Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Դժոխքի դռները ո՞վ է բացում

Դժոխքի դռները ո՞վ է բացում
12.09.2017 | 04:41

Դժոխային կյանքը գրեթե յուրաքանչյուր օր հյուրընկալվում է Երևանի Նոր Նորքի 1-ին և 2-րդ զանգվածների բնակիչներին: Կեսգիշերից առաջ և հաճախ մինչև լուսաբաց Մյասնիկյան պողոտայում դիրքավորված «Արքայաձոր», «Դրախտ», «Վենեցիա», «Վալենսիա» և այլ ռեստորանային համալիրներից սկսվում է երկնքի և երկրի հրթիռակոծումը՝ անզուսպ և երկարընթաց հրավառությամբ: Վերջերս բնակիչները քնից վեր թռան ուղիղ կեսգիշերին: Հրավառությունը ահարկու ուժի էր և գերազանցում էր հրանոթային համազարկի ձայնային դեցիբելը: Նման խրախճանքը տևում է, սովորաբար, 10-15 րոպե: Բնակիչները ոստիկանություն չեն զանգահարում մի պարզ պատճառով. ոստիկանությունը չի ձեռնարկում որևէ կոնկրետ միջոց, այն է՝ տուգանելու ստահակներին ՎԻՎ օրենքի համաձայն՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, այն է՝ 5,5 մլն դրամով: Նման ազդու հակազդեցությունը միակ հնարավորությունն է սանձահարելու հրավառության սիրահարների մոլեգնությունը: Հրանոթային երկարատև համազարկերը դղրդացնում են Նոր Նորքի հյուսիսային թաղամասերը: Արթնանում են հազարավոր քաղաքացիներ, այդ թվում՝ մանուկներ, ծերեր և տկարներ: Արթնանում են և հաճախ բաց աչքերով դիմավորում լուսաբացը:


Այս հատվածում 2-3 տարի առաջ հրավառության պատճառով հրդեհվեց զվարճավայրերից մեկին հարակից բուսական տարածքը: Դեպքի վայր էր ժամանել ՀՀ ԱԻՆ-ի մի քանի մարտական հաշվարկ: Շրջակայքի մասնավոր հատվածի բնակչությունը ահաբեկված դուրս էր եկել փողոց, շատերը՝ կիսամերկ: Ինչ փույթ, հրավառողները շարունակում էին իրենց դիվային քեֆը: Սակայն Նոր Նորքի ոստիկանությունը, կարծես, չի լսում հրավառության որոտը: Ավելի ստույգ՝ լսում և անտեսում է: Եվ այս հետևությունը խիստ տրամաբանական է: Ահա թե ինչու: Մյասնիկյան պողոտայում ¥նաև Հրազդանի կիրճում և այլուր¤ տեղակայված զվարճանքի կենտրոնները շաբաթվա յոթ օրերից հինգի դեպքում խախտում են օրենքը: Եթե նրանք տուգանվեին յուրաքանչյուր առանձին խախտման դեպքում 5,5 մլն դրամով և կրկնեին անբարո գործողությունը, որը նախատեսում է նվազագույն աշխատավարձի 200-ապատիկ չափով տուգանք, ապա կկանգնեին բարդ ընտրության առաջ՝ ընդառաջել և բավարարել հրավառող խառնամբոխի կրքե՞րը, թե՞ տուգանվել և սնանկանալ:


Եկեք պարզ մաթեմատիկական հաշվարկ կատարենք. եթե առաջին անգամ որևէ զվարճանքի օբյեկտի սեփականատեր տուգանվում է 5,5 մլն դրամով, օրեր անց՝ ևս 11 մլն դրամով, ապա երեք անգամ տուգանվելու պարագայում սեփականատեր-սուբյեկտը պետական գանձարան կմուտքագրի արդեն 16,5 մլն դրամ, շուրջ 35 հազար դոլար: Բայց գուցե ոստիկանությունը կանոնավորապես տուգանու՞մ է օրինախախտներին: Եվ մեր կասկածները փարատելու նպատակով հարկ է, որ «Իրատեսին» ներկայացվի 2017-ի անցած 8 ամիսների տուգանքների ճանապարհային քարտեզը, ըստ օրվա, վայրի, տուգանքի չափի և օրինախախտի անձնագրային տվյալների:
Սպասում ենք հույսով և հավատով:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ. Ի դեպ, վերոնշյալ օրենքը կրկնակի խախտելու դեպքում նախատեսվում է քրեական բնույթի պատիժ:

Դիտվել է՝ 2781

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ