Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Պաշտոնյաներն իրենց տեղում չեն եղել

Պաշտոնյաներն իրենց տեղում չեն եղել
05.09.2017 | 10:24

Ապրիլյան պատերազմն ընդամենը չորս օրվա ընթացքում բացահայտեց մեր բանակում եղած, մեղմ ասած, թերություններն ու բացերը: Խոսրովի անտառում վերջերս բռնկված հրդեհը թերևս ավելի կարճ ժամանակաընթացքում բացահայտեց, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն ու «Խոսրովի անտառ» պետական արգելոցի նախկին ու ներկա տնօրենները, ՀՀ բնապահպանության նախկին ու ներկա նախարարներն իրենց տեղում չեն եղել:


Մասնավորապես նկատի ունենք այն, որ նրանք մինչ ս. թ. օգոստոսի 12-ին բռնկված հրդեհը պարտավոր էին հաշվի առնել նման մասշտաբային հրդեհի առաջացման հնարավորությունը, քանի որ նախապես հայտնի փաստեր էին, որ հրդեհի առաջացման դեպքում հրշեջ ավտոմեքենան չի կարող մտնել արգելոցի տարածք, նույնիսկ մարդու համար առանձին հատվածներ խիստ դժվարանցանելի են:
Փաստ երկրորդ. նախապես հայտնի էր նաև այն, որ արգելոցի տարածքում երեկոյան ժամերին քամին մեծ արագությունների է հասնում, և եթե անտառում ինչ-որ տեղ արդեն հրդեհ է բռնկվել, քամին այն շատ արագորեն տարածում է:


Փաստ երրորդ. նախապես հայտնի էր նաև, որ անտառում առկա գիհի ծառատեսակը խեժի բարձր պարունակության պատճառով և ամռան շոգ ու չորային պայմաններում շատ դյուրավառ է եթե արդեն կրակ կա, այն թղթի պես արագորեն բռնկվում, այրվում ու մեծ ջերմություն արձակելով, բորբոքում ու մեծ թափով տարածում է հրդեհը:
Բնավ չենք կարող համաձայնել ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության պետ Գագիկ Մանուչարյանի ասածին, թե «Ոչ մեկը չէր սպասում, որ հրդեհն այսքան մեծամասշտաբ կլինի»: Շարքային քաղաքացիները և ուրիշներ կարող էին տեղյակ չլինել վերոնշյալ փաստերին և չսպասել, որ հրդեհը մեծ մասշտաբների կհասնի, սակայն արգելոցի տնօրենությունը, ՀՀ բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարները հիշյալ փաստերին տեղյակ լինելով, կարող էին ու պարտավոր էին սպասել իրադարձությունների նման զարգացման, այսինքն` հրդեհի առաջացման դեպքում, եթե այն շուտ չի հայտնաբերվում ու սկզբնական շրջանում չի հանգցվում, դրա մեծ մասշտաբների հասնելուն:


Քանի որ վերոնշյալ փաստերը նախապես հայտնի էին, ՀՀ բնապահպանության նախկին ու ներկա նախարարները պետք է ժամանակին համապատասխան միջոցներ ձեռնարկեին, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պես անգնահատելի տարածքում հրդեհի առաջացման դեպքում այն դեռ սկզբնական շրջանում հնարավոր լինի հայտնաբերել ու քանի դեռ մեծ տարածում չի ստացել, հանգցնել արգելոցի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) ունեցած սուղ միջոցներով, իհարկե, անհրաժեշտության դեպքում նաև բանակի օգնությանը դիմելով: Մասնավորապես` պետք է դիմեին ՀՀ կառավարություն, վերջինիս հնարավորությունների բացակայության դեպքում` միջազգային համապատասխան կազմակերպություններին` արգելոցի տարածքում մշտապես օդային հետախուզություն, պարեկություն իրականացնելու նպատակով մի քանի թեթև, մեկտեղանի և համեմատաբար էժանագին ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր կամ դրոններ ձեռք բերելու համար: Սա չի արվել:


Երկրորդ. չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ, որպեսզի արգելոցի աշխատակիցներն ունենան կապի համապատասխան միջոցներ, հրդեհի հայտնաբերման դեպքում կարողանան այդ մասին անմիջապես իրազեկել իրենց ղեկավարությանը (արգելոցի տնօրենությանը, ՀՀ բնապահպանության նախարարին կամ նրա տեղակալներից որևէ մեկին), ԱԻՆ փրկարար ծառայությանը:
«Հրդեհն առաջինը հերթապահության ժամանակ նկատել և իրենց ուժերով սկսել են մարել Խոսրովի անտառի աշխատակիցները, չի հաջողվել,- անցած շաբաթ օրը ներկայացնելով հրդեհի հետ կապված մանրամասները, ասաց հիշյալ վարչության պետ Գագիկ Մանուչարյանը:- Ահազանգել են, սակայն ամբողջ Խոսրովի տարածքում որևէ կապ չի գործում, ոչ «ԱրմենԹել»-ի, ոչ «Վիվասել»-ի, ոչ «Յուքոմ»-ի: Փոքրիկ ռացիաներ կան, որոնք տեղ-տեղ բռնում են, տեղ-տեղ` ոչ, սրանով է միայն, որ կարելի է կապ հաստատել, և միակ կապի կետը, որտեղից կարելի է հանրապետության այլ տարածքների հետ բջջային հեռախոսով կապ հաստատել, այցելուների կենտրոնն է: Եթե մարդը նկատել է հրդեհը, այդքան տարածք պետք է գնա, որ հասնի այցելուների կենտրոն, որտեղից կարողանա ահազանգել»:
Ըստ Գագիկ Մանուչարյանի, այս մասին նախապես տեղյակ են եղել և ՀՀ բնապահպանության, և արտակարգ իրավիճակների նախարարությունները, սակայն այդ նախարարությունները բջջային կապի օպերատորներ չեն ու չէին կարող բջջային կապի անտենաներ դնել արգելոցի տարածքում: Դա, իրոք, այդպես է, սակայն մինչ հրդեհը նշված նախարարությունները չեն դիմել ՀՀ կառավարություն և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որ նրանց միջնորդությամբ լուծեն տվյալ խնդիրը: Քանի որ տվյալ տարածքում բջջային կապից օգտվողները շատ քիչ էին լինելու, հասկանալի է, որ կառավարությունը պետք է փոխհատուցեր անտենաների տեղադրման ու շահագործման համար կապի օպերատորներից որևէ մեկի ծախսերը, որին կարող էր ընտրել մրցույթով: Սա նույնպես չի արվել:


Երրորդ. հուսալի և անվտանգ կապի խնդիրը կարելի էր լուծել արգելոցի աշխատակիցներին արբանյակային կապի հեռախոսներով ապահովելով, որոնք Երևանում էլ են վաճառվում ու ցանկացած վայրից կարող են կապ ապահովել, դրանցով կապի ապահովման խնդիրը վաղուց ու միանշանակ կարելի էր լուծել: Սա նույնպես չի արվել` «Խոսրովի անտառ» պետական արգելոցի նախկին ու ներկայիս տնօրենների կամ, եթե նրանք տվյալ հարցով դիմել են ՀՀ բնապահպանության նախկին ու ներկայիս նախարարներին, ապա վերջիններիս հանցավոր անգործության, սրտացավության և անտառի նկատմամբ տիրոջ զգացողության բացակայության պատճառով: Ամոթ է, մենք 21-րդ դարում ենք, կապի ի՞նչ բացակայության մասին կարող է խոսք լինել: Իսկ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ասում է, որ ինքը չի պատրաստվում հրաժարական տալու, քանի որ նախարարության կողմից անգործության դրսևորում չկա:


Նշենք նաև, որ վերոնշյալ հարցը մինչ հրդեհը չլուծելը հնարավոր չէ պատճառաբանել մեր պետության համապատասխան ֆինանսական միջոցների բացակայությամբ, քանի որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում ընդամենը 4 տեղամաս կա և յուրաքանչյուրում գոնե մեկական արբանյակային կապի հեռախոս ունենալը բավարար կլիներ, որ նրա միջոցով հրդեհի վերաբերյալ ահազանգը հասցվեր ղեկավարությանը: Տեղամասի մյուս աշխատողները հրդեհի մասին տեղեկությունը տվյալ տեղամասում արբանյակային կապի հեռախոս ունեցողին կարող էին փոխանցել ռադիոհեռախոսով կամ դյուրաշարժ ռադիոկայանով: Ի վերջո, եթե դրանք էլ արգելոցի աշխատակցի` այդ պահին ձորակում գտնվելու պարագայում չէին կարող կապ ապահովել, ապա նկատի ունենանք, որ արգելոցի աշխատակիցները ձիեր ունեն և, կարծում ենք, երկար ժամանակ չէր պահանջվի ձիով մոտակա բլրի կամ սարի վրա բարձրանալու, այնտեղից ռադիոկապ հաստատելու համար:
Ծայրահեղ դեպքում, եթե ՀՀ կառավարությունը չկարողանար կամ, ավելի ճիշտ, չցանկանար հատկացնել արբանյակային կապի 4 կամ, թեկուզ, 12 հեռախոս ձեռք բերելու համար անհրաժեշտ 2-6 մլն դրամը, ինչը, իհարկե, խայտառակություն կլիներ, եթե նկատի ունենանք, որ խոսքը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի մասին է, ապա այդ գումարը կամ նշված հեռախոսները ձեռք բերելու համար կարելի էր դիմել բնապահպանական միջազգային կազմակերպություններին, որոնք, կարծում ենք, չէին մերժի:


Պատասխանելով մեր հարցին, թե որքան է տևել, մինչև հրդեհը նկատած արգելոցի աշխատակիցներն այդ մասին ահազանգել են իրենց ղեկավարությանը, հիշյալ վարչության պետն ասաց` 2-3 ժամ: Զուտ հաշվարկի և հարուցված քրեական գործով քննության խնդիր է, թե 2-3 ժամում, երբ քամու արագությունը հասել է մինչև վայրկյանում 20 մետրի, հրդեհը արգելոցի մակերեսից քանի՞ հեկտար է լափել, որը կարող էր հրո ճարակ չդառնալ, եթե արգելոցի տնօրենությունը և վերջինիս ահազանգով ԱԻՆ-ը հրդեհաշիջման ուղղությամբ աշխատանքները 2-3 ժամ ավելի շուտ կազմակերպեին:


Անդրադառնանք նաև հրդեհի պատճառած վնասներին: Խոսրովի արգելոցում է կենտրոնացված ՀՀ բուսաշխարհը կազմող բուսատեսակների կեսից ավելին, արգելոցի լեռնային էկոհամակարգերում ապրում է 283 տեսակի ողնաշարավոր կենդանի: Հրդեհի պատճառով Խոսրովի արգելոցին, ըստ որոշ գնահատականների, պատճառվել է ահռելի վնաս:
«Վնասի մասին խոսելիս պետք է նկատի ունենալ, որ «պետական արգելոց» կարգավիճակը նշանակում է, որ կենսաբազմազանությունն այնտեղ թանկ է գնահատվում պետության համար,- վերջերս լրագրողներին ասել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:- Եթե այլ տարածքներում նման կորուստը մեկ միավոր է գնահատվում, ապա հատուկ պահպանվող տարածքներում այն, նյութականի վերածած, բազմապատկվում է 5-ով: Գիհու պարագայում մեր կորստի առանձնահատկությունն այն է, որ այս ծառատեսակները դժվար աճող են, գրեթե անհնարին` վերականգնման տեսակետից և, այս առումով, այս վնասի չափման միավոր չկա: Մյուս կողմից` գիհին իր կենսամիջավայրում հնարավորություն է տալիս առանձին կենդանատեսակների գոյությանը, ինչպիսին, օրինակ, սև անգղն է, որը գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում և ապրում է հենց այս կենսամիջավայրում: Նույնը կովկասյան ընձառյուծն է: Կան սողունների մասով կորուստներ, խոշոր կենդանիների կորուստների մասին դեպքեր չունենք, հուրախություն մեզ, բայց ունենք տեղափոխություն այլ վայր, բայց այս պահին դժվար է ասել, թե ուր»:


«Սկզբնական շրջանում կրակի ընդգրկման ծավալները, մեզ հասած տվյալներով, 2700 հեկտարի չափ էին, բայց հիմա արդեն ճշտվել է, որ այդ տարածքը 1716 հեկտար է,- ասաց Գագիկ Մանուչարյանը:- Այդ 1716 հեկտարի մեջ առանձին կղզյակներ կան, որ դեռևս կանաչ են մնացել ամբողջությամբ, ոչինչ չի պատահել, կան, որ շատ խիստ են այրվել: Օրինակ, 204 հեկտարը բավականին խիստ, այսպես ասած, բարձր աստիճանի այրվածություն ունի, 310 հեկտարն ուժեղ այրվածություն ունի: Սրանք առայժմ նախնական թվեր են: Նշված տարածքում խիտ անտառածածկ տարածքը կազմել է 255 հեկտար: Թեթև այրվել է 436 հեկտար»:


Ինչու՞ են վերոնշյալ թվերը նախնական, թեև շուտով արդեն Խոսրովի անտառում հրդեհի բռնկման 1 ամիսը կլրանա: Հիշյալ վարչության պետի տեղեկացմամբ, սեպտեմբերի 2-ի դրությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, եթե նույնիսկ հաշվի չառնենք սեպտեմբերի 1-ին բռնկված երկրորդ հրդեհը, առաջին հրդեհի ընդգրկած տարածքում առանձին բռնկումներ կատարվում են, և այդ բռնկվող տարածքներում հնարավոր չէ, որ մարդիկ մտնեն, մոնիտորինգ իրականացնեն:
«Ցավոք, կորուստները, իրոք, մեծ են և անդառնալի,- ասաց Գագիկ Մանուչարյանը:- Այրված տարածքների մեջ կան գիհու նոսրանտառներ, կան կաղնիներ, կա սովորական խոտածածկ: Այդ սովորական խոտածածկը, չոր խոտածածկը` ոչինչ, բայց հատկապես գիհու վերականգնման համար պահանջվում են տասնյակ տարիներ, շատ երկար ժամանակ: Բացի այդ, Խոսրովի անտառի կարգավիճակը թույլ չի տալիս մարդկային միջամտություններ, մենք չենք կարող գնալ այնտեղ անտառտնկում կատարել: Հուսանք, որ բնությունն ինքն իրեն կվերականգնվի: Արգելոցի տարածքում մարդկային ցանկացած տիպի գործունեություն արգելվում է, այսինքն` եթե արգելված է, մենք այնտեղ ծառ տնկելու իրավունք չունենք: Եթե դուք ուզում եք արգելոց չունենալ, իր կարգավիճակը փոխեք, դարձրեք արգելավայր, գնացեք ծառ տնկեք»:


Նախ, նկատենք, որ արգելոցի կարգավիճակը փոխելու անհրաժեշտություն բնավ չկա, «Խոսրովի անտառ» պետական արգելոցում անտառվերականգնումը միանգամայն հնարավոր է, քանի որ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքում այն արգելող դրույթ չկա, չկա նաև արգելոցի տարածքում մարդկային ցանկացած տիպի գործունեություն արգելող դրույթ, ինչի մասին ասել է պարոն Մանուչարյանը:
Հիշյալ օրենքի 16-րդ հոդվածի «գ» կետով պետական արգելոցի տարածքում արգելված է «բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը», սակայն անտառտնկման, անտառվերականգնման աշխատանքներով բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանները չեն խախտվում: Եթե նույնիսկ մի պահ համարենք, թե խախտվում են, ապա տվյալ օրենքը Աստված չի գրել, մարդիկ են գրել և հնարավոր է օրենքի նշված կետի ավարտից անմիջապես հետո կատարել հետևյալ լրացումը` բացառությամբ 2017 թ. օգոստոսի 12-ին բռնկված հրդեհից ոչնչացած գիհի և կաղնի ծառատեսակների վերականգնման նպատակով 2018-2019 թթ. անտառտնկման, անտառվերականգնման աշխատանքների հետևանքով բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների հնարավոր խախտման: Ինչպես ակնհայտ է, խոսքը ժամանակավոր բացառության մասին է, մինչդեռ 16-րդ հոդվածի «բ», «զ», «է» կետերը մի շարք հարցերում նախատեսում են անժամկետ բացառություններ: Այն, որ բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումն այդքան կտրական, բացառություններ չհանդուրժող ձևով արգելված չէ, վկայում է հենց 16-րդ հոդվածի «բ» կետը, որով արգելված են «տնտեսական և բնակելի օբյեկտների, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և հաղորդակցության այլ ուղիների շինարարությունն ու շահագործումը, բացառությամբ պետական արգելոցի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների շինարարության (անտառապահի տնակ, արգելափակոց, սահմանանշան և այլն)»:


Ի վերջո, «զ» կետի արգելող դրույթի բացարձակացմամբ կամ Գ. Մանուչարյանի նշած նույն պատճառաբանությամբ, թե արգելոցի տարածքում մարդկային ցանկացած տիպի գործունեություն իբր արգելվում է, այնտեղ հրդեհաշիջման աշխատանքներն էլ պետք է արգելվեին: ՈՒղղաթիռներից տոննաներով ցեմենտ է լցվել հրդեհի օջախների վրա (ընդ որում` անօգուտ), որը «Իլ-76» հրդեհաշիջող ինքնաթիռից կատարված ջրանետումներից կամ անձրևից հետո քարացել, բետոն է դարձել: Թող նշված պատճառաբանությամբ դա էլ արգելվեր, բայց չի արգելվել, քանի որ այդ ամենը արգելոցի համար է եղել, անտառտնկման, անտառվերականգնման աշխատանքներն էլ արգելոցի համար են, որպեսզի թեկուզ հարյուրավոր հեկտարներով մոխրացած տարածքը վերստին կանաչ գույն ստանա ու համարվի անտառ:


Նույն օրենքի «ե» կետով պետական արգելոցի տարածքում արգելված են «կենդանիների և բույսերի նոր տեսակների, կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծումը և օգտագործումը, ինչպես նաև առանձին տեսակների քանակի մեծացման կամ պակասեցման նպատակով տարվող որևէ աշխատանք»: Անվիճելի է, որ հրդեհից ոչնչացած գիհի և կաղնի ծառատեսակները (դրանց նախկին քանակները) արգելոցում անտառտնկման, անտառվերականգնման աշխատանքներով վերականգնելը բույսերի նոր տեսակների, կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծում չէ: Եվ ոչ էլ առանձին տեսակների քանակի մեծացման նպատակով տարվող աշխատանք է, քանի որ անտառվերականգնման աշխատանքներով ոչ թե արգելոցում գիհի և կաղնի ծառատեսակների քանակը պետք է ավելացվի, այլ եղած կորուստը վերականգնվի:
Հիշյալ ծառերի կորուստը անտառտնկման, անտառվերականգնման աշխատանքներով վերականգնելը չի կարող համարվել նաև օրենքի 16-րդ հոդվածի «ժգ» կետի խախտում, որով պետական արգելոցի տարածքում արգելված է «ցանկացած այլ գործունեություն, որը խախտում է բնական համակարգերը և օբյեկտները կամ սպառնում է դրանց պահպանությանը»: Ծառ տնկելով, անտառվերականգնման աշխատանքներով բնական համակարգերը և օբյեկտները չեն խախտվում և ոչ էլ սպառնալիք է առաջանում դրանց պահպանության նկատմամբ:


«Ես լսեցի ձեր հայտարարությունը, որ մենք չպետք է միջամտենք, բնությունը պետք է ինքնավերականգնվի, բայց ես կարծում եմ, որ մենք այս հարցով պետք է բանակցենք միջազգային կառույցների հետ, որովհետև հույս ունենալ, որ այսօրվա կլիմայական պայմաններում Խոսրովի անտառը կինքնավերականգնվի, այնքան էլ իրատեսական չէ, կարծում եմ, որ շատ քիչ հնարավոր է,- անցած շաբաթ օրը դիմելով պարոն Մանուչարյանին, ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, կենսաբանական գիտությունների թեկնածու Կարինե Դանիելյանը:- Պետք է հաշվի առնել նաև, որ Խոսրովի անտառը, ի սկզբանե, մարդու ձեռքի գործ է, ի վերջո, այն Խոսրով թագավորի տնկած արհեստական անտառից է, և այստեղ պետք է ելք գտնել, որովհետև մենք ունենք արտակարգ իրավիճակ, պետք է մտածենք, թե ինչպես կարող ենք աջակցել Խոսրովի վերականգնմանը: Մեր օրենքի փոփոխության հարցը դժվար չէ, հարցը միջազգային հարաբերությունների մեջ է, և այդ առումով, կարծում եմ, պետք է բանակցել, այլ կերպ մենք այնտեղ կունենանք անապատացված տարածք, որը, ի վերջո, կառուցապատվելու է տարբեր վիլլաների ու էլ չգիտեմ ինչի համար»:


Չենք կարծում, թե օրենքի փոփոխության, նրանում հիշյալ լրացումը կատարելու անհրաժեշտություն կա, սակայն եթե, այնուամենայնիվ, նշված անհրաժեշտությունը կա, արգելոցի համար միջազգային համապատասխան կառույցների դրամաշնորհներից չզրկվելու համար դիմենք նրանց, այստեղ կերևա` միջազգային այդ կառույցները, ինչպես ասում են, մե՞ր բարեկամն են, թե՞ արջի… Եթե մերժեն, ուրեմն արջի…


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4646

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ