Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ռոսնեֆտի հայցերը «Սիստեմայի» դեմ կարող են ներդրումային մթնոլորտին վնասել

Ռոսնեֆտի հայցերը «Սիստեմայի» դեմ կարող են ներդրումային մթնոլորտին վնասել
29.07.2017 | 01:01

Նույնիսկ Իգոր Սեչինի ստանդարտներով պատասխան միջոցները չափազանց էին: Երբ պետական նավթային ընկերության ազդեցիկ գլխավոր տնօրենին հարցրին, թե ազդե՞ց մեծ արձագանք ունեցած դատական գործը Ռուսաստանի ներդրումային մթնոլորտի վրա, նա հարցը գլխիվայր շրջեց. «Դատավարությունը բարելավեց ներդրումային մթնոլորտը, որովհետև նրա շնորհիվ մենեջմենտի և բաժնետիրական համակարգը դարձավ ավելի թափանցիկ և պատասխանատու»՝ հայտարարեց նա: Հազիվ թե ներդրողները նրա հետ համաձայնեն: Մայիսի սկզբին հայցը ներկայացնելուց 30 օր հետո ռուսական ավելի մեծ շուկայի ցուցանիշները անկում ապրեցին մինչև 14 %:

Այդ դատավարության մեջ շատերը տեսան Ռոսնեֆտի անձնական վրեժը, որ արթնացնում էր քաղաքական աջակցություն վայելող ազդեցիկ անձանց կողմից մասնավոր սեփականության զավթման այլ դեպքերի անհարմար հիշողություններ: Պարոն Սեչինը, որ մինչև Ռոսնեֆտը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր, նաև փոխվարչապետ է եղել, համընդհանուր գնահատականով, առավել ազդեցիկ մարդկանցից է Ռուսաստանում նախագահական աշխատակազմից դուրս: Բաշնեֆտը՝ նավթի շրջանային արտադրողը, հիմա Ռոսնեֆտի կայսրության մաս է: Ռոսնեֆտը մեղադրում է մասնավոր «Սիստեմա» կոնցեռնին Բաշնեֆտի ակտիվները հանելու մեջ 2009- 2014-ին, երբ ընկերությունն իր փաթեթում էր: «Սիստեման» հերքում է ներկայացված բոլոր մեղադրանքները:


«Սիստեման» համարյա դեժավյու է ապրում: 2014-ին կոնցեռնի տնօրեն Վլադիմիր Եվտուշենկովին տնային կալանքի ենթարկեցին, իսկ «Բաշնեֆտ» ընկերությունը խլեցին: Հետագայում ընկերությունն ազգայնացվեց, երբ հետաքննությունը վճռեց, որ ընկերության ակտիվները անօրինական են ձեռք բերվել վայրի 90-ականներին, երբ վաճառվում էին միլիարդավոր դոլարների գին ունեցող ռուսական պետական ընկերությունները:
Իգոր Սեչինը Բաշնեֆտը պետությունից գնեց անցյալ տարի: «Սիստեման» և ռուս ներդրողները ենթադրեցին, որ պատմությունն ավարտվեց: Սեչինը ստացավ ակտիվները, որ ուզում էր, Եվտուշենկովը նկատողություն ստացավ և անգամ Պուտինը լավագույնը մաղթեց կոնցեռնին Ռոսնեֆտի հետ ապագա հետաքննության մեջ:
Միջազգային երկու ներդրող մասնավոր զրույցում ասացին, որ առավել մեծ անհանգստություն հարուցում է հայցի ոչ այն հետևանքը, որ մասնավոր ձեռնարկությունը կորցրեց ակտիվները, այլ որ Կրեմլին մերձ անձը ձգտում է ստանալ հետագա փոխհատուցումներ:

Իրադարձությունների այս զարգացումը խիստ հիշեցնում է Միխայիլ Խոդորկովսկու գործը, որ 2000-ականների սկզբին Պուտինի հետ կոնֆլիկտից հետո հայտնվեց բանտում համարյա տասը տարով ու կորցրեց իր «Յուկոս» նավթային ընկերությունը: Ռոսնեֆտը հիմա վերահսկում է «Յուկոսի» ակտիվների մեծ մասը:
Ռուսական ներդրումային հանրության մեջ ոչ բոլորն են «Սիստեմային» համարում զոհ: Որոշ դիտորդներ ասում են, որ կոնցեռնի որոշակի վճիռներից հետո Բաշնեֆտի շուկայական գինն իջել է, ընդ որում` որոշումներն ընդունվել են ոչ հօգուտ մինորիտար բաժնետերերի: Նրանցից մեկը, որ Բաշնեֆտի բաժնետերերից է, բայց գործին մասնակից չէ, Financial Times-ին պատմել է, որ «Սիստեման» կարող է իրավական պատասխանատվություն կրել Բաշնեֆտի գինը համարյա 30 միլիարդ ռուբլով իջեցնելու համար՝ համարյա մեկ վեցերորդը կոնցեռնից Ռոսնեֆտի պահանջած գումարի: Ելնելով բաժնետոմսերի բորսայական գնից («Սիստեմայի» բաժնետոմսերի գինը երկու անգամ ընկել է դատավարությունը սկսելուց հետո, իսկ Ռոսնեֆտի բաժնետոմսերի գինը 3 %-ով աճել է), ներդրողները կարծում են, որ այս անգամ էլ պարոն Սեչինը հաղթանակ տարավ: Անցած շաբաթ «Սիստեման» բողոք ներկայացրեց նախագահող դատավորի դեմ՝ նրան մեղադրելով կանխակալ վերաբերմունքի մեջ: «Անկողմնակալության լուրջ կասկածներ են հարուցում, թե ինչպես են դատական ընթացակարգերը վարվում»՝ ասաց մամլո քարտուղար Սերգեյ Կոպիտովը:


«Սիստեմայի» բոլոր 15 խնդրագրերը դատավորին, ներառյալ անկախ աուդիտորի նշանակումը ֆինանսական պահանջները գնահատելու համար, մերժվեցին: Անցած շաբաթ դատական նիստում «Սիստեմայի» խնդրագրերից մեկը մերժվեց մի քանի վայրկյանում՝ հենց դատապաշտպանն ավարտեց խոսքը: «Աուդիտորին ներգրավելու մերժումը կարող է վկայել, որ դատարանը վստահում է Ռոսնեֆտի տվյալներին, որ բացասական է ազդելու իրադարձությունների զարգացման վրա «Սիստեմայի» համար»՝ ասում է Իգոր Գոնչարովը՝ բորսայական վերլուծաբան մոսկովյան BCS Global Markets ընկերությունից: Իբրև այս դատավարության մեջ «Սիստեմայի» նշանակած փորձագետներից մեկը՝ շուկաների ռուսական կարգավորիչի նախկին ղեկավարը անցած շաբաթ հայտարարեց, որ ենթադրվող անօրինական պրակտիկան «ստանդարտ կորպորատիվ վարքագիծ է» և եթե ընկերությունը պատժվի, կասկածի տակ կհայտնվի ռուսական ֆինանսական կարգավորիչների կիրառումը: Դատական փաստաթղթերից հետևում է, որ Ռոսնեֆտի ինը փորձագետների թվում համալսարանի ուսանող կա և տնտեսության ֆակուլտետի շրջանավարտ:
«Սիստեմայի» նախագահ Միխայիլ Շամոլինը վերջերս հարցազրույցում հայտարարեց, որ իր ընկերությանը պատասխանատվության են ենթարկում «ինչ-որ տրամաբանության համար, որ քննարկել են մամուլում, թե ընկերությունն իրեն ճիշտ չի պահել ըստ հասկացությունների»: Հունիսին հարցազրույցում Սեչինը հերքում էր, որ սա քաղաքական գործ է: «Ես կոնֆլիկտ չունեմ պարոն Եվտուշենկովի հետ: Անձնական ոչինչ: Ես ամեն ինչում կոռեկտ եմ եղել՝ դիմել եմ դատարան»՝ հայտարարել էր նա:
Հենրի ՖՈՅ, Financial Times, Մեծ Բրիտանիա


Հ.Գ. Իգոր Սեչինը, իհարկե, կոռեկտ է եղել՝ դիմել է դատարան՝ վստահ, որ դատարանն էլ նույնքան կոռեկտ կլինի՝ կայացնելով «անհրաժեշտ» որոշումը՝ սա է ամբողջ պատմությունը: Սա քաղաքական կոռուպցիայի պարզ դրսևորում է, որ վկայում է դատարանի կախյալությունը: Ինչ «հասկացություններով» է «Սիստեման» գործել, դա ստանդարտ կորպորատիվ վարքագիծ է, թե կանխակալ որոշում, կարևոր չէ, Ռուսաստանում տեղի է ունենում կապիտալի ներքին տեղաշարժ՝ ընտրություններից առաջ, քաղաքական էլիտայի խմբերի պայքարը վերաբաժանում է իր ակտիվները, «Սիստեման» այդ պայքարի զոհ է՝ թույլ օղակ լինելով: Ի վերջո, ամեն ինչ կհավաքվի այնտեղ, որտեղ առավել լավ կծառայի իշխանությանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 12957

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ