Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Ես դիմադրել եմ իմ աշխատանքով, և այսօր հաճելի է լսել, որ կողքից ամեն ինչ թվում էր հարթ ու սահուն»

«Ես դիմադրել եմ իմ աշխատանքով, և այսօր հաճելի է լսել, որ կողքից ամեն ինչ թվում էր հարթ ու սահուն»
12.09.2017 | 05:41

ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆԻ համար տարին հոբելյանական է:
Զրուցել ենք կարևորի ու ամենակարևորի մասին` բեմական հաջողություններից մինչև գրական հայտնություն, հետադարձ հայացք և սպասվող էջեր:

«ՊԱՀՊԱՆԵՑԵՔ ՁԵԶ ՎՐԱ ՇՊՐՏՎԱԾ ՔԱՐԵՐԸ, ԴՐԱՆՔ ՊԵՏՔ ԿԳԱՆ ՁԵՐ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՏՎԱՆԴԱՆԸ ԿԱՌՈՒՑԵԼԻՍ»


-Եթե փորձեք շատ կարճ ակնարկ գրել Ձեր կյանքի մասին, ինչպիսի՞ն կլինի այն:
-Մշտական հաղթահարում՝ ոչ թե արվեստի դժվարությունների, այլ… Ձեզ եմ թողնում կռահելը:
-Սակայն Ձեր ստեղծագործական կենսագրությանը ծանոթանալիս, թվում է, թե հաջողությունը մշտապես ուղեկցել է Ձեզ, դերերը հաջորդել են իրար, շարունակ եղել եք մամուլի ուշադրության կենտրոնում, բազմաթիվ փառաբանական հոդվածներ են գրվել Ձեր մասին թե՛ որպես դերասանի, թե՛ որպես գրողի: Կողքից դիտողին թվում է, թե դա տևական մի հաղթարշավ է՝ սկզբից մինչև այսօր: Մի՞թե ամեն ինչ հարթ ու սահուն չէր:
-Դուք, այսպես ասած, «պատրաստի արդյունքն» եք տեսել, մակերեսը, իսկ խորքը շատ դեպքերում ավելի լավ է չիմանաք, հակառակ դեպքում կարող եք շատ բաներից հիասթափվել: Բոլոր դեպքերում, եթե սկզբունքներ ունես և վճռական ես դրանք պաշտպանելու հարցում, ապա դժվարություններ ես ունենում, մանավանդ իմ պարագայում, քանի որ երբեք զիջումների չեմ գնացել, և ի վերջո պարզվել է, որ ես ճիշտ էի: Թվում է, թե հաստատվելու հետ առջևումդ կանաչ ճանապարհ է բացվելու, բայց ոչ, նոր դժվարություններ են մեջտեղ գալիս, «նորին մեծություն» նախանձը գլուխ է բարձրացնում, անդրկուլիսյան ինտրիգներ են սկսվում, նույնիսկ դավադրություններ: Ես գիտեի այդ մասին, բաներ կան, որ հիմա եմ իմանում, տասնամյակներ անց, բաներ էլ կան, որ գուցե երբեք չիմանամ: Աստված իրենց հետ, ես դիմադրել եմ իմ աշխատանքով, և այսօր հաճելի է լսել, որ կողքից ամեն ինչ թվում էր հարթ ու սահուն: Ասել է թե` նրանք իրենց նպատակին չեն հասել: Բեռլիոզն այսպիսի խորհուրդ էր տալիս արվեստագետներին. «Պահպանեցեք Ձեզ վրա շպրտված քարերը, դրանք պետք կգան Ձեր հուշարձանի պատվանդանը կառուցելիս»:

«ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՍՏԵՂԾԵԼ Է ԻՐԱՐ ՀԱՄԱՐ ԵՎ ՀԱՆԴԻՊԵՑՐԵԼ»


-Ի՞նչ կասեք Ալեքսանդր Թոփչյանի մասին` Ձեր կյանքի անբաժանելի ընկերոջ և ուղեկցի: Առաջին տպավորությունը, հանդիպման առաջին պահը հիշու՞մ եք: Ալեքսանդր Թոփչյանը հատկապես ինչո՞վ Ձեզ գրավեց:
-Նախ, իր ազատ, անկաշկանդ մտածելակերպով, կարծրատիպերը կոտրելու իր մշտական պատրաստակամությամբ, նորն ընդունելու և սատարելու ձգտումով, քաղաքացիական բարձր գիտակցությամբ՝ իր գրչով պայքարելու կեղծիքի և հասարակությանը վնասող հոռի երևույթների դեմ, իր ազգային անսասան ոգով, միաժամանակ աշխարհին բացվելու կարողությամբ, վերջապես, իր ինտելեկտով, իր լայնախոհությամբ, իր անարծաթասիրությամբ: Իսկ մեր առաջին հանդիպումը «Հայֆիլմ»-ում էր, 1965 թ. դեկտեմբերի 13-ին, երբ ես նկարահանվում էի Աղաբաբովի «Գառնի» ֆիլմում, իսկ ինքն աշխատում էր սցենարական կոլեգիայում և այդ ֆիլմի խմբագիրն էր: Այդ հանդիպումից երեք տարի ու չորս ամիս անց` մարտի 13-ին մենք ամուսնացանք: Իսկ մեր աղջիկը ծնվեց հաջորդ տարի, հունիսի 13-ին: Տեսնու՞մ եք՝ ինչպիսի տարօրինակ զուգադիպություն է:
-Ինչպիսի՞ն կլինեիք առանց նրա կամ նա՝ առանց Ձեզ: Մտածե՞լ եք այդ մասին:
-Չեմ կարող ասել, այսքան երկար միասին ապրելուց հետո դժվար է անգամ պատկերացնել իմ կյանքն առանց նրա: Համոզված եմ, որ նույն կերպ նա կպատասխանի: Ի՞նչ ասեմ, հավանաբար Աստված մեզ ստեղծել է իրար համար և հանդիպեցրել: Շատ բաներում մենք համախոհներ ենք` կյանքում և արվեստում: Մենք լրացնում ենք իրար: Անշուշտ, եղել են նաև տարաձայնություններ, ինչը բնական է և անխուսափելի, բայց դա երբեք չխանգարեց մեր միասնությանը, ապացույց, որ այսքան տարի իրարից անբաժան ենք: Սակայն, ո՛չ: Երեք տարի մենակ եմ եղել Փարիզում: Նա կողքիս չէր, բայց, միևնույն է: Քանզի գրում էինք իրար, ուրեմն, կողքիս է եղել, մասնակցել իմ կյանքին, ես էլ՝ նրա: Երբ մենակ ես, ավելի հստակ ես պատկերացնում քեզ, քո կարողությունները, ոչ մեկի վրա հույս չես դնում, ոչ ոք քեզ չի խանգարում, կամքդ և տրամադրությունդ չի ճնշում, իսկ միասին՝ ասես գոյություն չունենաս: Տարօրինակ է, դա այնքան էլ նորմալ բան չէ: «Ես էլ դու եմ, Ես չկամ»,- ինչպես Տերյանի մոտ: «Ես»-երի միաձուլում, միաժամանակ` անհետացում: Ինձ դուր չի գալիս այդ հոգեվիճակը: Ստեղծագործողին, այնուհանդերձ, մենություն է պետք:
-Հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ Ալեքսանդրը խոստովանեց, թե իր լավագույն գործերը չէր կարողանա ստեղծել առանց Ձեզ: Իսկապե՞ս այդպես է:
-Այո, այդպես է, և դա հաճոյախոսություն չէր: Հիշում եմ, նրա բանաստեղծ «ընկերներից» մեկը հայտարարեց. «Եթե մեր մասին չգրի, ուրիշ ի՞նչ պիտի անի»: Այս բառերը լսելով, ես նրան ստիպեցի «սեփականը» գրել, արձակ, դրամատուրգիա: Եվ նա հրաշալիորեն ապացուցեց, որ կարող է «ուրիշ բան» էլ անել՝ ապերախտ և ամբարտավան հեղինակներին սպասարկելուց զատ: ՈՒստի այսօր կարող եմ վստահորեն ասել, որ մի լավ արձակագիր նվիրեցի արդի հայ գրականությանը: Ավելացնեմ նաև, որ ես եմ նրա առաջին ընթերցողը, խմբագիրը և խորհրդատուն:


«ԱՆԱՀԻՏԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՉԷ, ԱՅԼ ՏԱՂԱՆԴԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ Է»


-Գեղեցկությունը ուժ է, իսկ պատահե՞լ է, որ այն խանգարել է Ձեզ, որ տուժել եք գեղեցկության երեսից:
-Այո, պատահել է, որ «տուժել» եմ, բայց դա ինձ լրջորեն չի խանգարել: Մեր թատերագետներից մեկը ժամանակին ինձ պախարակեց, գրելով, որ իմ գեղեցկությունը խանգարում է դերի ամբողջական ընկալմանը: Եվ դա գրվում էր մի առիթով, երբ պերսոնաժը, ըստ պիեսի, գեղեցիկ պիտի լիներ: Մոսկովյան թատերագետներից մեկն էլ բոլորովին այլ կարծիքի էր. «Անահիտի գեղեցկությունը սովորական չէ, այլ տաղանդի արտահայտություն է»:
-Ե՞րբ և ինչպե՞ս սկսվեց Ձեր ստեղծագործական կարիերան` որպես դերասանուհու:
-Հավանաբար 1965 թ., երբ սովորում էի դպրոցի ավարտական դասարանում: Ինձ հրավիրեցին նկարահանվելու «Լալվարի որսկանը» ֆիլմում, վստահեցին գլխավոր դերերից մեկը: Իսկ երկու տարի անց, 1967 թ., հրավիրեցին Երևանի դրամատիկական թատրոն և գլխավոր՝ Եվայի դերն առաջարկեցին «Աստվածային կատակերգություն» ներկայացման մեջ: Այնպես որ, այս երկու թվականներից մեկը կարող եք համարել իմ դերասանական պրոֆեսիոնալ գործունեության սկիզբը:
-Ձեր ուժերի ծաղկման շրջանում, արդեն որպես հանրահայտ, միութենական ճանաչում գտած դերասանուհի, հայտնվելով Փարիզում, արդյոք ցանկություն չունեցա՞ք, չփորձեցի՞ք Ձեր եվրոպական արտաքինով հանդես գալ նաև ֆրանսիական բեմում: Ենթադրում եմ, որ Ձեզ նման դերասանուհուն դժվար կլիներ դիմադրել այդպիսի գայթակղությանը:
-Չեմ թաքցնում, այդ գայթակղությունն ինձ էլ փորձության ենթարկեց. Փարի՜զ, բե՜մ, էկրա՜ն… Մոգական բառեր, որ կարող են հրապուրել ուզածդ դերասանին: Բայց երբ մոտիկից ծանոթանում ես այդ միջավայրին, ֆրանսիական թատրոններում և կինոյում տիրող բարքերին, մոգությունը ցրվում է` շատ դեպքերում տեղը զիջելով հիասթափությանը: Եթե սկսնակ լինեի, գուցե ամբողջությամբ տրվեի այդ գայթակղությանը և իմ դերասանական ապագան սկսեի զրոյից, բայց ինձ համար այդ տարբերակը բացառվում էր:
-Ինչու՞:
-Նախ, ես մտադիր չէի այդքան երկար մնալու Փարիզում, ուստի նման հավանականությունն անգամ մտքովս չէր անցնում: Բայց երբ պարզվեց, որ իմ կարճատև հեռացումը Հայաստանից երկարաձգվում է անորոշ ժամանակով, ես մտածեցի այդ մասին: Հետո, երբ ծանոթացա պայմաններին, դրանք ինձ անընդունելի թվացին և փորձ չարեցի նույնիսկ ինչ-որ քայլերի դիմելու: Ֆրանսիական թատրոնը կատարելապես ուրիշ սկզբունքներով է գործում: 1983 թ., դրամատիկ թատրոնի մոսկովյան հյուրախաղերից հետո, ինձ առաջարկվեց միանգամից գլխավոր դերով մոսկովյան թատրոններից մեկը մտնել: Այսինքն, խորհրդային թատրոնը քեզ ընդունում էր քո մակարդակով: Նման բան Փարիզում այդ տարիներին անհնար էր պատկերացնել, մանավանդ` խորհրդային դերասանների համար: Փաստորեն, պիտի ջնջեի իմ անցած ուղին և զրոյից սկսեի: Եվ, վերջապես, ես արդեն լրջորեն զբաղված էի իմ մոնոդրամաներով, ասմունքի երեկոներով, գրական ու լրագրողական աշխույժ գործունեությամբ, որ բառացիորեն խժռում էին իմ ամբողջ ժամանակը: Ստեղծագործական նոր տարերք հայտնագործեցի իմ մեջ, հասկանու՞մ եք, և դա ամբողջությամբ գրավեց ինձ: Մանավանդ որ պահանջարկված էի:
-Գուցե նաև լեզվի խնդի՞րը կար:
-Դա էլ կարևոր հանգամանք էր: Իրեն հարգող դերասանը բեմ բարձրանալու իրավունք չունի՝ առանց լեզվի կատարյալ իմացության: Իսկ դրա համար բավական ժամանակ էր պետք, ես չէի կարող այդքան սպասել: Եվ հետո հոգեբանական լուրջ խնդիրներ կային: Երբ 1989 թ. բախտ ունեցա ներկա գտնվելու Ավինյոնի փառատոնին, աշխարհի չորս ծայրերից բերված լավագույն ներկայացումներ տեսա: Դա կատարյալ խրախճանք էր: Օր էր լինում, որ երեք ներկայացում էի նայում: Հոյակա՜պ բեմադրություններ: Նայում էի և հպարտությամբ փաստում, որ մենք, մեր «Հերոստրատ»-ով, «Համլետ»-ով, «Խաղամոլ»-ով և «Մսյո Ամիլկար»-ով, կարող էինք այդտեղ փայլել, քանի որ դրանք արդեն ցնցող հաջողություն էին ունեցել Մոսկվայում, Թբիլիսիում և այլուր, քաղաքներ, որտեղ թատերական բարձր մշակույթ կար, որն ամենևին չէր զիջում եվրոպականին, և մենք կարողացել էինք հավասարվել այդ մակարդակին: Ահա թե ինչու, նման հաջողություններից հետո, ես չցանկացա Փարիզում «աղքատ ազգականի» կարգավիճակով երևալ: Հայտնի ասույթ կա՝ եթե գեներալ ես քո բանակում, չես կարող ուրիշ բանակ անցնելիս շարքային դառնալ, այլ խոսքով, անկախ հանգամանքներից, պիտի միշտ մնաս քո բարձրության վրա:
(շարունակելի)

Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2551

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ