Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Կան պաթոլոգիաներ, երբ մարդուն օգնելու համար նրա հետ պետք է աշխատեն երկու մասնագետ՝ հոգեբույժը և հոգեբանը»

«Կան պաթոլոգիաներ, երբ մարդուն օգնելու համար նրա հետ պետք է աշխատեն երկու մասնագետ՝ հոգեբույժը և հոգեբանը»
28.07.2017 | 09:36

Օրեր առաջ Երևանում դանակահարվել էր հայտնի հոգեբան Ռուբեն Պողոսյանը և հիվանդանոցում մահացել: Դեպքը տեղի է ունեցել «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում: Դանակահարողը բուժման նպատակով Պողոսյանին այցելող, հոգեբանական կամ հոգեկան խնդիրներ ունեցող տղամարդ է: Հոգեբանները նշում են, որ միջազգային պրակտիկայում նման դեպք չեն հիշում։ Թեմայի շուրջ զրուցում ենք հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ։

-Տիկին Նալչաջյան, միջազգային պրակտիկայում հանդիպո՞ւմ են դեպքեր, երբ այցելուն սպանում է հոգեբանին։
-Ինձ հայտնի չէ նման դեպք նույնիսկ միջազգային պրակտիկայում։ Կան պաթոլոգիաներ, որոնց դեպքում հոգեբանը նախ անզոր է, բացի այդ, նա կարող է նաև վտանգված լինել։ Հոգեբանները մեծ մասամբ աշխատում են ներքին խնդիրներ, կոնֆլիկտներ, նևրոզներ ունեցող անձանց հետ։ Իսկ նևրոտիկ խնդիրներ ունեցող անձինք ընդհանրապես նման հակվածություններ չեն ունենում։ Եթե նույնիսկ ագրեսիվությունը կուտակված է լինում, նման արտահայտություններ չեն լինում։ Եվ պատահական չէ, որ պրակտիկայում այցելուի կողմից հոգեբանին սպանելու դեպքեր հայտնի չեն։ Սակայն լինում են որոշակի պաթոլոգիաներ, երբ մարդուն օգնելու տեսակետից նպատակահարմար է և շատ արդյունավետ, երբ այցելուի հետ միաժամանակ աշխատում են երկու մասնագետ՝ հոգեբույժը և հոգեբանը։ Մենք՝ հոգեբաններս, բժիշկներ չենք, մենք գործ ունենք մարդկային տառապանքի հետ։ Մենք հոգեբանական առումով ենք աշխատում։ Դեղամիջոցներ, ինչ-ինչ պրոցեդուրաներ չենք նշանակում։ Մեր գործը մարդու թուլացած անձն ուժեղացնելն է, կայունացնելը, որ նա կարողանա առօրյա կյանքում ապրել, շփվել, ադապտացվել։ Հոգեբանը զառանցանքի, փսիխոտիկ լուրջ խնդիր ունեցողի հետ չպետք է աշխատի։ Մարդու հոգեկան աշխարհը հիվանդության բերումով երբեմն այն աստիճանի խեղաթյուրված է լինում, որ նա կարող է քեզ նայել և քո մեջ տեսնել հրեշի։ Մեզ դիմում են նման հարցերով։ Օրինակ, ինձ բազմիցս դիմել են խանդի զառանցանքով։ Ամուսիններն իրենց հարազատների հետ գալիս են, և ամուսինն ասում է՝ կնոջս տեսել եմ ընկերոջս հետ անկողնում։ ՈՒ նրան ոչ ոք չի կարողանում համոզել, որ նման բան չի եղել։ Մարդը հարցնում է՝ ես իմ աչքերի՞ն հավատամ, թե՞ մարդկանց խոսքերին։ Ամուսնու մայրը, քույրը վստահեցնում են՝ չկա նման բան, բայց մարդն ասում է, թե աչքով է տեսել։ Այսինքն՝ այդ մարդը սխալ չի ասում, պարզապես նա ունի հալյուցինացիա, զառանցական մտքեր, և այդ ճշմարտության մեջ է ապրում։ Դա իր համար ճշմարտություն է։ Նման դեպքերում մարդը դառնում է վտանգավոր շրջապատի համար, որովհետև չգիտես՝ նա ինչ զառանցական միտք ու մտապատկեր կունենա՞։ Հավանաբար այստեղ ինչ-որ զառանցանք է առկա եղել։ Չեմ կարծում, թե ադեկվատ գնահատական է տրված եղել պարոն Պողոսյանին։ Ընդհանուր առմամբ, չի բացառվում, որ հոգեբանը անտակտ վերաբերվի մարդուն, վերջինս էլ ինչ-որ ագրեսիվ քայլեր անի։ Բայց պարոն Պողոսյանը մեղմության մարմնացում էր, նա երբեք չէր կարող մարդուն այնպիսի վիճակի մեջ դնել, որ նա նյարդայնանար։
-Այցելուն մի քանի տարի հաճախել է պարոն Պողոսյանին։ Սա նշանակում է, որ նա գոհ է եղել հոգեբանից։
-Եթե այցելուն վերադառնում է, նշանակում է՝ հոգեբանից ինչ-որ բան ստանում է։ Հոգեբանական աշխատանքը մի քիչ ուրիշ է. մարդն իր ցանկությամբ է գնում մասնագետի մոտ, իր ներքին մղումով է գալիս։ Երկու-երեք տարի այդ այցելուն հաճախել է և եթե նման վարքագիծ դրսևորած լիներ, կարծում եմ՝ պարոն Պողոսյանը կսթափվեր, կզգուշանար։ Այստեղ հանելուկները շատ են, և լուրջ գնահատական տալու համար պետք է դեպքին քաջատեղյակ լինել։ Ցավում եմ, որ տեղի ունեցավ այս ողբերգությունը։
-Իսկ հոգեբան-այցելու հարաբերությունները որևէ կերպ կանոնակարգվո՞ւմ են։
-Սա շատ ինտիմ ոլորտ է։ Նույնիսկ մենք՝ հոգեբաններս, մանավանդ հոգեվերլուծողները, գիտենք, որ ինչ-որ պահի այցելուն կարող է ագրեսիվ դառնալ։ Հոգեբան-այցելու հարաբերությունները շատ փակ-գաղտնի հարաբերություններ են, որովհետև քո առջև նստած է մարդ, ով բացում է իր հոգու խորքերը, իր տառապանքները, այնպիսի անկյուններ, որոնք երբևէ որևէ մեկին ցույց չի տվել։ Գաղտնիության մթնոլորտ է։ Հոգեբանը ոսկե օրենք ունի՝ գաղտնի պահել այն ամբողջ ինֆորմացիան, որ քեզ տալիս է այցելուն։ Իսկ եթե հիվանդ է մարդը, մեր առաջին պարտքն է մարդուն ուղարկել հոգեբույժի մոտ։


Զրուցեց
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 5020

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ