Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նոր առաջարկներ Մինսկի խմբին ու ՄԱԿ-ին՝ Ղարաբաղում պատերազմի զսպման տիեզերական գործիքարանի վերաբերյալ

Նոր առաջարկներ Մինսկի խմբին ու ՄԱԿ-ին՝ Ղարաբաղում պատերազմի զսպման տիեզերական գործիքարանի վերաբերյալ
03.09.2017 | 11:16

Սեպտեմբերի 1-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ Ջորջ Մարշալի անվան Անվտանգության հետազոտությունների եվրոպական կենտրոնի Հայաստանի շրջանավարտների խորհրդաժողովը՝ «Հայաստանի անվտանգության մարտահրավերները» թեմայով: Համաժողովը նախագահում էին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը, ՀՀ-ում ԳԴՀ-ի դեսպան Բեռնհարդ Մաթիաս Քիսլերը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, Ջորջ Մարշալի անվան անվտանգության հետազոտությունների եվրոպական կենտրոնի տնօրեն, գեներալ-լեյտենանտ Քիտ Դեյթոնը: Զեկուցողների թվում էին Մարշալի կենտրոնի շրջանավարտներ՝ ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը, ՊԱՀՀ-ի պետի տեղակալ, գնդապետ Գևորգ Սարուխանյանը, ՊԱՀՀ-ի գիտահրատարակչական կենտրոնի պետ-«Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի գլխավոր խմբագիր, գնդապետ Դավիթ Չիլինգարյանը:
Պրոֆեսոր Հայկ Քոթանջյանի զեկուցման գլխավոր գաղափարները ներկայացվել են Մինսկի խմբի համանախագահ ռուսական կողմին՝ ՀՀ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետական դումայի Միջազգային հարցերով հանձնաժողովի 2016 թ. նոյեմբերի 19-ին համատեղ նիստում: Գեներալ-լեյտենանտ Քոթանջյանը ներկայացնում է ՊԱՀՀ-ի գիտնական-վերլուծաբանների նոր առաջարկները՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի զսպման վերաբերյալ:


«Նախ, թույլ տվեք իմ երախտագիտությունը հայտնել Երևանում ԱՄՆ-ի դեսպանատանը` այս միջոցառման կազմակերպման հարցում ցուցաբերած աջակցության և գործադրած ջանքերի համար: ՈՒրախությամբ պետք է նշեմ, որ օգտվելով հռչակավոր Մարշալի անվան իմ Ալմա մատեր կենտրոնի գիտափորձաքննական այս ամբիոնն օգտագործելու հնարավորությունից` կարող եմ արևմտյան լսարանին հավասարակշռված ներկայացնել մեծ անվտանգային ներուժ ունեցող մի գաղափար: Խոսքը վերաբերում է մեր տարածաշրջանի հակամարտությունների գոտիների տիեզերական ուղեծրային խորազննման արդյունքները ՄԱԿ-ի Բաց տիեզերքի հարցերով գրասենյակին փոխանցելու գաղափարին: Նախկինում ես Մինսկի խմբի համանախագահ ռուսական կողմին ներկայացրել եմ Ղարաբաղյան հակամարտության հարցում ուղեծրային խորազննումը` որպես զսպման միջոց կիրառելու այս մտահղացումը ՀՀ ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետական դումայի Միջազգային հարցերով հանձնաժողովի համատեղ նիստում:


Սույն ելույթը մեր ՊԱՀՀ-ի թիմային հետազոտական աշխատանքի արգասիք է, որը նպատակաուղղված է Մինսկի խմբի խաղաղամետ գործունեությունն զգալիորեն առաջ մղելուն: Ես կարծում եմ, որ սա պատեհ առիթ է այս կարևոր ուղերձները Մինսկի խմբի համանախագահ ամերիկյան կողմին ներկայացնելու համար:
Մշակելով դեպի Ղարաբաղյան հակամարտության կարգավորում գնալու ուղիները` մենք չենք կարող շրջանցել ԱՄՆ-ի և ՌԴ-ի` որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամների և Մինսկի խմբի համանախագահ երկրների հարաբերությունների խնդիրը: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի դիրքորոշումներում բազմամյա և չընդհատվող միջազգային անվտանգային համաձայնության քաղաքական-դիվանագիտական հարթակների շարքում առանձնանում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահության հարթակը: Այս չընդհատվող համաձայնությունը հաստատել է իր բացառիկ արժեքը նաև 2016-ի մայիսին Վիեննայի բանակցություններում:


Քննարկելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի ուղիները, մենք պետք է հաշվի առնենք, որ ռազմական գործողությունների ցանկացած վերսկսում կարող է գազանական ցեղասպանության մի նոր ողբերգական էջ բացել Արևելքն ու Արևմուտքը կամրջող այս տարածաշրջանում, որտեղ Իսլամական պետության դահիճները այսօր ցեղասպանություն են իրագործում քրիստոնյաների, հրեաների, եզդիների և ահաբեկչական ջիհադի մեջ չներգրավված մահմեդականների նկատմամբ:
Հայ ժողովրդի համար «Այլևս երբեք» կարգախոսի արդիականությունը շեշտվեց դեռ ԽՍՀՄ Վերակառուցման շրջանում, երբ Ադրբեջանը ձեռնարկեց իր հայ բնակչության ջարդերը: 1991 թ. նոյեմբերի 23-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ) լուծարելու մասին օրենք` առանց նրա բնակչության համաձայնության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիմնարար միջազգային նորմերի խախտումներով: Ի պատասխան այդ ապօրինի քայլի` 1991-ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղն սկսեց անկախացման գործընթացը` ԽՍՀՄ ներքին օրենսդրությանը համապատասխան: Խորհրդային Միության փլուզումից հետո ձևավորվեց երկու պետություն. Ադրբեջանի ԽՍՀ տարածքում` Ադրբեջանի Հանրապետությունը, և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Երկու պետությունների ձևավորումն ունի նույն իրավական հիմքը, հետևաբար իր ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա Լեռնային Ղարաբաղի կազմավորումը երբևէ չպետք է դիտվի Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության տեսանկյունից:
1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում միջազգային չափանիշներին ու 1991 թ. ապրիլի 3-ի ԽՍՀՄ օրենքին ճշգրիտ համապատասխանությամբ և միջազգային դիտորդների մասնակցությամբ անցկացվեց անկախության հարցով հանրաքվե: ԼՂՀ ադրբեջանական փոքրամասնությանը հնարավորություն տրվեց մասնակցելու հանրաքվեին, սակայն Բաքվի ցուցումով նա հրաժարվեց այդ հնարավորությունից: Հետագա իրադարձությունները վերացրին հանրաքվեի արդյունքները ԽՍՀՄ կենտրոնական մարմինների հետ համաձայնեցնելու անվերապահ պահանջը, քանի որ 1991 թ. դեկտեմբերի 21-ին ստորագրվեց Խորհրդային Միության լուծարման Ալմա Աթայի հռչակագիրը:


Այսպիսով` Լեռնային Ղարաբաղի տարածքում անցկացված Հանրաքվեն օրինական է, և ԼՂՀ ստեղծումը կատարվել է համապատասխան Միջազգային իրավունքի սկզբունքներին ու հատկանիշներին: Ադրբեջանի Հանրապետությունը 1992 թ. սանձազերծել է Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմ, որը տևել է մինչև 1994 թ., երբ Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը ստորագրել էին հրադադարի համաձայնագիր, իսկ 1995 թ. էլ` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հրադադարի հաստատութենացման մասին եռակողմ պայմանագիր: Այս համաձայնագրերը հակամարտող կողմերը և Ղարաբաղյան հակամարտության գծով ԵԱՀԿ Մինսկի խումբը ճանաչել են որպես իրենց էությամբ անժամկետ և հակամարտության գոտում երկարատև զինադադարի հաստատման համար հիմք: Միջազգային հանրությունը քանիցս վերահաստատել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր տեսլականը, ըստ որի` այն պետք է հիմնված լինի Միջազգային իրավունքի երեք հիմնական և հավասարազոր` «Ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության» սկզբունքների վրա:


2016 թ. ապրիլի 2-ին` 1994 թ. հրադադարի կնքումից 22 տարի անց, Ադրբեջանի Զինված ուժերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով ձեռնարկեցին անակնկալ լայնամասշտաբ հարձակում, որի հիմնական նպատակն էր ձախողել հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը, զավթել Լեռնային Ղարաբաղը և նրա հայկական բնակչությանը ենթարկել ցեղասպանության: Ադրբեջանի վարքագիծը զգալի չափով պայմանավորված է այն հանգամանքով, որ չկան շփման գծի մերձակայքում ռազմական գործողությունների վերսկսման դինամիկան գրանցող մեխանիզմներ: Ադրբեջանը հետևողականորեն մերժում է տեխնիկական և մարդկային մասնագիտական ռեսուրսների միջոցով զինադադարի մշտազննում կատարելու մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները, որ կարող են զսպել ռազմական գործողությունների վերսկսումը:


2016-ի ապրիլին Ղարաբաղում չորսօրյա պատերազմի արդյունքներով կայացած Վիեննայի խորհրդարկումների ժամանակ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումների համահնչությունը Հայաստանին և Ադրբեջանին հակեց համաձայնության, որ ռազմական գործողությունների վերսկսումից կողմերին հետ պահելու համար անհրաժեշտ է սահմանել զինված հակամարտության գոտում պատերազմի նախապատրաստման նկատմամբ վերահսկողություն: Տեխնոլոգիական նորամուծությունների և մարտական գործողությունների նախապատրաստման վրա քաղաքական-դիվանագիտական ներգործության մեթոդների խելացի համակցումը հնարավորություն է տալիս զինադադարի խախտումների հետաքննության արդյունավետ մեխանիզմի և ռազմական ուժի կուտակման ու պատերազմին նախապատրաստումն ազդարարող տարաշարժերի մշտազննումը առավել արդյունավետ իրականացնելու նպատակով քաղաքական զսպման հայեցակարգ մշակելու համար:
Տվյալ համատեքստում հույժ կարևոր է հենվել այն ըմբռնման վրա, որ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ռազմական անհավասարակշռության աճման պայմաններում չի կարելի ապավինել միայն ավանդական ռազմական զսպման արդյունավետությանը: Այս հարցում անհրաժեշտ է գիտականորեն իմաստավորել միջազգային հանրության հետ համագործակցության նկատմամբ այն նորամուծական մոտեցումները, ըստ որոնց` լայնածավալ մարտական գործողություններին կողմերի նախապատրաստման մասին ազդարարող ռազմական ուժի վտանգավոր տարաշարժների խորազննման համար կկիրառվեն միջազգային հանրության բարձր տեխնոլոգիական միջոցները:


Խոսքը վերաբերում է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեր մշակած մեթոդաբանությանը, ըստ որի` Ղարաբաղյան հակամարտության գոտում ուժերի փոփոխման վտանգավոր դինամիկայի խորազննման գործում պետք է ներգրավվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ վերազգային տիեզերական տարածությունից դիտոցային օժանդակության միջոցով ուղեծրային հեռադիտական միջոցների գործադրմամբ:
Միջազգային տիեզերական իրավունքը միջազգային հանրությանը հնարավորություն է տալիս մերձերկրային տիեզերական տարածությունից վերահսկելու հակամարտության գոտում պատերազմական գործողությունների վերսկսմանը զորքերի պատրաստման դիմանիկան: Վերահսկողության այս եղանակը, նպատակաուղղված լինելով պատերազմի կանխմանը, կարող է միջազգային նորմերին և կանոնակարգերին համապատասխան օգտագործվել որպես խորհրդարկումների ու բանակցությունների կիրառմամբ քաղաքական-դիվանագիտական զսպման միջոց:


Համաձայն Տիեզերքի ուսումնասիրման և օգտագործման հարցերում պետությունների գործունեությունը կարգավորող իրավական նորմերի հռչակագրի` «Միջազգային համագործակցության խրախուսման և ակտիվացման համար, հատկապես` զարգացող երկրների կարիքների հաշվառմամբ, տիեզերքից Երկրի հեռահար խորազննում կատարող պետությունը, ըստ խնդրանքի, խորհրդարկումներ է անցկացնում այն պետության հետ, որի տարածքը խորազննվում է», իսկ Տիեզերական տարածության, ներառյալ` Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման ուղղությամբ պետությունների գործունեության սկզբունքների մասին պայմանագիրը նախատեսում է, որ «Տիեզերական տարածությունը, ներառյալ` Լուսինը և այլ երկնային մարմիններ, ենթակա չէ ազգային յուրացման ոչ դրանց նկատմամբ ինքնիշխանության հռչակման եղանակով, ոչ օգտագործման կամ զավթման ճանապարհով, ոչ էլ որևէ այլ միջոցով»:
Եթե միջնորդ խաղաղարար տերությունները գործի դնեն ուղեծրային խորազննական միջոցների կիրառմամբ պատերազմի վերսկսումը զսպելու այս նորամուծական մեթոդը, դա կարող է լինել արդյունավետ եղանակ ծխացող երկարատև հակամարտությունների դեպքում և, միևնույն ժամանակ, տարածաշրջանային անվտանգության համար ռազմավարական կարևոր գործոն:


2016 -ի մայիսին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման շնորհիվ համաձայնություն ձեռք բերվեց հակամարտության շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծման և ԵԱՀԿ գործող համանախագահի անձնական ներկայացուցչի խմբի հնարավորությունների ընդլայնման հարցում: Սա պատեհաժամ ընդունված որոշում է, որովհետև զուտ ռազմական զսպման հնարավորությունները խիստ նվազել են, քանի որ կողմերից մեկը ակտիվ գնում է հարձակողական սպառազինություն՝ խախտելով ուժերի հաշվեկշիռը: Դրա հետ մեկտեղ, 2016 թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման արդյունքները տվյալ համատեքստում պետք է դիտվեն որպես ոչ միայն հրադադարի ռեժիմը երկու հակամարտող կողմերի ազգային օդային տարածքներից վերահսկելու հարցում համաձայնություն, այլև հարձակողական սպառազինության կուտակումները և զորքերի տեղաշարժի միջոցով պատերազմին նախապատրաստումները երկու հակամարտող պետությունների ազգային ինքնիշխանությունից դուրս գտնվող տիեզերական տարածությունից վերահսկելու նպատակով ուղեծրային մեխանիզմների ընտրության համար հիմք հանդիսացող` ՀՀ-ի և ԱդրՀ-ի հետ հաջողված միջազգային խորհրդարկություն:


Այս առումով, նշանակալից դեր կարող է խաղալ ՄԱԿ-ի Բաց տիեզերքի հարցերով գրասենյակը: Նա պատասխանատու է խաղաղ նպատակներով տիեզերքի օգտագործման հարցում միջազգային համագործակցությունը խթանելու համար և ծառայում է որպես Խաղաղ նպատակներով տիեզերքի օգտագործման ՄԱԿ-ի հանձնաժողովի քարտուղարություն:
Այդ հանձնաժողովը ստեղծվել է 1959-ին` ամբողջ մարդկության կողմից տիեզերքի ուսումնասիրությունը և օգտագործումը կարգավորելու նպատակով: Ներկայումս Հայաստանն ու Ադրբեջանը, Մինսկի խմբի երեք համանախագահ պետությունները այդ հանձնաժողովի անդամներ են, ինչը եզակի հնարավորություն է ստեղծում, որ հանձնաժողովի հնարավորություններն օգտագործվեն հակամարտության գոտում խաղաղություն և կայունություն ապահովելու համար:
Ես կարծում եմ, որ արդյունավետ կլիներ, եթե տեխնիկական գնահատում կատարելու համար ՄԱԿ-ի Բաց տիեզերքի հարցերով գրասենյակին հանձնվեին հակամարտության գոտու ուղեծրային խորազննման արդյունքները, իսկ նա շահագրգիռ կողմերին ներկայացներ գնահատման արդյունքները: Այս մեխանիզմի հաջող ձեռնարկումը ՄԱԿ-ի Բաց տիեզերքի հարցերով գրասենյակին եզակի հնարավորություններ կընձեռեր հակամարտության գոտիների ուղեծրային խորազննման տեխնիկական գնահատում կատարելու համար: Ես լիահույս եմ, որ դրանով այս նախադեպը կարող է դառնալ միջազգային խաղաղության և կայունության խթանման կարևոր գործիք թե Ղարաբաղում, թե նրա սահմաններից այն կողմ»:

Դիտվել է՝ 3908

Մեկնաբանություններ