Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Քննադատությունն անհրաժեշտ է, եթե այն տեղին է և ոչ թե մարդուն վարկաբեկելու համար իջեցված պատվեր

Քննադատությունն անհրաժեշտ է, եթե այն տեղին է և ոչ թե մարդուն վարկաբեկելու համար իջեցված պատվեր
05.09.2017 | 10:22

Հայտնի բան է՝ ով վճարում է, նրա պատվերն էլ կատարում են: Դու ռեստորանում ես, քեֆդ քաշում է տվյալ պահին քեզ հաճելի երաժշտություն լսել, վճարում ես, և պատվերդ իսկույն կատարում են: Պատվիրում ես այս կամ այն կերակրատեսակը, իսկույն բերում են, որովհետև հաստատ գիտեն, որ դու անպայման վճարելու ես: Եվ դա է կյանքի օրենքը ցանկացած բնագավառում: Դեռևս 1905 թվականին մի մտածող իր «Կուսակցական մամուլ, կուսակցական գրականություն» հոդվածում նշել է, որ մամուլը կատարում է այս կամ այն քաղաքական խմբի, այս կամ այն քաղաքական ուժի պատվերը:


Կարդում ես մեր երկրի պետական մամուլը և մեկեն մտաբերում Չարենցի խոսքերը, որ երկրում լուծված է անգամ պրոբլեմը սիրո: Անհոգ երկիր, անհոգ ժողովուրդ, ստեղծագործող մտավորականություն, գործարանում բարիք ստեղծող աշխատավորություն, հողին իր արդար քրտինքը խառնող, հորովել երգող, հողից բերք քամող ժողովուրդ: Այստեղ ցանկանում եմ մի փոքր շեղվել և հիշել պատմական մի փաստ: Բյուզանդական հզոր կայսրերից մեկը` Հովհաննես Չմշկիկը, Պաղեստինի արշավանքից վերադառնալիս Կիլիկիայով անցնելիս տեսնում է լավ մշակված, բարեբեր դաշտերը, ուրախանում և հարցնում է թիկնապահին, թե ում են պատկանում այդ հողերը: Ներքինու հողերն են, պատասխանում է թիկնապահը:
-Ինչպե՞ս,- զարմանում է զորավարը,- մենք կռվում ենք, որ մի անարգ ներքինի՞ (ասեմ, որ այդ ներքինին՝ վարչապետը, նույնպես հայ էր) հարստանա: Իսկ ես մտածում էի, որ մենք կռվում ենք, որպեսզի ապահովենք մեր ժողովրդի բարեկեցությունը:
Կայսեր ինչպիսի՜ պետական մտածողություն: Ճիշտ է, Չմշկիկի ժամանակ չկային զանգվածային լրատվամիջոցներ, և հասարակական կարծիքը ձևավորվում էր հրապարակներում, մունետիկների միջոցով, կայսեր հրամաններով: Ասել կուզեմ, որ այդ ժամանակ հասարակական կարծիքը միշտ ձևավորվել է հօգուտ տերերի: Վերջին հաշվով՝ հօգուտ պետության: Իսկ այսօր, երբ կան զանգվածային հզոր միջոցներ, և միշտ չէ, որ պետության ղեկին են Չմշկիկի նման կառավարողները, զանգվածային լրատվամիջոցները, հարվածելով վատ կառավարողին, կարող են քայքայել պետության հիմքերը, մանավանդ եթե պետությունը շրջապատված է թշնամիներով, և պետության տնտեսությունն էլ, մեղմ ասած, ճողված է:


Գաղտնիք չէ, որ այսօր լրատվական դաշտում աշխատողը միայն գրչով չի կարող ապահովել իր և ընտանիքի գոյությունը: ՈՒրեմն ի՞նչ է մնում անել այդ կարգի լրագրողներին: Կատարել պատվեր: Ասել է՝ հանուն իր և իր ընտանիքի գոյության նա ցած է իջնում լրատվական դաշտում վեհ գաղափարներով, նպատակներով գործելուց և գործում է այնպես, ինչպես կթելադրի պատվիրատուն: Փորձեմ հիմնավորել:
Այսօր հայ գյուղացին իսկական ճորտի կարգավիճակում է: Չկան ֆեոդալական հասարակարգին բնորոշ կոռն ու բեգյարը, այլ կա ակամայից քաղաքակիրթ երևացող, նրան փոխարինող շուկայական հարաբերություններ հասկացությունը: Եվ այդ հարաբերությունների վրա աշխարհում հիմնված տնտեսությունները աշխատում են աճող, երբեմն էլ նվազող, բայց հիմնականում զարգացող տեմպերով:


Վերջերս թերթերից մեկում կարդացի ¥գրողն էլ դոկտոր, թե թեկնածու էր¤, որ Հայաստանում գյուղատնտեսական արտադրությունն ընթացիկ տարվա վեց ամիսներին պակասել է, որովհետև գյուղատնտեսության մեջ աշխատողների թիվը նվազել է: Խնդամ բախտդ, գիտնական, որ գաղափար չունես, թե ինչն ինչոց է, բայց վիճակագրական որոշ տվյալներ խոսեցնելու կարողություն ունես և կարողանում ես միամիտ ընթերցողի վրա տպավորություն թողնել հարցնելով՝ ի՞նչն է բանը: Բանն այն է, որ վերջին տարիներին գյուղացին կարողացավ հողը ոչ միայն ինտենսիվ, այլև տարիներ շարունակ պարապ մնացած հողակտորները մշակել և արդյունքում ստացվեց բերքի այնպիսի առատություն, որ մթերողները կառավարության հետ ուղղակի բանակցությունների արդյունքում (կառավարությունը մինչ մթերման պահը խոսում էր խաղողի մեկ կիլոգրամն առնվազն 145 դրամով մթերելու մասին) սկսեցին գին գցել, և բանը հասավ նրան, որ սկսեցին մթերողները արդեն խոսել խաղողի ոչ միայն որակի, այլև այս կամ այն տեսակը մթերելու կամ չմթերելու մասին և արդյունքում խաղողի բեռով բեռնված մեքենայի տիրոջն ասում են.
-40 դրամ, կուզես, ուզիր: Չէ, հետ տար:
Իսկ ու՞ր պիտի տաներ գյուղացին: Արդյունքում բերքը հանձնվում էր 40 դրամով: Եվ արդյունքում աշնանը չթաղվեցին հարյուրավոր հեկտար այգիներ: Գարնանը ստիպված քանդեցին, բնից կտրեցին այգիները:
Մի ուրիշ օրինակ: Գյուղացին տնկում է բադրիջան կամ պոմիդոր: Բնականաբար ստացվող մեծ քանակի բադրիջանը ուտելով չես սպառի: Գործարանը պետք է մթերի և ինչ... Մթերողը, ելնելով բերքի առատությունից, ասում է, թե կմթերեմ 30, 40 դրամով, կուզես սա է, չես ուզի, սա է: Եվ կառավարությունը նայում է, թե ինչպես են կողոպտում գյուղացուն, արդարանալով, որ շուկայական հարաբերություններ են: Իսկ մեկը չհարցրեց կառավարությունից, եթե շուկայական են հարաբերությունները, ապա ի՞նչ անուն տալ նրան, որ մեկ բադրիջանից, մեկ բիբարից, մեկ պոմիդորից և որոշ համեմունքից, մի փոքր ձեթից և էլի ինչ-որ չնչին ծախսերից ընդամենը 200-գրամանոց խավիարի բանկան ծախում ես 800-1000 դրամով:


Ավելի վառ օրինակ բերեմ: Տասնյակ գործարաններում աշխատում են չգրանցված հազարավոր բանվորներ, և երբ գալիս է թոշակի տարիքը, մարդը ստաժ չունի նորմալ թոշակի անցնելու համար: Այս և նման տիպի շատ հարցեր դուրս են մնում լրատվական դաշտի ուշադրությունից, և չի ստեղծվում հասարակական կարծիք, որտեղ պաշտպանվի աշխատողի շահը և կառավարության նկատմամբ ստեղծվի բացասական կարծիք: Եվ ինչու՞: Որովհետև այս կամ այն օլիգարխը էն գլխից գնել է այս կամ այն լրատվամիջոցը, և լրագրողի գործը չէ քիթը խոթել իրեն չվերաբերող հարցերի մեջ:
Ոչիշխանական լրատվամիջոցներն անխնա, տեղին, երբեմն էլ անտեղի քննադատում են, ոչ հիմնավոր լրագրողական հետաքննության փաստերով, դեսից-դենից հնչող խոսակցություններից և ժողովրդին մոլորեցնող նյութը նետվում է լրատվական դաշտ: Ժողովուրդ կոչվածն էլ ավելի հեշտ ու դյուրին է ըմբռնում սուտը, որովհետև նրա քիմքին հաճելի է այդ կարգի սուտը: Բայց որքա՞ն կարելի է ժողովրդին կերակրել նման ստերով: Եվ արդյունքում ստացվում է այն, ինչ այսօր ունենք:
Երկրի առաջին դեմքի մասին այդպես էլ ժողովուրդը չունեցավ հիմնավոր պատկերացում, թե վերջապես քաղաքական դաշտում որո՞նք են այդ մարդու առավելությունները և թերությունները: Միակ կարծիքն այն է, որ լավ շախմատ է խաղում: Մեր լրատվադաշտը գնում է ոչ թե նպատակասլաց ուղղությամբ, ստեղծելու այս կամ այն պաշտոնյայի մասին լուրջ հասարակական կարծիք, այլ հարմար պահը որսալու և կատարելու այս կամ այն պատվերը, հարվածելով կոնկրետ պաշտոնյայի:


Խոսրովի արգելոցի կրակը վաղուց է մարվել, բայց այդ հարցի հետ կապված այս կամ այն պաշտոնյայի անարդարացի խախտված իմիջը դեռ չի վերականգնվել: Ո՞րն էր Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի մեղքը, ինչու՞մ էր նա զլացել և չէր կատարել իր պաշտոնեական պարտականությունները: 550 մարդ պատրաստ կանգնած էինք Խոսրովի արգելոցի ՈՒրցաձորի տեղամասում: Համարյա կես օր կանգնած էինք: Մարզպետն էլ մեզ պես զինվոր էր, և սպասում էինք կրակը մարելու համար ստեղծված հանձնաժողովի նախագահի հրահանգներին: Եթե կռվի դաշտում կա ընդհանուր հրամանատար, ապա ոչ ոք չի կարող ինքնագլուխ որևէ պատասխանատվություն վերցնել իր վրա: Կրակը մարելու ընթացքում պարզվեց, որ տեղական ուժերը, միջոցները բավարար չեն նման կարգի հրդեհը մարելու համար: Եվ ես զարմացած էի, որ այդ ընթացքում չգտնվեցին ուռա-պատրիոտներ և չասացին, որ ռուսական ինքնաթիռը մեզ պետք չէ: Հիշում եք, 1990 թվականին էն վայ-ՀՀՇ-ականներին, թե մենք կկառուցենք մեր տունը, և արդյունքում քշեցին ռուսներին, բայց տունն այդպես էլ առայսօր դեռ չի կառուցվել: Քննադատությունն անհրաժեշտ է, եթե այն տեղին է և ոչ թե մարդուն վարկաբեկելու համար իջեցված պատվեր:


Բերեմ ինձ վերաբերող մի օրինակ: Ղեկավարել եմ Այգեստան համայնքը ութ տարի: Վերջին ընտրություններում, ընտրողին որևէ խոսք չասած, հաղթել եմ: Արդյունքում ութ տարի համայնքը շենացնողիս անունը մի ստահակ լրագրողի և տեղի պլանքաշների օգնությամբ վարկաբեկեցին: Այդ ստահակ լրագրողը չուզեց նույնիսկ իր ստորությունը կյանքի կոչելուց առաջ ինձ լսել, թեպետ ինձ լավ գիտեր: Արդյունքում հարուցվեց քրեական գործ: 10 ամիս հատուկ քննչական կոմիտեի քննիչը քննեց և արդյունքում... քրեական գործը կարճվեց հանցադեպի բացակայության պատճառով: Բերանով ես ասել՝ տասն ամիս: Տասն ամիս հասարակությունը լարված, որոշ մարդիկ էլ աչքերը չռած նայում էին: Եվ ի՞նչ... Գյուղի շենացմանն ուղղված իմ բոլոր ջանքերը մի րոպեում ի չիք դարձան, իսկ ստորները որևէ պատասխանատվության չենթարկվեցին: Բայց ես, որպես մարդ, նաև լրագրող, ցավ ապրեցի այդ ստահակ ռեպորտյորի համար: Ճիշտ է, չոր կեղտը մարդու փեշերին չի կպչի, բայց և բոլոր դեպքերում հաճելի բան չէ:

Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ. Մեր երկրում լրագրության միջոցով չի ստեղծվում առողջ հասարակական կարծիք, որովհետև լրագրողական կարծիքն ինքն առողջ չէ: Մի բան, որն այնքան կարևոր է առողջ հասարակություն ունենալու համար:

Դիտվել է՝ 5333

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ