ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

«Վերևից մեր երկիրն ավելի չքնաղ է, դուք ներքևից չեք տեսնում այդ գեղեցկությունը»

«Վերևից մեր երկիրն ավելի չքնաղ է, դուք ներքևից  չեք տեսնում այդ գեղեցկությունը»
05.09.2017 | 10:47

Լեռնային զբոսաշրջության նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է: Եթե նախկինում մարդկանց շատ փոքր խումբ էր զբաղվում դրանով, մեր օրերում շատ են և՛ փորձառու լեռնագնացները, և՛ զբոսաշրջային խմբերը, և՛ հետաքրքրվողները: Լեռնային արշավի նպատակն ավելի շատ ակտիվ հանգի՞ստն է, էքստրեմալ զգացողություննե՞րը, թե՞ բնության և պատմամշակութային հուշարձաններին ծանոթանալը: Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք ԿԱՌԱ ՉՈԲԱՆՅԱՆԻ հետ: Նրա խոսքով` առաջնային է բարձունքը հաղթահարելը, որովհետև լեռ բարձրանում են հատուկ արահետներով, իսկ պատմամշակութային հուշարձան տանող ճանապարհը կարող է և չհամընկնել այդ արահետի հետ: Ճանաչողական այցերն ավելի հաճախ համատեղում են քայլարշավային խմբերը:
Կառա Չոբանյանը մասնակցում է «Արև» զբոսաշրջային ընկերության և «Հատիս» տուրիստական ակումբի արշավներին: Մշակութային տուրերին, քայլարշավներին մասնակցում է նաև որպես զբոսավար, ուղեկցում իսպանալեզու զբոսաշրջիկներին:

-Բարձունքներ, որոնք հաղթահարել եք, որոնք առանձնահատուկ են Ձեզ համար:
-Շատ չեն, որովհետև երեք տարի է, ինչ սկսել եմ լեռնարշավների մասնակցել. Արայի լեռ, Հատիս, Երանոս, Արմաղան, Մայմեխ, Աժդահակ, Խուստուփ, Արագածի երեք գագաթները, Սիփան, Մեծ ու Փոքր Արարատներ: Հազվադեպ եմ կրկնում նույն երթուղին, նախընտրում եմ բարձրանալ լեռ, որ դեռ չեմ բարձրացել:
Բոլորն էլ առանձնահատուկ են, բայց մի քանիսը՝ առավել: Ամենաառանձնահատուկը, իհարկե, Արարատն է, որը երազում էի բարձրանալ, և հենց Արարատից էլ սկսվեց հետաքրքրությունս, որովհետև Արարատն աշխարհի ամենասիրուն լեռն է, Մեծը՝ ամենաբարձրը իմ բարձրացած գագաթների մեջ, Փոքրը՝ ամենաբարդը: Շատ հետաքրքիր է Սիփանը, հեռվից բոլորովին ուրիշ է, լանջից տեսարանները շատ սիրուն են Վանա լճի ֆոնին, գագաթամերձ մի հատված կա, որ լուսնային լանդշաֆտի է նման, կարծես այլ մոլորակում լինես: Խուստուփն էլ Հայաստանի ամենասիրուն լեռն է ինձ համար:
-Ինչի՞ մասին է մտածում լեռնագնացը` բարձունքը հաղթահարելիս:
-Գուցե տարբեր մարդիկ տարբեր բաների մասին եմ մտածում, չգիտեմ, բայց մի միտք ընդհանուր է՝ հասնել գագաթ: Լեռներն ինձ համար միակ տեղն են, որտեղ բացի գագաթ հասնելուց, ուրիշ ոչ մի բանի մասին չեմ մտածում, բոլոր մտքերս ցրվում են չքնաղ տեսարաններից: Երբ հասնում եմ գագաթին, արդեն դրա մասին էլ չեմ մտածում, միայն հիանում եմ շրջապատի գեղեցկությամբ: Չնայած ֆիզիկական ծանրաբեռնվածությանը, հանգստանում եմ, վերականգնվում:
-Լեռնագնացներն ի՞նչ վտանգների կարող են հանդիպել. հնարավո՞ր է մոլորվել կամ անցնել սահմանը:
-Վտանգներ շատ կան՝ քարաթափումներ, հոսքեր, անդունդներ, կարկուտ, կայծակ և այլն, բայց մոլորվելու վտանգ չկա, եթե արշավորդները և լեռնագնաց հրահանգիչները խստորեն հետևում են լեռնարշավի կանոններին: Խումբն ուղեկցում են երկու փորձառու հրահանգիչներ, մեկը՝ առջևից, մյուսը` ամենավերջից: Խումբը քայլում է մի շարքով, իրար հետևից, երկու հոգի կողք կողքի քայլելու իրավունք չունեն: Գնում են փորձված, ամենաօպտիմալ ճանապարհով, խմբի հետ երբեք նոր արահետներ գտնելու փորձեր չեն արվում: Եթե հրահանգիչներն ունենում են այդպիսի ցանկություն, նրանք դա անում են առանձին, իրենց լեռնագնաց ընկերների կամ տեղացիների օգնությամբ, բայց երբեք՝ ոչ խմբի, որին ուղեկցում են, հետևապես մոլորվելու վտանգ չկա: Ես միշտ փորձառու լեռնագնացների առաջնորդությամբ եմ արշավել: «Հատիսը» 36 տարվա պատմություն ունի, 1981-ին ստեղծվել է բժշկական համալսարանում, հիմա էլ հիմնական կորիզը բժշկականի այսօրվա ուսանողներն են, բայց խմբին կարող են միանալ նաև այլ ցանկացողներ: Ակումբի ղեկավարը Մարտին Մարտիրոսյանն է՝ շատ փորձառու լեռնագնաց: «Արևին» շատ երկար պատմություն չունի, բայց ղեկավարը` Գևորգ Գասպարյանը, չնայած երիտասարդ տարիքին, շատ մեծ փորձ ունի, լեռներից գրեթե չեն իջնում:
-Կա՞ն նախընտրելի բարձունքներ (կարծում եմ` մեր հայրենակիցներին ավելի կգրավի Արարատը), և ի՞նչ տվյալներ են պետք` միանալու համար լեռնային արշավին:
-Կան, իհարկե, նախընտրելի բարձունքներ, կարծում եմ, որ դրանք Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր չորս գագաթներն են՝ Արարատի երկու գագաթները, Արագածի հյուսիսայինը, Սիփանը: Հեշտ և միջին բարդության լեռնարշավները հատուկ պատրաստվածություն չեն պահանջում, կարելի է գրանցվել և բարձրանալ, և արշավորդն ինքն է արդեն հասկանում, թե որքան է դիմացկուն: Այլ բան է Արարատը: Արարատի վերելքի համար հատուկ մարզումներ են պետք: Սկզբում բարձրանում ես Արայի լեռ, հաղթահարում 2577 մետր բարձրություն, հաջորդ անգամ մեկ գիշեր անցկացնում 3000 մ բարձրության վրա Գեղամա լեռներում՝ Ակնա լճի ափին (դա արվում է բարձրլեռնային պայմաններին հարմարվելու համար), հաջորդ օրը բարձրանում ավելի բարձր գագաթ՝ Աժդահակը՝ 3597 մ: Երրորդ վարժանքը Քարի լճի ափին (3207 մ) մի գիշեր անցկացնելն ու 2 գագաթ բարձրանալն է՝ Հարավային և Արևմտյան: Ղեկավարը հետևում է, թե ինչպես ես հաղթահարում բարձունքները, խմբից հե՞տ ես մնում, թե՞ ոչ, այնուհետև որոշում է` կարո՞ղ ես Արարատ բարձրանալ, թե՞ պետք է շարունակես մարզումներդ:
-Արտասահմանցի զբոսաշրջիկներին գրավու՞մ են մեր լեռները:
-Այո, հատկապես գերմանացիները, ավստրիացիները, ֆրանսիացիները, իսպանացիները հաճախ են գալիս Հայաստան` լեռնարշավների մասնակցելու:
-Երբ մենք ասում ենք՝ մեր լեռները, նկատի ունենք նաև Արարա՞տը:
-Ոչ միայն մենք: Արարատ բարձրանալիս պատահաբար հանդիպեցինք օտարերկրյա լեռնագնացների մի խմբի, որոնք ծանոթացել էին Էլբրուս բարձրանալիս, այնտեղ որոշել էին գալ Հայաստան` Արարատ բարձրանալու: Հետո զարմանքով տեղեկացել էին, որ Արարատ բարձրանալու համար պետք է Թուրքիա գնան: Մինչև հիմա կան մարդիկ, որոնք գիտեն, թե Արարատը Հայաստանում է: Քրդերի մեջ էլ կային մարդիկ, որոնք ասում էին՝ եկել եք ձեր լե՞ռը բարձրանաք:
-Շրջակա բնությունը մաքուր պահելու կուլտուրան մեզանում դեռ չի արմատացել: Տեղի բնակիչների անփույթ վերաբերմունքին հաճա՞խ եք հանդիպում:
-Այո, շատ հաճախ: Սատանի կամուրջը բնական հուշարձան է, շրջակայքում հանքային աղբյուրներ կան, տեղի բնակիչներն օգտվում են: Ամեն անգամ զբոսաշրջիկներին տանելիս ամաչում ես, այնքան կեղտոտ է շրջակայքը: Վերելքների ընթացքում, ինչ-որ բարձրությունից սկսած, արդեն հազվադեպ ես նման բաներ տեսնում, որովհետև տեղացիներն այդքան չեն բարձրանում, իսկ լեռնարշավորդները հիմնականում աղբ չեն թափում:
-Օտարերկրացիներն ինչպե՞ս են արձագանքում ճանապարհային անհարմարություններին:
-Երևանում բոլորովին ուրիշ տպավորություն են ստանում, Երևանից դուրս` քանդված, խորդուբորդ, կարկատած ճանապարհներ են տեսնում: Եվրոպացիներն ապշում են այդ կարկատանների վրա, նրանք այդպիսի բան չեն տեսել: Վերջին տարիներին օդանավի տոմսերի թանկության պատճառով շատերը նախընտրում են գալ Վրաստան և Հայաստանը համատեղել, իսկ Վրաստանի նորոգված ճանապարհներից հետո շատ վատ տպավորություն են ստանում մեր քանդված ու կարկատած ճանապարհներից:
-Ստացվում է` երկրորդ անգամ էլ չե՞ն գա Հայաստան:
-Աշխարհում շատ երկրներ կան այցելելու, բոլորովին կարևոր չէ, որ նույն օտարերկրացին երկրորդ անգամ գա Հայաստան, կարևորն այն է, թե նա ինչ տպավորություններով կգնա և ինչ կհաղորդի իր ծանոթներին ու ընկերներին, արդյո՞ք նրանց մեջ Հայաստան այցելելու հետաքրքրություն կարթնացնի: Շատերն այնքան են տպավորվում մեր բնապատկերներից ու հուշարձաններից, որ աչք են փակում անհարմարություների վրա, բայց նաև նշում են ճանապարհների վատ վիճակի մասին, ինչը շատ բացասական է և գուցե շատերին հետ պահի Հայաստան այցելելու մտքից:
-Վերջին տարիներին գրեթե բոլոր տեղանունները հայկականացվել են: Օտարահունչ անունները գործածությունից դու՞րս են մղվել:
-Ոչ միշտ: Օրինակ, մեզնից ոչ հեռու` Արարատյան դաշտից Վայոց ձոր տանող լեռնանցքը Թուխմանուկի լեռնանցք է կոչվում, բայց, չգիտես ինչու, բոլորը Քյարքի են ասում: Ծանոթներիցս մեկը նույնիսկ վիճում էր ինձ հետ, փորձում համոզել, թե Քյարքին հայկական անվանում է, արմատը` քար բառից, պարզապես քմայնացված տարբերակն է: Բայց դա ճիշտ չէ, Քյարքին թուրքերեն բառ է, այդտեղ նախկինում նույնանուն թուրքական գյուղ է եղել, որը հիմա Տիգրանաշեն է կոչվում: Գյուղերի անունները գրվում են ցուցատախտակներին, մարդիկ կամաց-կամաց սովորում են, բայց, չգիտես ինչու, Հայաստանում ցուցանակների վրա գետերի, լեռների, աշխարհագրական այլ օբյեկտների անունները հազվադեպ են նշվում, լեռնանցքներինը առհասարակ չկա: Միայն քարտեզների վրա է նշված հայկական անունը և պաշտոնական փաստաթղթերում, իսկ մարդիկ տեղյակ չեն: Ցուցանակ պիտի լինի, որ ամեն մեկը անցնելիս տեսնես, կամաց-կամաց տպավորվի ու շրջանառվի նոր անվանումը:
-Տարվա ո՞ր եղանակներին են անցկացվում լեռնային արշավներ:
-Բոլոր եղանակներին՝ մարտից մինչև դեկտեմբեր: Դեկտեմբերի վերջին «Հատիս» ակումբը Հատիս լեռան վերելքով փակում է տարին, մարտին վերսկսում ձյան նոսր շերտ ունեցող բարձրություններից: Ես նախընտրում եմ մայիս-հոկտեմբեր հատվածը, երբ շուրջը կանաչ է:
-Ի՞նչ կասեք վերջում:
-Խորհուրդ եմ տալիս լեռներ բարձրանալ: Ով հատուկ պատրաստվածություն չունի, չի ուզում կամ չի կարող բարձր գագաթներ հաղթահարել, թող գոնե ոչ շատ բարձր լեռներ բարձրանա: Վերևից մեր երկիրն ավելի չքնաղ է, դուք ներքևից չեք տեսնում այդ գեղեցկությունը, բարձրացեք, մի փոքր ավելի վերևից նայեք և ավելի կսիրեք Հայաստանը:

Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4921

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ