Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հանդիպումներ Ձիթենյաց այգում

Հանդիպումներ Ձիթենյաց այգում
05.09.2017 | 10:36

Թադեոս


-Մենք ո՞ր երկրում ենք, եղբայր իմ:
-Հայաստանում:
-Դու երջանի՞կ ես:
-Չգիտեմ:
-Ինչու՞ ես վերադարձել Հայաստան:
-Ես այստեղ ինձ կարևոր մարդ էի զգում: Այստեղ ինձ հասկանում էին, ու ինձ թվում էր, որ այս երկրում ես անելիք ունեմ:
-Արեցի՞ր:
-Դու ի՞նչ գիտես, որ ես արդեն եղել եմ Հայաստանում ու ի՞նչ է քեզ պետք:
-Ոչինչ: Ինձ ոչինչ պետք չէ, քեզ է պետք: Դու որոնածդ չես գտել ու վերադարձել ես, որ գտնես: Դու միշտ էլ սիրում ես փիլիսոփայել: Քեզ միշտ հետաքրքրում են պատճառները, արմատները, սկիզբը: Դու սիրում ես սկիզբ լինել: Բայց պետք է նաև շարունակել: Դու պիտի շարունակես:
-Դու ինձ հիշեցնում ես ինչ-որ մեկին, որ անակնկալ հեռացավ:
-Ես չեմ հեռացել, ես վերադարձել եմ:
-Քո ձայնը նման է ծովի խորքից հնչող կանչի, բայց ես լողալ չգիտեմ:
-Թադեոս, դու գիտես լողալ, դու վախենում ես խեղդվել: Ընդամենը: Քեզ թվում է՝ չլողաս, չես խեղդվի: Այդպես չէ, ծովը ամեն տեղ էլ քեզ կգտնի, ցամաքում էլ կխեղդվես:
-Պետք չէ ինձ հետ կատակել, ես ներել չգիտեմ:
-Գիտես, դու ամեն ինչ բոլորին ներել ես, բացի մեկից: Բայց այդ մեկը քո առաջ մեղավոր չէ:
-Դու ո՞վ ես:
-Ես նա եմ, ով ամեն ինչ գիտի:
-Նա, ով ամեն ինչ գիտի, երկնքում է:
-Ոչ միշտ: Նա ամեն տեղ է, ու հիմա՝ քո կողքին: Բայց դու մտածում ես, որ ժամանակը ամեն ինչ մոռացնում է: Դու ամեն տեղ փնտրում էիր իմ հայացքը ու իմ ձեռքը միշտ զգում էիր ուսիդ: Դու քեզ մեղավոր էիր համարում Հուդայի համար, գեղարդի համար, որով ինձ խաչին խոցեց Լոնգինը, ինձ լքելու համար, ամեն ինչի համար, դու պարզապես գլուխդ կորցրել էիր: Ինչու՞ չսպանեցիր Կայիափային, չէ որ ուզում էիր:
-Դու ի՞նչ գիտես:
-Ես նա եմ, ով ամեն ինչ գիտի:
-Մարիամը չթողեց:
-ՈՒ դուք բոլորդ անխոս ենթարկվում էիք Մարիամի՞ն:
-ՈՒսուցիչ, մենք ենթարկվում էինք Մարիամին, քանի դեռ չգիտեինք ինչ անել: Մենք համոզված էինք, որ Մարիամն ամեն ինչ գիտի, որովհետև Մարիամին դու էիր ամեն ինչ ասում:
-Դու ասացիր՝ ՈՒսուցիչ, դու ճանաչեցի՞ր ինձ:
-Ոչ, ես զգացի: Ես սպասում էի, ես գիտեի, որ կվերադառնաս:
-Բայց ես չէի հեռացել:
-Գուցե, բայց մենք էինք մենակ:
-Դուք՝ ո՞վ:
-Քո աշակերտները:
-Իմ աշակերտները: Աշակերտը նա է, ով սովորում է: Դուք չսովորեցիք: Ինձնից հետո դուք ձեզ արդեն ուսուցիչ էիք զգում, բայց չէիք սովորեցնում, դուք ուզում էիք արագ ունենալ ամեն ինչ:
-Դու ինչու՞ գնացիր Երուսաղեմ:
-Դուք ինչու՞ այնքան թույլ եղաք, որ Երուսաղեմն այսօր իմ քաղաքը չէ: Դուք ինչպե՞ս թույլ տվեցիք, որ իմ վերջին ոտնահետքը երկրում դառնա մզկիթ:
-Բայց մենք արդեն չկայինք, ՈՒսուցիչ, ի՞նչ կարող էինք մենք անել:
-Դուք այնքան թույլ էիք, որ իմ հավատը բաժանվեց մասերի ու իմ հավատը դարձավ ուրիշ հավատի հիմք, որ այսօր իմ դեմ է կռվում: Դու հարցնում ես՝ ինչու ես գնացի Երուսաղեմ: Իսկ ի՞նչ կարևոր էր՝ ու՞ր գնացի ես: Ինձ կարող էին Կափառնայումում խաչել: Ի՞նչ էր փոխվելու:
-Դու վերադարձել ես, որ պատժե՞ս մեզ:
-Ոչ, ես վերադարձել եմ, որ դուք ձեր գործն անեք, որ թողել եք կիսատ ու սրբի ձեր դափնիների վրա հանգստանում եք: Ինչու՞ գեղարդը թողեցիր Հայաստանում:
-Որովհետև այդ երկրում ես ինձ ազատ էի զգում, այդ երկրում ես ինձ տանն էի զգում ու այդ երկիրը կարող էր գեղարդը պաշտպանել, որի վրա քո արյունն էր:
-Դու արյու՞ն տարար Հայաստան:
-Ես կենարար արյուն տարա, որ ամոքում է ու ուժ տալիս: Դու վերադարձել ես գեղարդի՞ համար:
-Ես վերադարձել եմ, որ բոլորդ գեղարդ ունենաք ձեր հոգում: Դուք հրաշալի էիք, դուք հզոր էիք, դուք՝ մի խաչված քարոզչի աշակերտներդ, կարողացաք հաղթել Սինեդրիոնին ու կարողացաք հաղթել Հռոմին, ինչպե՞ս: Հարցրե՞լ ես քեզ՝ ինչպե՞ս:
-Դու մեզ հետ էիր, դու և Աստված էիր, և մարդ, դու եկել էիր, որ վեց հազար տարվա մարդկության մեղքերը քավես, որ նորածինները Ադամի ու Եվայի մեղքի համար պատասխան չտան, դու խաչվեցիր ու հարություն առար: Մի՞թե կար մեկը, որ հարություն էր առել մեռյալներից, բացի Ղազարոսից, բայց նրան էլ դու կյանք վերադարձրիր: ՈՒրիշ ի՞նչ ապացույց էր պետք, որ դու մարդ ես, բայց դու Աստված ես:
-Բայց դուք կորցրիք այդ զգացողությունը, դուք ցանեցիք սերմերը ու չհնձեցիք:
-Մենք անմահ չէինք, բերքահավաքը քոնն էր, ՈՒսուցիչ: Մենք մեղավոր չենք, որ բերքը տարբեր տարիների տարբեր է լինում: Մի՞թե դու կարծում ես, որ մենք ամենազոր ենք քեզ նման:
-Հայաստանը պաշտպանե՞ց գեղարդը, որ տարել էիր քեզ հետ:
-Հայաստանը հիմա էլ կա ու գեղարդը հիմա էլ կա, ուրիշ ի՞նչ պաշտպանություն կարող էր լինել՝ դարերի միջով:
-Դու այլևս ծովից չե՞ս վախենում:
-Ծովը հիմա իմ ներսում է, ու ես սովորել եմ լողալ:
-Պահպանիր, գեղարդը, Թադեոս:

Հովհաննես
-Այդ ի՞նչ քար է քո ձեռքին:
-Սա քար չէ, սա ուժ է:
-ՈՒ՞ժ:
-Այո, այս քարի մեջ պատմություն կա, այս քարի մեջ հավերժություն կա, այս քարի մեջ սեր կա:
-Հովհաննես, դու խելագարվել ես:
-Դու ինձ ճանաչու՞մ ես:
-Դու էլ ինձ ես ճանաչում:
-Ե՞ս:
-Ո՞վ է այդ քարը քեզ տվել:
-Քեզ ի՞նչ:
-Հովհաննես, քարը քեզ ուժ է տալիս, որովհետև ես եմ տվել ու դու հարցնում ես՝ ինձ ի՞նչ: Ոչինչ: Ոչինչ, Հովհաննես, ոչինչ: Ջուրը, քարը, Մարիամը, դու ուզում էիր քարը շպրտել, բայց Մարիամը նայում էր քեզ ու դու չէիր ուզում նրան նեղացնել: Հետո դրեցիր գրպանդ ու մոռացար, մի քանի օր հետո միայն դու քարը…
-ՈՒսուցիչ:
-ՈՒրեմն քո հավատն այնքան է, որ քարը պիտի ինձ հիշեցնե՞ր:
-Ոչ, քարը իմ կապն էր աշխարհի հետ ու ես քարի մեջ քեզ էի զգում:
-Դու քո մեջ պիտի ինձ զգայիր, ոչ քարի:
-Բայց քարը միշտ տաք է, իսկ դու հեռացար ու մենք մնացինք մեր հիշողությունների հետ: Թաբոր լեռան վրա քո ձեռքին էլ քար կար:
-Ի՞նչ գիտես:
-Այդ քարը հիմա էլ կա:
-Դու էլ հիմա կաս:
-Ոչ, ՈՒսուցիչ, ես վաղուց չկամ, ես ապրեցի իմ կյանքը ու հեռացա՝ ինչպես բոլորը, ու քեզնից բացի ինձ ոչ ոք չի տեսնում:
-Երբ վերադարձել եմ ես, վերադառնալու ես նաև դու: ՈՒզու՞մ ես վերադառնալ:
-Ոչ: Ես այլևս ոչ ոք չունեմ երկրի վրա: Ինձ ոչ ոք չի սպասում, չի ճանաչում ու ես ոչ մեկին պետք չեմ: Ինձ ոչ ոք այլևս պետք չէ: Ո՞Ւր և ինչու՞ վերադառնամ, երբ իմ պատմությունը ավարտվել է:
-Պատմությունը երբեք չի ավարտվում: Պատմությունն ընթացք է:
-Իմ ընթացքը արդեն դադարն է:
-Ոչ, Հովհաննես, քո ընթացքը նոր է սկսվում: Դու այնքան անելիք ունես, որքան արել ես:
-Ի՞նչ իմաստ ունի նորից նույն ճանապարհն անցնել:
-Ինչու՞ նույն ճանապարհը: Ճանապարհը երբեք նույնը չի լինում, տեղանքը՝ գուցե, բայց մնացած ամեն ինչ փոխված է լինում: Դու չե՞ս ուզում քո ոտնահետքերով նորից անցնել:
-Ոչ: Հիշողությունների գերի երբեք չեմ եղել: Եթե հիշում են ինձ, թող հիշեն, եթե մոռացել են, թող մոռանան: Ես արել եմ՝ ինչ կարող էի, ինչ չեմ կարողացել, ներիր ինձ: Ես ավելին չէի կարող: Ի վերջո, մենք առաջինն էինք ու մենք ոչ միշտ գիտեինք ինչ անել, մեզ առաջնորդում էր անխախտ հավատը, մենք այնքան ուզում էինք, որ բոլորն ունենան մեր ունեցածը, հասկանան մեր հասկացածը: Մենք քայլում էինք՝ առանց ոտնահետքերի մասին մտածելու: Կարևորը քո խոսքը տեղ հասցնելն էր ու մենք ուրիշ ցանկություն չունեինք: Մենք արդեն ապրել էինք մեծագույն ցավը ու մեզ մնացել էր այդ ցավը վերածել ուրիշների ցավերի սպեղանու: Ես սխա՞լ եմ:
-Դուք առաջինն էիք: Դուք ականատես ու վկա էիք: Դուք ամեն ինչ գիտեիք, ձեզնից հետո եկողները արդեն ձեր իմացածի ու ձեզ վրա էին հենվում: Դուք առաջինն էիք:
-ՈՒրեմն ինչու՞ ես ուզում, որ երկրորդ դառնանք:
-Դուք երկրորդ երբեք չեք կարող դառնալ: Նույնիսկ եթե ցանկանաք:
-Որովհետև դու միակ Աստվածն ես, որ կա՞ս: Հայր Աստվածը քեզ հարություն տվեց: Իսկ Բուդդան վախճանվեց: Վախճանվեց Մովսեսը: Կոնֆուցիուսը վախճանվեց: Մուհամեդը քեզնից հետո եկավ ու գնաց: Բայց դու կաս: Հիսուս Նազովրեցին կա:
-Դուք երբեք երկրորդ չեք դառնա: Դուք շարունակում եք մնալ առաջինը: Դուք ոչ մի տեղ չեք գնացել: Դուք պարզապես մի քիչ հոգնել եք, ձեզ մի քիչ մոռացել են, իսկ հիմա ձեզ կհիշեն՝ հանգստանալուց հետո դուք նորից շրջելու եք աշխարհից աշխարհ ու ձեր բերքն եք հավաքելու: Ինչու՞ թույլ տվեցիք, որ ձեր ցանածը ուրիշը ժողովի:
-Նրանք էլ Աստծո որդիներն էին, դու էիր ասում:
-Այո, բայց նրանց դա պետք է հիշեցնել:
-Նրանք իրավունք ունեն մոռանա՞լ:
-Նրանք ընտրություն ունեն՝ հիշե՞լ, թե՞ մոռանալ, ու դա նրանց դարձնում է ուժեղ և խոցելի՝ ըստ իրենց ընտրության, բայց դու դա գիտես, ինչու՞ ես հարցնում:
-Հաճելի է հարցեր տալ, որոնց պատասխանները գիտես:
-Հաճելի չէ, անիմաստ է: Հարցրու՝ ինչ չգիտես:
-Իսկ ես չգիտեմ, թե ինչ չգիտեմ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հատված «Ego eimi» գրքից

Դիտվել է՝ 3567

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ