Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սխրանք ամռան տապին

Սխրանք ամռան տապին
28.07.2017 | 00:14

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիին, և նա ասել է. «Իսրայելը ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ»։ Ասել է՝ դա այցի հիմնական ուղերձն է։ Նրանք, պաշտոնական տեղեկատվությամբ, հանգամանալից անդրադարձել են երկկողմ օրակարգի տարբեր հարցերի, քննարկել հրատապ տարածաշրջանային և միջազգային խնդիրներ։ Բանակցությունների օրակարգում էին առևտրատնտեսական կապերի խթանմանն ուղղված քայլերը, զբոսաշրջության ներուժի լիարժեք օգտագործումը, մշակույթի, գիտության, կրթության ոլորտներում փոխշահավետ համագործակցության խորացումը: Ցախի Հանեգբին ներկայացրել է Իսրայելի մոտեցումները տարածաշրջանային զարգացումների շուրջ: Նրա խնդրանքով Նալբանդյանը անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Հանդիպումից հետո համաձայնագրեր են ստորագրվել: Թվում է՝ ԱԳ նախարարի շարքային հանդիպումներից է, իրականում հայ-իսրայելական հարաբերություններ չկան կամ գրեթե չկան:

Եղածն էլ տեղավորվում է հայ ուխտավորների Սուրբ հող այցերի ու Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, ավելի ճիշտ՝ չճանաչելու, ադրբեջանա-իսրայելական հարաբերություններից մեր նեղսրտության մեջ: Հայաստանը սերտ հարաբերվում է Իրանի ու արաբական աշխարհի պետությունների հետ, Իսրայելը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի, թվում է՝ այդքանով մեր թշնամու բարեկամը մեր բարեկամը չպիտի լինի: Փոխադարձաբար: Մինչդեռ հայ-իսրայելական 25-ամյա հարաբերությունները չկայանալու բուն պատճառ չունեն, որ կապված չէ երրորդ երկրների հետ: Իսրայելը Ադրբեջանին վաճառում է ժամանակակից զենքեր, որ կրակում են շփման գծում: Երբ ադրբեջանցիները «Սպայկ» հրթիռով շարքից հանել էին հայկական ՀՕՊ համալիրի մեքենաներից մեկը, Հայաստանից հնչող դժգոհությանը Իսրայելը պատասխանել էր՝ նույն զենքը առաջարկվել է նաև Հայաստանին: ՈՒ՝ ի՞նչ: Հայերս ունենք ամեն ինչին նույն պատասխանը՝ թանկ է, թեպետ շատ հաճախ բնավ այդպես չէ: Մենք անհույս կարծրացել ենք մեր արտաքին քաղաքական գերակայություններում: Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ կլիներ, եթե ցեղասպանության ճանաչմանն ուղղվող համալիր միջոցները սփյուռքում ու Հայաստանում ծառայեին Լեռնային Ղարաբաղին: Առաջին հայացքից է ազգադավ ու անհեթեթ առաջարկ: Աշխարհը վերջին հերթին է հիշում խնդրարկուներին: Հայաստանին պետք է ուժեղանալ, աշխարհում փոխել իր փոքր ու խնդրահարույց պետության իմիջը, որ ասոցացվում է ցեղասպանության ու Ղարաբաղի չլուծված հարցի հետ: Ի՞նչ ունի Հայաստանն աշխարհին առաջարկելու՝ այս հարցը առաջինը մեզ պետք է մտահոգի, որ կարողանանք դիմակայել աշխարհի՝ մեզ ներկայացվող պահանջներին: Չի կարող մեր թուլությունը մեր ուժը լինել անվերջ: Դա սխալ է, որից պետք է ազատվել հնարավորինս արագ: Իսրայելը, հազարամյակներ հետո վերականգնելով պետականությունը, ապացուցել է՝ հնարավոր է առանց բնական ռեսուրսների (միայն վերջերս են Միջերկրականում նավթ ու գազ հայտնաբերել), անապատում, ոչբարեկամական շրջապատում ուժեղ պետություն դառնալ: Հոլոքոստի ճանաչումն արտաքին քաղաքականության առանցքում չդնելով՝ հասնել ճանաչման: Ճիշտ է, Գերմանիան Թուրքիա չէ ու հայերն էլ հրեաների չափ փող չունեն, բայց հրեաները 2000 տարի իրար հրաժեշտ տալիս ասում էին՝ կհանդիպենք Երուսաղեմում, մենք ի՞նչ ենք ասում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. ՌԴ, ՈՒկրաինայի ու Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որ հուլիսի 20-ին Բաքվում դատապարտվեց 3 տարվա ազատազրկման, ոչ թե Ռուսաստանին, այլ Իսրայելին արտահանձնվելու խնդրանք է ներկայացրել: Սա՝ համենայն դեպս:

Դիտվել է՝ 5066

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ