Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Եթե մեր գիտաշխատողները ցածր աշխատավարձով գալիս են աշխատանքի, ուրեմն նրանք իրոք գիտությանը նվիրված մարդիկ են»

«Եթե մեր գիտաշխատողները ցածր աշխատավարձով գալիս են աշխատանքի, ուրեմն նրանք իրոք գիտությանը նվիրված մարդիկ են»
08.09.2017 | 06:02

ԱՌԿԱ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ՎԱՅԵԼ ՉԷ ԳԻՏԱՀԵՆՔ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ ՈՐԴԵԳՐԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ


Հայաստանի Հանրապետության գիտության ասպարեզի զարգացման 2011-2015 և 2016-2020 թվականների ռազմավարությունը միտված է ապահովելու գիտության ոլորտի դինամիկ և նպատակաուղղված զարգացումը: Ըստ այդմ՝ մինչև 2020 թվականը Հայաստանում գիտության ֆինանսավորման ծավալները պետք է հասցվեն եվրոպական միջին ծավալներին: Մեր հանրապետությունում գիտական ասպարեզի պատասխանատուները չեն թաքցնում, որ ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, որ վաղուց ժամանակն է ձևակերպելու թիրախները և մշակելու դրանց վերացման մարտավարությունը:
Իրականությունն այն է, որ մենք սահմանափակ ռեսուրսներով երկիր ենք, և քանի որ տասնամյակներ շարունակ Հայաստանում գիտությունը գտնվել է զարգացման բարձր մակարդակի վրա, ուստի այսօր ֆինանսապես շատ ավելին պետք է տրամադրվի գիտությանը: 2017 թ. պետական բյուջեի նախագծով գիտության բնագավառի ծախսերը կազմում են շուրջ 14425,4 մլն դրամ, գիտատեխնիկական գործունեության համար նախատեսվել է շուրջ 14264,8 մլն դրամ, գիտաշխատողների գիտական աստիճանների համար հավելավճարների ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 840,3 մլն դրամ, իսկ աշխատավարձերի համար տրամադրված գումարների մասին հստակ որևէ տվյալ չկա:


Ֆինանսական խնդիրը, առհասարակ, գիտնականների համար ամենացավոտ հարցն է։ Գիտաշխատողի նվազագույն աշխատավարձը 55-60 հազար դրամ է, իսկ միջին աշխատավարձը՝ 70-100 հազար դրամ: Սակայն գիտության ասպարեզում նման աշխատավարձը վայել չէ գիտահենք ուղղություն որդեգրած կառավարությանը, և հնարավոր չէ գիտնականից սպասել անխոնջ աշխատանք:
Ցածր աշխատավարձ ստացող ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատողները վստահեցնում են՝ իրենց սոցիալական վիճակը նախանձելի չէ։ «Այսօր գիտաշխատողի և հավաքարարի աշխատավարձը հավասարվել է, ու գիտնական լինելու կոչումը այդքան էլ չի ուրախացնում,- ասում է կենսաբանական գիտությունների թեկնածու, ԳԱԱ միացյալ արհմիության նախագահ ԿԻՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆՆ ու հավելում,- կառավարության որոշմամբ բարձրացվել է պետական համակարգի աշխատողների աշխատավարձը, մինչդեռ գիտաշխատողների աշխատավարձը մնացել է նույնը»: Գիտությունն ու կրթությունը արժևորվում են նաև աշխատանքի դիմաց վարձատրության չափով, մինչդեռ նվազագույն չափով վարձատրությունը վիրավորական է նրանց համար, ովքեր տասնամյակներ շարունակ, գուցե և ողջ կյանքում նվիրվել են գիտությանը:
«Իրատեսի» հետ զրույցում Կիմա Միքայելյանը նշեց, որ թեև ԳԱԱ միացյալ արհմիությունը զբաղվում է գիտաշխատողների սոցիալական և իրավական հարցերով, այնուհանդերձ խնդիրների շարքում գերակշռում է սոցիալականը:


Գիտությունների ակադեմիան միայն Բաղրամյան 24-ում գտնվող շենքը չէ՝ իր ակադեմիկոսներով, թղթակից անդամներով ու նախագահությամբ: Իրականում այն 31 ակադեմիական ինստիտուտների ցանցն է՝ իր 3700 գիտաշխատողներով: Եվ քանի որ ցանցում ներառված գիտահետազոտական ինստիտուտները գտնվում են Երևանից դուրս, ուստի աշխատավայր հասնելու համար գիտաշխատողի աշխատավարձի զգալի մասը հատկացվում է տրանսպորտին:
«Եթե մեր գիտաշխատողները այս ցածր աշխատավարձով գալիս են աշխատանքի, դա գալիս է իրենց դաստիարակությունից, հին կրթությունից, ուրեմն նրանք իրոք գիտությանը նվիրված մարդիկ են: Մեր գիտական մտքի հին կորիզն ունի գիտելիքների իր բանկը, իր իմացությունը, որը պետք է պահպանել և կիրառել ըստ անհրաժեշտության»,- համոզված է Կիմա Միքայելյանը:

Ինստիտուտում աշխատելու հարցում երիտասարդների շահագրգռվածության պակասը Կ. Միքայելյանը բացատրում է ոչ միայն երկրում գիտաշխատողի հեռանկարի բացակայությամբ, այլև ցածր աշխատավարձով: Նրա խոսքով այսօր երիտասարդ գիտնականներն այդ աշխատավարձով չեն աշխատում, կրթություն են ստանում ու հեռանում երկրից:

ՀԱՎԵԼԱՎՃԱՐԸ ԳԻՏՆԱԿԱՆԻՆ ՏՐՎՈՂ ՆՇԽԱՐ Է


Կիմա Միքայելյանի փոխանցմամբ՝ խորհրդային տարիներին թոշակի անցած վաստակաշատ գիտնականները տարվա ընթացքում մեկ անգամ ԽՍՀՄ-ի ողջ տարածքով անվճար շրջագայելու արտոնություն ունեին, սակայն խորհրդային կարգերի փլուզումից հետո գիտնականին տրված այդ արտոնությունը համարվեց շռայլություն: «Գիտնականին թողեցին չնչին թոշակի հույսին՝ 40 հազար դրամից մինչև 60-65 հազար դրամ, հաշվի առնելով միայն աշխատանքային ստաժը: 2005 թ. մենք դիմեցինք կառավարությանը՝ տրամադրվող հավելավճարների և այն աշխատավարձին միացնելու խնդրանքով»,- ասաց Կ. Միքայելյանը:
ՀՀ կառավարության որոշմամբ 2008-ից գիտական աշխատողների (գիտության թեկնածուների և դոկտորների) համար սահմանվել էին 10 և 20 հազար դրամ հավելավճարներ: 2015 թ. կառավարության մեկ այլ որոշմամբ գիտության թեկնածուին տրվող հավելավճարը սահմանվեց 25 հազար դրամ, գիտության դոկտորինը՝ 50 հազար դրամ:
ԳԱԱ միացյալ արհմիությունը ամիսներ առաջ դիմեց կառավարությանը գիտական աստիճան ունեցող անձանց հավելավճարը թոշակի գնալու դեպքում կենսաթոշակին ավելացնելու խնդրանքով: Արձագանքելով ԳԱԱ միացյալ արհմիության առաջարկին, սույն թվականի հուլիսի 31-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի թիվ 839-Ա/2 որոշմամբ հանձնարարվել է վերոնշյալ հարցի քննարկման համար ստեղծել հանձնաժողով:

ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ Է


ՀՀ գիտությունների ակադեմիայի արհմիության միացյալ կոմիտեի կազմում ընդգրկված 31 գիտահետազոտական ինստիտուտներն ունեն արհեստակցական կազմակերպություններ, որոնց անդամակցում են համակարգի բոլոր 3700 աշխատակիցները: Կոմիտեին կից գործում է ինստիտուտների արհկոմների նախագահներից կազմված խորհուրդ:
ԳԱԱ արհմիության միացյալ կոմիտեն գործնականում արձագանքում է գիտաշխատողների առջև ծառացած աշխատանքային, սոցիալական ¥հանգստի, առողջության¤ և իրավաբանական բազմաբնույթ խնդիրներին: Բազմաթիվ հարցեր լուծվել են նաև Հայաստանի կրթության և գիտության աշխատողների ճյուղային հանրապետական միության նախագահ Գրիգոր Ղարիբյանի աջակցությամբ:


«Ակադեմիայի ղեկավարությունը մշտապես ականջալուր է գիտաշխատողների աշխատանքային պայմանների և շահերի պաշտպանությանն առնչվող հարցերին, որոնք պարբերաբար ներկայացվում են արհմիության միացյալ կոմիտեի կողմից: Մեր կոմիտեի գոյությունը պայմանավորված է նաև արհմիությունների հանդեպ գիտաշխատողների հավատով ու վստահությամբ»,- ասում է Կ. Միքայելյանը:
Ըստ նրա, արհմիությունների աշխատանքը նույնպես ստեղծագործական աշխատանք է, քանի որ բազմաթիվ լիազորություններից զրկված արհմիությունը թևաթափ չի եղել, այլ շարունակում է նորանոր ուղիներ փնտրել գիտաշխատողների ու նրանց ընտանիքների սոցիալական խնդիրների լուծման համար:


«Մեր ժողովուրդն ունի գիտության մեծ ավանդույթներ և չպետք է երես թեքել դրանցից, այլ պետք է փնտրել ու վեր հանել մեր ազգային ավանդույթները, որոնք կպահպանեն մեր դեմքը համաշխարհային գիտության մեջ, իսկ դրա համար պետք է գնահատել գիտաշխատողի ստեղծագործական միտքն ու նրա աշխատանքի համար ստեղծել բարենպաստ պայմաններ»,- զրույցի վերջում ասաց Կիմա Միքայելյանը:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4001

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ