Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կարեն Կարապետյանի կառավարության առաջին ու վերջին տարին

Կարեն Կարապետյանի կառավարության առաջին ու վերջին տարին
14.09.2017 | 13:37

ՈՒղիղ մեկ տարի առաջ Կարեն Կարապետյանը նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվեց Հայաստանի վարչապետ: Առաջին իսկ օրերին Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Նոր կառավարությունը խոստանում էր բարեփոխումներ, կոռուպցիայի դեմ պայքար, բազմամիլիոն ներդրումների ներգրավում: Սակայն մեկ տարի անց արձանագրում ենք, որ նոր կառավարության գործնականում բոլոր խոստումները կատարվել են թղթի վրա, իսկ իրական կյանքում երկրի քաղաքացիները չեն զգում բարեփոխումների արդյունքները և շարունակում են երկրից հեռանալ` լավ կյանքի որոնումներում: Սեպտեմբերի 13-ին կառավարության մամլո ծառայությունը տարածեց կառավարության մեկ տարվա գործունեության հակիրճ հաշվետվությունը: Եթե թվերի մեջ չխորանանք, Հայաստանի տնտեսությունում բավականին լավ վիճակ է: Իսկ պաշտոնական վիճակագրության մեջ խորանալը անշնորհակալ գործ է, վաղուց հայտնի է, որ Վիճակագրության ազգային ծառայությունը կարող է ցանկացած թիվ նկարել: Բայց փաստ է, որ տնտեսությունը նախ և առաջ մարդիկ են, որ շարունակում են արտագաղթել և անգամ պաշտոնական վիճակագրությունը ի վիճակի չէ դա թաքցնել: Կարելի է բառացի կրկնել եզրակացությունները, որ REGNUM-ի երևանյան գրասենյակը հրապարակել էր Կարեն Կարապետյանի վարչապետության 100 օրից հետո` այդ ժամանակից համարյա ոչինչ չի փոխվել: Գլխավորը` անփոփոխ է մնացել կառավարման տրամաբանությունը` սպասարկել ոչ թե երկրի քաղաքացիների շահերը, այլ մարդկանց նեղ շրջանակի, որ իշխանական էլիտան են կազմում ու կապված են նրա հետ:


Մեկ տարի առաջ Հայաստանը նոր էր ուշքի գալիս Երևանի կենտրոնում ՊՊԾ գնդի գրավումից, և քաղաքացիների տոտալ դժգոհությունից բխեց քաղաքական վերբեռնման անհրաժեշտությունը: Այդպիսի պահերին նախագահ Սերժ Սարգսյանին միշտ օգնության է գալիս կառավարության փոփոխության տարբերակը: Այդպես պաշտոնանկվեց Տիգրան Սարգսյանը` դժգոհության պատճառով, որը այն ժամանակ դեռ ուժեղ հայկական ընդդիմությունը սպառնում էր շուրջօրյա հանրահավաքների վերածել: Այդ տարբերակը Սերժ Սարգսյանին թույլ տվեց կուտակված հասարակական դժգոհությունը մեղմորեն ուղղել վերահսկելի հուն: Եթե դեռ մեկ տարի առաջ Կարեն Կարապետյանը համարվում էր Սերժ Սարգսյանի ռեալ այլընտրանք, և նրա խոսքով պետք է դառնար «փոփոխությունների ինքնատիպ սիմվոլ», այսօր նա ընկալվում է իբրև տեխնիկական վարչապետ, որ կաշխատի մինչև Սերժ Սարգսյանի նախագահական ժամկետի ավարտը: Պարզ է դառնում, որ Կարեն Կարապետյանի նշանակումը վարչապետ մասն էր մեծ ծրագրի, որով Սերժ Սարգսյանը կարող է ցմահ մնալ իշխանություն: Միայն հարց է, թե ի՞նչ պաշտոնում: Ամեն ինչ հանգում է նրան, որ Սերժ Սարգսյանը կնախընտրի վարչապետի աթոռը, այլ ոչ քաղբյուրոյի գլխավոր քարտուղարի պաշտոնը:
Իոսիֆ ԿՈՒԲԱՏՅԱՆ, REGNUM


Հ.Գ. Այսպես Մոսկվան ևս մեղմորեն «հանձնում է» Կարեն Կարապետյանին` ընդունելով նրա տեխնիկական վարչապետ լինելը, որ Հայաստանում ի սկզբանե էր ընկալվել: Պարզապես մեկ տարում Սերժ Սարգսյանը նաև Մոսկվային ապացուցեց իր նախընտրելիությունը: Իսկ Հայաստանի համար գործնականում ոչ մի տարբերություն` անձի փոփոխությամբ չի փոխվելու ոչ ներքին, ոչ արտաքին, ոչ տնտեսական քաղաքականությունը: Եվ բոլորովին էլ պարտադիր չէ, որ հաջորդ կառավարության անդամները փոխվեն, թերևս Կարեն Կարապետյանի կադրերը հրաժեշտ տան պաշտոնին` հօգուտ կառավարություն մուտք գործող ԲՀԿ-ականների:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2163

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ