«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ոչ մի լուրջ հիշատակություն Հայաստանի մասին չեղավ

Ոչ մի լուրջ  հիշատակություն Հայաստանի մասին չեղավ
15.09.2017 | 09:48

Ռուսաստանյան լրատվամիջոցներում օգոստոսին կրկին վերհիշվեց ու քննարկումների և մեկնաբանությունների առարկա դարձավ Խորհրդային Միության փրկության վերջին փորձը՝ անմոռանալի ԽՍՀՄ արտակարգ իրավիճակի պետական կոմիտեի (ГКЧП) եռօրյա հայտնությունն ու անփառունակ տապալումը: Բոլոր վերլուծական նյութերում ընդգծվում էր այն միտքը, որ պետական հեղաշրջման այս ապաշնորհ փորձը ի սկզբանե դատապարտված էր անհաջողության, քանզի մարդիկ չէին ուզում վերադառնալ հին կյանքին, նրանք հուսադրված էին, որ շուտով իրենք էլ կապրեն արևմտյան «ազատ ու բարեկեցիկ» կյանքով:
Բնականաբար, լրջմիտ նյութերում նշվում էին ԽՍՀՄ-ի քայքայման քաղաքական, տնտեսական, գաղափարական պատճառները, արտաքին հզոր ներգործության առկայությունը և այլն: Այդ պատճառների մեջ առանձնացնենք սոսկ մեկը, հետո պարզ կդառնա, թե ինչու:


Ստալինի մահից հետո Խորհրդային Միությունում այդպես էլ չծնվեց մասշտաբային որևէ ղեկավար՝ ընդունակ զարգացնելու ժառանգած մեծագույն ու հզորագույն գերտերությունը: Ռուսաստանում ամենահատկանշական բառը, որն օգտագործվում է հետստալինյան պատմական ժամանակահատվածը բնութագրելիս, «գորշությունն» է: Գորշ էին ղեկավարությունը, համակարգը, միօրինակ՝ կյանքը: Փակ հասարակություն՝ հենված սահմանափակումների ու համատարած քաղաքական դեմագոգիայի վրա: Քաղաքական վերնախավում, առաջին դեմքերից սկսած, չկային վառ անհատականություններ, որոնք ի վիճակի լինեին պետության շահերը գերադասելու անձնական նախապատվություններին, ու առաջին հերթին կարիերային: Եվ այս ամենին վերջին տարիներին գումարվել էր նաև ծերունական զառամախտը, ինչը լրիվ կազմալուծում էր կառավարման համակարգը: Գորշությունը, միօրինակությունը իջել էին մի մակարդակի, երբ Խորհրդային Միությունը տանուլ էր տալիս ոչ միայն պատմականորեն սկզբունքային սառը պատերազմը Արևմուտքի հետ, այլև թվում է ոչ այնքան կարևոր «էսթետիկական պատերազմը», երբ խորհրդային մարդու համար արևմտյան ջինսը, հոտավետ օծանելիքն ու գեղեցիկ փաթեթավորված շոկոլադը արդեն երազանք էին ու դրանց ձեռքբերումը՝ հպարտության առարկա: Լճացած կյանքին համակերպված մարդիկ նույնիսկ մոռացան իրենց կեցության դրական կողմերը՝ սոցիալական համեմատաբար ապահով կյանքը, անվճար կրթությունն ու առողջապահությունը, վստահությունը վաղվա նկատմամբ և այլն: Գորշությանը վերջ տալու, նրանից ձերբազատվելու մղումը ևս մերժեց աջակցությունը նշյալ կոմիտեին, թեև խորհրդային մարդկանց մեծամասնությունը, ըստ հարցումների արդյունքների, կողմ էր նորացվող միասնական պետության պահպանմանը:


Կարելի է համոզված ասել, որ հայաստանցիներից շատերն ընդհանուր շատ բան կգտնեն խորհրդային «գորշության» ու հայոց երկիրը համակած համանման ներկա մթնոլորտի միջև, ճիշտ է, Հայաստանում գերադասում են «գաղջություն» բնորոշումը: Ինչպես չնմանեցնես կոմունիստ առաջնորդների և Հայաստանի ներկայիս ղեկավարների՝ իրականությունը գեղեցկացնող պերճախոս ելույթները: Օրերս Հայաստանի խորհրդարանի ղեկավարը ելույթ էր ունենում իր հարազատ դպրոցի կոլեկտիվի ու աշակերտների առջև: Եվ հուզված… աչքը չէր կտրում թղթից: Շատ չծավալվենք. կառավարող իշխանական համակարգում կա՞ ժողովրդի կողմից ճանաչված-ընդունված գոնե մեկ վառ անհատականություն, որը նվիրաբերված լիներ պետության ու քաղաքացիների շահերին, աչքի ընկներ մասշտաբային պետական մտածողությամբ... Բայց չէ որ տարեկան 40-50 հազար արտագաղթող հայաստանցիներ առանց հետ նայելու փախչում են նաև գաղջ ու անհեռանկար կյանքից:


Մի դիտարկում այս ֆոնի վրա: Նորերս ռուսաստանյան հեռուստաերկնակամարում բավականին անսովոր մի իրադարձություն նկատվեց: «Россия-24» շուրջօրյա լրատվական հեռուստաալիքով մոտ երկու շաբաթ «Երկխոսություն» անվանումով ընդարձակ հաղորդաշարով հանդես եկան երկու ճանաչված հրեա քաղաքագետներ՝ Իսրայելի հետախուզական ծառայություններից մեկի նախկին ղեկավար Յակով Կեդմին և Ռուսաստանի Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի հրեական կոնգրեսի նախկին ղեկավար Եվգենի Սատանովսկին: Բացառվում է, օրինակ, որ ռուսաստանյան որևէ մի, թեկուզև երկրորդական, հեռուստաալիքով գոնե մեկ երկխոսություն վարեն, ասենք, քաղաքագետներ Սերգեյ Կուրղինյանն ու Սեմյոն Բաղդասարովը, առանցք դարձնելով հայաստանյան իրողությունները: Ահա և, Կեդմին և Սատանովսկին հենց սկզբից վերլուծեցին Իսրայելի դերակատարությունը իրենց՝ մերձավորարևելյան աշխարհաշրջանում, այնուհետև՝ համաշխարհային իրադարձություններում: Ակնհայտ էր խոր համոզմունքը, որ Իսրայելը որպես «միջուկային գերտերություն» իր ռազմական ու տնտեսական հզորությամբ հաղթել է ու կհաղթի իր բոլոր առկա ու հավանական թշնամիներին: Ըստ էության ոչ թե բանավիճող, այլ իրար լրացնող հրեական երկյակը հանգամանորեն մեկնաբանեց Եվրոպայում, Ամերիկայում, Իրանում, Սաուդյան Արաբիայում, ՈՒկրաինայում, Ադրբեջանում, մի շարք տարածաշրջաններում ստեղծված իրավիճակներն ու դրանց զարգացման միտումները:

Բազմաթիվ հեռուստահաղորդումներից և ոչ մեկում գրեթե ոչ մի լուրջ հիշատակություն Հայաստանի մասին չեղավ: Կարծես նման պետություն գոյություն չունի կամ այնքան «գորշ» է, որ իմաստ չունի նրան անդրադառնալ: Անդրկովկասին նվիրված մեկնաբանության մեջ նշվեց, որ տարածաշրջանի միակ կայացած պետությունը Ադրբեջանն է, չնայած Ղարաբաղին առնչվող՝ Հայաստանի հետ առկա լարված հարաբերություններին: Նշվեց նաև «նոր սերնդի ներկայացուցիչ» Իլհամ Ալիևի գործունեության արդյունավետությունը: Գուցե կողմնակիորեն Հայաստանին էլ էր վերաբերում Կեդմիի այն հայտարարությունը, որ եթե մարդիկ փախչում են իրենց հայրենիքից, ուրեմն այն հայտնվել է ծանր վիճակում և կարող է մի օր պայթել: «Պայթելը», իհարկե, Հայաստանի համար չափազանցություն է, քանզի հայաստանցիները գտել են իրենց դժգոհությունն արտահայտելու միայն մեկ ձև-միջոց՝ արտագաղթը:
Ինչն էր նաև աչքի ընկնում այս երկխոսություններում: Պեղելով Իսրայել-ԱՄՆ «ստրատեգիական համագործակցության» ողջ ընթացքը, հատկապես Կեդմին անթաքույց հակաամերիկյան դիրքերից խոր դժգոհություն էր հայտնում այն բանից, որ նույնիսկ Իսրայելի համար ճակատագրական շատ պահերին «ավագ եղբայրը» հրաժարվել է օգնության իր հավաստիացումներից ու մեն-մենակ թողել տարածաշրջանի իր միակ ստրատեգիական դաշնակցին թշնամիների դեմ կենաց ու մահու պատերազմներում: Հիմա էլ այդ «դաշնակիցը» 10 տարվա կտրվածքով մոտ 400 միլիարդ դոլար արժողությամբ զենքի մատակարարման պայմանագրեր է կնքել արաբական երկրների հետ: Կրկին մեծ և փոքր պետությունների փոխհարաբերությունների յուրահատկությունը, եթե նույնիսկ այս «փոքրը» իրեն միջուկային գերտերություն է համարում: Եվ եթե այս պետությունն է հաշտվում իր հզոր հովանավորի «անհավատարմություններին», ապա ինչ ասի «ծանր վիճակում հայտնված» ու արտագաղթից սմքող Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում: Պետք է հաշտվել այն մտքին, որ Հայաստանն այլընտրանք չունի: Եվ առհասարակ բոլոր հաղորդումներում երկու հրեաներն էլ անընդհատ այն միտքն էին զարգացնում, որ համաշխարհային իրադարձություններն ընթանում են ուժեղագույնի և ուժեղների թելադրանքով ու պարտադրումով, որ փոքր երկրներն էլ պիտի ձգտեն ուժեղ լինել իրենց հնարավորությունների սահմանում:
Եվս մի դիտարկում: Սատանովսկին, խոսելով ժամանակակից եվրոպական երկրներում ու հենց Եվրամիության բյուրոկրատական վերնախավում քիչ թե շատ աչքի ընկնող լիդերների կատարյալ բացակայության մասին, հոռետեսություն հայտնեց, թե առաջիկայում ևս հազիվ թե փտած «եվրոպական արժեքների» հենքի վրա ծնունդ առնեն երևելի անհատականություններ: Կեդմին հակադրվեց նրան, բերելով Ռուսաստանի օրինակը: Ո՜վ կմտածեր, որ ռուսաց պետությունը կործանման հասցրած ու դեգրադացրած Ելցինին կփոխարիներ մեկը, որը երկիրը ոչ միայն դուրս հանեց խոշորագույն ճգնաժամից, այլև հետևողականորեն իրականացնում է այն կրկին համաշխարհային մակարդակի հզոր գերտերության վերածելու առաջադրված նպատակը:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Հ.Գ. Օրերս Վլադիվոստոկում կայացած Հեռավորարևելյան տնտեսական համաժողովի նիստերից մեկում միջոցառումը վարող չինական ծագումով ամերիկացի միլիարդատեր բիզնեսմենը ներկա 4 պետությունների ղեկավարներին նույն հարցը տվեց, թե ինչ կուզեին նրանք անել սեփական երկրների ու ժողովուրդների համար, որով հպարտանային իրենց թոռները: Հետաքրքիր է՝ ի՞նչ պատասխան կտային Հայաստանի երեք նախագահները, եթե նրանց նույն հարցն ուղղեին: Աչքի առաջ ունենալով նրանց ընդհանուր ստեղծագործությունը՝ Հայաստանի «գորշ» ներկան:

Դիտվել է՝ 3161

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ