USD481.93
EUR569.16
RUB8.37
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Դեպի շնորհապետական Հայաստան

Դեպի շնորհապետական Հայաստան
28.07.2017 | 09:47

ՆԱԽԵՐԳ


Օգոստոսը դեղին-կարմիր հուր է հեղելու երկրի վրա։ Բայց վստահեցնում են, որ երբեմն պաղ անձրևներ կտեղան, ամպրոպներ կորոտան, և այս ամենը համաձայնեցված է հանրապետության իշխանության հետ։ Երկիրը պատրաստվում է թեժ ամռան ավարտական ամիսը դիմավորելու և ճանապարհելու ահա այսպես` իշխանախումբն ու նրանց մերձ շքախմբերը օգոստոսը կվայելեն Երկիր մոլորակի ամենաթանկ շոգեբաղնիքներում, մյուսները` հայ հանրության ազնվական (այսինքն` քաղաքացիական) հատվածը, սեփական տանիքի վրա տեղակայված խորհրդային արտադրության լոգարաններում։ Եվ սա էլ է համաձայնեցված իշխանության հետ։
Ընթերցողս, իհարկե, կռահեց, որ երկիրը երկփեղկված է, այն ահռելի մի վահան է, որն ունի երես և դարձերես։ Մի երեսին քրեաօլիգարխն է, մյուսին` անապահով ընտանիքի միակ ապավեն սահմանապահ զինվորը։ Մի երեսին հեծյալ-իմաստուն հովիվն է, իսկ մյուսին` օծյալ-սրիկա քաղդուրսպրծուկը։ Նմանապես` մի երեսի վրա մանկավարժն է լուսամփոփի ճրագացոլք լույսի ներքո աշակերտի գիրը շտկում, իսկ մյուսին պետական շահի պաշտպան պետծառայողն է պետբյուջեի միջոցները սիրահոժար ճարակում։


Այսպիսով, երկրում գաղափարական մրցավազք է` կարմիր, կապույտ, նարնջագույն շորորավարգ և եռագույն հպարտություն։ Եվ ահա ես` ծառան ձեր հեզ, հոգեկան բերկրանքի մեջ եմ, զի երկիրը տքնում և տնքում է կեղեքիչ անարդարությունից, այնինչ վերնադասում տքնում են գողոնի ծանր բեռը տեղաշարժելիս և տնքում են` իրենց պատուհասող փորձանքից, ինչպես մարսել հերթական գողոնը, կրկին դղյա՞կ կառուցել մայր հայրենիքում, թե, այնուամենայնիվ, հայրենապաշտական դարդերը քամուն տալ, ասենք, հայրենական խաղատներում, կամ էլ Փարիզի հասարակաց տներում։ Իսկ սահմանապահ-ապավեն զինվորը, հեծյալ-իմաստուն հովիվը և, ի վերջո` ճրագացոլք մանկավարժը, թեպետ կիսաշունչ, սակայն արժանապատվորեն են կրում երկրի խաչը։ Իրենց խաչը։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹՈՒՆԴ ԽՈՒՄԱՐ


Կարծես թե ՌԴ-ում միապետական հողմ է ծագում։
Կասկածո՞ւմ եք, իզուր։ Ահա թե ինչ մեկնաբանությամբ է վերջերս հանդես եկել «Литературная газета» համառուսական գրական և հասարակական-քաղաքական թերթում հրապարակախոս Իլյա Պոժիդաևը. «Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոնը հայտարարել է եկեղեցու պատրաստակամությունը մասնակցելու միապետության վերականգնմանը նվիրված բանավեճին»։ Մի քանի դատողություններ կատարելով` նա ավարտում է նյութը հետևյալ անսովոր եզրահանգմամբ. «Կարելի է հնարավորինս հեգնել, սակայն ռուսական ուղղափառ եկեղեցու ղեկավարներն ամենևին հիմարներ չեն, հակառակ պարագայում համակարգը չէր գոյատևի 1000 տարուց ավելի, և այժմ այն կարծես թե չի ծրագրում մահանալ։ Այս տղաները գիտեն, թե որտեղից է փչում քամին, և այժմ հասկանալի է, որ զգում են` Պուտինը Ռուսաստանի Ֆեդերացիայի ցարն է։ Իսկ ինչ կա որ, ըստ իս, վատ չէ»։

Մի խոսքով, ուղղափառ Ռուսիայում միապետական հողմ է ծագում, իսկ ՀՀ-ում քաղաքական փասիանսը բացվում-գոցվում է ոմանց թունդ խումարի պահին։ Այսպես, ՀՀ նախագահը շատ պարզորոշ հայտարարեց հետևյալը. «Ես բազմաթիվ անգամ անկեղծորեն ասել եմ` ես երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը։ Իհարկե, անձերից շատ բան է կախված, բայց Հայաստանն արդեն անձնակենտրոն իշխանություն չունի։ Կարծում եմ` դա մեր ժողովրդի վաստակն է»։ Սակայն որոշ քծնասպետներ օրնիբուն ձոներգեր են հղում 3-րդ հանրապետության 3-րդ նախագահի անվերապահ վարչապետությանը, իրենց էլ, մեզ էլ և, վերջապես, երկիրն էլ խցկելով անձնակենտրոն իշխանության փակուղին։


Սակայն հավատացեք, որ բնավ էլ կարևոր չէ` մենք ապրում ենք հանրապետությունո՞ւմ, կրոնապետությունո՞ւմ, թե՞ անգամ միապետությունում։ Շատ ավելի էական է, որ երկրում իշխի շնորհապետական կարգը։ Թեկուզ և այն լինի միապետություն։
Շնորհապետությունում բարեկեցիկ ապրում և համաժողովրդական հարգանք են վայելում բացառապես նրանք, ովքեր յուրյանց շնորհալի ներդրմամբ շենացնում են երկիրը։ Օրինակ, տաղանդաշատ գիտնականները, նկարիչները, արտադրողներն ու մարզիկները և «Իրատեսի» նվիրյալ ընթերցողները, այլ կերպ ասած` քարից հաց քամողները։
Այնպես որ, հենց այսօր ազգային և հանրային գործիչները, ՀՀԿ-ն և այլք պետք է հայկազյան շնորհապետության ստեղծման հունդերը ցանեն։ Այնինչ, այսօր ազգի և հանրության որոշ երևելիներ ցնորապետական ամրոցներ են կառուցում, դառնալով նշյալ ամրոցի պարետը, և մեզ էլ հրավիրում են մշտական բնակության։

Քաղաքական խումարից այդպես էլ չի ձերբազատվում նախկին քաղաքական զրահագնաց, այժմ ընդամենը Հանրային խորհրդի մի ճգնակյաց անդամ, տիար Սադոյանը Արշակ, որը նախընտրում է դեպքից դեպք արշակավարի ալեկոծել հանրային միտքը։ Նա վերջերս հռչակագրեց ազգափրկիչ մի նախագիծ. ձևավորել ազգային խորհրդարան (թվով 80 անձ) սփյուռքի և Հայաստանի առաջադեմ ուժերով և երկիրը դուրս բերել դարակազմիկ ճգնաժամից։ Ներող եղիր, տիար Սադոյան, բայց կարծես թե կամա-ակամա հայաստանաբնակ հայությանը դուրս ես մղում իր կամքով ներհայաստանյան իրավիճակը շտկելու տեսլականից, այն է` քաղաքացիական հասարակության ձևավորումից։ Ինչ պետք է անի սփյուռքահայաստանյան ազգային խորհրդարանը. պետք է վերացնի օլիգարխիկ համակա՞րգը, արմատապես պիտի բնաջնջի երկրի երկրորդ գլխավոր չարիք բյուրոկրատական ապարա՞տը։ Խիստ կասկածելի է։ Ընդամենը այն կարող է լացակումած հորդորել ներկա ԱԺ-ին ապրել մարդավայել և ծառայել համայն հայությանն ու հայ հանրությանը։ Հնարավո՞ր է հորդորանքով դարձի բերել ներկա քաղաքական մտքի քրմապետ տիար Գալուստին Սահակյան, ում համոզմամբ ՀՀԿ-ն պետք է իշխի ՀՀ-ում մինչև 2040 թվականը։ Ի դեպ, ՀՀԿ-ին և անձամբ իրեն հայոց պատմության ալֆան և օմեգան համարող արգո Գալուստը 2040-ին կլինի 94 տարեկան։ Մի խոսքով, խումարաթողության ճիշտ ժամանակն է։

ԿԻԿՈՍԻ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆԸ


Նախորդ գիշեր հողմաղացը քուն մտավ Թումանյանի թանգարանի դարպասի տակ։ Երազում նրան այցի եկավ Ամենայն հայոց բանաստեղծն ու իմաստունը և մատնանշեց մեր փրկության ճանապարհը։ Դա գաղտնիք է, սակայն այսօր այն առիթ է, որ ահա ես` ձեր ծառան հեզ, հրովարտակեմ` վերջապես ընկալենք մեծն Օհանեսի խոսքի խորքային իմաստը, չէ՞ որ նա ողբում էր հայկական պետականության պարբերական կորուստները... հայկազուններիս անհեռատես անբանության պատճառով։ Իմ նախընտրած թումանյանական հրաշքներից է ծրագրային «Կիկոսի մահը», որի վերջաբանը պետք է ընթերցվի ՀՀ կառավարության յուրաքանչյուր նիստից առաջ և հետո. «Սրանց միջի խելոքը հերն է լինում։ Ասում է.
-Ա՛յ հիմարներ, ի՞նչ եք նստել էստեղ ու սուգ եք անում։ Ինչքան էլ սուգ անեք, ինչքան էլ լաց ըլեք, հո Կիկոսն էլ կենդանանալու չի։ Վեր կացեք, եկեք գնանք մեր տունը, մարդ կանչենք, ժամ ու պատարագ անենք, Կիկոսի քելեխը տանք, լացով ի՞նչ պետք է անենք։ Աշխարհքի կարգ է, ինչպես եկել է, էնպես էլ պետք է գնա։
Դու մի՛ ասիլ` սրանց ունեցած-չունեցած չորսոտանին մի եզն է լինում, ունեցած փոշին էլ մի քթոց ալյուր։

Գալիս են էս եզը մորթում, էս մի քթոց ալյուրն էլ հաց թխում, ժողովուրդ են կանչում, ժամ ու պատարագ են անում, Կիկոսի քելեխն ուտեցնում, որ նոր հանգստանում են»։
Նախորդ աշնանը հողմաղացը լավատեսական հողմեր աղաց ի զորակցում նորընծա վարչապետ Կարեն Կարապետյանի` այս վերտառությամբ` «Կամ հավատալ վարչապետին, կամ սպասել երկնային մանանայի»։ Ինքս, որպես երդվյալ լավատես, նախ հավատացի վարչապետին, այնուհետև նույն լավատեսությամբ համալրեցի երկնային մանանայի սպասողների շարքերը։ Զի նախորդ աշնանը կարապետյանական կառավարությունը պատերազմ (թեկուզ և թավշյա) հայտարարեց երկրի մենաշնորհական կայսրությանը (յուրաքանչյուր պատերազմում կամ հաղթում են, կամ էլ պարտվում, ոչ-ոքիներ այստեղ չկան)։ Եվ ահա նշյալ թավշյա պատերազմի շաքարանուշային հետքերն այնքան գրավիչ են, որ ցանկանում եմ ներկայացնել ձեզ։ Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն` շաքարավազային մենաշնորհը կազմաքանդված է, մեկի փոխարեն այսօր ուղիղ 20 ընկերություն է շաքարավազ ներկրում։ Սակայն շաքարավազի գինը մնում է իր անպարտ մենաշնորհային դիրքերում` 410 դրամ։ Ի դեպ, սահմանակից Վրաստանում այն ճիշտ 310 դրամ է։


Հայ հանրությանն ու համայն հայությանը քաջ հայտնի է, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքը շաքարավազային գերմենաշնորհատեր Սամվել Ալեքսանյանի բնօրրանն է։ Համայնքի կենտրոնական Սեբաստիա փողոցում մի հսկա գովազդային վահանակ է տեղադրված, ի նվիրումն անկախ պետականության հաստատման 25-ամյակի, վրան էլ պատկերված երկաթուղային 3 վագոն` կարմիր վագոն, կապույտ վագոն և, ինչ խոսք` նարնջագույն վագոն։ Գլխի ընկա, որ այս եռագույն վագոնները խորհրդանշում են հակամենաշնորհված շաքարավազի հաղթական մուտքը Հայաստան։ Մի բան, որ հաստատվում է վահանակի ներքևի մասում եղած հռչակագրային մակագրությամբ` «Եռագույն հպարտություն»։ Եվ ահա հոգիդ ուղղակի պարուրվում է եռագույն հպարտությամբ, զի ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի գործակալությունների համատեղ զեկույցը հստակ մատնանշում է, որ 3-րդ հանրապետության 10 երեխայից 1-ը թերաճ է, 4-ը` խիստ թերաճ։ Այս թերաճ մանուկները գլխավորապես գոյատևում են ՀՀ սահմանամերձ համայնքներում և Կումայրի-Գյումրի սրբատաշ քաղաքի վագոն-տնակներում։


ՎԵՐՋԵՐԳ


Այնուամենայնիվ, լավատեսորեն տրամադրվենք հանգստի, զի երկնային մանանան հեղեղվում-թափվում է հակաշնորհված մեր սուրբ երկրի վրա, սակայն մեր ոգեղենիկ ղեկավարությունը դա անտեսում է։ Բայց ահա հողմաղացը ձեռք է մեկնում ոգեղենիկներին և ներկայացնում է երկրի փրկության բանալին, այն է` ՀՀ-ն հայտարարել գերսուր զգացողությունների զբոսաշրջային Մեքքա և հսկայական գումարներ վաստակել և փրկել երկիրը։ Այսպես, վաղ առավոտյան զբոսաշրջիկները ժամանում են Հայաստան, ուշի ուշով ծանոթանում են վարչական ապարատի մեկօրյա ծախսերին, որից հետո ռազմական ուղղաթիռներով հասնում են մշտական կրակահերթի ներքո եռագույն հպարտությունն անտրտունջ կրող սահմանամերձ գյուղ, ծանոթանում գյուղաբնակ ընտանիքի հետ և վայելում ընտանիքի վերջին բաղարջը։ Զբոսաշրջիկների մյուս գումարտակը կեսգիշերին ուղևորվում է Կումայրի-Գյումրի, լուսաբացից առաջ վայելում է Արփաչայի ձկան արծաթագույն ձկնկիթը, շրջում է քաղաքի պատմական կենտրոնում, լուսանկարվում է Պոլոզ Մուկուչի հուշարձանի հետ և զգացողությունների գերագույն պրկման նպատակով 1 շաբաթ ապրում է նշանավոր «Սոֆիկի բաղեր» ավանի վագոն-տնակներում։ Հավատացեք, ամիսը մեկ անգամ Հայաստան կժամանի առնվազն 10 մլն գերսուր զգացողությունների սիրահար զբոսաշրջիկ, և երկրի պետբյուջեն կհարյուրապատկվի։ Եվ վերջապես, Հայաստանում կհաստատվի շնորհապետական կարգը։ Ամեն։
Զինչեր ցուցանեցին առակներն այս Աստծո գառներին և մոլորյալներին։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 11875

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ