ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Ապերախտության ու մոռացկոտության դասեր 2017 թվականի օգոստոսից

Ապերախտության ու մոռացկոտության դասեր 2017 թվականի օգոստոսից
12.09.2017 | 04:10

Որքան էլ ցավալի լինի, բայց 2017-ին ապացույցներ ի հայտ եկան այն բանի, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության վերագնահատման վերաբերմամբ 2013 թվականին Հայաստանում տեղ գտած, թվում է, անարգել հակառուսական քարոզչության աչքի զարնող ու միակ դեպքը (երբ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվում էին այդ պատերազմի մասին լեհական և ուկրաինական նացիստական «տեսությունների» հիմքի վրա նկարահանված «այլընտրանքային դիրքորոշման ֆիլմեր-խմբ.) պատահականություն չէր: Եվ որ այդ գործի խորքում կանգնած են, ամենայն հավանականությամբ, մեր որոշ համաքաղաքացիներ:

Իսկ Երկրորդ համաշխարհայինի մասին հակառուսական ֆիլմերի ցուցադրման կապակցությամբ 2013 թ. գարնանը Երևանում տեղ գտած սկանդալները վերաիմաստավորելու առիթ եղավ ընթացիկ տարվա օգոստոսին: Տեղի ունեցավ մի աղաղակող, խայտառակ դեպք: Ամռանը դպրոցական երեխաների էին բերել տարբեր երկրներից, այդ թվում՝ հեռավոր արտասահմանից: Նրանց պտտեցնում էին Հայաստանում, ցույց տալիս երկրի տեսարժան վայրերը, պատմական հուշարձանները: Այդ թվում իրանցիների դեմ 1827 թ. օգոստոսի 17(29)-ին տեղի ունեցած Օշականի ճակատամարտում զոհված հայերի ու ռուսների հուշարձանը (հայտնի է նաև Աշտարակի ճակատամարտ անվամբ, որի գինը Սբ Էջմիածինն էր՝ համայն հայության հոգևոր կենտրոնը): Խոսքը 1826-28 թթ. ռուս-պարսկական պատերազմի մասին է, իհարկե: Ռուս-պարսկական երկու պատերազմներում իրանական զորքերի հրամանատար, Իրանի արքայազն Աբաս Միրզան երդվել էր երկրի երեսից ջնջել և՛ Էջմիածինը, և՛ Թիֆլիսը և այլն, և այլն: 1833-34 թթ. Եփրեմ Առաջին Ձորագեղցի կաթողիկոսի և արքեպիսկոպոս Ներսես Աշտարակեցու նախաձեռնությամբ վանքի ու տեղի բնակիչների միջոցներով, ի հիշատակ ճակատամարտում զոհված ռուս զինվորների և հայ կամավորականների, հուշակոթող կառուցվեց:


Օտարերկրացի դպրոցականների հետ հայաստանցի դպրոցականներ էլ կային, տվյալ դեպքում կարևոր չէ, թե որ դպրոցներից, որովհետև ես վստահ չեմ, թե Երևանի, Գյումրու կամ Աբովյանի մյուս դպրոցներում սովորողների շրջանում իրավիճակն ավելի լավ է: Եվ ինչ է տեղի ունենում. հայաստանցի դպրոցականները հրաժարվում են հուշարձաններին ծաղիկներ դնելու արարողությանը մասնակցելուց: Այդ ուղևորության ժամանակ օտարերկրացի և հայաստանցի դպրոցականներին ուղեկցող մեծահասակներից ոչ մեկը չի փորձել սաստել, ամոթանք տալ, ուղղել նրանց: Ահա թե ինչի են հանգեցնում այն «ճառերը», որոնք հիմա այնքան մոդայիկ են և որոնց հարում է նաև ժամանակակից Հայաստանի մեծահասակ բնակչության որոշակի մասը: Հայ երեխաները թքած ունեն իրենց ազգի պատմության վրա և թուրքերից վատ են ոտնատակ տալիս այն հայերի հիշատակը, ովքեր զոհվել են, այսպես ասած, «Իրանահայաստանի» ազատության համար մղված պայքարում: Խոսքը ժամանակակից Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն-Արցախի մասին է:
Մենք հասկանում ենք, որ նման «բանջարեղեն» աճեցնող մարդիկ (իսկ այդ երեխաներին արդեն այժմ ոչ մի կերպ հայ չես անվանի, դրանք թուրքացման, ամերիկացման և այլ «ացմանների» պատրաստի կենսանյութ են) ինչ-որ նպատակ են հետապնդում: Այդ հայ երեխաներին ու մեծահասակներին, որոնք Օշականի ճակատամարտի 190-ամյակի տարում հրաժարվել են հարգել պարսկական լծից ազատագրման մարտերում զոհված ռուս զինվորների հիշատակը, չի սթափեցրել նույնիսկ այն փաստը, որ ռուսների հետ թաղվել են նաև հայ կամավորականներ, որ հուշակոթողը կառուցվել է հենց հայերի փողերով, որ կառուցման նախաձեռնողները Եփրեմ կաթողիկոսն ու Ներսես Աշտարակեցին են եղել՝ հայ ժողովրդի պատմության այդ երևելի դեմքերը:


Կարելի է մտածել, որ ապագա ֆիզիկոս ու մաթեմատիկոս, իրավաբան ու բժիշկ, ինժեներ ու զինվորական հայերին «պատմություն» առարկան դասավանդում են առհասարակ մի տեսակ «թևաթափ»: Բայց իմանալով, թե Հայաստանում ինչ մեծ տեղ են հատկացրել հայ ժողովրդի պատմության ուսումնասիրմանը, այդուամենայնիվ, 2017 թ. օգոստոսի փաստը ուղղակի ցնցող է: Չէ՞ որ, չնայած այն բանին, որ կան Կիևի նեոբանդերական գործակալների Հայաստան «գործուղման» փաստեր, այսինքն, ռուսատյացության բորբոքման համար տեղական ոչկառավարական կազմակերպություններին էական գումարների հատկացման փաստեր, միևնույն է, ամեն մի խելամիտ ու անկողմնակալ մարդ կհասկանա, որ ռուսների, ինչպես նաև սեփական պատմության նկատմամբ նման վերաբերմունքը չի կարող տեղ գտնել առանց իշխանական ինչ-ինչ շրջանակների հովանավորության: Այս պարագայում կոնկրետ նախարարությունների՝ Հայաստանի կրթության և գիտության նախարարության և մշակույթի նախարարության: Հատկապես կրթության և գիտության նախարարության: Չէ՞ որ դպրոցներում, ինչպես նաև մյուս հանրակրթական հաստատություններում դասավանդման կազմակերպման գործը այդ նախարարության առանձնաշնորհն է: Ստացվում է, որ դաստիարակչական գործն անբավարար է ինչպես դպրոցական երեխաների, այնպես էլ Հայաստանի կրթական ոլորտի մեծահասակների շրջանում: Չէ՞ որ հասկանալի է, որ «Իրանահայաստանի» ազատագրման գործում Ռուսաստանի դերի հանդեպ «անուշադիր» մեծահասակները երեխաներին էլ կարող են նույնպիսի անտարբերություն սովորեցնել: Իսկ եթե «պետք է լռել» 1827 թ. ռուսների գործած սխրանքների մասին, ապա, ինքնըստինքյան, ի՞նչ կարիք կա հարգելու ռուսների հետ կողք կողքի պարսից արքայազն Աբաս Միրզայի զորքերի դեմ կռված հայ կամավորականների հիշատակը: Սա է տրամաբանական եզրահանգումը: Դեռ լավ է, որ ինչ-որ իշխանական մակարդակում «խորհուրդներ» չեն հնչում այն ժամանակների զինվորների հուշարձանների ոչնչացման մասին. լսում ենք, չէ՞, թե լեհաստաններում և ուկրաինաներում, անգամ ԱՄՆ-ում ինչպես են «պատերազմներ մղվում» հուշարձանների դեմ: Ո՞վ կարող է երաշխիք տալ, որ Հայաստանում ինչ-ինչ «ֆոնդեր» «դրամաշնորհներ» չեն բաժանում, որպեսզի Հայաստանի քաղաքացիություն ունեցող ինչ-որ անձինք «պատմության վերաիմաստավորման» գործընթաց սկսեն:


Իսկ մշակույթի նախարարության ու նրա բացասական դերի մասին կարելի է խոսել այն իմաստով, որ տարիներ ի վեր անտեսվել է հուշակոթողի ավերման փաստը: Միայն Երևանում գործող «ՀՏրրՏՑՐցՊվՌփպրՑՉՏ»-ի անձնակազմի ջանքերով 2011 թ. ապրիլի 19-ին հանդիսավորությամբ բացվեց «1827 թվականին Օշականի ճակատամարտում Մայր Աթոռ Սբ Էջմիածնի փրկության համար ընկած ռուս ռազմիկների հուշահամալիրը», իսկ 2012 թ. օգոստոսին անցկացվեց նաև այդ ճակատամարտի 185-ամյակին նվիրված գիտագործնական կոնֆերանս: Չլիներ այդ նախաձեռնությունը, 2012 թ. կոնֆերանսն էլ չէր լինի: Հիմա մեկ անգամ ևս հիշեցնենք. Օշականի ճակատամարտի 190-ամյակի տարին է: Սակայն ծպտուն իսկ չկա Հայաստանի մշակույթի նախարարության կողմից, որը հեռավոր կերպով հիշեցներ, թե երկրի իշխանությունները մտադիր են գոնե շատ համեստ նշել Էջմիածնի փրկության այդ տարեդարձը: Մինչդեռ օգոստոսի 17-ը թիկունքում է մնացել: Օգոստոսի 29-ն էլ արդեն պատմության գիրկն է անցել: Ոչ միայն տոնակատարություն, նույնիսկ պատմաբանների և քաղաքական վերնախավի որևէ ձևական նիստ չի եղել՝ նվիրված Օշականի ճակատամարտի 190-ամյակին:


Լավ, ասենք, պետմարմինները, նախարարությունները վարակված են «արևմտախտով»: Գուցե փող էլ են դրա համար ստանում. պետծառայողներն էլ են սպիտակ հաց ու կարագ ուզում վայելել: Բայց, ախր, Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն հիերարխիայից էլ որևէ տեղեկություն չկա, թվում է, կաթողիկոսարանի համար միևնույն է, թե ով և ինչպես, ինչ գնով է Մայր աթոռ Սբ Էջմիածինը փրկել իրանական զորքերի ասպատակությունից: Թեկուզ և 1827 թվականին: Ինչու՞ է մեր եկեղեցին անտարբեր ռուսների և հայ կամավորականների կողմից իր սրբավայր Էջմիածնի մայր տաճարի փրկության փաստի նկատմամբ: Ո՞վ է նման հրահանգ արել, մի՞թե Նորին Սրբություն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: ՈՒզում եմ հուսալ, որ Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն հոգևոր առաջնորդների անտարբերության պատճառը ոչ թե Գարեգին Երկրորդի որոշումն է, այլ հետևանք է նրանց սեփական, անձնական թերիմացության: Եվ հիշեցնեմ նրանց պատմական փաստերը. Երևանի սարդար Հուսեյն խանը, իմանալով, որ Էջմիածնի վանքում գտնվում է Սևաստոպոլի գնդի ընդամենը մեկ գումարտակ, փորձ է արել գրավել այն, և 1827 թ. հուլիսի 3 (15)-ին 4000 հեծելազորայիններ (այլ տվյալներով՝ 500) և սարբազների երկու գումարտակ (2000 հոգի)՝ թնդանոթներով դուրս են եկել Երևանից ու հաջորդ օրը պաշարել են վանքը: Արագած սարի լանջերին ռուսական ճամբարի դեմ դիմաց ճամբար է խփում Նաղի խանի հրամանատարությամբ գործող կարափափախյան 1000 հոգուց բաղկացած հեծելազորը, նպատակ ունենալով հետևել գեներալ-լեյտենանտ Աֆանասի Կրասովսկու կորպուսի տեղաշարժին:


Իմանալով այդ մասին և հաղթահարելով բարձրագույն հրամանատարության դիմադրությունը, Էջմիածնից 35 վերստ հեռավորության վրա գտնվող Կրասովսկու ջոկատը իրեն միացած հայ կամավորականների հետ օգնության է շտապում պաշարված վանքին և, չնայած պարսից բանակի տասնապատիկ թվային առավելությանը, կարողանում է ճեղքել հակառակորդի պաշտպանական շղթան և նույն գիշերն իսկ հակառակորդին ստիպել վերացնելու վանքի պաշարումը: Հայ կամավորականները եղել են առնվազն մեկ հեծելազորային հարյուրյակ՝ այն ընդհանուր կամավորական դրուժինայից, որը կռվում էր գեներալ Պասկևիչի հրամանատարության ներքո: Կրասովսկին գիտեր, որ վանքում ոչ միայն փոխգնդապետ Լինդենֆելդի հրետանավորներն են, այլև հիվանդներ, վիրավորներ, փախստական կանայք ու երեխաներ: Ահա թե այն ժամանակ ինչ է խոսվել պաշարված վանքում տիրող իրադրության մասին. ամբողջ ճակատամարտի ընթացքում վանքում եղածները կասկածների ահավոր ժամեր են անցկացրել: Վանքի աբեղա հայր Հովսեփը զանգակատնից «սարսափով հետևում էր, թե ինչպես էին երկու հազար ռուս զինվորները կռվում Աբաս Միրզայի երեսունհազարանոց բանակի կողմից շրջապատված»: Ճակատամարտի ժամանակ Էջմիածնի արքեպիսկոպոս Ներսես Աշտարակեցին բոլորին դիմել է քաջալերիչ ճառով. «Ռուս եղբայրների մի փոքրաթիվ ջոկատ մեզ օգնության է հասել կատաղի թշնամու երեսունհազարանոց բանակի միջով: Այդ մի բուռ զինվորները անմահ փառք են վաստակել, և գեներալ Կրասովսկու անունը ընդմիշտ անջինջ կմնա Էջմիածնի տարեգրությունում»: Տարաբախտ Ներսես Աշտարակեցին պարզապես չէր կարող իմանալ, որ 190 տարի անց Հայաստանում կգտնվեն մարդիկ, որոնք թքած կունենան նաև այն մարդկանց տառապանքների վրա, ովքեր ապաստան էին գտել վանքի պարիսպների հետևում, չիմանալով, թե ինչ է իրենց սպասում՝ մա՞հ, թե՞ փրկություն, ի հիշատակ որոնց հուշարձան էր կառուցելու: Բայց չէ՞ որ Օշականում կրած պարտությունը բարոյալքեց պարսիկներին, և հենց Օշականից հետո 1827 թ. հոկտեմբերի 1(13)-ին Երևանի պարսից ուղեկալը հանձնվեց: Մեր Երևանը վերջապես ազատագրվեց: 1831 թ. Ամենայն հայոց կաթողիկոս Եփրեմ Առաջին Ձորագեղցին, «արտահայտելով հայ հասարակության իղձերը, զգացմունքներն ու մտքերը, բարձրացրեց հուշարձան կառուցելու հարցը»: Այդ առթիվ նա դիմեց գեներալ-լեյտենանտ Ն. Պ. Պանկրատևին: Վերջինս, իր հերթին, նամակ հասցեագրեց իշխան Ա. Ի. Չեռնիշովին: 1831 թ. սեպտեմբերի 1(13)-ին արձակվեց Ռուսաստանի կայսեր «Գերագույն հանձնագիրը» հուշարձանը կառուցելու մասին...


Այսօրվա հայ դպրոցականներից ու նրանց դաստիարակներից քանի՞սը դեռ ծնկի չի գա ու ծաղիկներ չի դնի նրանց հուշարձանին, առանց որոնց չէր լինի ոչինչ: Ո՛չ Առաջին հանրապետությունը, ո՛չ հայկական ԽՍՀ-ն, ո՛չ անկախ Արցախը... Եվ առհասարակ կլինեի՞ն, արդյոք, նրանք՝ հայ դպրոցականներն ու նրանց ուսուցիչները, մոռացկոտության դաստիարակները: Ավանդական վարկածի համաձայն, ռուսական ջոկատի ընդհանուր կորուստները՝ սպանվածներ, վիրավորներ ու անհետ կորածներ, կազմել էին 24 սպա և 1130 ցածր կոչումով զինծառայողներ, ինչպես նաև հայ կամավորականներ: Իզուր, իզուր են այն ժամանակ նրանք զոհվել, շատ իզուր: Սերունդները արհամարհալից, մեծամիտ ու ապերախտ դուրս եկան: Այսօր՝ 2017 թվականին ապրող սերունդները: Մի բան կասեմ հաստատ. չլինեին ռուս-պարսկական պատերազմները, մեր ժամանակակից տարածքները մինչև հիմա օստանի ու շահրեստանի կարգավիճակ կունենային Իրանի կազմում, և առավելագույնը մենք պարզապես իրավունք կունենայինք ընտրելու իրանական խորհրդարանի երկու պատգամավոր, ինչպես նաև հպարտանալու, որ մեզ իրավունք է տրված Իրանի իշխանական կառույցներում ներկայացնելու այդ երկրի բոլոր քրիստոնյաների շահերը: Իրանական պետության, ոչ թե հայկական:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3402

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ