ «Բարսելոնում» է, Նեյմարը մնում է ու կմնա նրա ստվերում:


Տեղափոխվելով «Բարսելոնից» «Պարի Սեն Ժերմեն»՝ բրազիլացին կազատվի՞ այդ բեռից:
Իհարկե կազատվի:
Սակայն` մասամբ:
Բան չունենք ասելու՝ ՊՍԺ-ում կլինի թիվ մեկը, սակայն նրա երազանքների գագաթնակետը հազիվ թե չափվում է ֆրանսիական ակումբի թիվ մեկը լինելով, իսկ միայն այդպիսին չլինելու համար նրան դարձյալ կխանգարի այդ նույն արգենտինացին՝ էլ չենք խոսում Ռոնալդուի մասին, ով Նեյմարից ավելի վաղ էր սկսել տապակվել ու տապակվում Մեսիից ավելին լինելու գաղափարից:
Մեսիից ու Սուարեսից ավելի (չմոռանաք՝ մենք դեռ որ հարձակման օղակի տղաներից ենք խոսում) ֆրանսիական ակումբում Նեյմարին այդ ո՞վ կամ ովքե՞ր են ավելի օգնելու ավելի լավը դառնալու համար, իսկ եթե ավելի անկեղծ լինենք, այդ ո՞վ է ֆրանսիական ակումբում իր հարյուրտոկոսանոց գոլը Նեյմարի համար վերածելու գոլային փոխանցման, ինչպես դա «Բարսելոնում» մեծահոգաբար անում է Մեսին:


ՈՒրիշ բան, որ ասեք, թե «Պարի Սեն Ժերմենում» Նեյմարը շրջապատված կլինի ավելի մեծ թվով ազգակիցներով: Չմոռանանք, որ ՊՍԺ-ում են Տիագո Սիլվան, Մարկինիոսը, Լուկաս Մոուրան, նրանց վերջերս գումարված Դանի Ալվեսը: Ընդ որում` հիշյալները միայն պարզապես ազգակիցներ չեն, այլև երկրի ընտրանու մակարդակով թիմակիցներ:
Դառնանք Նեյմարին այլ ակումբի զիջելու խուչ ու խութերին:
Այն առաջին հերթին հզոր հարված կլինի «Բարսելոնի» ղեկավարության հեղինակությանը թեկուզև այն պատճառով, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանում չկա իր տաղանդով բրազիլացուն քիչ թե շատ համարժեք ֆուտբոլիստ, իսկ եղածներից ամենաաղմկալիցը Մադրիդի «Ռեալը» ներկայացրած Ալվարո Մորատան էր, որն արդեն «Չելսիում» է:
Հիմա կասեք՝ բա Մբապե՞ն:
Անցյալ մրցաշրջանի արդյունքով նա իրոք ներկայացավ որպես համաշխարհային ֆուտբոլի ամենահեռանկարային հայտ, սակայն տասնութամյա այս տակավին պատանյակին «Մոնակոն» բնավ էլ վաճառքի հանելու մտադրություն չունի: Ավելին, հենց նրա առանցքի շուրջ են թիմի սեփականատերերը տեսնում ապագայի «Մոնակոն»:
Դառնանք «Բարսելոնի» ղեկավարության սասանված հեղինակությանը:
Ոչ վաղ անցյալում Արդա Թուրանի, Անդրե Գոմեշի, Դենիս Սուարեսի, Լյուկ Դինիայի, Պակո Ալկասերի վրա ընդհանուր թվով 200 միլիոն վատնելուց ու սպասած հատույցը չստանալուց հետո իրավիճակ կարող էր փոխել Մարկո Վերատիին ու Պաուլինիոյին ձեռք բերելը՝ կատալոնյան ակումբի տրանսֆերային մերձակա երկու նպատակը, սակայն բանակցությունները մտել են փակուղի:


Այս հենքի վրա Նեյմարի անվան շուրջ ստեղծված աղմուկը կարող է ցավագին հարված լինել ակումբի ղեկավարության համար, ու նրան այս վիճակից ո՞վ կարող էր դուրս բերել, եթե ոչ նրա ամենամեծ հեղինակությունը: Ասում են, թե Լեոն Սուարեսի հետ բրազիլացուն բացատրել է ինչն ինչոց է, որ «Բարսելոնում» նրա համար բոլոր պայմաններն են ստեղծված լավ զգալու համար ու կարծես թե համաձայնության են եկել, սակայն օրեր առաջ միանգամայն անսպասելիորեն Մեսիի ինստագրամից հեռացվել են Նեյմարի հետ ունեցած նրա նկարները: Իհարկե, մեկ օր անց Պիկեն վկայել է, որ Նեյմարը մնում է «Բարսելոնում», սակայն չափազանց հեղհեղուկության պատճառով այս ամենին հավատ ընծայելն է դժվարանում: Ահա թե ինչու ենք նյութը վերնագրել այնպես, ինչպես կարդացիք թերթը բացելիս:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4392

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ