Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Պատճենումներ ու պատասխաններ

Պատճենումներ ու պատասխաններ
15.09.2017 | 00:18

Սեպտեմբերի 13-ին լրացավ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարին: Տոնախմբություն կամ, ինչպես ասում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը` տոնախնդություն, չեղավ: Կարմիր գորգ նրա ոտքերի տակ չփռվեց, նվագախումբը քայլերգ չնվագեց, յուրայիններից ոչ ոք ԱԺ-ում հրապարակավ չշնորհավորեց պաշտոնավարման մեկ տարին սեփական վարչապետի ու կառավարության: Փաստորեն` նախագահ Սերժ Սարգսյանը գիտեր` ինչու՞ էր նոր վարչապետ նշանակում հենց 13-ին: Սիմվոլն ու նոր ոգին դրայվով մարեցին: Գոնե կառավարության անդամները չսկսեցին մետաքսե գունավոր փողկապներ կրել, պիջակն ու ժիլետը հանել-հագնել` տեսախցիկների առաջ: Նրան նույնիսկ չհաջողվեց խորհրդարանական ընտրություններից հետո կանխել հին ոգի ու վերակացու Դավիթ Հարությունյանի վերադարձը կառավարություն` արդարադատության նախարարի կերպարով: Մեկ տարի անց փաստ է.
1. Կարեն Կարապետյանը չմտավ քաղաքականություն:
2. Կարեն Կարապետյանը ոտքը եվրասիական տարածքից դուրս չդրեց:
3. Կարեն Կարապետյանը տնտեսությունը պահեց նույն ճահճուտում:


Երեք փաստերն էլ տեղավորվում են մեկ պայմանավորվածության շրջանակում: Վարչապետը քաղաքականությունից հրաժարվեց` պահպանելով նախապես նախագահին տված խոստումը: Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը կուսակցական, ոչ թե քաղաքական հենքի վրա էր ու մաս էր համաձայնության` ապահովել ՀՀԿ-ին դրական ռենոմե: Աշխատանքի բաժանումը հստակ ու անարդար էր սկզբից. նախագահը իրեն էր վերապահում քաղաքականությունը և տնտեսությանը խառնվելու արտոնությունը, վարչապետինը տնտեսությունն էր` առանց սկզբունքային փոփոխությունների իրավունքի: Վարչապետը պաշտոնական ու աշխատանքային այցերով եվրասիական տարածքի սահմանները չհատեց, որովհետև ուներ ռուսական վետո` նա չէր եկել Հայաստան` կառուցելու արևմտյան վեկտորի քաղաքականություն, նա եկել էր ամրապնդելու ռուսական ներկայությունը երկրում: Մեկ տարում նա նույնիսկ Թեհրան չգնաց, թեպետ հրապարակավ հայտարարել էր: Չէր կարող գնալ, քանի Մոսկվան կանաչ լույս չէր վառել, իսկ Մոսկվայում կարմիր լույսը քաղաքական գերակայություն է ռազմավարական դաշնակից Հայաստանի հետ հարաբերություններում: Բնական է, որ այս պայմաններում տնտեսական վիճակի փոփոխությունները ունենալու էին վիճակագրական տվյալների արտահայտություն` չարտահայտվելով կենսամակարդակում: Դա ևս մաս էր պայմանավորվածության: Փաստացի` Կարեն Կարապետյանին իբրև վարչապետի տրված էր երկու հանձնարարական: Առաջին` քարոզչական դաշտում ստանձնել մեծ վերափոխիչի կերպար, և նա այդ գործն արեց ինքնատիպ` խորհրդակցություններ հրավիրելով Հանրապետության հրապարակում, այցելելով մարզեր ու մարզպետարաններում հանդիպումներում գմփոց-շմփոց, ռեկորդներ, չեմպիոն ծրագրեր, ինքնուրույնություն պահանջելով ու մեղադրելով տեղական իշխանություններին հետամնաց մտածողության, աշխատել չկարողանալու, տեղ-տեղ նաև չցանկանալու մեջ: Դա ճիշտ էր ու արդյունքներ կտար, եթե վարչապետի այցերին ու հանձնարարականներին գոնե մեկ-երկու փոփոխություն հետևեր մարզերում:

Պատահական չէ, որ այս սեպտեմբերին նա արդեն միայն «ցավեցնելուց» է խոսում: Նորից չասելով` ինչպե՞ս` գլխատելո՞վ, թե՞ կսմթելով, երկուսն էլ ցավոտ են: Ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ, որ շռայլորեն խոստացվում էին խորհրդարանական ընտրությունների ընտրարշավում, մնացին օդի տատանում: Կոմունիստների պարագայում հասկանալի է` ԱԺ չմտան, բավարարվում են կույր նոստալժիով ու ագրեսիվ ԽՍՀՄապաշտությամբ: Գագիկ Ծառուկյանի դեպքում, մեղմ ասած, արդարացի չէ, եթե հավատանք, որ նա ժողովրդի կողքին է: 50+1 նա չստացավ, բայց երեսպաշտություն է ասել, թե ստանալու էր: Գագիկ Ծառուկյանը ևս գործում է նախնական պայմանավորվածությունների շրջանակում, որտեղ 50+1-ի մասին խոսք չէր եղել: Եղել էր ընտրություններում, ինչպես միշտ, ընդդիմադիր խաղալու ու այլընտրանք մնալու ցուցում: Նրա խոստացած շեյխական միլիարդները Հայաստան չեն գա, եթե նույնիսկ իր 15 կետերը գերակատարվեն: Կարեն Կարապետյանի միլիարդները` նույնպես: Թերևս շեյխերն ավելի են շահագրգռված Հայաստանի հետ շահավետ գործակցությամբ, քան Ռուսաստանը: Ռուսական ծագմամբ կապիտալը Հայաստան մտել ու մտնում է այն չափով, որքան անհրաժեշտ է Ռուսաստանին` իր ձեռքը հավաքելու Հայաստանի տնտեսության ռազմավարական ոլորտները` թույլ չտալու արդյունաբերության վերականգնում, Հայաստանը պահելու աշխատուժ արտահանողի կարգավիճակում, այսինքն` զրկելով քաղաքական ինքնուրույնության հնարավորությունից` շնորհիվ տնտեսական ինքնուրույնության: Սա նորություն չէ, այս քաղաքականությունը վարվում է 2000-ից և պետք չէ կապել Կարեն Կարապետյանի անվան հետ, պարզապես հիմա վարվում է նրա ձեռամբ:


13-ի խորհրդանիշի տակ են նաև քաղաքական ուժերի նոր համախմբման միտումները: Մինչ անդադար քննարկվում է 2018-ի ապրիլից հետո վարչապետի անձը, կառավարության համամասնություններն արդեն ձևավորվում են: Հայտնի չէ` ո՞վ պաշտոնը կկորցնի, ակնհայտ է, որ հաջորդ կառավարության կազմում ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ կլինի ԲՀԿ-ն ու կունենա երեք փոխվարչապետներից մեկի պորտֆելը: Կկազմվի նոր կոալիցիա: Պաշտոնական այցով նոր նստաշրջանի առաջին օրը ժամանելով ԱԺ` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռանկարը չհերքեց. «Ես կյանքում ոչ մի բան չեմ բացառում, բայց երբ որ լինի, ես ասում եմ՝ կարևորը իմ խոսքը, խոստումը իմ ժողովրդին ես պահելու եմ, պահպանելու եմ»: ՈՒ ինչպես միշտ ոչինչ չասաց ոչ ներկայի, ոչ ապագայի ծրագրերի մասին` ԲՀԿ-ի ամբողջ ուղեգիծը կապելով ՀՀԿ-ի որոշումների հետ, միայն հոխորտաց. «Ժողովուրդը ընդվզող էր, թող այն ժամանակ ձայնը տար՝ ում հավատում էր, հավատացել է, տվե՞լ են»: Հարց` հիմա ժողովրդին տված ո՞ր խոստումն է Գագիկ Ծառուկյանը պահել-պահպանելու և որտե՞ղ: ՀՀԿ գրասենյակի գզրոցներու՞մ: Մոռացեք վարար միլիարդների մասին` թե շեյխական, թե ռուսական, կլինի բարեգործություն` Գագիկ Ծառուկյանի ձեռամբ` քաղաքական հաշվարկով:
Խորապես ապահովագրելով իրեն քաղաքական դաշտում` հավատարմության երդում ստանալով ոչ միայն ՀՀԿ-ից ու ՀՅԴ-ից, այլև ԲՀԿ-ից, Սերժ Սարգսյանը հանգիստ կարող է իրեն վերապահել վարչապետ չդառնալու հաճույքը: Ինչու՞ դառնա: Թող տնտեսական անհաջողությունների կուժն ու կուլան ջարդվեն Կարեն Կարապետյանի գլխին, Ռուսաստանն էլ ստանձնի նրան պահպանելու ֆինանսական գլխացավանքը: Միևնույն է, ռեալ իշխանությունը` օլիգարխիկ համակարգի կառավարումը, պետության իրական բյուջեի ելքերն ու մուտքերը իր ձեռքում են մնալու: Սահմանադրության փոփոխությունը լիովին արդարացված է. և Արևմուտքն է համարում, որ Հայաստանը գնում է ժողովրդավարության ճանապարհով` անցնելով խորհրդարանական կառավարման, և Ռուսաստանն է ստանում իր բաժինն անխափան, և իրավական ճանապարհով իշխանությունը մնում է իր ձեռքում` ոչխարները ողջ են, գայլերը` կուշտ: Իսկ ժողովու՞րդը: Բայց ե՞րբ է հարց եղել, թե ժողովուրդն ինչ է մտածում, ինչպես է ապրում ու ինչ է ուզում: Ժողովրդի մասին մտածել չէ՞ ընտրությունների օրը մեկօրյա աշխատանքի վերցնելն ու վճարելը: Մնացած օրերին էլ թող իրենց հաշվին ապրեն: Չեն ուզում, թող թողնեն գնան լավ կյանքի հետևից, իսկ որ դագաղներով են վերադառնում, ո՞վ է աշխարհում անմահ: Չե՞ն վերադառնում, ավելի լավ, հերթական ընտրություններում «աշխատավարձի» ֆոնդը կկրճատվի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Եվ, այնուամենայնիվ, սա տխուր ու ուրախ պատմություն է միաժամանակ: Տխուր, որովհետև եկամտաբեր ու հանգիստ գործը Մոսկվայում թողած` Հայաստան է վերադառնում Երևանի նախկին քաղաքապետը` ստանձնելու վարչապետի պաշտոնը` լավ իմանալով, որ գործողությունների ազատություն չի ունենալու դեֆակտո, թեպետ հրապարակավ նրան տրվում է կառավարության տնտեսական բլոկը: Բայց ոչ տնտեսության իրական հատվածում որոշումներ ընդունելու իրավունքը: Կառավարությունում կատարվում են կադրային փոփոխություններ` հասարակությանը հստակ մեսիջ է ուղղվում` օդիոզ օլիգարխները պետական կառավարման համակարգում տեղ չունեն, համակարգը պիտի օպտիմալացվի ու կատարելագործվի` համապատասխանելով ոչ թե անձնական նվիրվածության, այլ կառավարման պահանջներին: Լինում են կրճատումներ ու կադրային տեղաշարժեր, հույս է արթնանում, որ ժանգոտ ու միայն տեղապտույտի ընտելացած մեքենան շարժվելու է: Պատկերացնու՞մ եք` նոր աշխատատեղեր, ներդրումներ, մասնակցություն տարածաշրջանի տնտեսական ծրագրերին, արդյունաբերության վերականգնում, աղքատության կրճատում, կյանքի որակի փոփոխություն: Պետական կառավարման համակարգի ախտորոշում, կարճաժամկետ ու երկարաժամկետ լուծումներ, կոռուպցիայի դեմ պայքար, արդարադատության համակարգի փոփոխություններ, տնտեսական զարգացում` արտահանմամբ պայմանավորված տնտեսական աճ, ՀՆԱ-ի կառուցվածքում արտահանման 40-45 %-ի ապահովում, լոգիստիկա, զբոսաշրջություն, պատմամշակութային հուշարձանների ու տարածքների վերականգնում, ճանապարհների, ջրագծերի վերականգնում… 100 օրվա հաշվետվություն-ծրագիրը սքանչելի էր, իսկ հետո եկավ կյանքը իր «հնարավոր է-հնարավոր չէ»-ներով ու ամեն ինչ իր տեղը դրեց: Հին տեղը: ՈՒ դա բոլորովին Կարեն Կարապետյանի մեղքը չէ: Նա մասն է համակարգի ու եթե քայլ անի համակարգի դեմ, համակարգը նրան վայրկենական դուրս կմղի: Անվերադարձ: Վերջապես պատկերացնու՞մ եք հոգեվիճակը մի մարդու, ում ընթացիկ ու հետագա պաշտոնավարման մասին խոսում են ամեն օր ու այնպես, ասես նա Մարսի վրա է: ՈՒրախ է, որովհետև իր աշխատանքի մեջ, անգամ այս պայմաններում` ժառանգելով անջրդի տարածք` գետերի ու առուների խառնիճաղանջում. կախարդական փայտիկ չունենալով, մարդը շարունակում է աշխատել` արդեն առանց դրայվի, բացահայտորեն հոգնած ու ժամանակի մեջ իրատես դարձած, ուրեմն իր համար կա իմաստ ու նպատակ: Մնում է, որ այդ իմաստն ու նպատակը համարժեք լինեն Հայաստանի Հանրապետության նպատակների հետ: Մեկ տարում դա չեղավ: Հետո ի՞նչ: Նրա պաշտոնում յուրաքանչյուրը իրեն զգալու է պրոկրուստյան մահճում` առանց շարժումների ազատության: ՈՒ դա ոչ թե նրա, այլ բոլորիս դժբախտությունն է, երբ պետությունը և իշխանությունը ունեն տարբեր շահեր ու խնդիրներ, առավել ևս` նպատակներ: Իրավիճակի ու անձանց պատճենումներն այլևս իմաստ չունեն, իմաստ չունեն նաև իրար կրկնող պատասխանները, հարցերը ձևակերպելու ժամանակն է` պայմանով, որ պատասխանները օդում ապրիորի չեն սավառնելու:

Դիտվել է՝ 2017

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ