Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

«Հայրենիքս անձէս աւելի կը սիրեմ»

«Հայրենիքս անձէս աւելի կը սիրեմ»
12.09.2017 | 05:03

(նախորդ մասը)


Փարիզում Երվանդ Հակոբյանը հանդիպում է հրեա գործընկերներին: Թեպետ նրանք Երվանդի ուղարկած մարգարիտները վաճառել էին 1:10 հարաբերակցությամբ, այդուամենայնիվ վերջնահաշիվ են կազմում` ընդգրկելով նաև իրենց տրամադրած ֆինանսավորումը: Մնացած գումարով Երվանդը բնակություն է հաստատում Ատլանտյան օվկիանոսի ափին, Բրետան նահանգի Դինար քաղաքում, որն այն ժամանակ նոր-նոր էր կառուցապատվում, իսկ որն այսօր բարձրաշխարհիկ հասարակության հանգստավայրերից մեկն է (ի դեպ,1995-ին այստեղ բացվել է Գառզուի թանգարանը):


1913 թ. հունվարի 9-ին Ե. Հակոբյանը ՀԲԸՄ նախագահ Պողոս Նուբարին գրեց հետևյալ նամակը.
«Վսեմափայլ Տէր
Ես հարուստ մէկը չեմ, բայց հայրենիքս անձէս ավելի կը սիրեմ:
Նկատելով, որ ՀԲԸ Միութիւնը, զոր Դուք հիմնեցիք, գերազանցապէս հայրենասիրական գործ մըն է և հաստատութիւն մը որ երկար տարիներէ ի վեր երազուած էր Հայ հայրենասերներէ և որ կոչուած է մեծագոյն բարիքն ընել Հայաստանի մեր դժբաղդ հայրենակիցներուն, Ձեզ կը յղեմ ներփակ 25.000 ֆրանքի չէք մը` մեր սիրելի Միութեան համար և կը խնդրեմ Ձենէ որ իմ համեստ նուիրատուութեանս տարեկան տոկոսը սահմանէիք Սասունի Դալվորիկ գիւղին պէտքերուն. պէտք ըսելով կը հասկնամ նոյն գիւղի դպրոցին, որբերուն, երկրագործութեան քաջալերումին օգնել:
Ձեր Վսեմութիւնը կատարելապէս ազատ է ծախսելու վերոյիշեալ տոկոսները իր օգտակար ու նպատակայարմար դատած կերպով` Դալվորիկ գիւղին համար:
Եթէ օր մը քիչ մը աւելի յաջողութիւն ունենամ իմ համեստ գործառնութիւններուս մէջ, հաստատ մտադրութիւնն ունիմ, և այս ամենամեծ հրճուանքով, աւելի մեծ գումար մը դնել մեր սիրելի Միութեան տրամադրութեան տակ: Թոյլ տուէք ինձ, Վսեմափայլ Տէր, այս առթիւ օրհնել Ձեզ` ստեղծած ըլլալնուդ համար Հայկական Միութիւնը, որ միակ ապահով միջոցն է Հայաստանի մեր տարաբաղդ եղբայրներուն ճակատագիրը բարելաւելու:
Նուպարեան պանծալի անունը երախտագիտութեամբ կ’արտասանուի և պիտի արտասանուի բոլոր Հայերէն:
Հաճեցէք ընդունիլ, Վսեմափայլ Տէր, խորին երախտագիտութիւնը համեստ հայու մը, որ պիտի օրհնէ Ձեզ մինչև իր կենաց վերջին օրը:
Ե. Յակոբեան
Յ. Գ. – Կը համարձակիմ իմացնել Ձեր Վսեմութեան թէ իմ համեստ հարստութեանս մեծ մասը կտակած եմ ՀԲԸ Միութեան: Կտակագիրս կը գտնուի Քրէտի Լիոնէի Բարիզի կեդրոնատեղին ունեցած դրամարկղիս մէջ»:


Այս նամակը մեծ իրարանցում առաջացրեց, տեղի ունեցան հանդիպումներ, մամուլում հրապարակվեցին մի քանի հոդվածներ: Բանն այն է, որ 1906-ից ի վեր նման խոշոր նվիրատվություն (25 հազար ֆրանկն այն ժամանակ հավասար էր 1000 ֆունտ սթեռլինգի) կատարել էին միայն ՀԲԸՄ ղեկավարներն ու պատվավոր անդամները: Իսկ թե ինչու էր նվիրատուն առանձնացրել Տալվորիկը, հայտնի չէր, միգուցե ծնողներն այդ գյուղից էին գաղթել Կ. Պոլիս:
Բարեգործականի եռանդուն գործիչներից մեկը` Լևոն Մկրտչյանը, նամակի առթիվ մամուլում գրեց. «Երբ ծրար մը պասմաի, հինգ զոյգ կօշիկի, տասը օխա սիսեռի կամ քսան արծաթ դահեկանի նուիրատուութեանց համար «Ազգին բարերարները» մեր Աղքատախնամներուն կողմէ հրապարակային շնորհակալութեանց կ’արժանանան, ու երբ այս կարգի նուիրատուներ միմոսային ցուցամոլութենէ մը խարանուած և ո՛չ իսկ տարրական ամօթխածութիւնը կ’ունենան խնդրելու նուէրընկալներէն որ իրենց անունները թերթերու մէջ չի հրատարակուին` ասդին կ’արժէ կանգ առնել մինչև ցարդ անծանօթ մնացած հայու մը առջև, որ գրչօ մէկ հարուածով մը քսան եւ հինգ հազար ֆրանքի չէք մը կ’ստորագրէ ի նպաստ ՀԲԸ Միութեան, իսկ իր հարստութեան կէսը արդէն կտակած ըլլալը կը յայտնէ յիշեալ հաստատութեան…
Այս պատուական հայը ճանչնալու պատիւը չունիմ, բայց չեմ սխալած ըլլար, կարծեմ, ենթադրելով թէ` անիկա մըն է Հայաստանի նոյն հպարտ և ձեռներեց զաւակներէն, որոնք աշխարհի որ ծագին մէջ ալ ապրելու ըլլան, իրենց մտաւոր ձիրքերովը, կամքի ոյժովը և աշխատասիրութեամբը նախանձելի դիրքերու կը հասնին և Ցեղին արժանիքը կը բարձրացնեն յաչս օտարոց:
Եթէ ամէն հայ հարուստ Երուանդ Յակոբեանի զգացումը և ըմբռնողութիւնը ունեցած ըլլար` այս ազգը պարզապէս հրաշքներ կրնար գործել:
Եւ որքա՜ն ալ համեստ, որքա՜ն ալ ազնուորէն ամչկոտ է պատուական նուիրատուն:
Կարդացէք Վսեմ. Պօղոս բաշայի ուղղած իր նամակը և բաղդատեցէք անոր ոճը մեր կարգ մը բարվընիւ մեծատուններու յոխորտանքներուն հետ: Մարդը մէկ անգամէն հազար ոսկի և յետ մահու իր հարստութեան կէսը նուիրելը ա՛յնքան խոնարհ նախադասութիւններով, ա՛յնքան անզգալի թօնով մը կ’իմացնէ կոր որ եթէ նամակը ուշադրութեամբ չի կարդաս` կարծէս թէ բաշային աղերսագիր գրած է, յիշեալէն շնորհ մը խնդրելու համար…
Ասիկա ալ ապացոյցն է նուիրատուին հոգիի բարձրութեան, ա՛յնքան տարբեր մեր կարգ մը չտես հարուստներուն ամբարտաւան կեցուածքներէն…
Երուանդ Յակոբեան մին է այն հայերէն, որոնք ըմբռնած են թէ Ազգին նիւթապէս օգնելը պարտականութիւն մըն է և ո՛չ երբէք շնորհ:
Մաղթենք որ շատնան մեր մէջ Երուանդ Յակոբեանները, փոխանակ այն ուղուրսըզներուն որոնք ոսկին ոսկիին վրայ դիզել միայն գիտեն և որք ո՛չ իրենց անձին, ո՛չ ալ իրենց համայնքին ո՛ևէ օգուտ կը բերեն»:


1919 թ. հունվարի 1-ին Ե. Հակոբյանը կազմեց նոր կտակ. նոր, որովհետև 1913-ին նա արդեն կտակ ուներ, որը, ըստ իր նամակի, գտնվում էր «Կրեդի Լիոնե» բանկում: Ահա դրա տեքստը. «Ստորագրյալս՝ Երվանդ Հակոբյան, ծնված Կ. Պոլսում, ամուրի, առանց զավակի, բնակիչ Դինարի (Իլ-է-Վիլեն գավառ), ֆրանսիական հպատակ, լինելով մարմնով և մտքով առողջ, ցանկանալով անել իմ կարգադրություններն այն օրվա համար, երբ իմ ժառանգությունը կսկսի, արեցի սույն կտակը՝ ամբողջապես իմ ձեռքով գրված.
1. Տասը հազար ֆրանկ՝ հայկական «Միացյալ ընկերությանը», որի նստավայրն է Կ. Պոլիսը, օժանդակելու համար վերականգնմանը այն դպրոցների, որոնք վնասվել են 1914 թ. պատերազմի հետևանքով:
2. Տասը հազար ֆրանկ ընտանիքներին այն նավաստիների, որոնք սպանվել, խեղդվել և ամենից շատ չարչարվել են «Դեզե», «Գիշան», «Ադմիրալ Շառնել», «Ֆուդր» և «Դ’Էտրես» նավերի վրա, արիաբար աջակցելով Մուսա լեռան վրա ապաստանած 5000 հայերի ազատագրման գործին, վերջին ֆրանկո-գերմանական պատերազմի ժամանակ:
3. Իմ շարժական և անշարժ կայքը Հայաստանի Պետին (Մեծ Հայաստան - Վան, Էրզրում), հայկական որբանոց հիմնելու համար, ուր պիտի հավաքվեն հայազգի և հայ ծնողներից ծնված որբերն ու որբուհիները:
Փափագս է, որ հայ ազգային ուսուցումը, ինչպես և ֆրանսերենը, այնտեղ լինեն պարտադիր:
Ինչ վերաբերում է որբանոցի հիմնմանը, այնտեղ ընդունվելիք որբերի քանակին, նրանց պահպանման, ինչպես նաև ուսուցման ծախսերին ու ռոճիկներին և այլն, ապա որբանոցի երկրի ու տեղի ընտրությունը և նման հարցերի որոշումը ես ամբողջովին թողնում եմ Հայաստանի Պետի բացարձակ հայեցողությանը:
Կազմվեց Դինարում, 1919 թ. հունվարի 1-ին:
Երվանդ Հակոբյան»:

Կտակարարը վախճանվեց 1923 թ. դեկտեմբերի 3-ին, Դինարում: Նրա կտակի դրամագլուխը՝ տոկոսներով, հավասար էր շուրջ 400 հազար ֆրանկի: Սակայն Ե. Հակոբյանի վախճանից հետո անմիջական ժառանգները՝ Հակոբ, Նարդիկ և Վերգինե Հակոբյանները, դատ բացեցին կտակի վավերականության առթիվ, մասնավորապես փաստարկելով, որ 1) Մեծ Հայաստան՝ Վանով և Էրզրումով, գոյություն չունի, 2) կտակը գրված էր 1919 թվականին, մինչդեռ թղթի վրա կար 1920 թվականի ջրանշան: Սրա հիման վրա ֆրանսիական դատարանը 1923 թ. դեկտեմբերի 3-ի վճռով մերժեց Հայաստանի կառավարության պետի՝ Ժողկոմխորհի նախագահ Ս. Լուկաշինի հայցը:
Երկրորդ անգամ, վերաքննության կարգով, խնդիրը քննվեց 1926 թ. հունիսի 23-ին՝ Ռենի քաղաքային դատարանում: Հայաստանի շահերը պաշտպանեց փաստաբան Մարմարյանը: Նա ապացուցեց, որ, նախ, Հայաստանը դաշնակից, բայց անկախ պետություն է, որ, ճիշտ է, Վանն ու Էրզրումը չեն մտնում Հայաստանի սահմանների մեջ, սակայն վանեցիներն ու էրզրումցիներն ապրում են ներկայիս Հայաստանում, և որ Հայաստանի պետությունն ունի իր պետը, համաձայն իր սահմանադրության՝ Հայաստանի կենտգործկոմի նախագահը:
Այդ տեսակետից Հայաստանի փաստաբանը դատը շահեց, սակայն կտակի մի շարք ձևական թերությունների պատճառով (տարեթվի խնդիր և այլն) վերջնական որոշում չկայացվեց:
1913 թ. Ե. Հակոբյանի նվիրաբերած 25 հազար ֆրանկ գումարի տոկոսները մինչև 1925 թ. մնացին անգործադրելի: Նույն թվականի դեկտեմբերի 31-ին ՀԲԸՄ վարչությունը որոշեց գոյացած տոկոսները, այն է՝ 419 ֆունտ սթեռլինգ, Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) միջոցով ուղարկել Հայաստան՝ Արագածի լանջերին վերաբնակեցված սասունցիների գյուղերից մեկում վարժարան հիմնելու համար:
1928 թ. ՀՍԽՀ-ում ՀԲԸՄ ներկայացուցիչ Հայկազ Կարագյոզյանը ստացավ հետևյալ գրությունը.


«ՀՍԽՀ ԼՈՒՍԱԻՈՐՈՒԹԵԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏ
Թիւ 8170-4
14 հուլիսի 1928
ԵՐԵՒԱՆ
Բարեգործականի ներկայացուցիչ
Քաղ. Հայկազ Գարակէօզեանին
(Նալբանդեան փող. թիւ 22)
Երուանդ Յակոբեանի հիմնադրամով (419 անգլ. սդերլինկ) եւ Գայիանէ Նշկեանի հիմնադրամով (219 անգլ. սդերլինկ), որոնք Բարեգործական Միութեան կողմից յատկացուած էին դպրոցական շէնքեր կառուցելու համար, համաձայն Էջմիածնի Գաւգործկոմի թիւ 5491 գրութեան, գործադրուած են իրենց նպատակին, արդէն կառուցուած են Էջմիածնի գաւառի Ագարակ, Բլխեր եւ Շիրաղալա գիւղերի դպրոցական շէնքերը: Մանրամասն հաշուետուութիւնը յիշեալ Գաւգործկոմը ներկայացնելու է ՀՕԿ-ին մօտ ապագայում:
Սոցդաստգլխվարչութեան պետ` Մ. ՄՈՒՇԵՂԵԱՆ
Քարտուղար` Խ. ԴԱՅԱՆ»:

Ի՞նչ էր նշանակում այս գրությունը: Նշված երեք գյուղերը այն ժամանակ մտնում էին Էջմիածնի գավառի մեջ: Այսօր դրանք գտնվում են Արագածոտնի մարզում. Ագարակը պահպանել է անվանումը (Թալինի շրջան), Բլխերը Շենավանն է, իսկ Շիրաղալան` Վարդենուտը (երկուսն էլ` Ապարանի շրջան): Փաստացի, Ե. Հակոբյանի և ՀԲԸՄ մյուս բարերար-անդամ Գ. Նշկյանի անձեռնմխելի դրամագլուխների 638 ֆունտ սթեռլինգ շահութատոկոսներով հիմնականում սասունցիներով ու մշեցիներով բնակեցված Հայաստանի երեք գյուղեր ունեցան նորակառույց դպրոցներ:
Բայց Ե. Հակոբյանի հետմահու բարերարությունը շարունակվեց. ՀԲԸՄ-ին հանձնած նրա գումարի 140 ֆունտ սթեռլինգ շահութատոկոսով 1934 թ. Մարտունիում կառուցվեց պրոֆտեխուսումնարանի շենքը:

Կտակի և դրա գործադրման հետ կապված հանգամանքները տվյալ պարագայում կարևոր չեն, ես խորհում եմ այլ բանի շուրջ: Հայ իրականությունից կտրված, հազար ու մի փորձությունների միջով անցած, կյանքը վտանգելով համեստ հարստություն ձեռք բերած Երվանդ Հակոբյանը ինչու՞ իր վաստակի մեծ մասը տրամադրեց ազգին և ինչու՞ գրեց. «…Հայրենիքս անձէս ավելի կը սիրեմ»: Եթե կարողանամ այս հարցի պատասխանը ճշտիվ իմանալ, կհասկանամ ինչ ասել է` Հայ: Խնդիր, որ ինձ մտահոգում է ամբողջ կյանքիս ընթացքում: Իսկ գուցե պետք չէ՞ մտքով ըմբռնել, գուցե ճիշտ է սրտո՞վ հասկանալ…

Վերջաբանի փոխարեն
Դիմում Արագածոտնի մարզպետ
Աշոտ Սիմոնյանին
Հարգելի պրն մարզպետ
Այս դիմումի նախաբանը «Իրատես» թերթի երկու համարներում տպագրված հրապարակումս է, ուստի անցնեմ բուն հարցին:
Խնդրում եմ Շենավանի միջնակարգ դպրոցին շնորհել ՀԲԸՄ բարերար-անդամ Երվանդ Հակոբյանի անունը:
Մի մարդու, ում ազգասիրությունը պատիվ կբերեր ցանկացած ժողովրդի:
Մի մարդու, ում շնորհիվ Ձեր ղեկավարած մարզում կառուցվեցին Շենավանի (նախկին Բլխեր) և Վարդենուտի (նախկին Շիրաղալա) դպրոցները:
Մի՛ թողեք, որ բարեգութ մարդու հիշատակը հավերժ կորչի, արդարության արարք կատարեք: Դա երեխաների դաստիարակության լավագույն գրավականը կլինի:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 3144

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ