«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Էկոլոգիական աղետ, որի պատճառներն ունեն լուրջ վերլուծության կարիք»

«Էկոլոգիական աղետ, որի պատճառներն  ունեն լուրջ վերլուծության կարիք»
08.09.2017 | 05:42

Խոսրովի անտառի տարածքում, ըստ օդերևութաբան Գագիկ Սուրենյանի, «այս տարի անձրևազուրկ օրերին գումարվեց աննախադեպ երկարատև շոգը», և անտառում փայտը գրեթե թղթի պես հեշտ բռնկվող էր: Բացի դրանից, դարձյալ ըստ Գագիկ Սուրենյանի, «երեկոյան ժամերին Խոսրովի արգելոցում ցայտուն արտահայտվում են լեռնահովտային քամիները, որոնց արագությունը օգոստոսի 12-ին և 13-ին հասնում էր 15-20 մ/վրկ և նպաստում կրակի արագ տարածմանը»: Ոչ միայն ՀՀ բնապահպանության նախարարին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին նույնպես ի սկզբանե պետք է պարզ լիներ, որ այնտեղ բռնկված հրդեհը քամու միջոցով արագորեն տարածվելու է:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) ղեկավարությանը, դրանից բացի, պետք է պարզ լիներ, որ պայմանավորված նաև Խոսրովի անտառի և հրդեհի օջախների տեղադիրքով, բարդ ռելիեֆով, որի պատճառով, ինչպես Գ. Սուրենյանն է գրել իր ֆեյսբուքյան էջում, «առանձին հատվածներում նույնիսկ ոտքով քայլելը անհնարին է», տվյալ հրդեհը հանգցնելու համար Հայաստանի ունեցած տեխնիկական միջոցները միանգամայն անբավարար են լինելու: Հետևաբար, Ռուսաստանի համապատասխան կառույցից հրշեջ ծանր ավիացիա խնդրելու անհրաժեշտությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին, հիշյալ նախարարության բնակչության պաշտպանության քաղաքականության ծրագրերի և տեղեկատվական հոսքերի կառավարման վարչության աղետների ռիսկի գնահատման և կառավարման բաժնի պետ Գագիկ Աբրահամյանին և նախարարության այլ պաշտոնյաների պետք է պարզ լիներ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի առաջին իսկ օրը, հրդեհի առաջին 10 ժամվա ընթացքում, համենայն դեպս, գոնե հաջորդ օրը` օգոստոսի 13-ի առավոտյան: Եվ պարզ կլիներ, եթե ԱԻՆ-ում կատարվեր առաջացած արտակարգ իրավիճակի կամ ռիսկի ճիշտ վերլուծություն ու գնահատում:


Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ԱԻՆ հրապարակած պաշտոնական տեղեկւթյան, «օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի ՈՒրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության «Զիմա» կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք: Ըստ նախնական տվյալների՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք»:
Առանց ՀՀ նախագահի և վարչապետի թույլտվության, չցանկանալով կամ չհամարձակվելով անհանգստացնել Ռուսաստանի իր գործընկերոջը, թերևս նաև վստահ իր ղեկավարած կառույցի հնարավորությունների վրա, նախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին այդ կապակցությամբ դիմել է ոչ թե օգոստոսի 12-ին կամ գոնե 13-ի առավոտյան, այլ չափազանց ուշ, երբ, ինչպես ժողովուրդն է ասում, բանը բանից անցել էր: Խոսրովի արգելոցում օգոստոսի 12-ին սկսված հրդեհի միայն 3-րդ օրը` օգոստոսի 14-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն իր կայքում ժամը 11:02-ին հրապարակած պաշտոնական լրատվությամբ տեղեկացրեց, որ «Բանակցություններ են տարվում օդային հրդեհաշիջում կազմակերպելու համար»: Հրդեհի վերաբերյալ ահազանգը ստանալուց 45-46 ժամ հետո նո՞ր էին բանակցություններ տարվում օդային հրդեհաշիջում կազմակերպելու համար: Սա կատարյալ խայտառակություն է, ի՞նչ է նշանակում` բանակցություններ են տարվում… Երբ, օրինակ, Սիրիայի հակամարտության շուրջ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը բանակցում են, հասկանալի է, բայց երբ նման հրդեհի, օգնության կարիք ունեցող արտակարգ իրավիճակի դեպքում, այն էլ` Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխօգնության համաձայնագրերի առկայության պայմաններում, երկու պետությունների արտակարգ իրավիճակների նախարարությունների կամ նախարարների միջև բանակցություններ են տարվել, սա թերևս ավելին է, քան խայտառակությունը:


Նշված լրատվությամբ հայտնելով, որ «ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ տրամադրելու հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար», նախարարությունը տեղեկացրել էր նաև՝ «Ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինքնաթիռը Հայաստան բերելու ուղղությամբ»: Այ քեզ բա՜ն… Միջուկային մարտագլխի՞կ էր բերվում Հայաստան… Որքա՞ն ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի մշտապես մարտական պատրաստության մեջ գտնվող (այսինքն` նաև վառելիքով լի բաքերով) ՌԴ ԱԻՆ «Իլ-76» հրդեհաշիջող ինքնաթիռի անձնակազմը տագնապի ազդանշանով հասներ օդանավակայան, բժշկական ստուգում անցներ, ինքնաթիռն օդ բարձրացներ և այն Ռուսաստանից հասցներ Հայաստան: Հրդեհաշիջող ինքնաթիռը, որը նույնիսկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի ուշ դիմելու դեպքում կարող էր ժամը 12-ի կողմ թռչել Հայաստան, օդ է բարձրացել ժամը 16:30-17:00-ի սահմաններում: ՀՀ ԱԻՆ կայքում օգոստոսի 14-ին, ժամը 17:03-ին հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, ՌԴ ԱԻՆ ինքնաթիռն արդեն ուղևորվել է Հայաստան և նույն օրը ժամը 19:20-ին վայրէջք կկատարի Երևանի «Էրեբունի» օդանավակայանում:


ՀՀ ԱԻՆ կայքում հրապարակված հաջորդ պաշտոնական տեղեկատվության համաձայն, «Իլ-76»-ը Երևանի «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարել օգոստոսի 14-ին, ժամը 19:20-ին, սակայն «Հիմնվելով հայ և ռուս մասնագետների՝ ՀՀ ՊՆ ուղղաթիռով Խոսրովի արգելոցում իրականացված օդային հետախուզության տվյալների վրա՝ որոշում է կայացվել ինքնաթիռի միջոցով օդային հրդեհաշիջումը մեկնարկել վաղ լուսաբացին»: Անհասկանալի է՝ ինչու՞… Կրակը, բոցը երեկոյան կամ գիշերը, մթության համապատկերի՞ն է ավելի լավ երևում, թե ցերեկը, արևի պայծառ լույսի տակ: Գուցե ծո՞ւխն է խանգարել… Բայց պարզ չէ՞ր, որ հրդեհը հաջորդ օրն առանց ծխի չի շարունակվելու: Համենայն դեպս, եթե «Իլ-76»-ը մի քանի ժամ ավելի վաղ, ասենք, ժամը 15-ի կողմ վայրէջք կատարեր «Էրեբունի» օդանավակայանում, ապա նույն օրն էլ կներգրավվեր հրդեհաշիջման աշխատանքներում, և ոչ թե հաջորդ օրն առավոտյան, թեև հիշյալ օդանավակայանում վայրէջքից ու ջրով լցավորումից հետո հրդեհաշիջման աշխատանքներին նշված ինքնաթիռի ներգրավման հետաձգումը դեռ պատճառաբանված, հիմնավորված չէ:


Չնայած ՀՀ ԱԻՆ-ը օգոստոսի 14-ին խոստացել կամ տեղեկացրել էր, որ ինքնաթիռի միջոցով օդային հրդեհաշիջումը մեկնարկելու է օգոստոսի 15-ի վաղ լուսաբացին, սակայն հրդեհաշիջող «ԻԼ-76»-ը ժամը 08:50-ին դեռ նոր է իրականացրել իր առաջին թռիչքը, այսինքն՝ դեպի արգելոց ճանապարհին է եղել: Ժամը 9-ի կողմը հաստատ վաղ լուսաբաց չէ, և բոլորին էլ պարզ է, որ հրդեհի, այն էլ այդպիսի հրդեհի դեպքում նույնիսկ 1 ժամ ուշանալն անթույլատրելի է: Ավելին. ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության պետ Գագիկ Մանուչարյանի տեղեկացմամբ, «ԻԼ-76» ինքնաթիռն իր առաջին թռիչքն իրականացրել է ոչ թե դեպի «Խոսրովի անտառ» պետական արգելոց` այնտեղի հրդեհը մարելու նպատակով, այլ Վայոց ձորի Արտավան համայնքի մոտ գտնվող անտառի տարածք, և քանի որ վերջինում բռնկված հրդեհը փոքր է եղել, իր ունեցած ջրի պաշարի նույնիսկ կեսն օգտագործելով, հանգցրել է այն, հետո նոր մասնակցել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհաշիջմանը: Ինչու՞... Այն պարագայում, երբ պետական արգելոցի կարգավիճակն ավելի բարձր է, քան Արտավանի մերձակա անտառինը, ինչը նշանակում է, որ բնության հատուկ պահպանվող տարածքների շարքում պետության կողմից դեյուրե ամենաբարձր մակարդակով պահպանվող «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհը պետք է հանգցվեր առաջնահերթորեն:
Թե ինչու՞ է ուշացել ՌԴ ԱԻՆ արձագանքը, լրագրողներին անուղղակիորեն ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը. «Օգոստոսի 13-ին, պարզելով հրդեհի ծավալները, ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին դիմելու անհրաժեշտություն առաջացավ, որպեսզի նրանց որոշմամբ միջազգային օժանդակություն խնդրենք»: Նախ նկատենք, որ հրդեհի` միջազգային օժանդակության դիմելու համար հիմք հանդիսացող ծավալները պարզ էին, համենայն դեպս, պետք է պարզ լինեին դեռ օգոստոսի 12-ին, օրվա երկրորդ կեսին: Եթե նշված ծավալները պարզ են դարձել նույնիսկ օգոստոսի 13-ին, ապա նկատի ունենալով, որ «Հայաստանը ՌԴ-ի հետ ունի արտակարգ իրավիճակներում փոխօգնության համաձայնագրեր», ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին դիմելու անհրաժեշտություն չպետք է առաջանար, եթե, իհարկե, այդ համաձայնագրերի բովանդակությունը չի հակասում արտակարգ իրավիճակներում օպերատիվ կարգով, արագորեն օգնություն ստանալու տրամաբանությանը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն առանց նախագահին կամ վարչապետին դիմելու, նրանց թույլտվությունը ստանալու կամ նույնիսկ տեղեկացնելու (թեև հեռախոսով տեղեկացնելու համար բավարար էին վայրկյանները կամ րոպեները), օգնության խնդրանքով պետք է միանգամից դիմեր իր ռուս գործընկերոջը: Ստացվում է, որ նախարար Դավիթ Տոնոյանը եթե ոչ օգոստոսի 12-ին, ապա օգոստոսի 13-ին չի դրսևորել այսպիսի իրավիճակներում խիստ անհրաժեշտ ինքնուրույնություն, չի համարձակվել առանց ՀՀ նախագահին, վարչապետին դիմելու, օգնության խնդրանքով դիմել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարին, և քանի որ օգոստոսի 13-ը կիրակի է եղել, կարելի է ենթադրել, որ նա այդ օրը չի կարողացել դիմել ՀՀ նախագահին, վարչապետին, կամ կարողացել է դիմել չափազանց ուշ, ու միայն դրանից հետո, օգոստոսի 14-ի առավոտյան է դիմել ՌԴ իր գործընկերոջը:


Վերը շարադրված փաստերից հետո ՀՀ ԱԻՆ-ից կամ իշխանական մեկ այլ կառույցից թող որևէ մեկն այլևս չխոսի ԱԻՆ-ի օպերատիվ աշխատանքի մասին:
Հայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) գնահատմամբ, տեղի ունեցածն «էկոլոգիական աղետ է, որի պատճառներն ունեն լուրջ վերլուծության կարիք»։
«Օգոստոսի 14-ին կամավորներով գնացել էինք և տեղում ականատես եղել սարսափելի վիճակին,- նշված է ՀԲՃ կայքում հրապարակված տեղեկատվության մեջ:- Արգելոցի աշխատողներն անում էին ամեն ինչ անտառը փրկելու համար, սակայն չկար լուրջ և կազմակերպված աջակցություն ԱԻՆ-ի կողմից։ Մենք օգնեցինք ամբողջ օրվա ընթացքում ինչպես կարող էինք։


Այն տեղամասում, որտեղ մենք մասնակցում էինք հրդեհաշիջման աշխատանքներին, կարելի էր հասնել բավական լավ արդյունքների։ Սակայն ակնհայտ էր, որ կա մարդկային ուժի, տեխնիկական միջոցների, աշխատանքների համակարգման և կազմակերպվածության լուրջ պակաս։ Եթե մասնակիցների քանակը լիներ գոնե 2-3 անգամ շատ և ապահովվեր ջրի անխափան մատակարարումը, ապա կրակի առաջխաղացումը հաստատ կարելի կլիներ դադարեցնել՝ նույնիսկ մեր ձեռքի տակ եղած սուղ տեխնիկական միջոցներով»։
Այսպիսով արձանագրենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նույնպես իր դերում չի եղել և ակներև է դարձրել, որ ունակ չէ ժամանակին համարժեք արձագանքելու տարերային աղետներին, եթե դրանք փոքր-ինչ մասշտաբային են, ինչպիսին էլ հենց Խոսրովի անտառում բռնկված հրդեհն էր: Հետագայում դա ցույց տվեց նաև «Նաիրիտ-1» գործարանում բռնկված հրդեհը։ Ընդամենը մի քանի օրվա ընթացքում հօդս ցնդեցին հիշյալ նախարարության` իբրև կայացած կառույց լինելու վերաբերյալ բարձրագույն իշխանության հավաստումները, նախարարի խայտառակ ու հանցավոր անգործությունը պայթեցրեց այդ կապակցությամբ փչված փուչիկը: Աստված մի արասցե, իսկ եթե պատերա՞զմ լինի…


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5590

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ