Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իսկական աղմուկը կբարձրանա, երբ С-400-ները Թուրքիա գան

Իսկական աղմուկը կբարձրանա, երբ С-400-ները Թուրքիա գան
29.07.2017 | 23:38

ԱՄՆ-ից, ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներից Թուրքիան չստացավ սպասված հետաքրքրությունը իր հրթիռային տենդերի նկատմամբ: Թուրքիայի նպատակը ոչ այնքան հրթիռներ ձեռք բերելն էր, որքան, ժամանակ չկորցնելով, քայլ անել դեպի հրթիռային տեխնոլոգիաները, որոնց կարիքն ունի, շնորհիվ համագործակցության, որը պիտի կառուցվեր: Բայց մեր բարեկամները, դաշնակից երկրները նման մոտեցում չունեցան, նույնիսկ առաջարկներ չարեցին նշված չափանիշների շրջանակներում: Նրանց պետք էր վաճառել հրթիռները, բայց նրանք ցանկություն չունեին տեխնոլոգիաներ փոխանցելու, համատեղ արտադրություն իրականացնելու կամ աջակցելու, որ Թուրքիան ստանա այդ ոլորտում ձայնի իրավունք: Այդ պատճառով համաձայնագիր կնքվեց Չինաստանի հետ: Ավելին՝ ենթադրվում էր, որ չին-թուրքական համաձայնագիրը հրթիռների հարցով նույնիսկ կխթանի մեր դաշնակիցներին, բայց նրանք միայն քննադատություն տեղացին: ՈՒշադրություն էր դարձվում, որ այդ հրթիռները չեն կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի համակարգում: Խոսվում էր չինական հրթիռների տեխնոլոգիական հաջողությունների մասին: Գուցե նույնիսկ այն պատճառով, որ Թուրքիայի համագործակցությունը Չինաստանի հետ լուրջ չէին համարում, մեծ նշանակություն չէին տալիս: Երբ օրակարգում հայտնվեց Ռուսաստանը և սկսեց քննարկվել հարցը, որ Թուրքիան կարող է С-400 գնել, այլ ոչ С-300, և Ռուսաստանի հետ համատեղ հրթիռներ արտադրել, փոխվեց և մեր դաշնակիցների վերաբերմունքը: Բայց իսկական վեճերն ու աղմուկը կսկսվեն, երբ С-400-ները տեղակայվեն Թուրքիայում և սկսվի համատեղ արտադրություն:


Թուրքիա էին գործուղվում ներկայացուցիչներ տարբեր ընկերություններից, կոնսորցիումից, որի կազմում ԱՄՆ-ն ու Գերմանիան էին: Սկսեցին ասել. «Մենք ձեզ ամեն ինչ կտանք, ներառյալ տեխնոլոգիաներ, և նույնիսկ մեր համակարգում կինտեգրենք՝ ինչ կկարողանաք դուք անել»: Բայց նրանք ուշացան: Ինքնաթիռային ճգնաժամից հետո թուրք-ռուսական հարաբերությունները վերականգնվել են: Թեպետ որոշ հարցերում երկու երկրների միջև լիակատար համաձայնություն չկա, հրթիռների հարցում պրոբլեմներ չեն ծագել: Ռուսաստանը նույնիսկ ավելի դրական մոտեցումներ դրսևորեց: Հավանաբար այդ մերձեցման մեջ իր դերն ունեցավ քաղաքականությունը, որ Ռուսաստանն ու Թուրքիան մշակում են Սիրիայում տարածաշրջանային անվտանգության ուղղությամբ: Որքան են Թուրքիայի ռազմավարությունները Սիրիայում ու Մերձավոր Արևելքում կոնֆլիկտի մեջ մտնում ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ, այնքան համընկնում են Ռուսաստանի մոտեցումների հետ: Ռուսաստանը, որ ինքնաթիռային ճգնաժամից առաջ Թուրքիային առաջարկում էր միայն С-300 և չէր խոսում տեխնոլոգիաների փոխանցման, համատեղ արտադրության մասին, հիմա սկսել է բարեհաճ վերաբերվել С-400-ների վաճառքին ու համատեղ արտադրությանը, անպայման եղել է և այլ գործոնների ազդեցությունը՝ լարվածությունը Արևմուտքի հետ հարաբերություններում, պատժամիջոցները: Բայց իրադարձությունները Մերձավոր Արևելքում չպետք է առաջին գիծ բերել: Արդյունքում՝ հրթիռների հարցում ոչ ԱՄՆ-ը, ոչ ՆԱՏՕ-ի անդամ որևէ այլ երկիր հիմքեր, ինչպես նաև իրավունք, չունեն Թուրքիային քննադատելու: Որ այս ամբողջ երկար ժամանակի մեջ նրանք որևէ դրական վերաբերմունք չունեցան, հակասում է բարեկամությանը և նույն ալյանսում անդամությանը:


Հենց չեղարկվեց Չինաստանի հետ հրթիռների գործարքը, արևմտյան ընկերությունները իրենց կառավարությունների հավանությամբ սկսեցին թակել Թուրքիայի դռները: Նրանցից մեկը միջազգային «MEADS» կոնսորցիումն էր՝ գերմանական, իտալական մասնակցությամբ, որի խոշորագույն բաժնետերը պաշտպանական արդյունաբերության ոլորտում ամերիկյան հսկա «Lockheed Martin»-ն է: Մեր դաշնակիցները, որ, ցավոք, ավելի վաղ հետաքրքրություն չունեցան «հեռահար գործողության հակաօդային պաշտպանության թուրքական համակարգի» տենդերին, արևմտյան ընկերությունները սկսեցին բերել շատ ճկուն պայմաններով համագործակցության առաջարկների փաթեթներ: Բայց Անկարան հետաքրքրություն չդրսևորեց նրանց նկատմամբ, քանի որ չէր վստահում այդ առաջարկներին, նաև չկարողացավ նրանց անկեղծությունը գնահատել: Երբ С-400-ները ձեռք բերելու առնչությամբ, որը դարձավ քննադատության առարկա և մատուցվում է իբրև Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերություններում լարում առաջացնելու միջոց, նախագահ Էրդողանն անձամբ հայտարարեց, որ ստորագրությունները դրված են, դա սառը ցնցուղ էր Արևմուտքի համար: Բայց չափազանց ուշ էր: Երբ հրթիռների հարցով համաձայնությունը ձեռք է բերվել և քննարկվում է հարցի ֆինանսական կողմը, ԱՄՆ-ից ևս կարող են հետաքրքիր առաջարկներ ստացվել: Ավելին՝ այդ գործընթացին կարող է միանալ և ԱՄՆ-գերմանական կոնսորցիումը ավելի հետաքրքիր առաջարկներով: Բայց այդ փուլից հետո ոչ մի փորձ չի կարող խանգարել ռուսական հրթիռների Թուրքիա հասնելուն: Պայմանով, որ երկու երկրների հարաբերություններում անսպասելի խնդիրներ չծագեն:
Գյունտայ ՇԻՄՇԵԿ, Habertürk


Հ.Գ. Փաստորեն՝ Թուրքիային ռուսական С-400-ները պետք էին միայն՝ ՆԱՏՕ-ի նոր տեխնոլոգիաներ ստանալու համա՞ր: Անկարան ուզում է մտնել զենքի համաշխարհային շուկա, և միայն Ռուսաստանն է համաձայն ուղեգիր տալ: ՈՒ ինչ պրիմիտիվ առևտուր է՝ ուզածս չտաք, չինացիներից կվերցնեմ, չինացիները չլինեն, ռուսները կան: Իսկ եթե դուք ավելին տաք, ռուսներին կգցեմ ու ձեզ հետ կհաշտվեմ: Այս պայմանագրում կարևորը մի քանի հրթիռը չէ, այլ՝ համատեղ ձեռնարկությունը և տեխնոլոգիաների փոխանցումը: Ռազմավարական համագործակցությունը դա է, ոչ թե ռազմավարական դաշնակցին գործարանային գնով հրթիռ վաճառելը, իսկ այդ դաշնակցի վրա ամեն օր կրակող հակառակորդին շուկայական գնով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 12435

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ