Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ․ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարներն աղբամաններով, երկաթե արգելապատնեշներով և ձեռքի տակ ընկած այլ առարկաներով բարիկադներ են կառուցում։ Ոստիկանությունը պարբերաբար արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և հատուկ այլ միջոցներ է կիրառում մայրաքաղաքի կենտրոնական պողոտաները բացելու համար:                
 

Պուտինը ելցինյան ծնկած Ռուսաստանը ոտքի կանգնեցրեց և...

Պուտինը ելցինյան ծնկած Ռուսաստանը ոտքի կանգնեցրեց և...
08.09.2017 | 00:33

Արևմուտքը երբեք բարեհաճ չի եղել Ռուսաստանի հանդեպ: Եվրոպացին գենետիկորեն հակակրանք է զգացել և զգում այն ամենի նկատմամբ, ինչը ռուսական է: Ասածս կարելի է հաստատել մեկ նախադասությամբ, որ միս ու արյուն է ստացել դեռևս XIX դարում հեղափոխական տրամադրություններով լցված Եվրոպայում՝ Ռուսաստանը Եվրոպայի ժանդարմն է:


Հայտնի բան է՝ բացասական պիտակը երբևէ չի վերանում կամ էլ շատ դժվար է մոռացվում, անգամ եթե պիտակավորվածը անչափ դրական բան է արած լինում այդ նույն Եվրոպայի համար: Եվրոպան կարծես պիտի երախտապարտ լիներ ԽՍՀՄ-ին (Ռուսաստանին) իր հերոսական զինվորների կյանքով աշխարհը դարչնագույն ժանտախտից փրկելու համար, բայց ոչ: Հակառակը, ամեն ինչ արվում է այժմ այդ փառավոր հաղթանակը իրենց վերագրելու և այդ անարդարությունը կյանքում հաստատելու համար:
ԽՍՀՄ-ին (Ռուսաստանին) փորձում են նորից ամեն կողմից հարվածել՝ ամենուրեք չափազանցված չափերով հիշեցնելով ստալինյան (լենինյան) բռնությունները: Այսօր այնքան չեն հիշում Հիտլերին, որքան Ստալինին, Լենինին: Եվ ինչու, որովհետև նրանք հետևողականորեն փորձել են մարդու մեջ սպանել մարդկային բոլոր դժբախտությունների չարիքը` մասնավոր սեփականությունը:


Այսօրվա կապիտալիստական հզոր երկրները զարգացել են անօրինական մասնավոր սեփականության կուտակումով` գաղութատիրություն, ճնշված ժողովուրդների ստրկական աշխարհի մարդկային որս, մի խոսքով` որքան անմարդկային բնութագրական էպիտետներ ասես, դարձյալ չի կարող սպառիչ լինել այդ հասարակարգը բնութագրելու համար: Գաղութատիրությունը փլուզվեց, և եվրոպական գաղութատեր երկրները կորցրին իրենց գաղութները, բայց կուտակած հսկայական հարստությունները այդ երկրներին զարգացման նոր աստիճանի բարձրացրին: Ի տարբերություն գաղութները կորցրած երկրների, Ռուսաստանը միակ երկիրն է աշխարհում, որի նվաճած տարածքները արդեն քանի հարյուր տարի կպած են իրեն և առայսօր կազմում են մի միասնական պետություն: Իսկ ռուս մարդու վերաբերմունքը գաղութացված ժողովուրդների նկատմամբ, հանուն ճշմարտության ասենք, դրական է եղել:


Ժամանակին տարածված խոսքը, թե արևը երբեք մայր չի մտնում Անգլիայի վրա, այսօր կարելի է կրկնել Ռուսաստանի վերաբերյալ: Եվ այսօր Արևմուտքը, ասենք ոչ միայն Արևմուտքը, աչքերը չռած նայում է Ռուսաստանի լայնածավալ տափաստաններին, նրանում պահված ծով հարստություններին ու մորմոքում է.
-Ո՜վ Աստված, ինչո՞ւ ես այդքան անհավասար բաժանել աշխարհը:
Եվ «անհավասար» բաժանված երկրի տերերը դարեր շարունակ այդ երկիրը պահելու մեկ միջոց են ունեցել` զենք: Շվեդները, պրուսացիք, լեհերը, թուրքերը, ճապոնացիք, իսկ մեր օրերում Ռուսաստանի նկատմամբ թաքուն ախորժակ ունեցող էլի շատ երկրներ կան, ապարդյուն փորձել են տիրանալ լայնածավալ այդ երկրի հարստություններին, բայց ապարդյուն:


Պատմականորեն հիմնականում միայն զենքին ապավինած երկրի ղեկավարությանը հարիր չեն եղել եվրոպական արժեքավոր գաղափարները:
Երբ ժամանակին Եվրոպան լեցուն էր գրականության տիտաններով, Ռուսաստանն այդ տիտանների կողքին կարող էր դնել գրականության մեջ ոչինչ չասող մի Դերժավին, գիտության մեջ մի աննշան միջակություն` Լոմոնոսով, երաժշտության, արվեստի մեջ՝ համարյա ոչ մեկին: Հայտնվեց մի Պուշկին, հետո Լերմոնտով, ընդամենը 100 տարի և դարավոր Ռուսաստանը գրականության տիտաններ տվեց: Դոստոևսկի, Տուրգենև, Տոլստոյ և շատ ուրիշներ, որոնց հերոսների կերպարները դուրս էին ճորտատիրության մեջ խարխափող Ռուսաստանի բոյարների էությունից, նրանց բիրտ կոպտությունից: Եվ համարյա այդ նույն ժամանակներում եվրոպացի երաժշտասեր ունկնդիրը լսեց և հիացավ Չայկովսկու երաժշտությամբ ու զարմացած ասաց.


-Մի՞թե մուժիկը նոտայից օգտվել գիտե:
Գերմանական փիլիսոփայական միտքը աշխարհն էր հերկում, իսկ Ռուսաստանում XIX դարում գյուղացուն կրթելու համար զարգանում էին նարոդովոլցիների ոչ պրակտիկ գաղափարները:
Մարքսի հանճարը սերմեր չտվեց Եվրոպայում, բայց փարթամորեն ծաղկեց Ռուսաստանում և, ով ինչ կուզե՝ թող ասի, Ռուսաստանը կիլոմետրանոց քայլերով առաջ մղեց, բայց, ցավոք, հիմնականում ռազմական արդյունաբերության ուղղությամբ: Կարելի է ասել՝ Ռուսաստանը միշտ զարգացել է թռիչքաձև:
Ինչու՞ եմ նշում այս ամենը, և ո՞րն է ինձ հետաքրքրող հիմնական հարցը.
-Ինչու՞ Ռուսաստանում չի հիմնավորվում եվրոպական դեմոկրատիան: Ինչու՞ են ռուս կառավարողները վախենում դրանից:
Սկսեմ խորհրդային պետությունից: Ոչ ոք չի կարող ժխտել, որ այն իրոք եղել է տոտալիտար պետություն, որի նախատիպը չի եղել մարդկային պատմության մեջ և այսուհետ էլ չի լինի: Չմոռանամ նշել, որ այդ տոտալիտար պետությունը հիմնականում ծառայել է ժողովրդին և արտահայտել է նրա շահը: Հենց արևմտյան դեմոկրատներին թույլատրվեց մտնել երկրի տարածք, կարճ ժամանակում այն փլուզվեց: Վերջում խաբված ժողովուրդը որքան էլ գլխին տար, արդեն ուշ էր:


Ոչ ոք չի կարող ժխտել, որ Պուշկինը մեծ հայրենասեր էր, և սրտի ցավով է ձաղկել Ռուսաստանը, նրան անվանելով տերերի և ստրուկների երկիր, բայց, ի տարբերություն այլ կարգի դեմոկրատների` թեկուզ Սոլժենիցինի, երբեք չի մտածել երկրի ավերման, մասնատման մասին:
Բերեմ հայ իրականությունից մեկ օրինակ: Ավետիք Իսահակյանի առ հայրենիք տածած սիրուն ոչ ոք չի կարող կասկածել, բայց նա, ինչպես գրում է «Աբու-լալա Մահարի» պոեմում.
-Ատում եմ, ավա՜ղ, և հայրենիքը-պերճ արոտավայր հարուստների ցոփ,
Որի հողն արնոտ՝ անդուլ հերկողը չոր քար է կրծում իր հացի հանդեպ...
Պուշկինի պես Իսահակյանն էլ է դեմոկրատ, բայց ոչ հայրենիքին դավաճանող դեմոկրատ: Այսօր հայ դեմոկրատը, նույնը նաև Ռուսաստանում, երբ զրկվում է երկիրը թալանելու միջոցից` պաշտոնից, հայհոյում է հայրենիքը և լծվում Արևմուտքի կառքին: Մենք փոքր երկիր ենք, և այդ դեմոկրատների վարքագիծն այնքան էլ ցցուն չի երևում մեր երկրում, իսկ Ռուսաստանի համար նրանց գործունեության լայն շրջանակը միայն բացասական հետևանքներ կարող է ունենալ երկրի համար, ինչպես եղավ ԽՍՀՄ-ի պարագայում:
Ստալինը չէր կարող թույլ տալ նրանց հակապետական գործունեությունը, այլապես ԽՍՀՄ-ը կփլուզվեր հենց պատերազմի ժամանակ: Գորբաչովի պես դավաճանի, Ելցինի պես հարբեցողի օրոք լայն ծաղկում ապրեց այդ լիբերալ-դեմոկրատիան, և տեսանք դրա բոլոր ծանր հետևանքները: Պատկերացնել կարելի է, թե ինչ կլիներ Ռուսաստանի վիճակը, եթե Ելցինին փոխարիներ իր պես մի հարբեցող:


Պուտինը ելցինյան ծնկած Ռուսաստանը ոտքի կանգնեցրեց, և ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Արևմուտքի շարունակական պլանը Ռուսաստանի հանդեպ հօդս ցնդեց:
Այսօր Ամերիկան լավ է հասկանում Ռուսաստանի ռազմական հզորության ուժը և փորձում է վերադառնալ խորհրդային պետության հանդեպ կիրառած տնտեսական պատժամիջոցներին, մոռանալով հայտնի փիլիսոփայությունը, որ նույն ջուրը երկու անգամ մտնել հնարավոր չէ: Ռուսաստանը բազմազգ երկիր է և, բնականաբար, այդ բազմազանության մեջ կգտնվեն անհատներ, որ կփորձեն հարմար պահին (ինչպես եղավ ԽՍՀՄ-ի դեպքում) ոտքի հանել «տառապած» ժողովուրդներին (մի՞թե մեզ չէին համոզում, որ ռուսները մեզ ստրկացրել են, մինչդեռ կյանքն ապացուցեց, որ ԽՍՀՄ-ում մյուս ազգերն իրենց կամքն էին թելադրում ռուսներին), և դա կլինի միայն այն դեպքում, երբ Ռուսաստանը կթուլանա տնտեսապես, առավել ևս ռազմականապես, և այդ ժամանակ կսկսեն յավլինսկիները, նադեժդինները, չուբայսները, խակամադաները և բազմահազար նման լիբերալ «հայրենասերները», բայց ոչ Պուշկինի նման հայրենասերները, կործանել Ռուսաստանը: Պատմականորեն Ռուսաստանի ճակատագիրը չի անցնում Եվրոպայով, ինչպես Ճապոնիայի և Չինաստանի պարագայում, սակայն վերջին երկուսը տնտեսապես զարգացած արդյունաբերական երկիր են:
ԽՍՀՄ-ի փլուզումից անցել է երեսուն տարի: ՈՒղղակի հարց է առաջանում. եթե սոցիալիզմն էր պատճառը Ռուսաստանի տնտեսական հզորացման, այսօր այն արդեն երեսուն տարի շուկայական հարաբերությունների մեջ է, ուրեմն որո՞նք են Ռուսաստանի տնտեսապես չզարգանալու պատճառները: Մի՞թե ռուս մարդու միտքը միայն լավ զենք արտադրելու ուղղությամբ է զարգացած, թե՞ պարզապես ոչ բարեկամ երկրներով շրջապատված լինելն ստիպում է Ռուսաստանին հիմնականում կենտրոնանալ բանակի վրա: Գուցե և...


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 4151

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ