Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Խավարում

Խավարում
13.09.2017 | 22:42

ՀՀԿ-ի նոր ոգիներից ևս մեկը` Արմեն Ամիրյանը, հաստատեց իր կուսակցության հաստատուն ու անբացատրելի պահպանողականությունը: Հովհաննես Թումանյանի թանգարանում օգոստոսին բացված «Խավարում» ցուցադրությունը` նվիրված բոլշևիկյան բռնաճնշումների հայ զոհերի հիշատակին, մշակույթի նախարարության հրահանգով փակվեց: 22 օր անց: Նախարարությունից եկել են, լուսանկարել, զեկուցել, որ ոչինչ արտառոց չկա, նախարար Արմեն Ամիրյանը հրահանգել է փակել ցուցահանդեսը: Ինչո՞ւ:


Ցուցադրության ներկայացված են եղել հայ բոլշևիկներ Միկոյանի, Կասյանի և այլոց մասին տեղեկություններ, թե ինչպես են գնդակահարության հրահանգներ տվել, Հայաստանից գաղտնի տեղեկություններ տրամադրել ռուսներին ու թուրքերին, եղել են Հայաստանի պարտության օգտին՝ հանուն Թուրքիայի, Մոսկվային առաջարկել են գնդակահարել հազարավոր հայերի: Հիմա ի՞նչ: Արմեն Ամիրյանը ստանձնելու՞ է «հեղափոխական թուրք ասկյարի» հետ համաշխարհային հեղափոխության ջատագով հայ բոլշևիկների ռեինկարնացիան: Իսկ Տերյանի՞, Չարենցի՞, Բակունցի՞: ՈՒնի՞ ցուցակները, թե՞ Ռուսաստանից կտան: Կարո՞ղ է Թալեաթին, Էնվերին, Ջեմալին էլ հասնել, թե՞ ռուս-թուրքական բարեկամությունը Աթաթուրքից է սկսվել: Ի՞նչն է ստիպել Արմեն Ամիրյանին կատարել հույժ բոլշևիկյան քայլ` հընթացս վերականգնելով գրաքննությունը: Սեփական համոզմունքնե՞րը, թե՞ ազդեցիկ հրահանգը: Սա հրաժարու՞մ է խորհրդային պատմությունից, թե՞ այդ պատմության հականժդեհական վերախմբագրում: Գուցե ինքն էլ չգիտի: Օրինաչափ էր, որ քաղաքական ուժերից միայն «Ելքը» արձանագրեց ցուցադրության փակմանը և հայտարարությամբ դատապարտեց` «մշակութային գրաքննության նենգ դրսևորումը` պայմանավորված քաղաքական նկատառումներով ու սեփական պատմության հետ առերեսվել չկարողանալու խիստ սահմանափակ մտածողությամբ»: Միայն «Ելքն» էր դեմ մշակույթի նախարարության` խորհրդային տոտալիտար համակարգի գործելաոճին հարիր քաղաքականությանը, որ կարող է չափազանց վտանգավոր նախադեպ դառնալ: Եվ միայն «Ելքը» պահանջեց ցուցահանդեսի վերաբացում` առանց գրաքննության, կոչ անելով մշակույթի նախարարությանը չստանձնել մշակութային ոստիկանի դերը: ՈՒ` ի՞նչ: Արդեն երրորդ օրն է մշակույթի նախարարի կամ նախարարության կողմից որևէ արձագանք չկա: ՀՀԿ-ականներն ու ԲՀԿ-ականները, որպես կանոն, մանրամասներին չեն տիրապետում և չեն մեկնաբանում, ՀՅԴ-ի անունից միայն Արմեն Ռուստամյանն է իր զարմանքը հրապարակավ հայտնել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Փաստացի` «Խավարում» ցուցահանդեսը վկայեց, որ խավարումը միայն Հովհաննես Թումանյանի (որ նույն այդ «խավարումից» որդիներին կորցրեց) թանգարանում բացված ցուցահանդեսի անվանումը չէ, հասարակության համար իշխանության նախապատրաստած մշակութային-գաղափարական ծրագիրն է, այլապես ի՞նչ նպատակ ունի պատմության ճանաչումն արգելելը մեկ ցուցադրության մակարդակով, թեպետ կան բազում այլ հնարավորություններ: Սա աբսուրդ է, որ չի տեղավորվում խելամտության սահմաններում:

Դիտվել է՝ 1486

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ