Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ինչու՞ է Արևմուտքն այդքան համառորեն ուզում փակել տալ Մեծամորի ատոմակայանը

Ինչու՞ է Արևմուտքն այդքան համառորեն ուզում փակել տալ Մեծամորի ատոմակայանը
05.09.2017 | 10:57

Եվրամիության (ԵՄ) դեսպան, լեհ Պյոտր Սվիտալսկու հետ Երևանում Հայաստանի իշխանությունների «քննարկումները» թեև հիմնականում վերաբերում էին հանրապետությունում ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների «որակին», իրականում ստվերեցին գլխավոր վիճելի հարցերից մեկը, որը, այսպես ասած, շարունակում է մռայլել տխրահռչակ «ասոցացման մասին նորացված փաստաթղթի» առնչությամբ Հայաստան-ԵՄ բանակցությունների բոլոր կանխատեսելի ու անկանխատեսելի օրակարգերը:

Իմ կարծիքով, մենք պետք է շատ լավ հասկանանք, որ Արևմուտքը միատարր չէ, և եթե համարենք, թե մենք Արևմուտքում ունենք միայն բարեկամներ ու ընկերներ, ապա դա կլինի անհուսալի և անհիմն լավատեսության գերագույն աստիճան, իսկ իրականում ամեն ինչ շատ ավելի վատ է: Գտնվում են «պան սվիտալսկիներ» և «պեդրոագրամունտներ», գտնվում են նրանք, ովքեր Հայաստանի հետ բանակցություններ են վարում «ասոցացման մասին», վերջապես գտնվում են նաև նրանք, ովքեր այս կամ այն կերպ բազմամյա ճնշում են գործադրում հայաստանյան իշխանությունների վրա: Եվ ոչ վերջին հերթին՝ Հայաստանի էներգետիկայի դրոշակակիր Մեծամորի ատոմակայանի՝ երկրին պետք լինել-չլինելու հարցում: Հիշեցնեմ, որ Անդրկովկասում միակ այդ ԱԷԿ-ը արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի ավելի քան մեկ երրորդը, այսինքն՝ տարեկան առնվազն 2 մլրդ կՎտ.ժ, և, ըստ էության, թշնամի հարևաններից (Թուրքիա, Ադրբեջան) և պարզապես քիչ հուսալի հարևաններից (Վրաստան) երկրի էներգետիկ անկախության երաշխավորն է: ԱԷԿ-ը բաղկացած է երկու բլոկից, որոնցից առաջինը շահագործման է հանձնվել 1976 թ., իսկ երկրորդը՝ 1980 թ.: Մեծամորի ատոմակայանն ունի սահմանված հզորություն՝ 815 ՄՎտ 1988 թ. դեկտեմբերյան երկրաշարժից հետո, հաջորդ տարվա մարտին, ԽՍՀՄ կառավարության հատուկ որոշմամբ կայանը կանգնեցվեց: 1995 թ. նոյեմբերի 5-ին, վեցուկեսամյա կոնսերվացումից հետո, ԱԷԿ-ը վերագործարկվեց: Այս փաստը նմանը չունի ատոմային էներգետիկայի համաշխարհային պատմության մեջ:


Հայաստան-ԵՄ բանակցությունները ցույց են տալիս, որ շահագործումից կայանի հանումը դարձյալ մնում է ԵՄ-ի գլխավոր նպատակը: Ընդ որում՝ Հայաստանի եվրոպացի «բարեկամները» քողարկվում են «ատոմային անվտանգության արդի միջազգային ստանդարտներին անհամապատասխանության» մասին խաբեությամբ: Դրա հետ մեկտեղ, հակառակ ԵՄ-ի փորձագետների ու քաղգործիչների տեսակետի, ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների եզրակացության համաձայն, Մեծամորի ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործումը անվտանգության հետ կապված առանձնակի խնդիրներ չունի, առավել ևս, որ ԱԷԿ-ի շահագործման անվտանգության ապահովման և այդ անվտանգության երաշխիքների մեծացման ամբողջ ծանրությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ իր ուսերին է վերցրել ու երկար տարիներ արժանավայել կրում է հենց Ռուսաստանը, ուրիշ ոչ ոք:
Եվ, որոշ տեղեկությունների համաձայն, երևանյան բանակցությունների ընթացքում ԵՄ-ի ներկայացուցիչները նույնիսկ հասնում են այնտեղ, որ գրեթե վերջնագրի լեզվով Հայաստանից պահանջում են Մեծամորի ԱԷԿ-ի հարցերում հրաժարվել ռուսական օգնությունից:
Իհարկե, Երևանում կան հենց ատոմային էներգետիկայի ոլորտի մասնագետներ, ու նրանք, հուսամ, քաղաքացիական համարձակություն կունենան և ժամանակ ու հնարավորություն կգտնեն լուսավորելու Հայաստանի բնակչությանը, բացատրելու որոշ նրբություններ, որ երկրի քաղաքացիները ակնբախ պատկերացում կազմեն Մեծամորի ԱԷԿ-ի շուրջ տիրող ամբողջ իրավիճակի մասին: Իսկ որպեսզի տարբեր կարգի ռուսատյացները մեզ ի պատասխան որևէ բան ցփնելուց առաջ հիշեն, որ ազգային էներգահամակարգի այդ օբյեկտը երբեք Ռուսաստանի սեփականությունը չի եղել, ասեմ. խոսքը, իհարկե, 1991-ից հետո ընկած ժամանակահատվածի մասին է: 2003 թ. ԱԷԿ-ը եղել է միայն «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության լիազորագրային կառավարման ներքո, որն այնքան էլ ռուսական ֆիրմա չէ, այլ միջազգային էներգահոլդինգ է, և այդ կառույցի հետ կապված ամեն ինչ չէ, որ պարզ է ոմն Չուբայսից և այլ «չուբայսներից» հետո: Սակայն 2012 թ. մարտի վերջին այդ հոլդինգի հետ եղած պայմանագիրը ժամկետից շուտ խզվեց, քանի որ նա հայտարարեց, թե լիովին կատարել է ատոմակայանի պարտքերի կարգավորման իր պարտավորությունները, այդ թվում՝ վառելիքի մատակարարումների գծով, հինգ տարի առաջ հաղորդեցին հայկական և ռուսական լրատվամիջոցները, վկայակոչելով «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի աղբյուրը: Ինչու՞ եմ ես հիմա սա հիշում: Որովհետև հենց այդ ժամանակվանից, ավելի ճշգրիտ, 2016 թ. մայիսի կեսերից է, որ Մեծամորի ԱԷԿ-ի գոյության ու շահագործման հարցում Հայաստանի վրա ԵՄ-ի ճնշումը վերածվել է բացահայտ շանտաժի ու խարդավանքների քաղաքական լծակի:


Այն ժամանակ շտապ Երևան եկավ Եվրահանձնաժողովի Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների վարչության արտաքին կապերի գլխավոր տնօրենության գործող ղեկավար Գյունար Վիգանդը: Եվ նա այնուհետև բազմիցս բարձրաձայնեց այն, ինչ 2012-ի մայիսին հայտարարել էր Երևանում. Եվրամիությունը պնդում էր, որ Մեծամորի ԱԷԿ-ը շուտափույթ կարգով փակվի: Ավելին, միջուկային տեխնոլոգիաների զարգացման կազմակերպությունը՝ «Եվրատոմը», պատրաստ է 200 մլն եվրո փոխառություն տրամադրելու մեր ԱԷԿ-ի փակման համար: Ահա և Վիգանդի խոսքերը. ԵՄ-ն այն կարծիքին է, որ Մեծամորի գործող ատոմակայանը «չի համապատասխանում միջուկային անվտանգության այսօրվա պահանջներին»: Միևնույն ժամանակ, ԵՄ-ն պատրաստ չէ խթանելու նոր ԱԷԿ-ի կառուցման նախագիծը: Նույն այդ տարվանից էլ մի առանձնահատուկ իրարանցում է սկսվել Մեծամորի ԱԷԿ-ի շուրջ: Այսպես, Իրանը չի բացառել Հայաստանում նոր ատոմակայանի շինարարության ֆինանսավորման հնարավորությունը: Երևանում կայացած մամուլի ասուլիսում այն ժամանակ այդ մասին հայտարարեց Իրանի արտգործնախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մանուչեհր Մոթաքին՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Մեծամորի ատոմակայանը նորով փոխարինելու գործում Հայաստանին օգնելու իր պատրաստակամությունն է հայտնել նաև ԱՄՆ-ը: Հայաստանում ԱՄՆ-ի գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին հայտարարել է, որ ԱՄՆ-ը Հայաստանի էներգետիկայի նախարարության հետ մեկտեղ քննարկում է նոր ԱԷԿ-ի շինարարության խնդրի լուծման տարբերակները: Բայց նոր ԱԷԿ-ի շինարարության նախագծի իրականացման գործում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու իրական պատրաստակամություն են հայտնել հենց Ռուսաստանի կառավարությունը և ռուսական էներգետիկ ընկերությունները:


Հիշեցնեմ նաև՝ Հայաստանի կառավարությունը 2006 թ. հայտարարել էր, որ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը լրանալու է 2016 թ.: Ստորագրելով «նոր եվրոպական հարևանության» ծրագրի շրջանակներում գործողությունների պլանը, Հայաստանը պարտավորվել էր հնարավոր կարճ ժամկետում փակել «հնացած ԱԷԿ-ը»: Հայաստանի կառավարությունը հայտարարել էր նաև, որ սկսվել է պոտենցիալ օտարերկրյա ներդրողների որոնումը, որոնք շահագրգռված են նոր ատոմակայանի կառուցման գործում մեկ մլրդ դոլարի ներդրմամբ: Երկրի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը հավաստեց Հայաստանի մտադրությունը կառուցելու նոր ատոմակայան. «Նոր ԱԷԿ-ի շինարարության նախագիծը հիմնավորված է ինչպես էներգետիկ անվտանգության, այնպես էլ տնտեսական տեսակետից»: Հիմա, ինչպես գիտենք, հայ և ռուս մասնագետների ու երկու երկրների կառավարությունների ջանքերով Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարացվել է ևս տասը տարով: Հետևաբար, բոլոր խոսակցությունները, այդ թվում՝ և՛ ԵՄ-ի, և՛ արևմտյան այլ կառույցների հետ, դատարկ զրույցներ են: ՈՒ եթե դրանք դեռ շարունակվում են, ապա, թերևս, պետք է Հայաստանի ներկա իշխանություններից հետաքրքրվել, թե հիմա՞ ինչու է Երևանը քծնում Արևմուտքին: Չէ՞ որ դիլետանտներին է անգամ հասկանալի, որ Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման հետագա վեկտորը կախված կլինի այն բանից, թե որ երկիրը կֆինանսավորի նոր ատոմակայանի շինարարությունը: Օրինակ, այն ժամանակ այսպես հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: Նրա հետ անհնար է չհամաձայնել, և նույնիսկ կարելի է խստացնել նրա ձևակերպումը. այն բանից, թե ով ինչպես է վերաբերվում Մեծամորի ԱԷԿ-ի գոյությանն ու շահագործմանը, կարելի է հանգիստ տեսնել Հայաստանի ու հայ ժողովրդի դաշնակից երկրների ու թշնամիների շրջանակը:


Այսպիսով, հենց որ «անհասկանալի» «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը լիազորագրային կառավարումից Հայաստանի կառավարությանը վերադարձրեց Մեծամորի ԱԷԿ-ը, Արևմուտքը վերսկսեց հարձակումները Հայաստանի էներգետիկ անկախության և էներգետիկ անվտանգության ազգային համակարգի վրա: Ընդ որում՝ անտեսելով ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների զեկույցը կայանի բացարձակ անվտանգության մասին: Եվրամիությունում հաշվի չեն նստում անգամ այն բանի հետ, որ 1988 թ. Սպիտակի երկրաշարժը ապացուցեց, թե Մեծամորի ատոմակայանը անվտանգության առումով ամրության ինչ նշանակալի պաշար ունի: ԵՄ-ն անտեսում է բոլորին ու ամեն ինչ, այդ թվում՝ անվտանգության գծով ռուս փորձագետներին և այն ինժեներներին, ովքեր համարում են, որ Մեծամորի ԱԷԿ-ը հանգիստ կարելի է շահագործել ընդհուպ մինչև 2025-2030 թթ.: Այդ ովքե՞ր են այնքան «խելացի», որ իրենց ավելի բանիմաց են համարում ատոմային էլեկտրակայանների շահագործման անվտանգության հարցերում, քան ՄԱԳԱՏԷ-ի և Ռուսաստանի փորձագետները, այն երկրի, որտեղ առհասարակ աշխարհում առաջինն են սկսել ատոմակայաններ կառուցել և քաղաքացիական նպատակներով միջուկային ռեակտորներ ստեղծել: Ես շարունակ հիշեցնում եմ սա, որովհետև Մեծամորի ԱԷԿ-ի էներգաբլոկները խորհրդային բազմաթիվ էներգետիկ ինժեներների և միջուկագետ ֆիզիկոսների աշխատանքի արդյունքն են, ոչ թե ամերիկյան կամ եվրոպական: Եվ մեզ հայտնի է նաև, թե որքան հոտած է, այսպես կոչված, «եվրոպական ժողովրդավարությունը», ինչը և ցույց տվեցին ԵԽԽՎ-ում բարձրացած կոռուպցիոն աղմուկները. եվրոպացիները ուրախությամբ կաշառք կամ այլևայլ «նվերներ» են վերցրել ու վերցնում Թուրքիայից և Ադրբեջանից: Իսկ հենց այս երկու երկրներն են ժամանակ առ ժամանակ աղմուկ բարձրացնում Մեծամորի ԱԷԿ-ի պատճառով «սպառնացող միջուկային աղետի» շուրջ:
Եվ ահա ԵՄ-ը, այդ «համաշխարհային ԼԳԲՏ-ժողովրդավարության լուսատուն», մշտապես ընդառաջում է, և բացահայտորեն ոչ անշահախնդրորեն, Անկարային ու Բաքվին: Բայց արդյո՞ք միայն Թուրքիային ու Ադրբեջանին է ընդառաջում: Վերադառնանք եվրոպացի Վիգանդի 2012-ի հայտարարություններին. ԵՄ-ն մտադիր չէ կամ չի կարող ֆինանսավորել Հայաստանում նոր ԱԷԿ-ի շինարարությունը, բայց պատրաստ է 200 մլն եվրո «պարտքով տալու» Մեծամորի ԱԷԿ-ի կոնսերվացման ու ապամոնտաժման համար: Ամբողջ Արևմուտքից միայն ԱՄՆ-ը, այն էլ կեղծավոր-փարիսեցիաբար հայտարարեց, թե կարող էր, իբր, Հայաստանի կառավարության հետ համատեղ «նոր ԱԷԿ-ի շինարարության խնդրի լավագույնս լուծման տարբերակներ» որոնել: Հինգ տարի է անցել, և ահա Երևանում ԱՄՆ-ի ներկայիս դեսպան Ռիչարդ Միլսը հանրապետությանը համարյա միլիարդավոր դոլարներ է խոստանում էներգետիկայի ոլորտում ներդրումների տեսքով: ՈՒզես-չուզես, մենք հարկադրված ենք ենթադրելու, որ ԵՄ-ը կաշվից դուրս գալով ջանում է հենց ԱՄՆ-ի համար: Մեծամորի ԱԷԿ-ի առկայության կամ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման դեպքում Հայաստանի էներգետիկայի մեջ միլիարդներ ներդնելու վերաբերյալ ամերիկյան բոլոր ստահոդ խոստումները շատերի կողմից և արագորեն, շատ պարզ ձևով շուռ կտրվեն ու կհերքվեն: Երկիրը մեծ չէ, և այստեղ այնքան էլ շատ էներգետիկ օբյեկտներ չկան, ասենք, դրանց սաստիկ կարիքն էլ չկա. Հայաստանը, ըստ էության, վաղուց պատրաստի, արտադրված էլեկտրաէներգիայի արտահանող է, ինչից լիովին օգտվում է բարյացակամ հարևան Իրանը: Հայաստանի ներկա էներգետիկ հզորություններն ու հնարավորությունները կարող են խանգարել միայն Թուրքիային ու Ադրբեջանին և մեկ էլ նրանց հովանավորներին՝ ԱՄՆ-ին ու Իսրայելին:


ՈՒ ստացվում է, որ Եվրամիությունը, ճնշում գործադրելով Երևանի վրա, իր տարածաշրջանային շահերն է հետապնդում: ԵՄ-ը տնտեսական ու էներգետիկ առավելություններ է ստեղծում իր առանցքային գործընկերների՝ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի համար: ՈՒ քանի որ այդ երկրների համար, ուրեմն նաև, ԱՄՆ-ի ու «կրտսեր ԱՄՆ-ի»՝ Իսրայելի համար: Եթե որևէ մեկի համար հետաքրքիր է, ապա կարող է կարդալ ռուս հրապարակախոս, փորձագետ Լև Գունինի «Կովկասը որպես Իսրայելի տարածքի մաս» աշխատանքը, որից հետո ամեն մի խելամիտ ու անաչառ մարդ կհամոզվի, որ Վրաստանն ու Ադրբեջանը վաղուց իսրայելական ռազմահենահրապարակներ են Անդրկովկասում, իսկ Ադրբեջանը համարյա Իսրայելի կցորդն է ու նրա հինգերորդ շարասյունը Կովկասում: Ի դեպ, զուր չէ, որ հունիսի 27-ին, Սեուլում Եվրասիայի երկրների խորհրդարանների ղեկավարների միջազգային երկրորդ խորհրդակցության շրջանակներում, որտեղ ներկայացված էին քսանհինգ եվրոպական և ասիական երկրների խորհրդարանների նախագահներ, իրանցի նշանավոր քաղաքական գործիչ և Իրանի Մեջլիսի նախկին ղեկավար Ալի Արդաշիր Ամոլի Լարիջանին Հայաստանի խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանին կոշտ նախազգուշացրեց. «Ադրբեջանի ու Հայաստանի վեճին Իսրայելի մասնակցությունը կարող է բացասական հետևանքներ ունենալ, իսկ չլուծված հարցերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով՝ առանց արտաքին միջամտության»: Ես շատ լավ եմ հասկանում, որ Լարիջանին խոսել է ոչ թե Հայաստանի ատոմային էներգետիկայի, այլ Արցախի մասին, Թել Ավիվի հետ մերձենալու Երևանի փորձերի պատճառով արցախյան խնդրում հետագա հնարավոր բարդացումների մասին: Այդուամենայնիվ, եթե հիշենք, որ Թուրքիան ու Ադրբեջանը դաժան պայքար են մղում Հայաստանի ու Արցախի դեմ, իսկ թուրքերի ու ադրբեջանցիների թիկունքին կանգնած են հենց ԱՄՆ-ն ու Իսրայելը, եթե հիշենք նաև, որ 2012 թ. Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Հայաստանին ատոմային էներգետիկայի հարցերում, ապա Հայաստանի իշխանությունների հասցեին Լարիջանիի նախազգուշացումը երկակի իմաստ է ստանում:

(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4440

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ