Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Դևերի աշխարհում՝ կախարդություն

Դևերի աշխարհում՝ կախարդություն
12.09.2017 | 00:02

Պարզորեն ու որոշակիությամբ շեշտադրված տերունական այս հաստատումը, որ բերված է սույն հրապարակման վերտառությունում, ցավոք, շատ հաճախ, երբեմն էլ չգիտակցված, խախտվում է մեր հավատացյալների կողմից:


Ահաբեկող պարբերականությամբ մեզ հանդիպում են հավատացյալներ, որոնք ահազանգում են իրենց երեխաների ու մտերիմների մոտ տարօրինակ հոգեվիճակի, անհանգիստ վախեցնող երազների, սովորական վարքագծից շեղումների, անբացատրելի վախի զգացողությունների առկայության մասին: Սկզբնապես նրանք հայտարարում են, որ իրենք տեղյակ չեն այս ամենի պատճառներին, սակայն որոշակի խոսակցությունից ու հարցադրումներից հետո պարզ է դառնում, որ նրանք ոչ միայն տեղյակ են այդ ամենին, այլև ուղղակիորեն մասնակից են դրան. հենց իրենք են, երեխայի ձեռքից բռնած, նրան առաջնորդել «վախ չափելու» կամ էլ «մոմ թափելու»: Եվ հիմա, երբ արդեն ամեն ինչ կատարվել է, ու երևան են եկել այդ այցերի «բարի» պտուղները, նոր միայն որոշել են քահանային ևս դիմել՝ իբրև վերջին հույսի միջոցի:
Եվ ամեն անգամ այս իրադրության մեջ հայտնվելով՝ կանգնում ենք նույն հարցադրման առջև. մի՞թե հավատացյալին պարզ չի եղել, որ այն «բարեպաշտ տատիկները», որոնց ինքը դիմել է օգնության համար, բոլորովին այլ զորությամբ են գործում, քան Աստծո զորությունն է: Պարզվում է՝ մեր հավատացյալների համար այս հարցը դեռևս թեական է, ու եկեղեցու արգելքն էլ՝ լիովին շրջանցելի:


Երբեմն մարդու նման վարքագծի պատճառ են լինում ոչ միայն անտեղյակությունն ու խնդրի լրջությունը չգիտակցելը, այլև վախը: Մարդիկ վախենում են չար աչքից, թուղթուգրից, շատ հավատացյալներ նախընտրում են համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ խուսափելու հնարավոր կամ թվացյալ վտանգներից: Սակայն իրական վտանգն այն է, որ մի կրակից ելնում են, ընկնում մեկ այլ կրակի մեջ: Մտածում են, թե իրենց կամ իրենց երեխաների վրա չարի ազդեցությունը կա, և դրան դիմադրելու համար օգտագործում են սնոտիապաշտական առարկաներ, որով և իրենց հույսն ու հավատը դնում են այդ առարկաների և ոչ թե Աստծո վրա: Սրանով մարդն ակնհայտ մերժում է Աստծուն և իր համար հավատի առարկա գտնում: Արդյունքում նա Աստծուց ավելի մեծ հեռավորության վրա է հայտնվում՝ մոտենալով չարի ազդեցության ոլորտներին և մուտք գործելով դրանց մեջ:


Մեր օրերում շատ ճշմարտություններ են նենգափոխվում աշխարհում, և քննարկվող հիմնախնդիրը բացառություն չէ: Կախարդությունն ու մոգությունն անվանելով «վախ չափել» կամ «մոմ թափել», ոգեհարցությունն անվանելով սպիրիտուալ սեանս, վհուկներին ու կախարդներին անվանելով էքստրասենսներ՝ մեզ թվում է, թե մեղմելու ենք այս ամենի հետևանքները. դա ինքնախաբեություն է: Թույնը ինչ անվան տակ էլ մատուցվի, հետևանքը նույնն է: Եվ Աստծու կողմից այս մարդկանց և նրանց հետևողների ու ապավինողների համար սահմանված պատիժը դրանից չի մեղմանալու, եթե չասենք՝ սաստկանալու է:
Նենգափոխման մեկ այլ ձև է, երբ սնոտիապաշտական կամ դիվապաշտական գործողություններն ու դրանց վերաբերող ատրիբուտիկան փորձում են ներկայացնել իբրև ազգային արժեքների և ժառանգության մի կարևոր մաս՝ վկայակոչելով, որ դրանով դեռևս մեր պապերն ու տատերն են զբաղվել: Իսկ այդ գործունեությամբ զբաղվող մարդկանց ծառայություններից օգտվողների շրջանում հատկապես մեծ պահանջարկ են ունենում, այսպես կոչված, «տոհմական բախտ նայողները, վախ չափողները կամ մոմ թափողները»:
Այսպիսով՝ ի՞նչ վերաբերմունք պետք է ունենա ճշմարիտ քրիստոնյան այս ամենի հանդեպ և ինչպե՞ս կարող է հեռու մնալ ու խուսափել դրա հետևանքներից:


Կախարդությունը կարելի է հասկանալ, եթե ճիշտ իմանանք դրա հետևյալ սկզբունքները։
Տեսանելի տիեզերքն ունի իր անտեսանելի նախօրինակը, որի վերին հարթությունն են կազմում բարի մարդիկ ու բարի հոգիները՝ հրեշտակները, իսկ ստորին հարթությունները՝ խավար և չար, իրենցից ներկայացնում են չար ոգիներին ու դևերին, որոնց գլխավորում են ընկած հրեշտակը՝ սատանան և դրա տասը իշխանները:
Կախարդական ծիսակատարությունների, գաղտնի գործողությունների միջոցով կարելի է կապի մեջ մտնել այդ անտեսանելի արարածների հետ և ստանալ դրանց օգնությունը մարդկային գործերի համար:
Ոգիների հետ կարելի է պայմանավորվածություն ձեռք բերել, և այդժամ կախարդը ժամանակավորապես կարող է ղեկավարել դրանց:
Կախարդությունը կատարվում է դիվային ուժի օգնությամբ, որը և ծառայում է կախարդին երկրավոր կյանքի ընթացքում, իսկ նրա մահվանից հետո արդեն կախարդն է ծառայում չար ոգուն հավիտենապես:


Գոյություն ունեն հոգին սատանային տալու հստակ ծիսական գործողություններ, որոնց փոխարեն կախարդը ստանում է ուժ և կարողություն բնության և մարդկանց վրա: Հարց է առաջանում. իսկ ժամանակակից կախարդների ինչի՞ն է պետք կրակի, հողի, ջրի, օդի տարերքների վրա իշխելու կարողությունը: Եվ արդյո՞ք դրանով չի բացատրվում այն, որ այդ կախարդների «աշխատանքից» հետո մարդիկ որոշ ժամանակ անց, երբեմն էլ՝ անմիջապես, սկսում են ապրել ծանր հոգևոր տվայտանքներ, սրվում կամ առաջանում են նորանոր ծանր հիվանդություններ, բարդանում է իրավիճակը տանը, աշխատանքի վայրում, վատանում է մերձավորների ինքնազգացողությունը: Կախարդն ակամայից իր հաճախորդների վրա է հրավիրում չար ոգիների ազդեցությունը: Այս մասին պետք է լավ հիշեն այն մարդիկ, ովքեր դիմում են կախարդների օգնությանը: Ընդ որում, կախարդների մեծամասնությունը չի էլ գիտակցում, թե ինչ մեծ վնաս է ինքը բերում այդ մարդկանց:


Այն, որ կախարդները բավականին լայնորեն կիրառում են քրիստոնեական սիմվոլիկան, իրենք իրենց անվանում են քրիստոնյաներ և նույնիսկ իրենց բժշկումներից առաջ աղոթքներ են անում, ոչինչ չի նշանակում. ավելի ստույգ` քրիստոնյայի համար այն նշանակում է ստի դիմակազերծում: Նրանք կարող են իսկապես հավատալ Աստծուն, բայց ծառայել դևին. «դևերն էլ են հավատում և դողում»: Դրանք ոչ թե աղոթքներ են՝ Քրիստոսին ուղղված, այլ ինչ-որ անանուն ուժի, որն Էներգիա են կոչում: Դա ոչ թե քրիստոնեական, այլ տիպիկ դիվապաշտական աղոթք է: Այստեղ հստակ երևում է դիվապաշտության և, այսպես կոչված, «ժողովրդական բժշկության» կապը:


Եկեղեցու նախազգուշացումները կախարդություններից ինքնանպատակ չեն. դրանց հիմքը սուրբգրային է և փաստարկված է եկեղեցու ավանդությամբ: Ոգեհարցությամբ, գուշակություններով ու կախարդություններով զբաղվելն անընդունելի ու դատապարտելի է, որովհետև, ըստ Սուրբ գրքի, Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղվում է այդպիսի բաներով: Հին կտակարանը բավականին կոշտ ու միանշանակ կերպով արգելում է զբաղվել կախարդությամբ և դիվապաշտության այլ տեսակներով, և նույնիսկ դիմում է այդպիսիներին՝ շատ հստակ ասելով, որ գուշակների, երազատեսների, աստղագետների մարգարեությունները, կախարդների ու մոգերի բոլոր գործերը սուտ են (տե՛ս` Երկրորդ Օր. 18:9-13, 18:20, Ղևտ. 19:26, 19:33, 20:6-7, Ես. 44:24-25, Երեմ. 29:9-10, Ա Թագ. 15:22-23, Ելք 22:18, 8: 19-20): Այս բանը բոլոր ճշմարիտ քրիստոնյաները պետք է շատ լավ գիտենան և մասնակից չլինեն Աստծու համար պիղծ բոլոր այդ գործերին, որովհետև կախարդներին դիմողների համար ասված է. «Ես իմ դեմքը կդարձնեմ այդ հոգու վրա և կվերացնեմ այն իր ժողովրդի միջից»: Արդյո՞ք այս պատճառով չեն այնքան տանջվում այն մարդիկ, ովքեր դիմում են կախարդներին, վհուկներին, գուշակներին և դևերի ուրիշ ծառաներին, որ Տեր Աստված իր դեմքը դարձրել է նրանց վրա զայրույթով և արգելքով՝ կախարդների, աստղագուշակների և ուրիշների մոտ գնալու համար: Չի կարելի մոռանալ այն, որ Աստծո ոչ մի խոսք հենց այնպես չի անցնում:
Նույնպիսի խիստ վերաբերմունք ենք տեսնում կախարդությունների հանդեպ նաև Նոր կտակարանում (տե՛ս` Մատթ. 7:21-23, 7:15, Գործք 13:8-11, Բ Կոր. 6:14-15, Գաղ, 5:21, Հայտ. 22:14-15): Պողոս Առաքյալը, Սուրբ Հոգուց իրեն տրված հայտնությամբ, ասում է, որ ճշմարիտ հավատքից ոմանք հեռանալու են մոլորեցնող ոգիների ազդեցությամբ:


Քրիստոսն առաքյալներին իշխանություն տվեց պիղծ ոգիների վրա, ինչը նշանակում է, որ նրանք զորություն ստացան մարդկանցից վանելու ոգիների ազդեցությունը կամ հեռու քշելու նրանց: Ձեռնադրության խորհրդով՝ առաքյալները Քրիստոսից ստացան իրենց իշխանությունը, զորությունը փոխանցեցին իրենց հետևորդներին, և հիմա անընդհատ ձեռնադրության միջոցով այդ նույն իշխանությունն ու զորությունն անցնում է ձեռնադրյալ սպասավորներին: Դա ցույց է տալիս, որ հոգևորականներն այսօր նույնպես իշխանություն ունեն դևերի վրա, զորություն՝ նրանց ազդեցությունը մարդկանց վրա չեզոքացնելու:
Քրիստոնեական եկեղեցու կանոնները քրիստոնյաներին խստիվ արգելում են զբաղվել դիվապաշտությամբ: Բարսեղ Մեծի կանոնների համաձայն, կախարդությամբ զբաղվող մարդիկ ենթակա են նույնպիսի եկեղեցական պատիժների, ինչպես մարդասպանները: Բայց ինչու են նրանք հավասարեցվում մարդասպաններին: Արդյո՞ք նրանք մարդ են սպանում: Դրանից էլ վատ բան են անում. մի վախեցիր նրանից, ով մարմինն է սպանում, վախեցիր նրանից, ով հոգին է կործանում: Մարմինը սպանողը չի կարող հոգին սպանել: Իսկ կախարդներն իրենց հոգին են տալիս դևին հավիտենական կորստի համար: Միաժամանակ նրանք կործանում են նաև նրանց հոգիները, ովքեր դիմում են իրենց «օգնության» համար, որովհետև գործում են դիվական ուժով:


Այսպիսով՝ քրիստոնեությունն ու կախարդությունը ոչ մի ընդհանրություն չունեն: Ավելին, կախարդությունն ու մոգությունը պիղծ են Աստծո առջև և պատժվում են, երբեմն՝ շատ խիստ: Աղոթքներն ու Աստծու անվանն ապավինելն անհամատեղելի են դիվային բժշկումների հետ: Քրիստոսի հանդեպ հավատը չար դևերի ուժերին կատարել թույլ չի տալիս իրենց «բարի» գործերը և օգնում է հավատացյալներին գիտակցելու իրենց սխալը՝ կախարդներին դիմելիս:
Արդ, ինչպե՞ս կարող ենք ազատվել կամ հեռու մնալ չարի փորձություններից: Աստծուն հնազանդությունն ու հավատքի զորացումը կամ հաստատունությունը չարին, սատանային փախուստի են մատնում: Այս մասին են ասում առաքյալները` հորդորելով՝ «Աստծու սպառազինությունը հագե՛ք, որպեսզի կարողանաք ընդդիմանալ սատանայի հնարքներին, (Եփ. 6: 11), հնազանդվեցե՛ք, ուրեմն, Աստծուն և դիմադրեցե՛ք սատանային, ու նա կփախչի ձեզանից (Հակ. 4:7), ով մեղք է գործում, այդ սատանայից է, քանի որ սատանան մեղանչող է ի սկզբանե: Աստծու Որդին հենց նրա համար հայտնվեց, որ քանդի սատանայի գործերը» (Ա Հովհ. 3:8):


Աղոթքը, խաչն ու ժուժկալությունը կախարդությունների դեմ ուժեղագույն զենքերն են: Մեր հոգևոր արթնությունը՝ Աստծո մասին մտորելը, սեփական մտածումների վրա մշտական հսկողությունը, դրանց ուշադիր զննումն ու դրանցից դիվական մտածումների հեռացումը, հաճախակի խոստովանությունը, հոգևոր առաջնորդների հետ հաճախակի զրույցները, մեղքի ու գայթակղությունների դեմ պայքարը, հաղորդությունը, պահքն ու ժուժկալությունը՝ ինչպես մարմնական, այնպես էլ հոգևոր, հզոր պատնեշ է, որ մեզ պաշտպանում է չար ոգիների հարձակումներից, այդ թվում՝ նաև կախարդություններից: Իհարկե, այդ պայքարի մեջ մեզ համար մեծ օգնություն են մեր մերձավորների աղոթքները, հատկապես ծնողների և հոգևոր հայրերի:


Միաժամանակ, պետք է հասկանալ, որ ներկայացվող հիմնախնդիրները միայն անհատական չեն. դրանք վերաբերում են ողջ հասարակությանը, և դրանց հետևանքները տարածվում են բոլորիս վրա և վերաբերում են ամենքիս: Արատավոր բարքերի, սովորությունների դեմ պայքարը պետք է լինի եկեղեցական ընդհանրության գործ, երբ եկեղեցին ընկալվում է իր ամբողջական նշանակությամբ՝ որպես հավատացյալների հավաքականություն՝ և՛ հոգևորականների, և՛ ժողովրդի: Առկա հոգևոր խնդիրների, բացթողումների, մարտահրավերների ու վտանգների մասին ահազանգելն իրենց պարտականությունը պետք է նկատեն ոչ միայն հոգևորականները, այլև բոլոր այն գիտակից ու գործունյա հավատացյալները, որոնք սրտանց մտահոգված են մեր ժողովրդի կյանքից ներս ճշմարիտ քրիստոնեական արժեքների վերականգնմամբ ու ամրապնդմամբ, ինչպես նաև թերությունների վերացմամբ: Իբրև սիրո համայնք ու Հիսուս Քրիստոսի Կենդանի Մարմնի՝ եկեղեցու անդամներ, մենք պարտավոր ենք մեկտեղել մեր ջանքերն ու զորավիգ լինել միմյանց՝ մեր ճշմարիտ աստվածպաշտության մեջ չձախողվելու և հարատևելու համար: Միայն այս ճանապարհով կարելի կլինի նախանշած նպատակը հաջողությամբ պսակել՝ Աստծո կամքին համապատասխան:

Տեր Պարգև քահանա ԶԵՅՆԱԼՅԱՆ
Սիսիանի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 3601

Մեկնաբանություններ