«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ալի Լարիջանին ի՞նչ էր նախազգուշացրել Հայաստանի ղեկավարությանը 2017-ի հունիսին

Ալի Լարիջանին ի՞նչ էր նախազգուշացրել Հայաստանի ղեկավարությանը 2017-ի հունիսին
28.07.2017 | 00:11

2017 թվականի հունիսի 27-ին Սեուլում, Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների միջազգային 2-րդ խորհրդակցության շրջանակներում, որտեղ ներկայացված էին եվրոպական և ասիական 25 երկրներ, Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) ղեկավար Ալի Լարիջանին առանձնազրույցներ ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի իր պաշտոնակիցներ Արա Բաբլոյանի և Օգթայ Ասադովի հետ:

Ինչպես նշում են իրանական լրատվամիջոցները, հանդիպումները տեղի են ունեցել սեուլյան խորհրդակցության կուլիսներում, բայց, այդուամենայնիվ, պարոն Լարիջանիի խոսքերն իրանական աղբյուրները բավական մանրամասն են մեջբերում: Անմիջապես մեծ հետաքրքրություն է առաջացնում այն հանգամանքը, որ, ինչպես հաղորդում են իրանական լրատվամիջոցները (IRNA, MehrNews և այլն), իրանական Մեջլիսի խոսնակն անդրադարձել է այսպիսի մի հարցի. «Իսրայելի մասնակցությունը Ադրբեջանի և Հայաստանի վեճին» կամ «Իսրայելի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը»:

Իրանական աղբյուրները երկու հանդիպումն էլ լուսաբանել են, և եթե համադրելու լինենք, օրինակ, IRNA պետական գործակալության հաղորդագրությունները Լարիջանի-Բաբլոյան և Լարիջանի-Ասադով բանակցությունների մասին, ապա աչքի է զարնում այն փաստը, որ իրանցի խոսնակը Լեռնային Ղարաբաղի հարցում Իսրայելի մասնակցության (կամ՝ հնարավոր մասնակցության) մասին խոսել է միայն հայ պաշտոնակցի հետ: Ահա մեջբերումը. «Լարիջանիի խոսքով Ադրբեջանի և Հայաստանի վեճին Իսրայելի մասնակցությունը կարող է բացասական հետևանք ունենալ, իսկ չլուծված հարցերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով, առանց արտաքին միջամտության»:

Ասադովի հետ զրուցելիս, եթե դատելու լինենք IRNA-ի հաղորդագրությունից, իրանցի խոսնակը, կարծես, առհասարակ չի հիշատակել Իսրայելը: Այն ամենը, ինչ ասել է պարոն Լարիջանին, և ինչը գոնե հեռավոր կերպով վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, արտահայտված է մի ընդհանուր անորոշ նախադասությամբ.«Մատնանշելով, որ անվտանգության ասպարեզում երկու երկրների համագործակցությունը գտնվում է լավ մակարդակի վրա, Լարիջանին ասել է, որ Ադրբեջանը եղբայրական և բարեկամական երկիր է Իրանի համար, և հենց այդ պատճառով էլ Իրանի դռները բաց են համագործակցության համար»:


Իհարկե, Իրանի բարձրաստիճան քաղաքական գործիչը Բաբլոյանի ու Ասադովի հետ չէր հանդիպել, որ խոսեր միայն Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի հակամարտության, այդ հակամարտությանը Իսրայելի մասնակցության կամ տարածաշրջանային անվտանգության հարցերում Ադրբեջանի հետ համագործակցության մասին: Օրինակ, Իրանին հետաքրքրում են էներգետիկայի, գյուղատնտեսության, մաքսային գործի ու անվտանգության, Արաքս գետի համատեղ աղտազերծման և այլ ոլորտներում համագործակցության հարցերը: Բայց, միանգամայն հասկանալի պատճառով, և հենց տարածաշրջանային անվտանգության ոլորտում, կարծում եմ, միայն մենք չէ, որ առանձնացնում ենք Բաբլոյանի հետ զրույցում Լարիջանիի արած հայտարարությունը հենց Իսրայելի և «Ադրբեջանի ու Հայաստանի վեճին» նրա միջամտության վերաբերյալ: Չէ՞ որ վերջին 26 տարում առաջին անգամ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հայերի հակամարտության շուրջ ստեղծված իրադրությամբ կենսականորեն շահագրգռված պետություններից մեկը հրապարակայնորեն ասել է այն, ինչ հայ, արցախցի և ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների ներկայացուցիչների հետ իր շփումների ժամանակ ասել է կուլիսներում:


Մնում է պարզել, թե ինչու է հատկապես հիմա Իրանը խոսել այդ մասին հրապարակայնորեն և ինչու հենց Հայաստանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ: Լարիջանիների ընտանիքը մի շարք բազմափորձ քաղաքական գործիչներ է տվել. Ալի Արդաշիր Ամոլայի (Մեջլիսի խոսնակ) և Սադիք Արդաշիր Ամոլայի (այաթոլլահ, քաղգործիչ և Իրանի դատական համակարգի ներկա ղեկավար, ութ տարի եղել է ԻԻՀ-ի սահմանադրության պահապանների խորհրդի 12 անդամներից մեկը), ինչպես և մյուս եղբայրների անունները թնդում են Իրանով մեկ: Նրանց հայտարարությունները ոչ միայն Գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեիի տեսակետն են, այլև Իրանի բարձրագույն քաղաքական և մյուս վերնախավերի կարծիքը: Իրանի դասային հիերարխիական առաջնորդների այդ հզոր խավի համար Իսրայելն ու նրա քաղաքականությունը, ասենք, արաբական աշխարհում կամ Անդրկովկասում, լրջագույն նյարդայնացնող հանգամանք են: Սակայն 26 տարի Իրանը համբերատար լռում էր: Թեև, օրինակ, բուն Հայաստանում, որտեղ նույնպես նախընտրում են լռել տարածաշրջանային գործերում ու հակամարտություններում Իսրայելի ունեցած դերի մասին, մի խումբ փորձագետներ դեռ 1992 թ. գարնանը տագնապ էին հնչեցնում Ադրբեջանի հետ Արցախի հակամարտությանը Իսրայելի միջամտության կասկածների առնչությամբ: Հիշում եմ՝ այն ժամանակ մատնանշվում էր Իսրայելից «գյուղմասնագետների» Ադրբեջան կատարած այցի մասին հաղորդագրությունը, իբր, չգիտես ինչու, Արցախի հետ սահմանակից շրջաններում ու Նախիջևանում գյուղատնտեսական աշխատանքների իրականացման գործում օգնություն ցուցաբերելու համար: Դժվար է հավատալ, որ «Ադրբեջանի ու Հայաստանի վեճին» Իսրայելի մասնակցության թեմային Լարիջանիի անդրադարձը կապված է այն բանի հետ, որ հունիսի 27-ին Ստեփանակերտում էր գտնվում և այնտեղ ակտիվորեն շփվում էր, այդ թվում՝ լրատվամիջոցների հետ, ինչպես գրում էին Բաքվում, «ռուս-իսրայելական հրապարակախոս ու հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը»: Իրանի հատուկ ծառայությունները՝ ոչ միայն Անդրկովկասում տիրող իրադրության միանգամայն իրական տերերը, իհարկե, կարող էին Թեհրանի բարձրագույն ղեկավարությանը տեղյակ պահել այն մասին, որ իսրայելցին պատրաստվում է այցելելու ԼՂՀ: Սակայն, ինձ թվում է, պարոն Լարիջանիի կողմից արցախյան հարցում Իսրայելի գործոնի մասին շահագրգիռ հիշատակման իրական պատճառը պետք է մեկ այլ բան եղած լիներ:


Ընդունենք, թե իրանցիներին կարող էին անհանգստացնել մեկ այլ իսրայելցու՝ քաղաքագետ, Իսրայել-Հայաստան բարեկամության միջխորհրդարանական խմբի հիմնադիր և առաջին ղեկավար Ցինկերի որոշ արտահայտություններ: Լինելով Իսրայելի 15-րդ գումարման Կնեսետի պատգամավոր, Ցինկերը հունիսյան նույն օրերին Երևանում էր ու Հայաստան էր բերել մի խումբ իսրայելցի լրագրողների, նպատակ ունենալով նրանց ծանոթացնել հանրապետության տեսարժան վայրերին ու Իսրայելում պատմել դրանց մասին: Ցինկերն ազդարարել էր, որ հայ-իսրայելական հարաբերություններին նոր շունչ կհաղորդի հուլիսին Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի գլխավորած պատվիրակության այցը, միաժամանակ էլ քողազերծել էր Թել Ավիվի հետ Երևանի վարած որոշ բանակցություններ: «Ժամանակին Հայաստանին էլ էր առաջարկել որոշակի սարքավորումներ գնել, ինչին ի պատասխան պաշտպանության նախկին փոխնախարարն ասել էր, թե դրանք թանկ են և իրենց հարմար չեն: Խնդրեմ, մենք միշտ բաց ենք, եթե դուք որևէ բան եք ուզում»,- ասել է նա հունիսի 26-ին Sputnik-Հայաստան մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում, այսինքն՝ Էսկինի Ստեփանակերտ կատարած այցից մեկ օր առաջ:


Մյուս կողմից, մի տեսակ այնքան էլ հիմնավորված չի թվում, թե Իրանին անհանգստացրել են ինչ-որ «սարքավորում» մատակարարելու վերաբերյալ Հայաստանի ու Իսրայելի չկայացած պայմանավորվածության մասին Ցինկերի խոստովանությունները, երբ լայնորեն հայտնի են Իսրայելից Ադրբեջան ցանկացած արդիական զինատեսակի շարունակվող մատակարարումները, այդ թվում՝ հարձակողական, որոնց գումարը վաղուց անցել է երեք միլիարդ դոլարի սահմանը: Ի՜նչ երեք միլիարդ: Իսրայելական մի շարք աղբյուրներում կարելի է հանդիպել «հպանցիկ» ասված թվի՝ հինգ միլիարդ դոլար: Իսկ ահա 2016 թ. Արցախում ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կողմից իսրայելական անօդաչու թռչող սարքերի զանգվածային օգտագործման մասին, իմ կարծիքով, այսօր չգիտեն միայն նրանք, ովքեր առհասարակ չեն ուզում որևէ բան իմանալ Անդրկովկասում տեղ գտնող բոլոր հակամարտություններում Իսրայելի սադրիչ դերի մասին: Եթե մի քիչ լարենք մեր հիշողությունը, ապա կհիշենք Իսրայելի քաղաքացիների անձնագրերով վրացական ուժային նախարարներին, զինվորական հրահանգիչներին, անօդաչու սարքերը, որոնք գործում էին 2008 թ. օգոստոսին Հարավային Օսիայի դեմ վրացական ռազմական արկածախնդրության ժամանակ և դրա նախօրեին: Առավել ևս, որ չենք մոռացել նաև իսրայելական «Մոսադ» հատուկ ծառայության ղեկավար Յոսա Կոհենի անցած տարվա խոստովանությունը, որը, մեկնաբանելով վարչապետ Բենիամին Նեթանյահուի Ադրբեջան կատարած ուղևորությունը, ընդգծել էր, որ «Մոսադի» մի շարք փորձառու սպաներ Բաքվում են «ահաբեկչության, կրոնական ծայրահեղականության, հեղաշրջումների կանխման և բազմակողմանի տարածաշրջանային դաշինքների ստեղծման ասպարեզում Ադրբեջանի ԱԱՆ-ի հետ «Մոսադի» համագործակցության լայն ծրագրի շրջանակներում»:


Այդուամենայնիվ, դատելով IRNA գործակալության տարածած հաղորդագրություններից, ադրբեջանցի խոսնակ Ասադովի հետ հանդիպման ժամանակ նրա իրանցի պաշտոնակիցը ափսոսանք չի հայտնել «Իսրայելի մասնակցության» առթիվ, սակայն փոխարենը հարկ է համարել Հայաստանի խոսնակ Բաբլոյանին նախազգուշացնել ԼՂՀ-ի ինքնորոշման հարցին Իսրայելի միջամտության «բացասական հետևանքների» մասին: Վարկածները, իհարկե, շատ են. ի՞նչ է նախազգուշացրել Լարիջանին Բաբլոյանի միջոցով Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը: Չէ՞ որ Իրանում ավելի քան լավ գիտեն, որ Իսրայելն Ադրբեջանում ներկայացված է «մշտական հիմքի վրա», այդ թվում՝ հատուկ ծառայությունների աշխատակիցներով, հատուկ ջոկատայիններով և այլն: Ոչ հեռու անցյալում իրանա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մի շարք ողբերգական միջադեպերի (2010 թ., 2013 թ. և այլն) կապակցությամբ, որքան հիշում եմ, Իրանը Ադրբեջանին մեղադրում էր այն բանում, որ Իրանի քաղաքացիների ու սահմանապահների զոհվելու պատճառը իրանա-ադրբեջանական սահմանամերձ գոտում հենց իսրայելցիների և «այլ երրորդ երկրների» ներկայացուցիչների բազավորումն է: Բայց ամբողջ նախընթաց տարիներին Իրանը Հայաստանի հետ շփումների ժամանակ ոչ մի անգամ իսրայելական թեման չի շոշափել: Իսկ հիմա, ավաղ, Լարիջանիի նախազգուշացումները հարկադրաբար պետք է մեկնաբանել իբրև ինչ-որ «խափանման» առկայություն հայ-իրանական հարաբերություններում: Որովհետև, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանում իսրայելական ուժայինների առկայության և իրանցի սահմանապահների սպանություններին նրանց մասնակցության մասին Իրանի ունեցած հետախուզական բնույթի ճշգրիտ տեղեկություններն անգամ նույն Լարիջանիին չխանգարեցին Ադրբեջանն անվանելու «եղբայրական և բարեկամական երկիր Իրանի համար»:


Բայց վարկածներից մեկը հեշտ տեսանելի է: Գաղտնիք չէ, որ Իսրայելը ԱՄՆ-ի օգնությամբ տիտանական ջանքեր է գործադրում ստեղծելու նոր հակաիրանական դաշինքներ և իրանատյացության տարածման նոր նախագծեր է հրահրում: Եթե համաձայնելու լինենք ռուս հեղինակ Լև Գունինի և նրա «Կովկասը որպես իսրայելական տարածքի մաս» աշխատանքի մտքերին, ապա Վրաստանն ու Ադրբեջանը վաղուց արդեն իսրայելական հենակետեր են Անդրկովկասում, իսկ Ադրբեջանը նաև Իսրայելի համարյա կցորդն ու նրա հինգերորդ շարասյունն է Կովկասում: Սակայն Հայաստանը մի տեսակ «անմասն է» Կովկասյան ուղղությամբ նվաճողականության ընդհանուր (Իսրայելի համար) տրամաբանությունից: Բացի այդ, վերջին 26 տարիներին Հայաստանն ու Իրանը շեշտել և շեշտում են միմյանց շահերը փոխադարձաբար հարգելու մասին, էլ չեմ խոսում բազմահազարամյա քաղաքակրթական-մշակութաբանական կապերի մասին: ՈՒստի ներկա իսրայելական «դեսանտը» Երևանում ու Ստեփանակերտում, ինչպես և իսրայելցիների հուլիսյան այցը, բացառված չէ, կարող են լրջորեն անհանգստացնել Իրանին. չէ՞ որ ոչ ոք իրականում իրազեկ չէ բուն Իսրայելի ներսում իրանական հետախուզության հնարավորությունների մասին, թեև աշխարհն արդեն տարիներ ի վեր տեղյակ է, որ Պաղեստինի զավթված տարածքներում վերջին տարիներին հաջողվել է կազմավորել ընդհատակյա «Հըզբոլլահ» կուսակցություն: Իսկ դա իրանական որոշակի շրջանակների յուրօրինակ «ներկայության կնիք» է այնտեղ, որտեղ նման կազմակերպություններ են գործում: ՈՒստի և 2017 թ. Հայաստանի հանդեպ Իսրայելի հետաքրքրության ճշմարիտ ակունքների մասին, բացառված չէ, Իրանը կիմանա ուղղակի Թել Ավիվի իր սկզբնաղբյուրներից: Այստեղից էլ պաշտոնական Երևանին ուղղված նախազգուշացումը՝ խաղեր չտալ Իսրայելի հետ, այլապես «Ադրբեջանի և Հայաստանի վեճում բացասական հետևանքները» անխուսափելի կլինեն:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 11562

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ