Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ալիևը նահանջեց, մինչև ինչքա՞ն

Ալիևը նահանջեց, մինչև ինչքա՞ն
11.09.2017 | 22:57

Երեկ Իլհամ Ալիևի «սև երկուշաբթին» էր: Նա արթնացել էր իբրև սուլթան մեծահոգի, որ ոչ միայն ձերբակալության ու կալանավորման, այլև համաներման հրամաններ է տալիս: Սկզբում ազատություն շնորհվեց 2015-ին Նարդարանի գործով 14 ձերբակալվածների: Հետո ներում շնորհվեց բլոգեր Ալեքսանդր Լապշինին (հետաքրքիր է` ի՞նչ է մտածում հիմա Ալեքսանդր Լուկաշենկոն): Վերջինն ազատություն ստացավ Թուրան գործակալության գլխավոր խմբագիր Մեհման Ալիևը: Մեծահոգության պոռթկումը լավ տրամադրության արգասիք չէր`Ադրբեջանը կանգնած է ԱՄՆ-ի պատժամիջոցների սպառնալիքի առաջ, Եվրոպայով անցնում է «ադրբեջանական լվացքատան» սկանդալը` 11 արտասահմանյան լրատվամիջոցներում հետաքննության արդյունքներ են հրապարակվել, որ վկայում են`Ալիևի վարչակարգը կաշառել է եվրոպացի պաշտոնյաների ու լրագրողների: Բուլղարիան հետաքննություն է սկսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Իրինա Բոկովայի ամուսնու գործով: Եվրամիությունը կոչ է արել Ադրբեջանին հետաքննել բոլոր փաստերը: Առաջին արձագանքը սովորական էր` «Ադրբեջան» պաշտոնաթերթը գրեց, որ եթե Բաքվի դեմ պատժամիջոցներ ընդունվեն, ավելի շատ «արևմտամետ» գործիչներ են ձերբակալվելու, որոնք խարխլում են պետականության հիմքերը, վերանայվելու են Արևմուտքի հետ հարաբերությունները: Հետո Ալիևը գերադասեց փոքր արյունով հարցը լուծել ու հետևեց համաներումների շարքը: Ի վերջո, երբ կշեռքի նժարին հայտնվում է սեփական եսը, ոչ մի սուլթան իրեն չի վտանգի: Շնորհավորելով բոլոր ազատ արձակվածներին, հարց` խնդիրը փակվե՞ց, թե՞ նահանջը շարունակվելու է: Ի՞նչ երաշխիք, որ կարճ ժամանակից Իլհամ Ալիևը նոր ձերբակալություններ չի սկսի, ի՞նչ է սպասում մյուս ձերբակալվածներին: Երեկ նաև հայտնի դարձավ, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի հրավերով մեկնել է Երուսաղեմ: Նա կքննարկի ռազմատեխնիկական համագործակցության նոր հնարավորությունները` ըստ ադրբեջանական լրատվամիջոցների: Պարզ է, որ Լիբերմանն ու Հասանովը չեն կարող շրջանցել սկանդալները, որ հանգեցրին Բաքվին իսրայելական անօդաչու թռչող սարքերի վաճառքի արգելքի:


Փաստացի` Ալեքսանդր Լապշինին ազատ արձակելը իսրայելական ենթատեքստ ուներ, և Զաքիր Հասանովը Իսրայել գնաց հանդիպման օրակարգից հասարակական հնչեղություն ունեցող հարցը հանած: Ընդհանրապես Իլհամ Ալիևը փորձելու է Անկարայից Թել Ավիվ տեղափոխել ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները ապահովելու հասցեն: Հայտնի չէ, թե ինչ ընթացք կունենան Թրամփ-էրդողան հարաբերությունները, Ալիևը չի կարող սպասել` նրան առավել գործունակ հովանավոր է պետք Թրամփի հետ կապեր հաստատելու համար և լավագույնս այդ առաքելությունը կարող է կատարել Իսրայելի վարչապետը: Բայց Նեթանյահուի ինչի՞ն է պետք Իլհամ Ալիևը: Զաքիր Հասանովը պետք է համոզի, որ պետք է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը տեղեկացրել է, որ բանտում բլոգեր Ալեքսանդր Լապշինը փորձել է ինքնասպան լինել, բանտապահները կանխել են: Հասանովը, իհարկե, չի ասել` ով է Լապշինին ինքնասպանության հասցրել, ավելին` բացատրել է հուսահատությամբ, որ Իսրայելը հապաղում է արտահանձնման հարցում: Ակնհայտ է, որ իրադարձությունները այսքանով չեն ավարտվելու: Հազիվ թե մի քանի կալանավորների ազատ արձակումով Ալիևը կարողանա փակել «գործը», որ համաեվրոպական մասշտաբներ է ընդունել, հավելեք ԱՄՆ-ը:

Դիտվել է՝ 2392

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ