«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ինչու՞ է այսպես

Ինչու՞ է այսպես
05.09.2017 | 10:34

ՊԵՏԲՅՈՒՋԵՆ ՄՍԽՎՈՒՄ Է ԱՆՀԵԹԵԹ «ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ» ՎՐԱ


Լոռվա չքնաղ բնությունն իր անտառներով, անդնդախոր ձորերով, վեհատեսիլ ժայռերով ու ծաղկուն մարգագետիններով Թումանյան ծնեց, որն ամենքի հետ ապրում էր, ամենքի հետ տառապում: Նրա ցավը գյուղը, գյուղացին ու նրա չարքաշ կյանքն էր: ՈՒ թե հիմա կենդանի լիներ, դարձյալ պիտի ցավեր այս անգամ արդեն ապրուստի պակասից կամ թե անկարողությունից պապական տունը, հայրենի հողն ու բնաշխարհը լքած հայ գերդաստանի համար, ում տան պատերը բնակիչների կարոտից ու դատարկությունից աղաղակում են: Հայաստանի հազար հոգս ու խնդիր ունեցող գյուղերը շագրենի կաշվի պես փոքրանում, սեղմվում ու դատարկվում են: ՈՒ որպեսզի գյուղերը չվերածվեն ամայի բնակավայրերի ու տարածքների, մեր իմաստուն կառավարությունը երկար-բարակ մտածելուց հետո որոշեց բոլոր մարզերում փոքր գյուղերը միավորել մեկ խոշոր համայնքի շուրջ ու անունը դնել «համայնքների խոշորացում»:


«Եթե մեկն ինձ բացատրի, թե համայնքների խոշորացման պատճառով անգործ մնացած ՀՀ քաղաքացին իր ընտանիքը ոնց է պահելու, ես կընդունեմ, որ այդ ծրագիրը հաջողված է»: Լոռու մարզի Ձորագյուղի համայնքի 28-ամյա ղեկավար Սուրեն Հարությունյանի մտահոգությունը հասկանալի է, քանի որ համայնքների խոշորացումը ենթադրում է նաև աշխատատեղերի կրճատում:
-Ինձ անկեղծորեն մտահոգում է համայնքապետարաններում աշխատողների խնդիրը, ովքեր ծրագրի իրականացման պատճառով զրկվում են աշխատանքից, հարյուրավոր մարդիկ դառնում են գործազուրկ: Եթե նա զրկվում է իր աշխատանքից, ապա ինչո՞վ պետք է պահի իր ընտանիքը: Եթե այս հարցին ինչ-որ մեկը պատասխանի, ես կընդունեմ, որ ծրագիրը ապագա ունի, կհամարեմ, որ այն հաջողված ծրագիր է,- ասում է Սուրենը:

ՔԱՅԼԵՐ, ՈՐՈՆՔ ՊԵՏՔ Է ՎԱՂՈՒՑ ԱՐՎԵԻՆ


Դեռ 2016 թ. տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում, անդրադառնալով համայնքների խոշորացման ծրագրի արդյունքում յուրաքանչյուր մարզի համար տարածքային զարգացման ռազմավարության, ձևավորվող ռեսուրսների օպտիմալացման հնարավորության հարցին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ Թումանյան համայնքը կստանա լուրջ տեխնիկական վերազինում՝ մեկ բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, մեկ բեռնատար մեքենա, մեկ ժամանակակից աղբատար, երեք միկրոավտոբուս: Համայնքի 6 բնակավայրերում կկառուցվի 6 ավտոբուսային կանգառ, իսկ Երևան տանող մայրուղու վրա՝ մեկ բազմաֆունկցիոնալ կանգառ-շուկա: Համայնքի համար կկառուցվի մեքենաների և տեխնիկայի կայանատեղ: Թումանյան համայնքի բոլոր գյուղերում այսուհետ կիրականացվի մշտական աղբահանություն:
Խոսքը դեռ մեկ մարզի մեկ խոշորացված համայնքի մասին է, որը միավորում է 6 փոքր համայնքներ, բոլորն էլ գյուղտեխնիկայի, կարգին ճանապարհների, աշխատատեղերի կարոտ: Պաշտոնյաները թվարկում են ծրագրի «առավելությունները» և լռում հավանական թերությունների մասին: Մինչդեռ այդ «առավելությունները» վաղուց պետք է իրականացված լինեին 2017 թվականը շեմած երկրում, որտեղ իշխանությունները երկրի տնտեսության զարգացման դանդաղ ընթացքը պատճառաբանում են սեփական գրպանի մանրադրամ դարձրած պետբյուջեի սղությամբ, որը մեծ մասամբ անգթորեն մսխվում է անհեթեթ «միջոցառումների» վրա:


ՁՈՐԱԳՅՈՒՂՆ ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ


Լոռու մարզի Ձորագյուղ համայնքը, մինչ կառավարության խոստացած «պայծառ ապագան», ապրում է իր առօրյա հոգսերով:
Գյուղը տեղակայված է Ձորագետ և Փամբակ գետերի միախառնման անկյունում: Այն հիմնադրվել է 1804 թ. Ձորի թալա կոչվող վայրում: Բնակիչների փոխանցմամբ՝ գյուղի առաջին բնակիչները եղել են արցախցի երկու եղբայրների ընտանիքները, ովքեր ապրել են գետնափոր տներում, որոնց ավերված պատերն առայսօր պահպանված են: 1829-ից հետո բնակիչները տեղափոխվել են նոր բնակավայր, որտեղ էլ զբաղվել են երկրագործությամբ և անասնապահությամբ: Ներկայումս գյուղն ունի 324 բնակիչ (114 տնտեսություն): 4-5 սերնդի ներկայացուցիչներ մի տան մեջ կարելի է տեսնել միայն 104 տարեկան Հերիքնազ տատի հարկի տակ: Ի դեպ, զառամյալ կինը սովորության համաձայն ողջ ձմռանն անկողնուց դուրս չի գալիս, իսկ գարնան գալու պես անկողնուց դուրս է գալիս ու ժրաջան մեղվի պես զբաղվում գյուղատնտեսական աշխատանքներով: «Մի քանի տարի առաջ ինքնուրույն բարձրացել էր ծառի վրա միրգ քաղելու, թոռներն ու ծոռները զոռով իջեցրել էին: Դժգոհել էր, թե՝ շան որդիք, չեն թողնում երկու դամբուլ էլ ա ուտեմ»,- զրույցի ընթացքում պատմեց համայնքապետը: Գյուղին պատկանող 84 հեկտար վարելահողի միայն 15-20 հեկտարն է օգտագործվում, ոռոգման ջուր չկա ու չի էլ եղել, գյուղացին մշտապես ապրել է աչքը երկնքին հառած:
Ձորագյուղն անմասն մնաց ամռան տապին հանրապետության այս ու այն մարզում բռնկած հրդեհներից, գյուղացիներն ականջալուր էին համայնքապետի հորդորներին՝ դաշտերը հնձից հետո չայրել:


Կար ժամանակ, որ Ձորագյուղի՝ հեկտարներով ձգվող խնձորի այգիների համբավը հասել էր Մոսկվա, ուր արտահանվում էր տոննաներով խնձոր: Ավելին, 1985 թ. Ստեփան Զորյանի «Խնձորի այգին» պատմվածքի մոտիվներով ստեղծված ֆիլմը նկարահանվել է Ձորագյուղում: «Հիմա բազմասորտ խնձորենիների չնչին մասն է մնացել, Սովետը փլուզվեց, հողերը բաժանեցին անհատներին, ջրակայանը քանդվեց, թալանվեց, ծառերն էլ չորացան, ու այգիներից միայն հուշ մնաց: Խնձորի էսօրվա սորտերն ի՞նչ են, որ հասնեն նախկիններին՝ ռանետ, լազբերգ, ապորտ, թաղիք, պոչուկ, սիպուկ տեսակի խնձորենիները վերացան»,- պատմում է գյուղի տարեցներից մեկը:
Ոռոգման ջրի բացակայության պատճառով հողագործությունը գրեթե անկում է ապրում: Գյուղացիները դժգոհում են. «Գյուղի ողջ տեխնիկան Սովետի ժամանակներից մնացած մի հին տրակտոր ու մի գութան է, դրանցով ի՞նչ անես»:
-Այսօր ամենուր գյուղատնտեսությունը մեքենայացվում է, սակայն մեր գյուղի ողջ տեխնիկան կազմում է սովետական մի հին կոմբայն, որը բերքի 70 տոկոսը թողնում է դաշտում, ի՞նչ տեխնոլոգիական զարգացում, երբ չկա համապատասխան գյուղտեխնիկա, երբ ամբողջ գյուղատնտեսությունը գնում է մեքենայացման, ու՞մ են հարկավոր գյուղատնտեսական աջակցման մարզային կենտրոնի (ԳԱՄԿ) տրամադրած խորհուրդները: Բացի այդ, գյուղում աշխատատեղ չկա: Ես միշտ կարևորել եմ զարգացած ենթակառուցվածքների (ջուր, գազ, ճանապարհ) առկայությունը, որոնք գյուղերին օդ ու ջրի պես անհրաժեշտ են, իսկ երբ չկան դրանք, ապա մնացած բաների մասին խոսելն ավելորդ է: Աշխատուժը հետզհետե պակասում է, տեքստիլ արտադրամասի փակվելուց հետո աշխատող ձեռքը մնաց պարապ: Այսօր գյուղում մի քանիսն ուզում են անհատական կաթի արտադրամաս բացել, տեսնենք ինչ կստացվի,- ասում է Սուրեն Հարությունյանը:


Գյուղում կոյուղագիծ նույնպես չկա: Բնական աղբյուրների շնորհիվ ինքնահոս եղանակով լուծվել է միայն խմելու ջրի խնդիրը:
Հայկական գրեթե բոլոր համայնքներին բնորոշ գյուղամիջյան ճանապարհների վիճակը Ձորագյուղում նույնպես վատ է, բոլորն էլ փոսալցման կարիք ունեն: Համայնքի միակ ճանապարհը, որը կապվում է Ալավերդի-Վանաձոր ճանապարհին, սողանքի պատճառով քանդվել է: Դեռևս 2011 թ. աշնանը ճանապարհաշինարարական մի կազմակերպություն, կառավարության որոշմամբ, սկսել էր ճանապարհի շինարարությունը` հանրահայտ Դսեղ գյուղի խաչմերուկից դեպի Ձորագյուղ: Պայմանական անվանումն էլ «Թումանյան կայարան-Գյուլագարակ Հ-24» էր: Ճանապարհը պետք է շարունակվեր և միանար Ստեփանավան-Վրաստան մայրուղուն: 2011 թվին հողային աշխատանքները Ձորագյուղի տարածքում ավարտելուց հետո շինարարությունը կտրուկ դադարեցվում է: Ճանապարհի շինարարությունը վերսկսելու վերաբերյալ կառավարությանն ուղղված բնակիչների նամակները մնում են անպատասխան... առայսօր: Ի դեպ, աչքաթող արված ճանապարհն ունի ռազմավարական նշանակություն: «Կարգին ճանապարհ որ ունենանք, առևտուրն էլ կզարգանա, բնակիչը միրգն ու բանջարեղենը կտանի Ալավերդի, Վանաձոր, կվաճառի, մինչդեռ եղածը մնում, փչանում է»,- դժգոհում են գյուղացիները:
Ձորագյուղի դպրոցում սովորում է ընդամենը 34 աշակերտ, այս ուսումնական տարում 1-ին դասարան կհաճախի 4 երեխա: Մտահոգիչ է մանկապարտեզի խնդիրը, որտեղ հաճախում է 18 երեխա, և որը ֆինանսների սղության պատճառով կանգնած է փակման եզրին: Երկու տարի շարունակ մանկապարտեզը գոյատևել է համագյուղացի, 88-ամյա Շավարշ Գրիգորյանի՝ անձնական միջոցներից տրամադրած գումարներով:

ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐ


Համայնքապետի ջանքերն ուղղված են մանկապարտեզի աշխատանքները շարունակելուն, ինչը համայնքի զարգացման 5-ամյա ծրագրի առաջնահերթ խնդիրն է:
-Պակաս կարևոր չէ նաև գյուղտեխնիկայի ձեռքբերումը, աշխատանքներ են տարվում անասնապահության զարգացման ուղղությամբ, դաշտերում վերջերս անասունների խմելու ջրի երկու ջրաման ենք տեղադրել, նախատեսվում է ևս 3-ը, ծրագրված է վերանորոգել համայնքի գերեզմանատների ավերված ցանկապատերը, ոռոգման ջրի խնդիրը միայն համայնքի ուժերով հնարավոր չէ լուծել, քանի որ հզոր պոմպակայանի կառուցման համար մեծ գումարներ են պահանջվում,- «Իրատեսի» հետ զրույցում ասում է Սուրեն Հարությունյանն ու շարունակում ներկայացնել ծրագրերը.
12-13-րդ դարերի և 1906 թվականին կառուցված երկու եկեղեցի, Ձորագետի աջ ափին գտնվող «Քիր ու ախպեր» ամրոցը (10-13-րդ դդ.) ու չքնաղ բնություն և օրգանական գյուղատնտեսության զարգացման համար նպաստավոր պայմաններ ունեցող Ձորագյուղում զբոսաշրջության զարգացումը երիտասարդ համայնքապետի թերևս ամենագլխավոր երազանքն է: ՈՒստի, երբ համայնքում «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպության միջոցով ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում բացվեց Ձորագյուղից դեպի Հնեվանքի սրբավայր 4,5 կմ երկարությամբ ձգվող հեծանվային արահետը, այդ օրը թերևս ձորագյուղցիների համար ամենաուրախալի օրն էր։ Կազմակերպիչները հույս ունեն, որ «Դբա Ձորագյուղ» խորագրով ծրագրի շրջանակներում բացված արահետը կնպաստի էկո, հեծանվային և գյուղական համակցված տուրիզմի զարգացմանը:


-Ձորագյուղի այգիների տարածքում թունաքիմիկատներ չեն օգտագործվում, ուստի նպաստավոր է օրգանական գյուղատնտեսության զարգացման համար: Հարկավոր է կոտրել կարծրատիպերը, ավանդաբար կարտոֆիլ աճեցնելու փոխարեն կարելի է նոր մշակաբույսեր աճեցնել, որ մարդիկ ոչ թե ամեն տարի կարտոֆիլ ու ցորեն ցանեն, այլ մի տարի ցանեն ավելի մեծ պահանջարկ ունեցող և թանկ վաճառվող մշակաբույս, մյուս տարի կարտոֆիլ կամ որևէ բանջարաբույս: Սակավահող համայնքներում պետք է մտածել ավելի պահանջված մշակաբույսեր աճեցնելու մասին,- եզրափակում է Սուրեն Հարությունյանը:
Լոռին այն վայրն է, որտեղ դրսի մարդն անգամ իրեն օտար չի զգում, ու՜ր մնաց ներսինը, որտեղ եթե անգամ նոր ծրագրերով կյանքը փոխել ցանկացողի ասելիքը հասարակությունը չի գիտակցում, գոնե չի էլ խանգարում, որ նա իր ասելիքն ասի ու գործի:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6150

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ