Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Երբ կգա սեպտեմբերը

Երբ կգա սեպտեմբերը
28.07.2017 | 00:16

Կամաց-կամաց ամառը հեռանում է, մնաց մեկ ամիս, ու՝ «Բարև, աշուն»: Հին ու արատավոր ավանդույթով՝ լրագրողներս կսկսենք «թեժ»-ություն որոնել կամ հաղորդել աշնանը, բայց առանց մեզ էլ աշունը անակնկալներ է ունենալու: Իսկ թե՞ժ էին անցած ութ ամիսները: Հարաբերական: Ավելի շատ՝ սովորական: Եթե հպանցիկ ցուցակենք, առաջին տեղում խորհրդարանական ընտրություններն են, երկրորդում՝ Երևանի ավագանու, երրորդում՝ ԼՂ հարցը: Ընթացիկ իրադարձությունները ցուցակելը անիմաստ է՝ օրը մի գյուտ ունենում է: Քաղաքական քննարկումների առանցքը նույնն է՝ ո՞վ է լինելու 2018-ի ապրիլից հետո ՀՀ վարչապետը: Տարբերակները երեքն են՝ 1. Սերժ Սարգսյանը, 2. Կարեն Կարապետյանը, 3. Ոչ մեկը, ոչ մյուսը, երրորդը:


Նախագահն ու վարչապետը պահպանում են քաղաքական կոռեկտությունը (Կարեն Կարապետյանի պոռթկումը խորհրդարանում, թե ինքը Սերժ Սարգսյանին վարչապետ դառնալու համոզողների մեջ չէ, համարենք պահի թելադրանք), և ոչ մեկը չի պատրաստվում ժամանակից շուտ ինտրիգը սպանել: Դատելով նրանց գործունեությունից՝ հաշիվը, սակայն, հավասար չէ: Կարեն Կարապետյանը տանուլ է տալիս, ակնհայտ է, որ նա նշանակվելու է մեղավոր, իսկ Սերժ Սարգսյանը՝ փրկիչ: Պատահական չէ, որ նախագահը մեկնել է արձակուրդ, ԱԺ նախագահը՝ շուտով կմեկնի, վարչապետն աշխատում է ու աշխատում: Տաժանակրի պես: Իսկ արդյո՞ւնքը: ՀՀ վարչապետները բողոքում էին ու բողոքում են, որ կախարդական փայտիկ չունեն: Ճիշտ է: Կախարդական փայտիկը ներքին ստատուս քվոն է, որ արգելակում է տնտեսության շահերից բխող քայլեր անել, երբ այդ քայլերն ուղղվում են օլիգարխների դեմ: Օլիգարխները պաշտպանված են ներքին պայմանավորվածության ստատուս քվոյով, վարչապետը կամ պիտի ընդունի, կամ հրաժարական տա՝ այդպես եղել է և Կարեն Կարապետյանից առաջ: Նրա խնդիրը տնտեսության այն ճյուղերը զարգացնելն է, որը չի վտանգում օլիգարխների եկամուտները, իսկ իրականում սպանում է տնտեսությունն ու տնտեսության զարգացման հեռանկարը: Որևէ հեռանկար: Օրինակնե՞ր են պետք:
Կարեն Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումների վերաբերյալ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գծապատկերը՝ տնտեսության աճի վերաբերյալ:


ԱՎԾ-ի համաձայն՝ տնտեսությունն առաջին կիսամյակում գրանցել է 6,1 տոկոս ակտիվություն՝ վերջին 4 տարիներին ամենաբարձրը: Նախարարությունը հրապարակել է աճը, ԱՎԾ-ն՝ ինչ կա: Օրինակ՝ շինարարության ոլորտը 10 տոկոս անկում է ունեցել: Մինչդեռ շինարարությունը հընթացս արդյունաբերությունն է զարգացնում ու զբաղվածություն ապահովում (հարցրեք Ռոբերտ Քոչարյանին, նա շինարարության ու երկնիշ աճի մասին լավ գիտի): Արդյունաբերության աճը իրականում նշանակում է հանքանյութի արդյունահանման ու արտահանման աճ, Հայաստանում վաղուց հանքարդյունաբերությունը փոխարինել է արդյունաբերությանը: Քայլ չի արվում հանքանյութի փոխարեն պատրաստի ու ավելի թանկ արտադրանք արտահանելու համար: Կարո՞ղ է վարչապետը օրինակ բերել թեթև կամ քիմիական արդյունաբերության որևէ ձեռնարկության գործարկման մասին, որ աշխատատեղ է ստեղծել ու ժողովրդագրական վիճակ փոխել: Ներքին առևտրի շրջանառության 12,6 տոկոս աճն էլ տրանսֆերտների աճով է պայմանավորված, համենայն դեպս՝ աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացում չի եղել ու չի էլ լինելու: Տրանսֆերտների աճը տնտեսության համար ավելի շատ բացասական ազդեցություն ունի՝ ի՞նչ կարիք կա մարդկանց աշխատանքով ապահովել, երբ ազգականները դրսերում աշխատում-ուղարկում են, մարդիկ էլ լավ-վատ ապրում են: ԱՎԾ-ի համաձայն՝ անկում է ունեցել նաև գյուղատնտեսությունը:

Կարեն Կարապետյանը շրջում է մարզերում ու մարզպետներից չեմպիոն ծրագրեր ուզում, խոսում է պետական աջակցության և սպասվող ներդրումների մասին, հինգ րոպեում ապացուցում է, որ մարզպետներն ու համայնքապետերը դիլետանտ են, ու ի՞նչ: Նկատե՞լ եք, որ նա այլևս պաշտոնական լրատվության կենտրոնական դեմքը չէ՝ «կինոյի տղան» չէ, նույնիսկ սոցիոլոգները վարկանիշի անկում են գտել: Այո, կախարդական փայտիկ նրան չտրվեց, չէր էլ տրվելու, և ուրեմն նա իսկապես տեխնիկական վարչապետ է՝ նախընտրական ժամանակը նոր ոգով լցնելու, գաղջ մթնոլորտը դրայվով փոխելու համար: Նաև՝ պահեստային տարբերակ, եթե ինչ-որ օղակում կանխվի Սերժ Սարգսյանի վարչապետությունը, իբրև փոխարինող կազմ՝ Կարեն Կարապետյանը կա ու կա:
Իսկ Սերժ Սարգսյանը, որ հանգստանում է Բադեն Բադենում, կընդհատի արձակուրդն ու օգոստոսի 5-ին կմեկնի Թեհրան՝ Հասան Ռոհանիի երդմնակալությանը մասնակցելու: Դա, իհարկե, սխրանք է: Կարող էր Էդվարդ Նալբանդյանին ուղարկել, բայց անձամբ ներկա լինելով՝ հաստատում է, որ հայ-իրանական հարաբերություններին Հայաստանում առաջնահերթ նշանակություն են տալիս: Թեև դա ձևական է, իրական լիներ, Հայաստանը բովանդակային արձագանք կտար Թեհրանի տնտեսական առաջարկներին՝ էներգետիկ համագործակցությանը, Պարսից ծոցը Սև ծովին կապող տրանսպորտային միջանցքին, Արաքսի վրայի հէկի, Մեղրու ազատ տնտեսական գոտու, և այլն, և այլն: Թեհրանի հետ փոխհարաբերությունների օրակարգը Հայաստանը շարունակում է համաձայնեցնել Մոսկվայի հետ, իսկ Մոսկվան Իրանի հետ հարաբերություններում (բացառյալ Սիրիան) Թեհրանին ավելի շատ մրցակից, քան գործընկեր է տեսնում: Օբյեկտիվորեն, որ Հայաստանի համար սուբյեկտիվ գործոն է դառնում և արգելակ է մնալու՝ իշխանության ինքնիշխանության պակասի պատճառով:


Նոյեմբերին Եվրամիության հետ համագործակցության նախաստորագրված համաձայնագրի ստորագրումը լինելու է աշնան գլխավոր իրադարձություններից: Ի՞նչ կանի Մոսկվան այս անգամ: Երկրո՞րդ փորձը կձեռնարկի փակելու Հայաստանի Բրյուսելյան ճանապարհը: Թերևս ոչ: Եվ շնորհակալություն պետք է հայտնել ԱՄՆ Կոնգրեսին: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը 419 կողմ, 3 դեմ ձայներով հավանություն տվեց Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների օրինագծին, որով սահմանափակվում են պատժամիջոցները վերացնելու՝ նախագահի լիազորությունները: Եթե Դոնալդ Թրամփը ստորագրի օրինագիծը, ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավման վրա իր ձեռքով խաչ է դնելու, բայց հանրապետականների ու դեմոկրատների եզակի համերաշխությունը վկայող քվեարկությունը խիստ կաշկանդում է նրա գործողությունների ազատությունը: Նա հայտնվել է հերթական ծուղակում: Պատահական չէ, որ խոսվում էր նաև ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հավանական հրաժարականի մասին՝ Թիլերսոնը տարաձայնություններ ունի Թրամփի հետ ու դեմ է պատժամիջոցներին՝ ի՞նչ արտաքին քաղաքականություն վարի, երբ Կոնգրեսը իր ձեռքն է վերցնում այդ քաղաքականության հիմնական որոշումներն ընդունելու իրավունքը: Ռուսաստանը, բնականաբար, համարժեք է արձագանքել՝ ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը ասել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ընդլայնող օրինագիծը Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերությունները կարգավորելու հեռանկարները ոչնչացնող քայլ է: Եվ այդ քայլի առանցքում տնտեսության հիմնական ճյուղերն են՝ նավթագազայինից մինչև բանկեր: ԱՄՆ-ի պատժամիջոցները ՌԴ-ի դեմ այս անգամ դարձել են ԱՄՆ-ԵՄ հակասությունների պատճառ: Եվրահանձնաժողովը պատրաստ է արտակարգ քայլերի դիմել, եթե ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները վերաբերեն իր էներգետիկ անվտանգությանը: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ ԱՄՆ շահերը չեն կարող գերակա լինել Եվրոպայի էներգաանվտանգությունից: «ԱՄՆ-ում հավանության արժանացած օրինագիծը կարող է ունենալ չկանխատեսված միակողմանի հետևանքներ, որ կներգործեն ԵՄ-ի շահերի վրա էներգետիկ անվտանգության ոլորտում»՝ հայտարարել է Ժան Կլոդ Յունկերը: Եվրահանձնաժողովը որոշել է՝ եթե ԵՄ շահերը բավարար չափով հաշվի չառնվեն, համապատասխան միջոցներ են ձեռնարկվելու մի քանի օրում: Ի՞նչ միջոցներ: Պատժամիջոցնե՞ր: Եվրահանձնաժողովը տագնապի պատճառ ունի՝ պատժամիջոցները վտանգի տակ են դնում թե «Թուրքական հոսքի» շինարարությունը, թե «Գազպրոմի»՝ Բալթյան նախագիծը, որով «Գազպրոմը» պետք է 2020-ից Եվրոպա մատակարարի տարեկան 15 միլիոն տոննա հեղուկ գազ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագիծը իշխանություններին թույլ է տալիս պատժամիջոցներ սահմանել ցանկացած երկրի ներդրողների դեմ, որ կմասնակցեն ռուսական խողովակաշարերի կառուցմանը: Օրինագիծը փաստացի առաջ է մղում ԱՄՆ թերթաքարային գազի արտահանումը ԵՄ՝ սահմանափակելով ռուսական գազի սպառումը: Իսկ եվրոպացիները գիտեն հաշվել՝ ԱՄՆ գազի գինը գերազանցում է ռուսականը: Ստացվում է, որ ԱՄՆ-ը ԵՄ-ին էլ է պատերազմ հայտարարում և Հին աշխարհը դարձնում է Ռուսաստանի բնական դաշնակիցը էներգետիկայի հարցում: Այս պայմաններում հազիվ թե Մոսկվան փորձի Բրյուսելի հետ փխրուն հարաբերությունները վերստին վտանգել հանուն Հայաստանի, որ առանց այդ էլ չգիտի իրեն «ոչ» ասել:


Իսկ եթե գիտի, չի ասում: Օրինակ՝ Մոսկվան ոչ միայն Ադրբեջանին է զինում, այլև Թուրքիային է C-400 հրթիռային համակարգեր վաճառում, որի մասին հպարտորեն հայտարարում է Էրդողանը: ԱՄՆ-ը հայտնել է իր մտահոգությունը, նույնիսկ նշել, որ ՆԱՏՕ-ի սպառազինությունների հետ C-400-ները չեն համադրվում, ուրեմն Անկարայի ինչի՞ն են պետք: Իսկ Էրդողանը հակադարձել է, որ Հունաստանում վաղուց C-300-ներ կան ու ոչ մեկին չեն հետաքրքրել: «Չենք մեկնաբանում»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, երբ հարցրել են ռուսական C-400 համակարգերը Թուրքիային վաճառելու մասին: Պեսկովը կարող է չմեկնաբանել, բայց Հայաստանը չի կարող չհարցնել՝ և ինչո՞ւ: Համենայն դեպս՝ մշտապես ռուսական քարոզչությունն է պնդում, որ Գյումրու ռազմաբազան Հայաստանին պաշտպանում է թուրքական սպառնալիքից: Որքանո՞վ է պնդումը իրական, ապրիորի հարց է, բայց եթե կա սպառնալիք, ինչո՞ւ բազմապատկել: Նորից բիզնե՞ս: Ամռան չտրված հարցերը հաշվելու են աշնանը:


Ի դեպ՝ հակառուսական նոր պատժամիջոցները կարող են տարածվել և Ադրբեջանի վրա՝ Բաքու-Թբիլիսի-Էրզրում նախագծի, որտեղ մասնաբաժին ունի Ռուսաստանը։
Ադրբեջանի տնտեսական ներուժի թուլացումն ազդելու է Բաքվի սպառազինվելու կարողության վրա և սոցիալական լարվածություն է առաջացնելու: Բացի այդ՝ Բաքու-Թբիլիսի-Էրզրում նախագծի հայտնվելը ԱՄՆ «սև ցուցակում» հարվածում է Ադրբեջանի քաղաքական ու էներգետիկ հեղինակությանը, հերթական անգամ վկայելով Բաքվի անհուսալիությունը էներգետիկ ոլորտում որպես մշտական գործընկեր՝ հակառակ Իլհամ Ալիևի հավաստիացումների ու Ռուսաստանի հետ մրցակցության ջանքերի: Ահա այսպիսի ամառ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Մինչ հայերը Հայաստանում հեռակա պատերազմում են Վյաչեսլավ Վոլոդինի ստվերի հետ, Նուրսուլթան Նազարբաևը կիրիլիցայից անցնում է լատինատառ գրության: Ղազախստանը մինչև 2017-ի վերջը փոխելու է այբուբենը՝ սլավոնական կիրիլիցայից անցնելով լատինատառի: Նախագահի հրամանագրով՝ մինչև 2025-ը երկրում բոլոր հրապարակումները, փաստաթղթերը, փողոցների երթևեկության նշանների գրությունները պետք է փոխվեն լատինատառի: Համարվում է, որ ղազախները ձեռնարկում են իրենց լեզուն ու մշակույթը Ռուսաստանից տարանջատելու քայլեր, ո՞ր քայլով են ղազախերենը ընդունելու միակ պետական լեզու: Գուցե չարժի՞ ջանքեր գործադրել ԵԱՏՄ-ից դուրս գալու, ԵԱՏՄ-ն ինքն է իրենից հեռանում: Բարի աշուն ձեզ:

Դիտվել է՝ 9948

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ