Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սաակաշվիլին ՈՒկրաինային մղում է ապստամբության

Սաակաշվիլին ՈՒկրաինային մղում է ապստամբության
12.09.2017 | 22:56

Օդեսայի նախկին նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երկուշաբթի օրը Լվովում հայտարարել է, որ պատրաստ է «պայքարել իշխանության փոփոխության համար Կիևում»` գրում է Պաուլ Ֆլյուկիգերը շվեյցարական Neue Zuercher Zeitung-ում: Լվովի հյուրանոցներից մեկում նա բանակցություններ է վարել ՈՒկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ու արևմտամետ, ընդդիմադիր «Ինքնօգնություն» կուսակցության ներկայացուցիչների հետ` «ապագա համագործակցության և Կիևի դեմ ապստամբության ռազմավարության» վերաբերյալ: ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հարաբերությունները խզելուց հետո Սաակաշվիլին զրկվեց երկիր մուտք գործելու իրավունքից և ՈՒկրաինայի քաղաքացիությունից: ՈՒկրաինայի արդարադատության նախարարությունը վերադարձի դեպքում Սաակաշվիլուն սպառնում է Վրաստան արտաքսումով, որտեղ նրան մեղադրում են իշխանության չարաշահման մեջ:

Սակայն Սաակաշվիլին չվախեցավ և կիրակի օրը սկանդալային ներխուժեց ՈՒկրաինա` շրջապատված իր կողմնակիցներով ու լրագրողներով: ՈՒկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը սպառնացել է Սաակաշվիլուն սահմանն ապօրինի հատելու համար քրեական գործ հարուցել, իսկ նախագահ Պյոտր Պորոշենկոն նախազգուշացրել է քաղաքական հետևանքների մասին: Սաակաշվիլին պատասխանել է, որ ՈՒկրաինայի տարածքում օրինական հիմքերով է և «դա միայն պայքարի սկիզբն է»: Նախկին համակուրսեցիներ Սաակաշվիլու և Պորոշենկոյի խզումը մեկ տարի առաջ սկսվեց, երբ Վրաստանի նախկին նախագահը ՈՒկրաինայի նախագահին ու կառավարությանը մեղադրեց կոռուպցիայի, օլիգարխների հետ կապերի մեջ, որ առնչվում են քրեական գործերի: Լվովում, որտեղ քաղաքապետն ու Պորոշենկոյի քննադատ Անդրեյ Սադովնիչին նրան ընդունել են իբրև ժողովրդական հերոսի, երկուշաբթի Մայդանի հեղափոխությունից հետո առաջին անգամ ձևավորվում է կոալիցիա` բարեփոխումներից դժգոհ ուժերից: Այդ կոալիցիայում անուղղելի պոպուլիստ Յուլյա Տիմոշենկոյի մասնակցությունը իրավիճակը դարձնում է ՈՒկրաինայի համար չափազանց վտանգավոր:
Պաուլ ՖԼՅՈՒԿԻԳԵՐ, Neue Zürcher Zeitung


Հ.Գ. Ինչու՞ է Միխեիլ Սաակաշվիլին նետվում ՈՒկրաինա` մոռացած հայրենի Վրաստանը: Պարզ է, որ նա ստացել է անձեռնմխելիության մանդատ ՈՒկրաինայի տարածքում և այդ մանդատն այնպիսի երաշխավոր ունի, որ նա չի վախենում ձերբակալվել ու Վրաստանին արտահանձնվել, որտեղ քրեական գործ է հարուցված նրա նկատմամբ: Պարզ է նաև, որ Սաակաշվիլու մուտքը ՈՒկրաինա տագնապի ազդանշան է նախագահ Պյոտր Պորոշենկոյի համար` ԱՄՆ-ը դժգոհ է իրենից: Հազիվ թե Վաշինգտոնը մտադիր է Պորոշենկոյին Սաակաշվիլիով կամ Տիմոշենկոյով փոխարինել, բայց Վրաստանի տարագիր նախագահը լավ գործիք է ՈՒկրաինայի գործող նախագահին ստիպելու ավելի կառավարելի լինել ու չշեղվել Վաշինգտոնի գծած ուղուց:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1574

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ