Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայ դիզայներների հավաքածուները ցուցադրվել են Կիևի նորաձևության շաբաթում

Հայ դիզայներների հավաքածուները  ցուցադրվել են Կիևի նորաձևության շաբաթում
05.09.2017 | 10:41

Համաշխարհային նորաձևության սեզոնը բացված է, և հետաքրքիր ցուցադրությունների, հեղափոխական նորարարությունների սկիզբը Կիևում է։ Այստեղ օգոստոսի 30-ից մեկնարկել են նորաձևության օրերը՝ Mercedes-Benz Kiev Fashion Days-ը։ ՈՒկրաինական շաբաթին կհետևեն արդեն Նյու Յորքի, Լոնդոնի, Միլանի և Փարիզի նորաձևության օրերը։
Mercedes-Benz Kiev Fashion Days-ին մասնակցում են 12 երկրի 75 դիզայներներ և բրենդներ։ Նորաձևության աշխարհի այս նշանակալի իրադարձության մաս են կազմում նաև հայաստանցի 12 դիզայներներ (Վահան Խաչատրյան, Արամ Նիկոլյան, «Loom», «Petoor», «Ruzane», «Shabeeg», Նելլի Սերոբյան, «Soncess», «Zgest», «Նաղաշ», Վահան Ավագյան)՝ ներկայացնելով իրենց հավաքածուները։


Դիզայներ ԱՐԱՄ ՆԻԿՈԼՅԱՆԸ Կիևում ներկայացրել է իր նոր` «Մուսա. Փարաջանով» անունը կրող հավաքածուն։ Նա նկատում է, որ ցուցադրության վայրը և հավաքածուի անվանումը խորհրդանշական են. Կիևում է ապրել ու ստեղծագործել Փարաջանովը։ «Մուսա. Փարաջանով» հավաքածուն առաջիկա օրերին կներկայացվի նաև Երևանում։ Արամ Նիկոլյանը նշում է, որ կիևյան ցուցադրության շրջանակներում փորձում են ամեն ինչ անել, որ Հայաստանը և հայ մշակույթը ճանաչելի լինեն նաև այդ ասպարեզում, աշխարհը մեզ տեսնի որպես նորաձևության երկիր։ Դիզայներն ընդգծում է, որ նման միջոցառումներն իրենց տալիս են շփումներ, նոր ծանոթություններ, ինֆորմացիայի մեծ աղբյուր։


«Նաղաշ» նորաձևության տունը Կիևի նորաձևության օրերին ներկայացրել է ժամանակակից մոդելավորմամբ հագուստ՝ Մինաս Ավետիսյանի նկարների համադրմամբ։ «Նաղաշի» համահիմնադիր ԱՐՈՒՍՅԱԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ տեղեկացմամբ՝ իրենք փորձել են մեկտեղել ժամանակակից լուծումներն ու հայկական տարրերը, որոնք միշտ նրբորեն մատուցում են իրենց հավաքածուներում։ «Նաղաշն» առաջին անգամ է ներկայանում միջազգային ցուցադրությանը։ Արուսյակ Պողոսյանն ընդգծում է, որ Հայաստանում ավելի ու ավելի է զարգանում նորաձևությունը, և նման միջոցառումներին մասնակցությունը մեծացնում է մեր երկրի ու մասնագետների ճանաչելիությունը, իրենք ցույց են տալիս, որ Հայաստանում արտադրվում է ժամանակակից, որակյալ, հետաքրքիր լուծումներով հագուստ։
Դիզայներ ՆԵԼԼԻ ՍԵՐՈԲՅԱՆԸ ներկայացրել է գերոճային «Սև ծիածան» հավաքածուն ու կարծում է, որ նորաձևությունը, ինչպես արվեստի ցանկացած ճյուղ, չունի երևակայությունը սահմանափակող եզր, իր կտրուկ ու համարձակ լուծումներով էլ ներկայանում է Կիևում։
Հայ դիզայներների այցելությունը Կիև կայացել է «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։

Հայաստանում փոքր և միջին ձեռներեցությանն օգնելու և բիզնես միջավայրը բարելավելու նպատակ ունեցող այս ծրագիրը համաֆինանսավորում են Եվրամիությունն ու Գերմանիայի կառավարությունը, իրականացնում է GIZ-ը՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը։
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար ԷՎԱ ՄԱՐԻԱ ՆԵՀԵՐԸ մեզ հետ զրույցում ընդգծեց, որ Կիևում անցկացվող նորաձևության օրերը հայաստանցի մասնագետներին կօգնեն նոր գործարար կապեր հաստատելու, ինչու չէ, նաև ներդրումներ ապահովելու։ «Հաշվի առնելով, որ Հայաստանը ժամանակին եղել է հագուստ արտադրող, տեքստիլ արդյունաբերության ավանդույթներ ունեցող երկիր՝ ցանկանում ենք, նորաձևությունը խթանելով, վերականգնել այդ ավանդույթները, զարգացնել տեքստիլ արդյունաբերությունը»,- ասաց Էվա Մարիա Նեհերը, հավելելով, որ GIZ-ը միակ ֆինանսավորողը չէ, մասնակիցները նույնպես ներդրում են ունեցել այդ հարցում։
Մեր զրուցակիցը կարևորեց, որ Հայաստանը նորաձևության շաբաթին ճիշտ ներկայանա, մեր երկրի ճիշտ իմիջ ստեղծվի, որպեսզի միջոցառման այցելուները կարողանան բարձր գնահատել, հայ դիզայներները կապեր հաստատեն, փորձի փոխանակում իրականացնեն, սովորեն իրենց գործընկերներից և զարգացնեն հայաստանյան նորաձևության շուկան։ Նա նաև նշեց, որ եթե այս խումբը հաջողության հասնի, իրենք կշարունակեն աշխատել նրանց հետ։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 5190

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ