Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Երբ գալիս է օգոստոսը

Երբ գալիս է օգոստոսը
28.07.2017 | 10:06

Նորից մոտենում է օգոստոսը, նորից գալիս է թերթի արձակուրդ գնալու ժամանակը:
Մեռնեմ օրենքին. գնալ է պետք՝ կգնանք, մանավանդ որ սա գնալու այն դեպքը չէ, երբ իրականում ոչ թե գնում ես, այլ դրա անվան տակ մերձավորներդ, կամեցողներդ ու չկամեցողներդ իրականում քեզ տեղափոխում են անդարձ կեցության վայր (այստեղ միջանկյալ նկատեմ, որ վերջին ճանապարհի մարտական դիրքդ (մարմինդ՝ ձիգ, ոտքերդ՝ առաջ) բնավ էլ աղերսներ չունի մարզական պատրաստվածությանդ հետ. այն մարզաձևի մեջ լինելու քո վերջին միֆն է կամ վերջին հեքիաթը):


Այնպես որ՝ գնանք, այդ արձակուրդ կոչեցյալը գնանք, սակայն առանց դպրոցական գրականությունից քաջածանոթ «Կատվի գանգատը» բանաստեղծությունում եղած տրտունջների, թե այդ գնալու համար ստացածներս բանի նման չէ, դրանով հազիվ մի երկու օր ձգես: Նախ՝ այդ երկու կոչված թվի մեջ ինքնին վատ բան չկա. եթե ժամանակին դպրոցում երկուսներով սովորեիք, հիմա մի կարգին գործի կլինեիք, երկրորդ՝ եթե երկուսը վատ բան լիներ, երկրիդ նախագահը նույն անվանումը երկու անգամ կրկնող քաղաքը չէր ընտրի հանգստի վայր: Այնպես որ, Ձեր չունեցած բախտից մի դժգոհեք, եթե դրանից առավելագույն հատույց չեք ստանում ձեր ծանծաղամտության պատճառով:
Պայմանավորվեցինք՝ փակում ենք անհիմն տրտունջների թեման ու խոսում ենք ըստ էության: Իսկ «ըստ էությանն» առաջին հերթին այն է, որ, արձակուրդ գնալով, ընթերցողին գիտակցաբար զրկում ենք ժամանակին տեղեկություն ստանալու նրա անկապտելի իրավունքից, ինչը, կարծես, երկրի մայր օրենքում է ամրագրված: Ինչ խոսք, այս օրինավոր երկրում մեզ դրա համար դատ-դատաստան չի հասնի՝ սա առաջին, և երկրորդ՝ սուրբ տեղը դատարկ չի լինում ու տեղեկատվության հիշյալ դաշտն այդ ընթացքում փակողներ (լցնողներ) հարկավ կգտնվեն, բայց թե ինչպես՝ բավական հանրահայտ երգից գիտեք, ամեն ծաղիկ իր բուրմունքն ունի: Հիմա ձեր իմացած «ծաղկից» դուք լավագույն դեպքում մեկ ամիս անց կիմանաք, որ, ասենք, օգոստոսին մեկնարկած թեթև աթլետիկայի առաջնությունում վերջին անգամ մրցելույթ ունեցավ լեգենդար ՈՒսեին Բոլտը, ու այդ մրցելույթի պատմականությունը, դրամատիզմը, հուզականությունը թե ձեր իմացած ծաղիկն ինչ թարմությամբ կկարողանա մատուցել, որ սեփական աչքերով տեսածի պես զգաք եղածը, այս պահին դժվար է ասելը:
Բայց ուր է, թե բանն ավարտվեր միայն ՈՒսեին Բոլտով, ով սոսկ մարզիկ չէր, այլ մի ողջ դարաշրջան:


Բա Չեմպիոնների միջազգային գավաթի շրջանակներում կայանալիք «Բարսելոն»-«Ռեալ» էլ կլասիկո՞ն:
Բա սուպերգավաթի համար Մադրիդի «Ռեալ»-«Մանչեստր Յունայթեդ» մրցակցությո՞ւնը:
Ձեր արձակուրդ գնալու անվան տակ չափից ավելի մեծ բեռ չե՞ք բարձում երբեմնի զորությունը տարեցտարի կորցնող իմ ուսերին: Ի դեպ, դրանց թուլանալը բնավ էլ իմ կամքով չէ: Դա չափից դուրս պարզ կենսաբանական գործընթաց է, որին դիմակայելն Աստծո գործերի մեջ խառնվել կնշանակի, իսկ ես, գրողը տանի, որքան էլ ազրայել, այնուամենայնիվ, ենթարկվում եմ բնության օրենքներին ու ոչ թե այն պատճառով, որ այդքան օրինապաշտ եմ, այլ այն պատճառով, որ չեմ կարող այդ օրենքներից դուրս լինել:
Սակայն թերթի արձակուրդ գնալու առնչությամբ տառապանքներս եթե սոսկ այսքանը լինեին, էլի կարելի կլիներ սեփական յուղի մեջ տապակվելով պրծնել: Մտածում եմ՝ բա որ այս ընթացքում հանկարծ մերոնցից մեկնումեկը փայլեց միջազգային արենայում ու նրա պատվին բարձրացվեց երկրի դրոշը, մեր հալն ի՞նչ է լինելու: Ավանդույթի ուժով միջոցառման կազմակերպիչ երկիրը վերցնելու է մեր դրոշը սխալ ամրացնի՝ Հայաստանը վերածելով բոլորովին այլ պետության (երկրի անունը դիտմամբ չեմ գրում, որ գոնե մեկ անգամ գիրք թերթեն), իսկ մեր մարզական պատվիրակության ներկայացուցիչները ոչ թե հուզված լինելու, այլ պարզ չիմացության պատճառով չեն նկատելու սխալը, ու մեր հաղթած տղան, աղջիկն այդպես էլ չեն իմանալու, թե այդ որ պահից են փոխել քաղաքացիությունը:


Պրոբլե՞մ է:
Այդ նույն սովորույթի ուժով հայ-հայ է` ուզում էի հաստատակամ պատասխանել իմ իսկ հարցին, սակայն հիշեցի՝ ինչպես նախկինում է սույն «մանր» հարցին ուշադրություն չի դարձվել, ինչու պիտի հանկարծ հիմա ուշադրություն դարձվի. ի՞նչ է, երկրում իշխանությո՞ւն է փոխվել, թե՞ մարտնչող անգրագիտությունն է տեղի տվել: Ինչ՝ ինչ, երկուսն էլ ծաղկում են ու սպասվածից ավելի են ծաղկում: Իհարկե, այս ծաղկելն այն ծաղկելը չէ, որ թույլ տա համառապնդել, թե բարձր նոտայի վրա ենք ավարտում նախաարձակուրդային այս նյութը, բայց դե, կներեք, իրականությունը չֆիքսել էլ չի լինի, որքան էլ այն ձեր քիմքի համար տհաճ լինի: Տհա՞ճ է, ով է խանգարում սահմանադրական իրավունքներիդ տեր կանգնելուն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 10742

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ