Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հայրենիքս անձէս աւելի կը սիրեմ»

«Հայրենիքս անձէս աւելի կը սիրեմ»
08.09.2017 | 06:30

«Հայ ազգը` հակառակ իր կրած անհուն ու անվերջ դժբաղդութիւններուն` տակաւին իր մէջ կը պարունակէ բարոյական գանձեր, հոգեկան գեղեցկութիւններ, որոնք թաքուն մնացած են և պատեհ առիթներու կը սպասեն արտայայտուելու համար:
Պէտք չէ յոռետես ըլլանք մեր ցեղին նկատմամբ: Անիկա կարծուածին չափ այլասերած չէ, որքան էլ տուժած ըլլայ իր տնտեսական ու քաղաքական դժնդակ պայմաններուն հետևանքովը:
Մամուլին պարտականութիւնն է, սակայն, աւելի ուշադիր ու հեռանկատ վերաբերում մը ունենալ այսպիսի բացառիկ երևոյթներու հանդէպ, ուսումնասիրել, արժեցնել զանոնք և անոնցմէ քաղել ամբողջ դասը` զոր կրնան ընծայել անոնք:
Այսպէսով է որ հասարակաց բարւոյն զոհաբերելու առաքինութիւնը պիտի զարգանայ մեր մէջ, այսպէսով է որ բարեսիրական վսեմ ժէսթերը պիտի կրնան իբր թելադրիչ օրինակ ծառայել, այսպէսով է որ բարեգործութիւնը իր բարերար ազդեցութիւնը պիտի ունենայ անոնց վրայ, որոնք կրնան և պարտին բարեգործել:


Բարեգործի այնպիսի տիպարներ կը պատահին երբեմն, որոնց եթէ ծանօթացնենք մեր ժողովուրդը` մեծապէս ծառայած կ’ըլլանք իր - մանաւանդ նոր սերունդին քաղաքացիական դաստիարակութեանը, անոր մէջ ճշմարիտ նկարագիրներ դարբնելու կենսական պէտքին»:
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) փոխնախագահ Երվանդ ԱՂԱԹՈՆ, 1913 թ.
Մինչև 1913 թվականը հայոց տնտեսական, հասարակական, բարեսիրական շրջանակներին առասպելական կյանքով ապրած այս վիպական անձնավորությունը բոլորովին անհայտ էր…

Երվանդ Հակոբյանը ծնվել էր Կ. Պոլսի Պօյաճի գյուղում, աղքատ ընտանիքում։ Ստացել էր երաժշտական կրթություն, որից հետո եղել էր Գատըգյուղի Արամյան վարժարանի երաժշտության ուսուցիչ և Սբ Թագավոր եկեղեցու դպրապետ։ Սակայն այս աշխատանքը նրան ոչ մի հնարավորություն չէր տալիս ձերբազատվելու նյութական անապահով վիճակից, ու որոշեց առևտրով զբաղվել։ Եվ քանի որ երաժշտության մարդ էր՝ խանութ բացեց ու սկսեց դաշնամուրներ վաճառել։ Բայց դա անհեռանկար գործ էր «Եվրոպայի հիվանդ մարդու»՝ հետամնաց Օսմանյան Թուրքիայի մայրաքաղաքում։
Երբ 1890-ական թվականներին հայոց հալածանքները զանգվածային բնույթ ստացան, Երվանդն ասես կանխազգալով կոտորածները՝ հազարավորների նման արտագաղթեց, այն էլ` Փարիզ: Դժվար է ասել ինչը դրդապատճառ դարձավ, բայց որոշեց թանկագին քարերի ու հատկապես մարգարիտների մատակարարմամբ զբաղվել: ՈՒրույն ծրագիր հղացավ, համաձայն որի պիտի մեկներ թանկագին քարերով հայտնի երկրներ, դրանք անձամբ հայթայթեր, ուղարկեր Փարիզ ու ստանար որոշակի վարձատրություն: Բայց դրա համար անհրաժեշտ էր նախնական ֆինանսավորում` ճանապարհածախս: Նախ դիմեց այդ բիզնեսով զբաղվող հայերին, բայց ոչ ոք չհամաձայնեց, որովհետև հայը մշուշապատ հեռանկարի հետ հույս չի կապում: Այնժամ գնաց հրեաների մոտ, որոնք համաձայնեցին ֆինանսավորել, ռիսկի դիմեցին, բայց առաջադրեցին ծանր պայմաններ, որոնք Երվանդն ընդունեց և որոնց մասին քիչ ուշ կպատմեմ:


Այսպես սկսվեց աշխարհաշրջիկությունը: Հակոբյանը նախ մեկնեց Պարսից ծոց, որտեղից հայթայթվում էին մարգարտի լավագույն տեսակները, բայց արագորեն համոզվեց, որ շուկան զբաղված էր, մրցակցությունը խիստ մեծ էր, և ինքը անելիք չուներ:
Այդտեղից ճանապարհվեց Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա, Նիդերլանդական Հնդկաստան (Ինդոնեզիա), ուսումնասիրեց շուկաները և կրկին համոզվեց, որ դրանք իրեն հարմար չեն:
Հասավ Ավստրալիա, Սիդնեյ: Այստեղ որոշ ժամանակ ապրեց, դեսուդեն ընկավ, ի վերջո մտերմացավ Այե անվամբ մի օվկիանացու հետ, որը հայտնեց, թե` մարդակեր պապուասների հայրենիք Նոր Գվինեայի ափամերձ շրջաններում հեշտությամբ կարելի է մարգարիտներ հայթայթել: Պատրաստվեց նրա հետ մեկնել, և առիթը չուշացավ. Սիդնեյի նավահանգիստ եկավ հինգ պապուասներով մի առագաստանավ: Սրանց հետ պայմանավորվեց ու նավը վարձակալեց:


Բայց մինչ Այեի հետ առագաստանավի մեջ տեղավորում էր հանդերձանքը, ուտելիքի ու ջրի պաշարները, ամերիկյան «վինչեսթերներն» ու փամփուշտների արկղերը, տեղի ունեցավ ահա թե ինչ: Պապուասների ավագը սեղմեց Երվանդի թևը և իրենց լեզվով ցեղակիցներին ասաց. «Այս սպիտակամորթը փափուկ միս ունի ու լավ կտապակվի»։ Սակայն պապուասը չգիտեր, որ սպիտակամորթը հասցրել էր սովորել նաև իրենց լեզուն...
Հենց որ բաց ծով դուրս եկան, Երվանդը «վինչեսթերը» քաշեց, պապուասներին հրամայեց նստել կողք կողքի և առանց դադարի նավը վարել։ Դա տևեց 5 օրուգիշեր, ընդ որում, երբ Երվանդը քնում էր, հերթապահությունն ստանձնում էր Այեն։
Ճանապարհին տեղի ունեցավ մի ուշագրավ դիպված ևս: Պապուասներից չորսը թիավարում էին (եթե քամի չէր փչում), իսկ նրանց ավագը քթամասին նստած` հետևում: Երվանդի և ընկերոջ խմելու ջուրը շշալցված հանքային ջուրն էր: Երբ Երվանդը հրացանը ձեռքին դատարկեց հերթական շիշը, ավագը խնդրեց, որ դատարկ շիշը իրեն տա: Տվեց: Պապուասը շիշը կոտրեց, ապակու մի կտոր վերցրեց ու սկսեց… սափրվել: Ապա սափրվեցին մյուս պապուասները, ընդ որում, ոչ մեկի դեմքից ոչ մի կաթիլ արյուն չհոսեց: Զարմացած Երվանդը հասկացավ, որ նրանց կաշին պարզապես պինդ էր: Հետագայում նա բազմիցս ականատես եղավ նաև, թե ինչպես էին պապուասները կենդանիների կաշին կարում ոտնատակերին` առանց որևէ ցավ զգալու: Ոտնատակերի կաշին նրանց համար կոշիկի ներբան էր:
Հասան Նոր Գվինեա։ Ափ իջան թե չէ՝ տեղացիներից բացի նրանց դիմավորեց նաև ՈՒիլյամս ազգանվամբ անգլիացի փոստապետ, որը Երվանդին պատմեց, թե պապուասների համար ամենահամեղ խորտիկը սպիտակամորթի միսն է, և իր 13 նախորդներին արդեն կերել են...
Երվանդը, բնականաբար, ամենևին ցանկություն չուներ պապուասի կերակուր դառնալու։ Նա Այեի հետ բնակություն հաստատեց նավակի վրա, ափից ոչ հեռու, մատը մշտապես հրացանի ձգանին։ Եվ այդպես՝ 4 տարի շարունակ։ Նա սովորեց մարգարտաորսություն.՝ անձամբ սուզվում էր ջրի հատակը, հանում կակղամորթներին ու դրանց միջից կորզում մարգարիտներ։ Ապա պարբերաբար թանկագին քարերի որոշակի խմբաքանակներ առաքում էր Փարիզ` հրեա գործընկերներին։


Մարգարտախուզությանը զուգահեռ՝ ուսումնասիրեց նաև տեղացիների բարքերն ու սովորույթները: Այսպես, պապուասները ափամերձ ծանծաղուտներում ձուկ էին որսում, ընդ որում` դա անում էին հետևյալ կերպ: Հարյուր հոգով մտնում էին ջուրը, շրջան կազմում, ապա աստիճանաբար օղակը սեղմում: Ձեռքով կամ նիզակով որսում էին օձաձկներ, որոնք կախում էին ծառերի ճյուղերից և մաս-մաս կտրատելով` հում-հում ուտում, իսկ մյուս ձկները նետում էին ափին վառած խարույկի մեջ և կիսաեփ ուտում:
Բայց վայրենիների համար ամենահամեղ կերակուրը մարդու միսն էր, ընդ որում` չէին խորշում նաև ցեղակիցներից: Երբ պատանին չափահաս էր դառնում, հայրը դանակով նրա ստինքին խաչաձև վերք էր բացում: Եթե տղան այդ ժամանակ ցավի նշույլ ցույց տար, հայրն անմիջապես նրա գլուխը կտրում էր, և մարմինն ուտում էին, քանի որ նա ռազմիկ չէր կարող դառնալ:
Բայց մարդակերների նրբախորտիկը սպիտակամորթներն էին: Մի անգամ Երվանդը, օվկիանացի Այեն, անգլիացի ՈՒիլյամսը և հանրահայտ ֆրանսիացի անարխիստ Ռավաշոլի երկու հանցակիցները, որոնք, ի տարբերություն իրենց առաջնորդի, խուսափել էին մահապատժից, աքսորվել, բայց փախել-եկել էին պապուասների մոտ, գնում են անտառ: Ղեկավար են ընտրում բարձրահասակ Երվանդին, որն էլ որոշ ժամանակ անց նկատում է, որ հայտնվել են ծուղակում: Շուրջ 500 պապուասներ նրանց շրջապատում են, նպատակ ունենալով սպանել և ուտել: Սպիտակամորթները թիկունք թիկունքի են տալիս և սկսում հրացաններից անխնա կրակ բացել: Սպանվում է 67 հոգի, իսկ մյուսները փախչում են: Բայց մարտի ժամանակ Երվանդը ոտքից վիրավորվում է, նետը խրվում է նրա ազդրի մեջ, և բախտը բերում է, որ նետածայրը թունավորված չի լինում:
Չմոռանանք նաև, որ Երվանդը երաժիշտ էր: Լսելով պապուասների երգերը, նա դրանցից 26-ը նոտագրում է, մտադրվելով դրանք Ֆրանսիայում հրատարակել:
Այսպիսի կենսակերպին վերջ դրեց դեղին տենդախտը, հիվանդությունը Երվանդին ստիպեց թողնել Նոր Գվինեան ու վերադառնալ Ֆրանսիա, որտեղ նրան սպասում էին իր մարգարիտները…


Վերևում արդեն ասացի, որ մինչ պապուասների մոտ հասնելը, Երվանդ Հակոբյանը այցելում է մի շարք երկրներ, և իր ճամփորդության ընթացքում հանդիպում նաև ազգակիցների: Ներկայացնեմ մի քանիսին:

Երվանդը ծխող մարդ էր: Ճապոնիայում ամեն անգամ լուցկի գնելիս տուփի վրա տեսնում է Marten’s Bros. («Մարտին եղբայրներ») պիտակը և գործարանատիրոջ պատկերը, որը հայի տիպական դիմագծեր ուներ: Մի օր էլ չի դիմանում, գործարանի հասցեն գտնում է ու գնում այդտեղ, որը բավականին խոշոր ձեռնարկություն էր: Մուտքի մոտ հայտնում է, թե գործարանատիրոջն է ուզում տեսնել: ՈՒղեկցում են աշխատասենյակ: Ընդառաջ է գալիս սևաչ և արծվաքիթ մի մարդ: Անծանոթները նայում են միմյանց, ու Երվանդը դեռ բառ չասած, գործարանատերը հայերեն հարցնում է.
-Դու հա՞յ ես:
-Այո, հայ եմ:
-Նստիր, նստիր խոսենք:
Մարտինը (կամ Մարտիրոսը) ռուսաստանաբնակ հայ էր, որ հեղափոխական գործունեության համար աքսորվել էր Սիբիր, այդտեղից փախել, ապա սեփական քրտինքով հարստացել ու ձեռք բերել լուցկու գործարանը:
Երվանդը մի քանի օր հյուրընկալվում է նախկին աքսորականի ապարանքում…

Ֆիլիպյան կղզիներում մի օր տեսնում է ամերիկյան համազգեստով զինվորականների, որոնցից մեկը հայերեն երգում էր: Սիրտը թունդ է լինում, մոտենում-ծանոթանում է, և պարզվում է, որ մշեցի, վանեցի, բիթլիսցի երիտասարդներ են, որոնք, գաղթելով Ամերիկա, հարմար գործ չէին գտել և զինվորագրվել էին ամերիկյան լեգեոնին:

Յոհաննեսբուրգի փողոցներով անցնելիս Երվանդի ուշադրությունը գրավում են խանութների ցուցափեղկերում երևացող վագրի շքեղ մորթիները, որոնց վրա դաջված էր M ապրանքանիշը: Հետաքրքրությունից դրդված` մտնում է խանութներից մեկն ու հարցնում, թե ինչ է նշանակում այդ M տառը: Ասում են` արտադրողի` Մարտիրոսի անվան սկզբնատառն է: Երվանդն իսկույն գլխի է ընկնում, որ Մարտիրոսը պետք է որ հայ լինի: Մորթեղենի պահեստի հասցեն վերցնելով` գնում է: Այստեղ տեսնելով թուխ դեմքով, տիպիկ հայի դեմքով մարդու, առանց այլևայլության հայերեն ասում է.
-Բարև՛ ձեզ…
Անակնկալից ցնցված` մարդը տեղից ցատկում է, ընդառաջ գալիս, Երվանդի ձեռքը սեղմում և արևելահայի խոսվածքով ասում.
-Վա՜յ, Աստծո բարին, բարի եկար… Հա՞յ ես, որտեղացի՞ ես:
-Հայ եմ, պոլսեցի եմ:
-Նստիր, նստիր, ախպեր ջան…
Բարիգալստից ու հյուրասիրությունից հետո Մարտիրոսը Երվանդին խնդրում է, որ առաջիկա կիրակի Երվանդը գնացք նստի ու գա իր գյուղ:
Երբ Երվանդն իջնում է գնացքից, նրան հանդիսավորապես դիմավորում է զինված քաֆրերի ջոկատը և ուղեկցում Մարտիրոսի կալվածք:
Արևադարձային բուսականությամբ պատված, պարտեզների, ծառ ու ծաղկի մեջ կորած գյուղը պատկանում էր Մարտիրոսին: Նա ապրում էր բամբուկից շինված բունգալոյում, որի պատերն ու հատակը զարդարված էին վայրի գազանների մորթիներով:


Ճաշի սեղանի շուրջ զրուցելիս պարզվեց, որ նախիջևանցի Մարտիրոս Մելքումյանը բնակություն էր հաստատել Ավստրալիայում, որտեղ մի գործընկերոջ հետ տարիներ շարունակ զբաղվել էր ոսկեխուզությամբ: Եվ ահա, ավստրալական իշխանություններն օրենք են ընդունում, համաձայն որի ասիացիներին, այդ թվում և՝ Մարտիրոսին, արգելվում էր բնակություն հաստատել Կանաչ մայր ցամաքում։ Սակայն մեր նախիջևանցին հեշտությամբ պարտվողներից չէր, նա 1905-1906 թթ. դատավարություն է սկսում իշխանությունների դեմ և ապացուցում, որ հայերը եվրոպացիներ են, հետևաբար իրավունք ունեն ապրելու Ավստրալիայում։ Բայց դատավարությունը շահելուց հետո, տեղափոխվում է այստեղ ու զբաղվում վագրի մորթու առևտրով: Իսկ որսը կատարում էին բնիկները:
Ճաշի ժամանակ Երվանդը բաց պատուհանից նայում է, ու պատառը մնում է կոկորդում` ոլոր-մոլոր գալարումներով նրան էր մոտենում մի վագր…
Երվանդի այլայլված դեմքը տեսնելով, Մարտիրոսը հարցնում է.
-Քեզ ի՞նչ պատահեց, ինչու՞ ես բերանդ ջուր առել:
-Նայեցէք պատուհանէն, վագր մը կուգայ կոր, կատակ չէ ասիկա…
Տանտերը հայացք է նետում, ապա ժպտում ու թփթփացնում Երվանդի ուսին.
-Մի վախեցիր, սա ձագ է, դեռ պիտի մեծանա, որ վագր դառնա:
Մարտիրոսը Երվանդին խնդրում է, որ չգնա Ֆրանսիա, մնա իր մոտ, իր հետ կյանք վայելի, բայց մեկ շաբաթ հյուրընկալվելուց հետո Երվանդը մեկնում է` հետը տանելով Մարտիրոսի նվիրած վագրի շքեղ մորթին:
(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 5125

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ