Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«ՈՒ՞մ պատվերով և ո՞ր պաշտոնյաների կողմից են թիրախավորվել ապագա հայ մայրերը` մեր զավակները»

«ՈՒ՞մ  պատվերով և ո՞ր պաշտոնյաների կողմից են թիրախավորվել ապագա հայ մայրերը` մեր զավակները»
08.09.2017 | 05:46

ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսել ու պատրաստվում է Հայաստանում այս տարեվերջից մարդու պապիլոմայի վիրուսի (ՄՊՎ-ի, անգլերեն` HPV-ի) դեմ ամերիկյան «Merck» ընկերության «Գարդասիլ» պատվաստանյութով իրականացնել պատվաստումներ՝ սկսած 13 տարեկան դեռահաս աղջիկներից:


ՀՀ առողջապահության նախարարության Իմունոկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԸ պնդում է, որ ՄՊՎ-ն արգանդի պարանոցի քաղցկեղի մի քանի տեսակների և մի շարք այլ հիվանդությունների առաջացման պատճառ կարող է հանդիսանալ:
«Սա, փաստորեն, մի վիրուս է, որի վերջնական արդյունքը մի սարսափելի հիվանդություն է` արգանդի վզիկի քաղցկեղը»,- ասում է Գայանե Սահակյանը:
Արդյոք մարդու պապիլոմայի վիրուսն այդքան վտանգավո՞ր է, ՄՊՎ-ի դեմ պատվաստումների անհրաժեշտությունն արդյոք փաստարկվա՞ծ է, ինչպես պնդում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնյաները:


Այն տպավորությունն է առաջանում, որ Գայանե Սահակյանը, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը չափազանցված ներկայացնելով ՄՊՎ-ից բխող վտանգը, փորձում են ահաբեկել մեր աղջիկներին ու կանանց, որ նրանք չմերժեն մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստանյութի ներարկումն իրենց, չհրաժարվեն տվյալ պատվաստումից: Այն, որ մարդու պապիլոմայի վիրուսից բխող վտանգը չափազանցված է ներկայացվում, փաստել է ՄՊՎ-ի դեմ «Gardasil» և «Cervarix» պատվաստանյութերի առաջատար հետազոտող, գինեկոլոգիական քաղցկեղի կանխարգելման հետազոտական խմբի տնօրեն, հասարակական և ընտանեկան բժշկության, կենսաբժշկական և առողջապահական ինֆորմատիկայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի պրոֆեսոր ԴԱՅԱՆ ՀԱՐՓԵՐԸ (ԱՄՆ).
«Եթե դուք նայեք պապիլոմայի վարակ ունեցող բոլոր կանանց, ապա կտեսնեք, որ նրանց 70 տոկոսի մոտ վարակը մաքրվում է առաջին տարվա ընթացքում առանց որևէ օգնության,- ասել է Դայան Հարփերը:- Վարակից ստուգվելու և ազատվելու կարիք չունեք, օրգանիզմը ինքը դա կանի: Երկու տարվա ընթացքում այդ HPV վարակների 90 տոկոսը կմաքրվեն իրենք իրենցով: Երեք տարի անց մնում է HPV վիրուսով վարակված կանանց 10 տոկոսը: Եվ երեք տարի անց այդ 10 տոկոսից միայն կեսի մոտ է, որ վարակը վերածվում է նախաքաղցկեղային 2-րդ, 3-րդ աստիճանի ախտահարման (CIN)»:


Այսպիսով՝ մարդու պապիլոմայի վիրուսով վարակվածների մոտ 5 տոկոսի մոտ է, որ վիրուսը կարող է հանգեցնել նախաքաղցկեղային ախտահարման: Ըստ ամերիկացի պրոֆեսորի, կպահանջվի 5 տարի, որպեսզի այդ փոքր` 5-տոկոսանոց խմբում նախաքաղցկեղային 3-րդ աստիճանի ախտահարում (ավելի ծանր վիճակը) ունեցող կանանց 20 տոկոսի մոտ այն վերածվի ինվազիվ քաղցկեղի։
«Իսկ դա բավականին դանդաղ գործընթաց է,- ասել է Դայան Հարփերը:- Կպահանջվի 30 տարի, որպեսզի նախաքաղցկեղային 3-րդ աստիճանի ախտահարում ունեցող կանանց 40 տոկոսի մոտ այն վերածվի ինվազիվ քաղցկեղի»:


Ավելին. Դայան Հարփերի հրապարակած վիճակագրական տվյալները վերաբերում են միայն ՄՊՎ-ով արդեն իսկ վարակված կանանց, սակայն դա բնավ չի նշանակում, թե բոլոր աղջիկներն ու կանայք, առանց որևէ պատվաստման, պետք է վարակվեն կամ վարակվում են նշված վիրուսով: Շրջապատում կամ աշխարհում կան բազմաթիվ վիրուսներ, որոնցով հասարակության մեծ մասը չի վարակվում, հիվանդանում: Բացի այդ, ինչպես նշում է Գայանե Ավագյանը, արգանդի պարանոցի քաղցկեղի ավելի քան 90 տոկոսն առաջանում է պապիլոմայի վիրուսի թիվ 16 տեսակից, սակայն նկատենք, որ պապիլոմայի վիրուսով վարակված բոլոր կանայք չէ, որ վիրուսի հենց այդ տեսակով են վարակվել:
Ավելին. Գայանե Ավագյանը վիրուսի նշված տեսակից բխող վտանգը չափազանցելու նպատակով, հրապարակայնորեն ստել է` հայտարարելով, թե արգանդի պարանոցի քաղցկեղի ավելի քան 90 տոկոսն առաջանում է մարդու պապիլոմայի վիրուսի թիվ 16 տեսակից: Իրականում այդ տոկոսը փոքր է. թիվ 16 և թիվ 18 շճատիպերը (այն էլ` երկուսը միասին) պայմանավորում են արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման 71 տոկոսը:
«Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, արգանդի պարանոցի քաղցկեղի 71 տոկոս դեպքերը պայմանավորված են մարդու պապիլոմավիրուսի 16 և 18 շճատիպերով»,- նշված է տողերիս հեղինակի հարցմանը ՀՀ առողջապահության նախարարությունից տրված պաշտոնական պատասխանում:


Բացի այդ, նույն պատասխանից տեղեկացանք, որ ՄՊՎ-ի թիվ 16 տեսակը բնության մեջ գոյություն ունեցող մարդու պապիլոմավիրուսի ավելի քան 200 տեսակներից ընդամենը մեկն է: Դարձյալ նույն պատասխանի համաձայն, վերոնշյալ ավելի քան 200 տեսակներից քաղցկեղածին են համարվում ընդամենը 30-ը, ընդ որում` այդ 30 տեսակից 12-ը (թթ. 6, 11, 40, 42, 43, 44, 54, 61, 70, 72, 81 և CP 6108) ցածր ռիսկի տեսակներ են, իսկ երեքը (26, 53 և 66 շճատիպերը) դասակարգված են որպես հնարավոր բարձր ռիսկի տեսակներ, ինչը նշանակում է, որ գիտականորեն ապացուցված չէ դրանց բարձր ռիսկի տեսակներ լինելը:
Բավական լուրջ ու մեծաքանակ գրականություն, տեղեկություններ կան այն մասին, որ մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստումներն անվտանգ չեն մարդու առողջության համար, պատվաստումից հետո առաջանում են առողջական ծանր հետևանքներ՝ վիժումներ, չբերություն, կենտրոնական նյարդային համակարգի խանգարումներ, հաշմանդամություն և այլն: Գայանե Սահակյանը և Գայանե Ավագյանը պետք է բացատրություն տան, թե ինչո՞ւ, ի՞նչ շահագրգռությամբ են չափազանցված ներկայացնում ՄՊՎ-ից բխող վտանգը և ընդհանրապես չեն խոսում մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստումների ներկայացրած վտանգի, այդ պատվաստումների կողմնակի հետևանքների մասին: Տեղյակ չե՞ն այդ ամենին… Գուցե միջազգային ինչ-որ կազմակերպության դրամաշնորհը ստանալու, արտասահման գնալ-գալու խնդիրը կամ միջազգային ինչ-ինչ կառույցների թաքուն, չբարձրաձայնվող պահա՞նջը կա, որպեսզի Հայաստանում ևս կանանց և աղջիկներին ներարկվի մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստանյութ: Հայտնի է, որ այս աշխարհի ճարտարապետները չբերության, վիժումների առաջացմամբ, այլ հնարքներով վաղուց են ձեռնամուխ եղել մարդկության աճը կասեցնելուն:


Մեզ հայտնի դարձավ, որ առաջին երկու տարվա ընթացքում Հայաստանին ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութը և պատվաստումների օժանդակ պարագաները, ինչպես նաև ներդրման նախապատրաստական միջոցառումների մի մասի համար անհրաժեշտ համարված գումարները տրամադրելու է Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքը (GAVI):
ՀՀ առողջապահության նախարարության այն պաշտոնական հավաստումը, որ «պատվաստանյութերը չեն պարունակում հակաբիոտիկներ և կոնսերվանտներ» նախարարությանը թերևս ծիծաղելի վիճակի մեջ է դնում, համենայն դեպս, հիշյալ պատվաստանյութի անվտանգության առումով որևէ երաշխիք չի տալիս, հավատ ու վստահություն չի ներշնչում այն պարզ պատճառով, որ մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստանյութից բխող վտանգը պայմանավորված չէ սոսկ դրանց` հակաբիոտիկներ և կոնսերվանտներ պարունակել-չպարունակելու հանգամանքով: Ակամա հիշեցի հասարակական մեծ հուզումների տեղիք տված` հաց հանապազօրյան արհեստական, սինթետիկ նյութերով` ֆոլաթթվով, երկաթով, հետո նաև ցինկով և այլ տարրերով, այսպես ասած, հարստացնելու տխրահռչակ ծրագիրը, որի հետևում դարձյալ ՀՀ առողջապահության նախարարությունն էր կանգնած` ինչ-ինչ «միջազգային» հորջորջվածների հետ: Այդ խայտառակ ծրագրին մեր հասարակությունն այն ժամանակ արժանի հակահարված տվեց, հակահարված կտա նաև այս ծրագրին:


Նկատի ունենալով ՄՊՎ-ի դեմ պատվաստումների վտանգավորությունը, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը 2017 թ. օգոստոսի 15-ին հարցմամբ դիմել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին: Հարցմանը ս. թ. օգոստոսի 18-ին պատասխանել է ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը:
Ի պատասխան «Լույս»-ի 1-ին հարցի («ՀՀ-ում ե՞րբ է նախատեսվում սկսել արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատվաստումները և որքա՞ն ժամանակ է այն տևելու (տարին, ամիսը, օրը)», պարոն Զուլոյանը տեղեկացրել է, որ ՀՀ-ում մարդու պապիլոմավիրուսային վարակի (ՄՊՎ) դեմ պատվաստումը «նախնական նախատեսվում է ներդնել 2017 թվականի դեկտեմբեր ամսին: ՄՊՎ-ի դեմ պատվաստումների իրականացումը կրելու է շարունակական բնույթ` ինչպես պատվաստումների ազգային օրացույցում ներառված ցանկացած պատվաստում»: Սա նշանակում է, որ պատվաստումն ինչ-ինչ պատճառներով նախապես հայտարարված 2017 թ. աշնանից տեղափոխվել է դեկտեմբեր, ընդ որում, դա դեռ նախնական որոշում է, կարող է ավելի շուտ սկսվել կամ ավելի ուշ:


Ավելի ուշագրավ է հիշյալ կենտրոնի 2-րդ հարցին («Առողջապահական ո՞ր կառույցն է կրելու պատասխանատվություն պատվաստումների պատճառով քաղաքացիների մոտ առաջացած առողջական խնդիրների համար») ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավարի տված պատասխանը. «Պատվաստումից հետո դիտվող հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի վարումն իրականացվում է ոլորտը կանոնակարգող նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների համաձայն»: Հարցման մեջ խոսքը մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստումից հետո պատվաստման ենթարկվելիք անձանց մի մասի մոտ սպասելի առողջական լուրջ խնդիրների, ըստ էության, ոմանց նույնիսկ ճակատագրերի խեղման մասին է: Սակայն, ԱՆ աշխատակազմի ղեկավարը նկատի ունենալով ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի 2017 թ. ապրիլի 10-ի թիվ 1189-Ա հրամանով հաստատված «Հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի վարում» մեթոդական ցուցումների սխալ ու խայտառակ վերնագրումը, որի միտումը, կարծում ենք, վտանգն ու սպասվող վնասի էությունը թաքցնելը, հիմնվելով նշված վերնագրման վրա, դրանք ներկայացրել է իբրև հետպատվաստումային անբարեհաջող դեպքեր: «Հետպատվաստումային անբարեհաջող դեպքեր» կարելի է համարել այն դեպքերը, երբ պատվաստումը տվյալ անձանց մոտ արդյունավետ չի եղել, չի տվել նախատեսված արդյունքը, մինչդեռ տվյալ պարագայում խոսքը պատվաստման պատճառով պատվաստվածներից մի մասի մոտ արտերկրում առաջացած և Հայաստանում նույնպես սպասելի առողջական լուրջ խնդիրների մասին է:
Ավելին. Նելսոն Զուլոյանը հարցման 2-րդ հարցին, ըստ էության, չի պատասխանել, քանի որ անբարեհաջող դեպքերի վարումը դեռ պատասխանը չէ այն հարցի, թե առողջապահական ո՞ր կառույցն է կրելու պատասխանատվություն պատվաստումների պատճառով քաղաքացիների մոտ առաջացած առողջական խնդիրների համար:


«Լույս»-ի հարցման 3-րդ հարցին` «Արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատվաստումները կատարվելու են պարտադի՞ր, թե՞ կամավոր հիմունքներով», ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավարը տվել է հետևյալ պատասխանը.
«Հայաստանի Հանրապետությունում բոլոր պատվաստումները, այդ թվում` ՄՊՎ-ի դեմ պատվաստումներն իրականացվում են բժշկական հակացուցումներ չունեցող անձանց` վերջիններիս, ինչպես նաև անչափահասների ծնողների կամ անգործունակ ճանաչված անձանց օրինական ներկայացուցչի համաձայնության դեպքում»:
Պետք է իրականացվեն բժշկական հակացուցումներ չունեցող անձանց, սակայն իրականում երբեմն կամ գուցե հաճախ պատվաստումներ են կատարվում նաև բժշկական հակացուցումներ ունեցող անձանց: Ի վերջո, ՄՊՎ-ի դեմ պատվաստումների պարագայում խոսքը ոչ միայն տվյալ պատվաստանյութի հակացուցումների, այլև կողմնակի հետևանքների մասին է: Ինչ վերաբերում է պատվաստումների կամավոր բնույթ ունենալուն, ապա հանրությանը կոչ ենք անում թույլ չտալ, որ դրանք իրականում կրեն կամավոր-պարտադիր բնույթ:


Հիշյալ կենտրոնի հարցին, թե «Ի՞նչ պատվաստանյութեր են օգտագործվելու (պատվաստանյութի անվանումը, արտադրող ընկերությունը, արտադրող երկիրը)», պարոն Զուլոյանը պատասխանել է. «ՀՀ-ում ՄՊՎ-ի դեմ պատվաստումը նախատեսվում է իրականացնել «Գարդասիլ» արտադրական անվամբ պատվաստանյութով (արտադրող ընկերություն` Մերկ /Merck/, երկիր` ԱՄՆ)»:
«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը նույն փաստաթղթով ՀՀ առողջապահության նախարարին խնդրել է տրամադրել արտադրողի կողմից տրված պատվաստանյութի պաշտոնական ընդհանուր բնութագիրը, ինչպես նաև «Դեղերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված բժշկական կիրառման հրահանգը հայերեն լեզվով։
Շա՜տ հետաքրքիր է, որ պատվաստանյութի պաշտոնական ընդհանուր բնութագիրը և կիրառման հրահանգը տրամադրելու փոխարեն, ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավարը պատասխանել է.
«ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի կիրառման հրահանգը և արտադրողի կողմից տրված պաշտոնական ընդհանուր բնութագիրը հնարավոր է տրամադրել պատվաստանյութի երկիր ներմուծելուց հետո»:


Սա կատարյալ խայտառակություն է. ստացվում է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստվում է առաջիկա ամիսներին ԱՄՆ-ից ստանալ մեր 13 տարեկանից սկսած աղջիներին ներարկելու համար նախատեսված մի պատվաստանյութ, որի արտադրողի կողմից տրված պաշտոնական ընդհանուր բնութագիրը, ինչպես նաև կիրառման հրահանգը դեռ չունի, նախապես ծանոթ չէ և, հավանաբար, կուրորեն հավատացել է վերոնշյալ միջազգային կազմակերպության հավաստմանը: Իսկ գուցե ունի՞, սակայն նպատակահարմար չի համարում այժմվանից տրամադրել հիշյալ կենտրոնին, հրապարակայնացնել դրանք, քանի որ պատվաստանյութի հատկապես պաշտոնական ընդհանուր բնութագրում կարող են այնպիսի տեղեկություններ լինել, որ երբ դրանք ջրի երես լողան, դժվար թե գտնվի որևէ մեկը, որ կամավորության սկզբունքով ցանկանա պատվաստվել կամ թույլ տալ, որ պատվաստեն իր երեխային, խնամարկյալին:
Ըստ ՀՀ առողջապահության նախարարության Իմունոկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի, 13 տարեկանում «Գարդասիլ»-ի առաջին դեղաչափը (դոզան) ներարկելուց 6 ամիս հետո նախատեսվում է նշված պատվաստանյութի 2-րդ դեղաչափի ներարկումը:
«Իրականում անվտանգությունը բավականին ապացուցված է»,- վերջերս «Արարատ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Գայանե Սահակյանը:
Իրականում Գայանե Սահակյանը կամ անտեղյակ է «Գարդասիլ» պատվաստանյութի կիրառման վտանգներին ու պատճառած վնասներին, ինչն այս պարագայում ուղղակի աններելի է, կամ պարզապես ստում է` փորձելով փափուկ բարձ դնել ՀՀ բնակչության գլխի տակ:
Թե առողջական ինչ խնդիրներ և անդառնալի հետևանքներ կարող է առաջացնել հիշյալ պատվաստանյութը, ներկայացված է Stop-g7.com կայքում «Ավելի քան 50 հազար ավերված ճակատագրեր. պապիլոմա վիրուսի դեմ «Գարդասիլ» պատվաստանյութի զոհերը ԱՄՆ-ում» վերտառությամբ հրապարակված տեսանյութում:


«Մինչև «Գարդասիլ» պատվաստանյութի ներարկումը, նա երբեք չէր հիվանդացել, երբեք հիվանդանոց չենք դիմել»:
«Այս աղջիկներին զանգվածային պատվաստումներ կատարեցին դպրոցում, որից հետո նրանց մոտ սկսեցին առաջանալ առողջական խնդիրներ: Եվ նրանց թիվը տարեցտարի աճում է»:
2013 թվականին «Գարդասիլ» պատվաստանյութի առաջացրած ծանր հետևանքներից հետո Ճապոնիայի կառավարությունը դադարեցրեց պատվաստումներ կատարելու մասին քարոզչությունը:
ԱՄՆ կառավարության VAERS տվյալների բազայի համաձայն, գրանցվել է HPV (մարդու պապիլոմավիրուսի) վիրուսի դեմ պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների ավելի քան 50000 դեպք: Մարդկանց մոտ գրանցվել են անպտղության դեպքեր, վերարտադրողական գործառույթի խանգարումներ, վիժումներ, մկանային ցնցումներ, նյարդային համակարգի խանգարումներ, արյան ճնշման փոփոխություններ, գլխացավեր, հոդացավեր և այլն:
Տեսանյութն ավարտվում է հետևյալ հարցադրմամբ` «ՈՒ՞մ պատվերով և ո՞ր պաշտոնյաների կողմից են թիրախավորվել ապագա հայ մայրերը` մեր զավակները»:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 9841

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ