ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Նա հայրենիքի զինվորն է թե՛ մարտադաշտում, թե՛ աշխատավայրում

Նա հայրենիքի զինվորն է թե՛ մարտադաշտում, թե՛ աշխատավայրում
28.07.2017 | 09:57

Գեներալ-մայոր ԱՇՈՏ ՍԵԴՐԱԿԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հուշագրության վերջին էջը փակելուց հետո ընթերցողի մեջ ակամայից հարց է առաջանում. ի՞նչ է սա՝ անձի՞, բանակի՞, թե՞ մի ամբողջ երկրի և ժողովրդի վերջին քառորդդարյա կենսագրությունից հատված: Մեկ հոգու անցած կյանքի ուղու պատմության մեջ՝ փաստերի վկայակոչման, դրանց վերլուծության և հեղինակի մտորումների ամբողջական համապատկերում խաչվում և զուգահեռվում են մեր պատմության կարևորագույն իրադարձությունները, ի վերջո, հեղինակի անցած ուղու պատկերմամբ որոշակի պատկերացում տալով Հայաստանի Հանրապետության, Հայոց ազգային բանակի ձևավորման և կայացման, արցախյան ազատագրական պատերազմի մասին: Այս առումով անձի մարդկային ճակատագրի պատկերումը, ասես, իր տեղն է զիջում ծավալվող իրադարձություններին, դրանց հեղինակային ընկալումներին և մեկնաբանությանը՝ ըստ կարևորության:

Այս գիրքը կարող էր շատ ավելի ծավալուն լինել: Գեներալի հուշերը կարող են հատորներ կազմել, այնքան հարուստ և գերհագեցած են նրա կյանքն ու գործունեությունը, սակայն նա գերադասել է հնարավորինս չմանրամասնել փաստերն ու իրադարձությունները` նախապատվությունը տալով ժամանակի ամենաէական շեշտադրումներին, դրանց բարոյահոգեբանական ազդեցությանն ու հետևանքներին իր մտորումները, զգացողությունները և պատկերացումները տարբեր երևույթների նկատմամբ, որոնցում առանցքային դերակատար է եղել ինքը: Այս գրքից դուրս կարող են ծնվել բազմաթիվ գրքեր, որոնցից յուրաքանչյուրի պատումը մի առանձին ասք, քննության առանձին առարկա է, որն իր հերթին կարելի է տրոհել առանձին անհատների և ճակատագրերի, առանձին փաստական իրողությունների: Գեներալի անձնական արխիվի բազմաթիվ փաստաթղթեր՝ գրություններ, ռազմաճակատային նամակներ, լուսանկարներ, տեսաձայնագրություններ, օրագրային գրառումներ և այլն, ընդգրկված չեն հուշագրության մեջ, շրջանցվել են մի շարք անուններ, իրադարձություններ, անձնական և զինակիցների հուշեր, և այդ ամենն ունի գրքում իր պատճառաբանված մեկնաբանությունը, իսկ գերնպատակն ընթերցողի ուշադրությունը Ազգ, Հայրենիք, Պետություն եռամիասնությանը կենտրոնացնելն է:


Նրա նախկին զինվորներից մեկն իր նամակում հեռավոր Տալլինից գրում է.
«…Պարոն գեներալ, հիշում եմ այն օրը, երբ թշնամու արկերից զոհվեցին Գևորգը, Արծվիկը, Սահակը, Արամը, ևս մի քանիսը, որոնց անունները չեմ հիշում: Փա՜ռք ու պատիվ նրանց: Պարոն գեներալ, ես առայսօր բուժվում եմ, բայց ինձ ու շա՜տ շատերին այսօր չեն հիշում: Ես մի քանի անգամ եկել եմ Հայաստան, գիտեմ մարդկանց, ովքեր էդքան դժվարություններ չտեսնելով, Ղարաբաղում չլինելով, էսօր մեդալներ ու թոշակներ են ստանում պետությունից: Իսկ մեզ նմաններին հիշողներ չկան: Կներեք անկեղծությանս համար, միշտ հպարտ եմ, որ Ձեզ նման խիզախ հրամանատար եմ ունեցել: Աստված թող մեր հայ ազգին Ձեզ նման խիզախ հրամանատարներ պարգևի…»:


Ինչպե՜ս կարող է նախկին զինվորը կռահել, որ հրամանատարը, առավել քան նա, ցավ ու մորմոք ունի հատկապես իր դիտողության առումով, և իր բառերն ունեն նույն նշանակությունը, ինչ բաց վերքին լցված աղը: Ինչպե՜ս կարող է պատկերացնել որևէ մեկը, թե ինչ զգացողություններ են գեներալին ամեն անգամ պատում Առաջին դեսանտագրոհայինի մասին հիշելիս, երբ աչքերում հայտնվում են խոնավության մեջ լողացող փայլեր: Հոգում կսկիծ է, մրմուռ և հպարտություն: Նա բազմիցս շեշտել է, որ պահեստազոր անցնելուց հետո իր հիմնական նպատակը եղել և մնում է Հայկական բանակի առաջին պետական ստորաբաժանման՝ Առաջին դեսանտագրոհային գնդի պատմության, իր կորյունների մասին գրքի տեսքով հուշարձան կառուցելը, որպես մեր նորագույն պատմության բանակային առանցքային առաջնեկն ու անգնահատելի արժեքը: Արժեքներն անհրաժեշտ է անաչառ գնահատել: Չէ՞ որ դա միայն Առաջին զինվորական երդման արարողություն, Առաջին զորահանդես, Առաջին կանոնավոր գնդի հրամանատար Աշոտ Պետրոսյանի և նրա զինվորների ու սպաների կատարած անձնուրաց գործի արժևորումը չէ: Դա արձանագրումն է մեր իրական պատմության և խիստ անհրաժեշտ է այսօրվա և վաղվա զինվորական ծառայության նվիրյալներին, թե ոչ ոք չէր ցանկանա համեմատել հաղթանակած զինվորի և պարտված բորենու հետպատերազմական կյանքերի պտուղները:


Չնայած գրքի հեղինակի հետ քսանհինգամյա բարեկամությանս, որը սկզբնավորվեց հայկական մամուլում բանակի կարգավիճակի և անելիքների վերաբերյալ համարձակ հարցազրույցով, այնուամենայնիվ, ծանոթանալով գեներալի գզրոցներում ամբարված հարուստ փաստանյութին, իմ առջև բացվեցին նոր և մինչ այդ անծանոթ ճշմարտություններ: Համադրելով տարբեր հրապարակումներ, կարծիքներ, մտքեր ու դատողություններ, ականատեսների և մարտական գործողությունների անմիջական մասնակիցների զրույցներ և վկայություններ, ծագում են անխուսափելի հարցադրումներ, ի թիվս որոնց պատմության առջև անաչառության խնդիրն է՝ արդյոք անկողմնակա՞լ ենք մեր պատմության առջև, արդյոք չե՞նք թերագնահատում կամ գերագնահատում այս կամ այն անձին, չե՞նք կոծկում կամ խեղաթյուրում որոշ իրական եղելություններ, միտումնավո՞ր ենք հանդուրժում կամ դեպի մոռացության անդունդ մղում իրականության և ճշմարտության ծիրում բացահայտ անճշտությունները: Արդյոք ճի՞շտ են մեր դիրքորոշումները, երբ փորձում ենք գնահատել Հայոց պետական անկախության գործում ազգային բանակի դերակատարումը, նրա կայացման ակունքներում և տարբեր գործընթացներում կանգնած ռազմական, պետական գործիչներին, նրանց ներդրումը, վերջապես երկրի և տարածաշրջանի քաղաքական-հասարակական ամբողջական պատկերը:


Եթե պատերազմում հաղթանակած երկրի հիշատակության արժանի, արդեն մոռացության փոշու տակ թաղված կամ ինքնամեկուսացված որոշ այրեր զերծ մնային պատերազմի ընթացքում և հետայդու ընչաքաղցության և ագահության, իշխանատենչության և ներգործության գոտիների օկուպացման ինքն իրեն նվաճելու մարմաջից և գայթակղություններից, տուրք չտային անձնական և խմբային շահերի անհագ տենդին, չէին անջրպետվի սովալլուկ աշխատավորն ու անճար գործազուրկը տռզած մենատիրոջից ու իշխանավորից, անարդարությունն ու անտարբերությունը չէին վերածվի հոգեբանական ախտի համաճարակի, և պատերազմական փառահեղ հաղթանակները խաղաղության պայմաններում կշարունակվեին որպես տոնական շքերթ-հրավառություն ու հանդիսություն:
Պատմական պահի ճշգրիտ և անշահախնդիր ընկալումն ու գնահատումը, պատմության դասերի նկատմամբ հետևողականությունը մեր երկիրը կարող էին վերածել Երկիր դրախտավայրի, որտեղ ինքնակամ, առանց սարքովի կամ պարտադրանքով ներմուծված ծրագրերի ու հիմնադրամների, կձգվեին հայրենադարձվողների և հայրենատերերի քարավանները, և Հայաստանն իրավամբ կհռչակվեր ու կճանաչվեր ազատ, անկախ և ինքնիշխան պետություն իր արժանապատիվ բնակչությամբ, որի հետ հաշվի կնստեին ոչ միայն քաղաքակիրթ երկրները, իսկ հակառակ բևեռում ևս մի յուղոտ պատառ փախցնելու ախորժակով շնթռած վայրագը՝ նախնադարյան խավարում թափառող ցեղն էլ ոչ թե կխրախուսեր իր սանձարձակ խուժանի ոտնձգությունները, այլ կսաստեր ու կպատժեր նմանատիպ ամեն մի դրսևորում, որպիսիք գրեթե ամեն օր տեղի են ունենում երբեմնի զինադադար մուրացող դրացու և մեր պետական սահմաններին:


Գրքում Աշոտ Պետրոսյանն իր գործունեությունը ներկայացնում է մի քանի երեսակներով, տարբեր ուղղություններով, որոնք ժամանակային առումով պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և հետպատերազմական փուլերն են ըստ իրենց բնույթի՝ ռազմական, ապա՝ քաղաքացիական-հասարակական: Բոլոր դեպքերում գերակայում են անանձնական մոտեցումները, որը վայել է պետական կառույցներում իսկապես անուրանալի ավանդ ներդրած գործչին: Նրա տեսադաշտից չեն վրիպում օտար մարտահրավերներն ու սպառնալիքները, հատկապես հասարակության ներքին լարվածության պայմաններում, երբ անհրաժեշտ է, որ ավանդույթների պահպանման և նոր զարգացումների զտման գիտակցությունը մեզ վերադարձնի ուժի և համամարդկային բարձր արժեքների հարթություն՝ նախապատվությունը տալով սեփական, այլ ոչ օտար արմատներից սնուցմանը, առաջնորդվելու ազգային և անձնական արժանապատվության նախանձախնդրությամբ՝ վերադարձնելով մեր հպարտ կեցվածքը համաշխարհային թատերաբեմում:
Նրա օրակարգին բնորոշ է զինվորական հմուտ գործչի բնավորությանը հարիր աշխատաոճը. ճանաչել-ծանոթանալ խնդրին, վերլուծել այն և մշակել հետագա անելիքների համակողմանի ծրագիր՝ իր ռազմավարությամբ և մարտավարությամբ, այսինքն, լինել աննահանջ և չխուսափել որևէ հիմնահարցից: Հաղթանակները կենաց-մահու պատերազմում հազարավոր քաջերի կյանքի գնով՝ հաճախ անհավասար մարտերում, և պարտությունները ներքին, տնտեսական կյանքում՝ խաղաղ պայմաններում, որոնք իշխանությունների անշրջահայացության և անկարողության արդյունք են, աններելի են: Կարող էին խրախուսվել դրական միտումները, սերունդների դաստիարակությանն անհրաժեշտ իդեալները, լավագույն օրինակները դառնալ դասագրքային դրույթներ, եթե ժամանակին անաչառ գնահատական տրվեր իրական և հերոսական արժեքներին, սկզբունքային մոտեցում ցուցաբերվեր համազգային խնդիրների շուրջ միասնական պետական քաղաքականությանը, ազգային ծրագրերի մշակմանն ու կիրարկմանը:


Ժողովրդական որակումները, որոնք բազմիցս փորձարկվել են ժամանակների հոլովույթում, հուշում են, թե պատերազմներից հետո հերոսները շատանում են, ինչպես անձրևին հաջորդած սնկեր: Հատկապես մարդկային երևակայությունից դուրս հայտարարություններ են հնչում նրանց շուրթերից, ովքեր այդ ընթացքում պարզապես զբաղվել են պղտոր ջրում ձուկ որսալով (հաճախ բախտի բերմամբ կամ աճպարարությամբ ոսկե ձկնիկ հայտնաբերել իրենց ուռկանում), ամեն կերպ փորձելով պարտակել ու քողարկել իրենց ճղճիմությունը: Դրանք, բնականաբար, կեղծարարներ, թուլամորթներ, զրպարտիչներ և ցածր որակներ կրող անձինք են, ովքեր ինքնարդարացման ուրիշ ելք չունեն, քան իրեն սիրամարգ երևակայող հնդկահավը: Իսկական հերոսները, հաճախ, իրենք իսկ չեն գիտակցում իրենց սխրանքը, խուսափում են պատերազմական տարիների ծանր ու դժնդակ դրվագները հիշելուց, մերժում են ինքնագովազդը, տուրք չեն տալիս շատախոսությանը, առավել ևս գայթակղվում անառիթ հրաշապատում հորինվածքներով: Նրանք, որպես կանոն, համեստ և ինքնամփոփ են, ստորադասում են իրենց զոհված զինակիցներից և, ինքնախարազանման մի զարմանալի ունակությամբ, ներքին կռիվ են տալիս իրենք իրենց դեմ, որի հիմքում անբավարարվածությունն է այս կամ այն մարտական գործողության, նաև քաղաքացիական կյանքի արդյունքներից: Բազմաթիվ եթե-ների և հարկավոր-ների, բաց թողնված հնարավորությունների տրամաբանական վերլուծության փորձեր, պատճառահետևանքային կապերի քննարկումներ, և անպատասխան ու ենթադրյալ հարցերի ու հարցադրումների շարան…


Պատերազմի բովով անցած մարդու միջից պատերազմը հեռացնելն անհնար է: Անհնար է վերացնել մարդուն մարդու միջից, երբ կրակում ես դիմացինիդ, որպեսզի ոչնչացնես մարդասպանին, երբ պատերազմում ես պատերազմի դեմ: Ամեն պարագայում նա հայրենիքի զինվորն է թե մարտադաշտում, թե աշխատավայրում: Ազնիվ ու արդար զինվորը, որ անցել է մաքառումների միջով, իր հետադարձ հայացքում հաշտ է իր խղճի հետ և չունի ամաչելու ոչ մի խնդիր: Մաքառումը նպատակասլաց ընթացքի կրիտիկական մակարդակն է, երբ կամային ծայրաստիճան գերլարումով հաղթահարում ես անհաղթահարելին, աներևակայելի ճիգերի գործադրումով փշրում բոլոր արգելապատնեշները, որպեսզի նվաճես քո առջև ծառացած թիրախը, հանուն ոչ միայն քո, այլև, առաջին հերթին, ընդհանուրի, քո երկրի և ժողովրդի բարօրության, հանուն արդարության հաղթանակի:


Գեներալ Աշոտ Պետրոսյանի հուշերի և մտորումների «Մաքառում» գիրքը նրա ընկալումների և պատկերացումների համահավաքն է, որոնք ձևավորվել են կյանքի վեցերորդ տասնամյակը թևակոխած ռազմական, պետական գործչի կենսափորձի շնորհիվ: Դրանք փաստական հենքի վրա հյուսված դատողություններ են խաղաղության և պատերազմի, անհատի և հայրենիքի, ապրելու իմաստի և գոյության իրավունքի, պարտականության և պատասխանատվության, արդարության և մարդու ազգանվեր տեսակի տարաբնույթ ճշմարտությունների վերաբերյալ, որոնցով պայմանավորված է աստվածաշնորհ մարդկային կյանքը: Այնպիսի կյանքի իմաստավորումը, ինչպիսին այն պատկերացնում և կերտում է բանիմաց, կամային բարձր հատկանիշներով օժտված անկոտրում, և նույնպիսի չափորոշիչներով ձևավորված արժեհամակարգով առաջնորդվող անհատը:
Արդարությունն ու ճշմարտությունը, հատկապես խառնակ և հեղափոխական իրավիճակներում, սովորաբար դառնում են առավել փուխր և խոցելի: Միայն համառ սկզբունքայնությունն ու դրանց պահպանման-պաշտպանության անձնուրացությունն է, որ պայքարը պսակում է ցանկալի ավարտով, երբ պատրաստ ես մահացու խոցվելու, սակայն չպարտվելու: Պարտվում է նա, ով ձեռք է բարձրացնում ճշմարտության և արդարության վրա, մեռնում է նա, ով սպանում է ճշմարտությունն ու արդարությունը: Այդ ուղին փշոտ, տատասկոտ է՝ զրկանքներով և մարտահրավերներով լեցուն, որոնց դիմակայելու և հաղթահարելու համար առանձնակի ուժ և հնարամտություն է անհրաժեշտ: Երբ նպատակդ սրբազան և անանձնական է, երբ այն միտում է հայրենի տանդ ամրությունն ու անառիկությունը, հասարակության բարեկեցությունը, քո պատերազմը խրամատից տեղափոխվում է աշխատավայր և շարունակվում խաղաղության պայմաններում: Միայն թե այդ ներքին պատերազմը նույնքան վտանգավոր է, որքան բացահայտ հակառակորդի հետ դիմակայությունը, հաճախ ավելի նենգ: Որքան էլ որ քեզ անասելի ցավ են պատճառում անարդարությունները, և ընդվզումդ ներծծված է դրանց անհաղթահարելիության դառնությամբ, միևնույն է, համախոհներիդ հետ խաչդ արժանապատվորեն կրելու համար պարտավոր ես պարբերաբար, պատմական տարբեր իրավիճակներում, անձնապես պայքար մղելու հանուն, այլ ոչ ընդդեմ, թեև մեծագույն ցավ ես ապրում, երբ հայրենակիցներիդ շարքում տեսնում ես սրբազան խաչն աճուրդի հանած հայրենադավերի: Նրանք չգիտեն ինչպես վարվել խաղաղության հետ, որովհետև պատկերացում չունեն, թե ինչ արժե այն և ինչ գին ունի…


Այս գիրքը մի ռազմական գործչի մասին է, ում կոչումը նախախնամությամբ եղել է համազգեստ և ուսադիրներ կրելը: Նա հանդուգն ըմբոստությամբ ընդառաջ է գնացել բոլոր փորձություններին, կանխավ քաջատեղյակ լինելով դրանց գոյության և իր նախընտրած ուղու դժվարությունների մասին: Ապավինելով համբերատարության և հավասարակշռության իր անդավաճան սկզբունքին, նա քայլ առ քայլ առաջ է ընթացել, հարթել իր ակոսը, որը մի բեկումնային սահմանագծից անդին այլևս միայն իրեն չի պատկանում՝ թողնելով հայոց բանակաշինության ասպարեզում անբասիր և անուրանալի հետագիծ: Եղել են այդ ճանապարհին վերելքներ և վայրէջքներ, ոգևորություններ և հիասթափություններ, եղել են նահանջ և հաղթանակ, սակայն նրան չի խորթացել մեր ժամանակներում հավանաբար ամենադժվար առաքելությունը՝ մարդկային նկարագիրը բարձր պահելն ու մարդ մնալու ունակությունը: Այդ և այլ ճշմարտություններ հաճախ պահպանվում են ոչ այնքան պաշտոնական, որքան մարտական ընկերների և զինակիցների հիշողություններում. ՀՀ Զինված ուժերի առաջին պետական զորամիավորում՝ Առաջին դեսանտագրոհային գունդ, առաջին զինվորական երդում մայրենի լեզվով, առաջին զորահանդես-զինվորական շքերթ, և առաջամարտիկների ավանգարդում գնդի հրամանատար Աշոտ Պետրոսյան: Անհնար է մոռացության մատնել կամ վերաձևել փաստերի պատմականությունը, որքան էլ այն ոմանց քիմքին և քմահաճույքին համապատասխանեցնելու փորձեր արվեն: Նաև բարոյականությունն է պահանջում, ըստ էության, և՛ փաստացի գնահատել, և՛ արժևորել իրականությունը այնպիսին, ինչպիսին այն եղել է, ինչպիսին այն կա…


-Առաջին դեսանտագրոհային գունդն անկրկնելի էր, յուրօրինակ գանձ՝ լեռնային սառնորակ և զուլալ աղբյուրի ջրերով օծված…,- մտաբերում է գեներալն իր զինվորների մասին հիշելիս:

Սա գիրք է մի մարդու կյանքի և ճակատագրի մասին, ում տեսադաշտում բանակաշինության զարգացումները, կառուցվածքային, կրթական, ռազմատեխնիկական և այլ բարենորոգումների ծրագրերը չեն սահմանափակվում այդքանով, այլ ընդգրկում են զինվորի և սպայի համակողմանի դաստիարակության տարաբնույթ մոտեցումներ` կարևոր տեղ հատկացնելով բարոյահոգեբանական, իմացաբանական և գաղափարական գործոններին, վարքականոնների հաստատմանն ու կիրարկմանը, որը տարիներ առաջ նա խնամքով և բծախնդրորեն մշակել, թղթին է հանձնել, և այդ գրքույկները շրջանառության մեջ դրվելու պարագայում կարող էին դասագրքային ձեռնարկի նշանակություն ունենալ: Պատահական չէ, որ արժանապատվորեն ապրելու և մարդկային բարձր որակներով առաջնորդվելու նրա հաստատակամության արդյունքում առայսօր նրա նախկին զինվորներն ու ենթակաները գեներալին ողջունում են խորին հարգանքով, որպես իրենց մշտնջենական հրամանատարի. «Ողջույն, պարոն հրամանատար, ես ձեր զինվորն եմ…»:
Ազնվությունն ու ճշմարտությունը հաճախ անպատիժ չեն մնում, բայց ինչպես ասվում է, արդարությունն էլ է հիվանդանում, բայց չի մեռնում: Սակայն այն ծրագրերը, որոնք նա տարիներ առաջ առաջարկել էր, կարող էին նոր որակներ հաղորդել բանակաշինությանը, եթե ժամանակին իրականացվեին:


Հանգամանքների պարտադրանքով գեներալը ստիպված էր ինքնակամ հեռանալ իր կյանքի իմաստն ու ապրելու կոչումը համարող ռազմական ոլորտից: Դա ներքին ողբերգություն է, բայց ամենևին ոչ կամային թուլության արտահայտություն, այլ հարկադրված և անհաղթահարելի իրավիճակային նահանջ: Հոգ չէր գնահատված չլինելը, մտահոգիչ էր այնպիսի միջավայրի և մթնոլորտի առկայությունը, որտեղ անհանդուրժելի և անհնար է դառնում ինքնադրսևորումը և ճշմարտության աչքերին նայելու հանդգնությունը:
Պատահական չէ, որ գեներալը չի շրջում թիկնապահով կամ ուղեկցող ավտոշարասյունով, չի խորշում զինակիցներին, մարտական ընկերներին և զինվորներին հանդիպելուց, չի հոխորտում իր կերպարով՝ փառքի դափնիներ ակնկալելով կամ իր շուրջը հյուսելով դրանք: Նա, առավել քան ներկայացված է իր հուշագրության մեջ. համեստ է կյանքում: Մաքառումը նրա ճակատագիրն է, անմնացորդ ծառայությունն ու սխրանքը՝ առօրյա պարզ ու սովորական աշխատանք:
Նա իրեն համարում է մեկն այն բազմահազարանոց բանակի շարքային նվիրյալ զինվորներից, ովքեր պարտաճանաչորեն կատարել են հայրենիքի և իրենց իսկ կողմից իրենց հանձնարարված առաջադրանքը:
Գեներալն իր ուրույն պատկերացումներն ունի կյանքի վերաբերյալ, ապրելու իր փիլիսոփայությունը, որով առաջնորդվում է նաև քաղաքացիական կյանքում, զորացրվելուց հետո պաշտոնավարելով մի շարք առանցքային կառույցներում:
Լավատեսությունը նրան հուշում է, որ հեռու չէ այն ժամանակը, երբ ինքնըստինքյան կբացառվեն խոտելի բազմաթիվ երևույթներ, որոնք արատավորում են կյանքը, որոնք կախտահանվեն գիտելիքի գերակայությամբ, մասնագիտական մոտեցումների և բարոյական բարձր չափանիշների շնորհիվ: Այդ նոր դարաշրջանում յուրաքանչյուր ոք պատասխանատվություն կկրի ոչ միայն իր անձնական համոզմունքների, այլև Աստծո և պատմության խղճի առջև, երբ ընթացիկ և ժամանակավոր վայելքներին գերված ընչաքաղցները կզգոնանան և կսթափվեն՝ ամաչելով իրենց անխոհեմ ապրելակերպից: Իհարկե, դժվար թե գտնվի անսխալական և անմեղ մարդ, սակայն չափի զգացողության և չարաշահման ծայրահեղականությունը դատապարտելի է: Նույնքան կործանարար են թե՛ ծայր աղքատությունը, թե՛ ծայրահեղ շվայտությունը:


«Եթե կյանքիդ նպատակը հաճույքը համարես, վախճանդ՝ կորուստ է»,- զգուշացնում է Գարեգին Նժդեհը:
Մաքառումը միայն նվիրյալներին հատուկ կենսակերպ է, պայքար ներքին և արտաքին թշնամու, պայքար ամենատարբեր սպառնալիքների դեմ, երբ անհրաժեշտ է ամեն գնով կանխել ազգապահպանության և պետականության ամրոցների փլուզումը, երբ անհրաժեշտ է հենասյուներ ամրացնել, որպեսզի չերերա բանակը և կանգուն մնա:
Արյունաքամվող և հյուծվող երկրի փրկության համար մաքառումն անխուսափելի էր, որովհետև ապականվող ներքին կյանքում փրկությունը ներսից է միայն հնարավոր, որովհետև արդեն անհանդուրժելի են դառնում ստորաքարշությունը, ընչաքաղցությունը, անարդարությունը, որոնց առատությունից երբեմն տպավորություն է ստեղծվում, թե դրանք կյանքի անխուսափելի օրինաչափությունների են վերածվել: Նշանակում է հասարակության անդամները հաշտվող և անտարբեր են դառնում շրջակա միջավայրի, իրենց երկրի և համերկրացու հանդեպ, ինչպես աղտոտված ջրերին ընտելացող ձուկը, որը մաքուր ջրում կարող է խեղդվել… թթվածնի առատությունից:
Անշնորհակալ զբաղմունք է դրսում, օտարների շրջանում մեղավորներ փնտրելը, ինքնարդարացման անպտուղ ջանքեր գործադրելը: Փոխարենը հարկավոր է ուժերը կենտրոնացնել և պայքարել, ինքնամաքրվել և համարձակ քայլ կատարել առաջ, դեպի ընդհանրական շահ հետապնդող նպատակը:


Հայտնի ճշմարտությունը հուշում է, որ դեպի մեծ հաղթանակ տանող առաջին պայմանը նախ և առաջ հաղթանակն է ինքդ քո նկատմամբ: Ինչպես մարդը, քաղաքացին, նույնը նաև երկիրը, պետությունը, հասարակությունը: Այդ բազմաշերտ պայքարում անհրաժեշտ է միասնական կամք, որովհետև մեկ անձի, մեկ խմբի համար պայքարը պարզապես պայքար է, իսկ պայքարը հանուն ինքնիշխան պետության և համազգային հավաքականության` մաքառում…
Մաքառում, երբ գոյության քերծերը ճանկռելով կենաց-մահու կռիվ ես մղում ճակատում և թիկունքում, երբ դրանք միախառնվում են, և ամեն մի թզաչափդ դեպի լույսն ու համամարդկային արժեքները վերձիգ ընթանալու տառապանքով է նվաճվում՝ ներդնելով այդ խոյանքի մեջ քո տեսակի անհատի և հասարակության, ազգային և մարդկային երազանքի պատկերացումները, որոնց իրականացումը վերածվում է գերագույն երջանկության որպես գոյությանդ ու կյանքիդ վերաիմաստավորում:
ՈՒրեմն, դու ճիշտ ես ապրել, որովհետև ապրել ես ոչ միայն քո, այլև բոլորի կյանքով… Գեներալ Աշոտ Պետրոսյանի հետադարձ հայացքում հաճախ մշուշվում են անձնական կյանքի երանելի դրվագները` իրենց տեղը զիջելով անանձնական հիշողություններին, որովհետև նրա ներաշխարհում և գիտակցության մեջ անանձնականությամբ է անձնավորվում իր՝ մաքառողի տեսակը: Մի անմեկնելի երևույթ, որպիսիք չունեն երջանիկ ազգերը իրենց լեզվում և բառապաշարում, կամ տվյալ բառը չի արտահայտում այն խորքն ու լարվածությունը, իմաստային ջղաձիգ լիցքերը, որպիսին պարփակված է հայերեն այդ մեկ բառի՝ մաքառման մեջ։
«Մաքառումը» ոչ միայն հեղինակի, այլև մեր ժամանակակիցներից շատերի կյանքի տարեգրությունն է, որտեղ ընթերցողը կարող է հանդիպել իր ապրած փաստական և հոգեբանական պահերի: Ոմանց համար գիրքը կծառայի որպես սկզբնաղբյուր՝ ճանաչելու և հաղորդակցվելու սեփական երկրի և հարազատ ժողովրդի կյանքի վերջին տասնամյակների մի շարք իրադարձությունների և նշանավոր անձանց:


Ժամանակը և՛ դրական, և՛ բացասական բազմաթիվ անակնկալներ ունի, և փորձը ցույց է տալիս, որ երանավետ թմբիրի մեջ ընկղմված անպատրաստ լինելու պարագայում այն առավել հակված է խորտակիչ և կործանարար թակարդներ լարելու: Հասարակությունը և նրա զավակը՝ բանակը, պետք է լիովին գիտակցեն իրենց ով և ինչ լինելը, հստակ պատկերացնեն իրենց նպատակները և թե հանուն ինչի են պայքարելու, որպեսզի ձեռնապահ մնան օրհնանքի և անեծքի միջև խարխափելու տկարությունից, երբ լքում է ժամանակի և տարածության մեջ կողմնորոշվելու ընդունակությունը: Մինչդեռ յուրաքանչյուրս կարող է երդման նման խրոխտ բարձրաձայնել.
-Ես քո զինվորն եմ, հայրենիք:
Գեներալ-մայոր Աշոտ Սեդրակի Պետրոսյանի «Մաքառում» գիրքը կոչ է, ուղերձ անցյալ դարի 90-ական թվականների ճակատագրական օրերի իրական նկարագիրը պատմության հիշողությանն անաչառ հանձնելու, չմոռանալու, այլ հավերժորեն խնկարկելու և ոգեկոչելու այն անձանց, ովքեր իրենց հոգում և գիտակցության մեջ կրել են այնպիսի բացարձակ արժեքներ, ինչպիսիք են ազգը, պետությունը և հայրենիքը։

Դավիթ Մկր ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 10367

Մեկնաբանություններ