«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ամռանն առաջին անգամ «թեժ աշուն» չխոստացան

Ամռանն առաջին անգամ  «թեժ աշուն» չխոստացան
05.09.2017 | 10:27

Հետընտրական ամառը, ինչպես և կարելի էր սպասել, բավականին հանգիստ էր, քաղաքական անցուդարձը՝ պասիվ։ Եվ դա բնական է. նույն իրավիճակն ամենուր է ու գրեթե միշտ։ Փաստն այն է, որ քաղաքական կյանքն ունի հատկություն. արձակուրդների շրջանում ակտիվությունն ինչ-որ չափով մարում է, քանի որ հասարակությունը նույնպես իրեն հեռու է պահում քաղաքական գործընթացներից և կարծես որևէ լուրջ ցանկություն չունի հեղձուցիչ տապին նման պրոցեսների մեջ ներգրավվելու։

Իհարկե, լինում են նաև բացառություններ։ Որոշակի քաղաքական ակտիվություն նկատվում է, եթե արցախյան ճակատում զարգացումներ են գրանցվում, կամ էլ ֆորսմաժորային իրավիճակներ են ստեղծվում, ինչպես անցած տարի «Սասնա ծռերի» հետ կապված հայտնի զարգացումներն էին։
Այնուամենայնիվ, չէինք ասի, թե ամռան սեզոնին Հայաստանում քաղաքական զարգացումներ չկային, և ինչպես ասում են, «մեռյալ սեզոն էր»։ Ամենակարևոր քաղաքական առանձնահատկություններից մեկը, թերևս, այն էր, որ, ի տարբերություն վերջին տասնամյակների, այս տարի որևէ ընդդիմադիր ուժ կամ քաղաքական գործիչ սովորականի պես չհայտարարեց, թե սպասվում է թեժ աշուն։ Մինչդեռ վերջին տասնամյակներում, երևի թե ամեն ամառ, ընդդիմությունը հայտարարում կամ սպառնում էր լարված աշուն։ Այս տարին բացառիկ էր այդ առումով. թեժ զարգացումների մասին ակնարկ անգամ չկար։ Սա գլխավոր առանձնահատկություններից մեկն է, որ բնորոշում է քաղաքական իրական գործընթացները, տրամադրություններն ու ուժերի հարաբերակցությունը հայաստանյան ներքաղաքական դաշտում։


Այս պատկերը հստակ արտացոլվում էր նախ և առաջ ամռան ընթացքում համակարգային և ոչ համակարգային ընդդիմադիր ուժերի ծավալած գործողություններում։
Այնպիսի տպավորություն է, կարծես ընդդիմության տարբեր ճյուղեր, սկսած խորհրդարանական «Ելք»-ից մինչև արտախորհրդարանական «Ժառանգություն»-ը և նրա բախտակիցները, զբաղված էին իրենց համար որևէ քաղաքական օրակարգ մոգոնելով։ Այս պարագայում իսկապես կարելի է օգտագործել «մոգոնել» բառը, քանի որ նրանց բոլոր առաջարկներն էլ, մեղմ ասած, արհեստական էին թվում, եթե չասենք՝ բացահայտ արհեստական, և «սեզոնային» PR-ից այն կողմ չէին անցնում։
Նույն «Ելք» դաշինքը հուլիսին հայտարարեց ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացներ սկսելու մասին։ Իհարկե, նման գործընթաց սկսելու համար պետք է գոնե ունենալ հասարակական լուրջ աջակցություն։ Սակայն պարապ մարդկանց ինքնադրսևորման տեղ դարձած ֆեյսբուքյան վիրտուալ տարածքից անջատվելու դեպքում հասկանալի է, որ նույնիսկ ապրիլյան պատերազմից հետո հանրության շրջանում ռուսամետության որոշակի կորուստը բացարձակապես չի նշանակում, որ հասարակությունը կարող է լուրջ զանգվածային և ազդեցիկ աջակցություն ցուցաբերել ԵԱՏՄ-ից դուրս գալու կոչեր անող որևէ քաղաքական ուժի։ Ընդ որում` այդ կոչերն առանց լուրջ հիմնավորումների, վերլուծությունների են, զուտ կենացի մակարդակով։ Բացի այդ, այդ ուժերը չունեն բավականաչափ ռեսուրս՝ լուրջ քայլեր անելու համար։ Եվ չունենալով հասարակական լայն զանգվածներ՝ չեն կարող իրենց ծրագրերը զուտ դեկլարատիվ և PR բնույթ կրող հայտարարություններից վերածել ռեալ քայլերի։ Չի բացառվում, սակայն, որ աշնանն այս թեման շարունակի մնալ «Ելք»-ի օրակարգում։ Թեև հենց «Ելք»-ում այդ հարցի շուրջ բավականին լուրջ տարաձայնություններ կան որոշ շրջանների կողմից ուղղորդվող ռոմանտիկների և պրագմատիկների միջև։ Իհարկե, իրական հնարավորությունների այս հարաբերակցությունը չի կարող հայտնի չլինել հենց «Ելք»-ի ներսում: Սակայն այս հանգամանքները դժվար թե դաշինքը հետ պահեն այս թեման քաղաքական օրակարգի վերածելուց: Առավել ևս, կարծես թե իշխանությունը նույնպես դեմ չէ, որ երկրում հակաԵԱՏՄական տրամադրություններ կրող ուժեր լինեն և Ռուսաստանի ղեկավարության հետ խոսելու և սակարկելու նոր թեմաների առիթ ստեղծեն:
Ամառային առավել քան կեղծ օրակարգ է անկախություն հռչակելուց մոտ 27 տարի անց, ինչպես 1990-ականների սկզբին, այսպես կոչված «ապաբոլշևիկացումը»՝ փողոցները վերանվանելու, արձանները վերացնելու մասին խոսակցությունները կրկին օրակարգ մտցնելը և բոլշևիզմի ուրվականի դեմ պայքարելու հանկարծ վերակենդանացված բուռն մոլուցքը։ Մարդիկ, որոնք 90-ականների սկզբներին մասնակցել են համանման գործընթացների, հավանաբար քաղաքական «դեժավյու» վերապրեցին, բայց ոչ ավելին: Այդպիսի արհեստական շարժումներից, ինչպես փորձն է ցույց տալիս, ո՛չ մարդկանց կյանքն է բարելավվում, ո՛չ էլ քաղաքական պրոցեսների գեներացիա է տեղի ունենում։ Եվ կարելի է եզրակացնել, որ նման հարցեր բարձրացնելը նպատակ ունի ընդամենն ակտիվություն մտցնելու սոցիալական ցանցերում։ Ընդ որում, չի բացառվում, որ սա նաև որոշակիորեն ուղղորդվում է իշխանական թևից՝ շատ ավելի լուրջ հարցերից ուշադրությունը շեղելու համար։ Հետաքրքրական է, որ այս թեման էլ է «Ելք» դաշինքի լավ մոռացված «նոու հաուն»:


Արտախորհրդարանական ընդդիմությունից թերևս որոշակի ակտիվություն է ժամանակ առ ժամանակ ցուցաբերում «Ժառանգություն» կուսակցությունը։ Խոսվում էր, թե «Ժառանգությունը» ամռան ընթացքում ինչ-ինչ գործընթացներ է սկսել, նույնիսկ բանակցություններ էր վարում։ Սակայն ոչ ոք այդպես էլ չկարողացավ հասկանալ, թե ինչ հարցերի շուրջ են այդ բանակցությունները, ում միջև, և կոնկրետ որ քաղաքական դեմքերն են դրանք վարում։ Ենթադրվում էր, որ, ամենայն հավանականությամբ, կարող էին շոշափվել «թավշյա հեղափոխություն» անելու և ընդդիմության միավորման մոդայիկ թեմաները։ Սակայն այստեղ էլ ի սկզբանե ակնհայտ էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը վաղուց այն կերպարը չէ, որը նման զարգացումներում ցեմենտող դեր խաղա։ Անցյալում հեղինակավոր այդ գործչի քաղաքական գնացքը վաղուց գնացել է։ Հավանաբար նա էլ է դա շատ լավ հասկանում և այժմ ավելի շատ «գոստրոլյորի» դեր է խաղում՝ ընդամենը ժամանակ առ ժամանակ Հայաստան այցելելով։ Իսկ ամառվա տապին բանակցությունների մասին խոսակցությունները զուտ բլեֆ էին։ Եթե անգամ բանակցություններ ընթանում էին, ապա ամենայն հավանականությամբ՝ Սևանի ափին, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանը, ըստ որոշ աղբյուրների, հանգստանում էր, ընդ որում` իշխանության ներկայացուցիչների հետ։


Առավել թույլ սցենար է արտախորհրդարանական ուժերի այն հայտարարությունը, թե թույլ չեն տալու Սերժ Սարգսյանին 2018-ին վարչապետ դառնալ։ Ակնհայտ է, որ սա քաղաքական տեսակետից անիրականանալի ու ավելի շատ դեմագոգիկ թեզ է, քանի որ ռազմավարական առումով այդ հարցը փակվել է այն ժամանակ, երբ ապրիլի 2-ին նաև նույն ընդդիմության անկարողության պայմաններում ՀՀԿ-ն ձեռք բերեց խորհրդարանական ճնշող մեծամասնություն։ Եվ այսօր ՀՀԿ-ի որոշելիքն է՝ ում նշանակել վարչապետ՝ Սերժ Սարգսյանին, Կարեն Կարապետյանին, թե կուսակցության մեկ այլ ներկայացուցչի, քանի որ այդ ուժն է ընտրությունների փաստացի արդյունքում ստացել կառավարություն ձևավորելու և վարչապետ նշանակելու քարտ բլանշը։


Իսկ ինչ վերաբերում է իշխանությանը, ապա վերջինս զբաղված է կոնկրետ գործերով՝ պատրաստվելով աշնանային զարգացումներին։ Իշխանությունը բավականին անորոշ և իր համար անհասկանալի իրավիճակում է հայտնվել, որովհետև պարզ չէ, թե 2018-ից հետո ով է լինելու համակարգի ղեկավարը։ Այսինքն՝ կարծես թե բոլորին հասկանալի է, թե ով է լինելու համակարգի փաստացի հայրը. ամենայն հավանականությամբ իշխանության լծակները մնալու են Սերժ Սարգսյանի ձեռքում։ Սակայն, այնուամենայնիվ, համակարգը չի կարողանում հստակեցնել, թե դեյուրե ով է լինելու պետության թիվ մեկ մարդը։ Այս առումով բավականին լուրջ տատանումների մեջ է։ Եվ յուրաքանչյուր չինովնիկ, օլիգարխ, թե նախարարության բաժնի պետ փորձում են չսխալվել իրենց կողմնորոշման մեջ, որոշ դեպքերում աշխատում են ունեցած բոլոր ձվերը պահել ոչ թե մեկ զամբյուղում, այլ տեղաբաշխել տարբեր տարաներում։ Որքանով է դա հաջողվում, այլ խնդիր է։ Այդ իսկ պատճառով ժամանակ առ ժամանակ տեղական նշանակության մարտեր են ընթանում, մասնավորապես, Լոռու մարզպետը, օրինակ, կարող է կոշտ բանավեճի մեջ մտնել ՀՀԿ խմբակցության լոռեցի ղեկավարի հետ որոշ բիզնես հետաքրքրությունների շուրջ։ Նույն բանը նկատվում էր վարչապետի մարզային այցերի ժամանակ, երբ վերջինս ՏԻՄ ղեկավարների առջև խնդիրներ է դնում, իսկ նրանք բացակայող հայացքներով են հակադարձում` իրականում ոչ մի կերպ չհասկանալով, թե ինչ են ուզում իրենցից։ Եվ ինչու են ուզում, եթե մինչ օրս չեն հայտարարել, թե ով է լինելու իրենց ղեկավարն ապագայում։ Վարչապետի և համայնքների ղեկավարների հանդիպումները վաղուց հիշեցնում են տարբեր քաղաքակրթությունների երկխոսություն։ Այստեղ տարբեր հարթությունների, մտածելակերպերի բախումներ են։ Եվ ակնհայտ է, որ առկա ռեսուրսները բացարձակապես չեն հասկանում՝ իրենցից ինչ է պահանջվում։


Իշխանությունն այս վիճակում մուտք կգործի սեպտեմբեր, և այս իրավիճակը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության համար գլխավոր հարցը մնում է բաց։ Եվ ամենակարևորը՝ նրանք չեն կարողանում բացահայտ արտահայտվել և փորձում են իրենց սպասարկող ընդդիմադիր շրջանակների միջոցով իրենց ուղերձները հղել։ Սեպտեմբերին մեկնարկող խորհրդարանական աշխատանքների ժամանակ մենք կրկին ականատես կլինենք ընդդիմադիր որոշ շրջանակների խաղերին` ուղղորդված իշխանության ներկայացուցիչների կողմից։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5947

Մեկնաբանություններ